Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 486 ]
ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ
(Կանտոնի կոմունարների հիշատակին)
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք —
Թշնամին նախճիր է տոնում...
Խորտակված է կարմիր ընդվզումը,
Խորտակված են մերոնք Կանտոնում։
Ելել է դահիճ Վան—Տին—Վեյը,
Փռել է դիակներ հազար,
Վայրկյանը վիթխարի է, վե՛հ է,
Պայքարը անհավասար...
Ընկնում են կարմիր մարտիկները,
Հնձում է թշնամու գերանդին.
Արյունից հորիզոնը շիկնել է,
Շիկնել է վերքերից անթիվ։
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք,
Ընկերնե՛ր, ընկած Կանտոնում․—
Կենդանի է կարմիր ձեր ցասումը —
Թշնամին իզուր է տոնում։
Դեռ կգա՛ն, կգա՛ն ռիկշիները,
Դեռ կգա՛ն, կգա՛ն, Չան—Կայ—Շի՛․
Սարսափից կոռնան դեռ շներդ —
Դեռ մի օր կքերթենք կաշիդ։
Մեր կարոտը դեռ սրտաբուխ է.—
Հրդեհի մեջտեղում կեցած՝
Կտեսնենք մի օր դեռ գլուխդ՝
Ռիկշայի ցցին ցցած։
|
|
[ 487 ]
Քնեցեք հանգիստ, ընկերնե՛ր իմ
Կանտոնի փողոցում ընկած.
Դեռ կանգուն են կարմիր դրոշները՝
Ձեր մահով աշխարհում տնկած։
Ձեր դրոշը անդուլ բարձրանում է,
Հրդեհում մեր ուղին ապագա,—
Մարտիկները ընկնում են —
Հեղափոխությունը կա՛։
<1927. XII>
|
|