Սուրբ երանելու ոտքի տակ հողը
խայտաց փխրանուշ կարոտի նման
եւ յոթտակ թեքված,
ծալեծալ եղած կապույտի միջից
(ուր քայլն Արցախա համբույրը առավ),
բխեց մի աղբյուր...
-Բխեա՛, սուրբ լույս...
Նվիրում եմ երջանկահիշատակ
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻՆ
ԱՎԵՏԻՍ ՀԱՅՈՑ
ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԱՆՑ
Ընդառաջ եկավ շողն արեգական
խիստ ախորժելի ու սրտահաճո
եւ վետվետալով
քայլքի հետ ռաշխի,
մի պահ ամենքի դեմքը տնտղեց,
ապա քաղցրացավ սուրբ երանելու
հոգնած աչքերում.
-Առավոտ լուսո, արեգակն արդար...
Ասես երկնային օրհնությամբ
լույսը ոստոստաց թփերի վրա,
ցողոտվեց մի հեղ,
մի հեղ ծաղկոտվեց,
կարմրերփեան մի թել գտնելով
աստվածաշնորհ ժպիտների մեջ,
տարավ մի ծայրը՝
թեք ու կորագիծ
ու ձորահովտում գեղուղեշ կանգնած
վանքի գմբեթի ձիգ ծայրին ձուլեց,
դարձավ մեղեդի բարեբանության։
Հեռվից նայողին պիտի որ թվար,
թե վանքին ընկած,
թե վանքին բեկված,
ամեն ծաղկի հետ գետափին տնկված
ոսկերանգ շողը
ոչ թե երկնքից,
այլ ճակատից է ցոլանում վսեմ.
-Գարնան ավետիս,
Արցախաց աշխարհ...
Եվ ավետիսը թեւերին առավ
ու տարավ հեռու
մի կապույտ շառաչ՝
պոկված տնջրուց Սխտորաշենի,
դարավոր Սոսուց,
լուսավոր Սոսուց,
Սոսուց զորավոր,
որ Տիգրան Մեծի զինվորաց ձեռքով
տնկվել է մի օր Վարանդա հովտում,
Մավաս մատուռի հայացքի ներքո՝
ի սեր եւ նշան
հայոց արքայի
հաղթահանդեսի՝
հազարմեկերորդ...
Սոսին՝ ծանրաբեռ դարերի վարքով,
Մեծն Տիգրանի
հուր-հիշատակն է պահում մշտավառ,
անթառամելի,
անպարփակելի՝
արմատների մեջ զարկող-բաբախող
երեքակնակի
աղբյուրի հանգով։
Սոսի, որի մեծ, զորեղ փչակում
ապաստանել են,
պահվել անձրեւից
Մաշտոց ու Վարդան,
հայոց աշխարհի առասպելները,
եւ աստվածները հայոց աշխարհի։
Սոսի, որի պարզ շուք ու շվաքում
Գրիգորիսն է յուր սիրտը բացել
Մաշտոցից առաջ,
մեկնել կենարար լեգենդը լուսո։
Սոսի, որի պարզ շուք ու շվաքում՝
այնքան թանձրաթով ու հոգեպարար,
ու հոգի լցնող,
ու արցախաբույր,
հանգրվանել են՝ ի ետ Մեսրոպա,
տարիներ, դարեր ու ցավեր հետո,
եւ Խորենացին՝
պատգամահայր մեր,
եւ Ջիվանշիրի ողբով ողջակեզ
Քերթողը Դավթակ, Կաղանկատվացին,
եւ Գանձակեցին՝
Գանձասարի սուրբ
գանձերը բացող,
առ Աստված դարի առակն առաքող
Գոշը Մխիթար,
ապա եւ Րաֆֆին՝ երազողը մեծ,
եւ Լեոն՝ հույսի ուխտավորը հեգ
ու տարեգիրը անդաշն ցավերի,
ապա՝ իմաստուն Իսահակյանը,
որի ունկերում
լեռներն Արցախի
մինչեւ այսօր էլ դեռ զանգ են զանգում
տրտում հեռացող քարավանների...
Արեւը ծաղկեց օրվա շուրթերին,
Վարանդան դարձավ կիսաբաց մատյան՝
երբեմն հողում թաղված ու հանված,
երբեմն՝ արյունոտ,
քրքրված հաճախ,փերթ առ փերթ պոկված,
սակայն եւ այնպես, անդուլ տքնանքով
իրարու բերված
ամեն մի էջին՝
մի մանրանկար,
մի մանրաքանդակ
ու մի մանրակերտ՝
հելուզված լույսով աստվածապատկեր.
-Երկիր Արցախա,
հայոց շունչ ու սիրտ...
