Մանուշակ (Ղազարոս Աղայան)
Արտաքին տեսք
Մանուշակ
Սիրո՛ւն մանուշակ, ինչո՞ւ ես թոռմել,
Կապույտ աչիկներդ ինչո՞ւ ես փակել,
Քեզ ո՞վ նեղացրեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտովդ ո՞վ չի զմայլեց։
— Սիրուն մանուկներ, դուք ինձ սիրեցիք,
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք,
Բայց կոշտ ձեռներից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չըպահպանեցիք։
Քնքուշ սրտերը շուտ են կոտրվում,
Քնքուշ ծաղիկները շուտով թառամում,
Քանի որ անխիղճ մարդիկ կըլինին,
Երկար չեմ ապրիլ ես այս աշխարհում։
1882