Եվ օրը ծաղկեց արեւի շուրթին։
Թեթեւ շարժումից կանգ առան մեկեն
երիվարները,
եւ լկամներից կաթած արծաթը
հողին զրնգաց,
եւ անիվների խաղքը ծաղկաբեռ
մնջածալ եղավ հետքագծերում,
եւ սամի ու լուծ վարդահյուս էին,
վարդահյուս էին սռնի ու անիվ
ու ջնարակված սիրով երկնային։
Պլպլում էին ծաղկունքը չորս կողմ՝
Աստծո վառած մոմերի հանգույն։
Եվ հանկարծ եկավ հովը զովասուն՝
ափի մեջ պահած
մի շինականի
աղոթքից ջոկած երկու հատիկ բառ.
-Փրկեա՜ մերոց...
ՄԵՍՐՈՊ ՄԱՐԳԱՐԵԻ ԴԻՄԱՎՈՐՈՒՄԸ
ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՍԱՐԻ ՍՏՈՐՈՏՈՒՄ
Եվ մի քայլ արավ Մեսրոպ Մարգարեն
ծաղկածոփք ու լուրթ ճամփի երկայնքով,
ու ճամփան դարձավ կենաց մայրուղի,
ու ճամփան դարձավ փանդիռ յոթնաղի,
եւ հոգեընծա
խոսքեր հնչեցին,
եւ ախորժալուր
մայրուղին իջավ՝
որպես թե Սինա լեռան փեշերից։
Ծուխարարիկ մի ձգվել է հեռվում
ու շենի ծխով ուզում է ասես
գծել երկնքին
ու բաց չթողնել Ամարաս գետի
հոսքը ցուցանող եւ ոչ մի կեռման։
Իսկ այդ գետի մեջ,
քիչ ներքեւ՝ հովտում,
որձակալույսի իր խաղքն էր սկսել,
մոխրագույն ձուկը,
Կողակն արցախյան,
անընդհատ վեր-վեր ցատկելով ջրում,
կարողությունն է փորձում ինքնաբավ,
թե պաղ ջրից դուրս
այդ քանի՞ անգամ
բացուխուփ կանի բերնիկն արծաթե։
Մոտիկ անտառում գվվում է մեղուն։
Իսկ Լուսավորչի սարը երկնաճեմ
այդքան վեհաշուք ու սքանչելի
եղե՞լ է, արդյոք, երբեւէ, թե՞ չէ...
Չի հիշում ինքն էլ։
Եվ նորից մի ձայն կոտորակվում է.
-Փրկեա՜ մերոց...
Սուրբ երանելու ոտքի տակ հողը
խայտաց փխրանուշ կարոտի նման
եւ յոթտակ թեքված,
ծալեծալ եղած կապույտի միջից
(ուր քայլն Արցախա համբույրը առավ),
բխեց մի աղբյուր...
-Բխեա՛, սուրբ լույս...
Մարգարեն մի բուռ ջուր վերցրեց ակից,
պարզեց արեւին,
եւ ափի միջից արեգակն ելավ
եւ նախշուն ասքեր շաղեց դաշտերին,
եւ ափի միջից արեգակն ելավ
եւ նախշուն ոսկի շաղեց դաշտերին,
եւ ապա ձեռքը ճակատին տարավ,
ճակատի գիրը օծեց արեւով,
ու դա պատգամն էր վերին Աստծո,
ու պատգամ էր դա՝ հղված արցախցուն։
Եվ ոտնատեղից բխած ջրի մեջ՝
արծաթե ակում,
շող¬շողի վրա ընկավ ու բեկվեց,
շող¬շողի վրա բեկվեց ու թեքվեց,
եւ ջուրն Արցախա
դարձավ սրբազան...
Ամեն մի ծաղիկ շուրջը խունկ վառեց,
ամեն ելեւէջ փոխվեց օրհնանքի,
ամեն մի քարի ծաղկեց մի տաղիկ,
ամեն մի փապար աղոթք բուրվառեց...
Ու կենաց ուղին մաքուր էր այնքան,
այնքան նորոտի,
աղվորիկ,
եղուկ,
լայնեղ ճակատ մի՝ ծաղկած սուրբ գրով,
պարզ, գեղաշիտակ ու անշիջելի։
-Փրկեա՜ մերոց...
Եվ Մարգարեն էր իջնում սարն ի վար,
Մարգարե, սակայն՝ ոչ Սինա սարից...
Ճամփի մի ծերին վանքն է Ամարաս՝
երկինք կարկառած իր երկաթ-խաչով.
-Փրկեա՜...
Ինչի՞ց...
Գորշ հորդաների անզուսպ հեղեղից,
որ համակործան գալիս է անվերջ,
տանում ոչ միայն
քո արտը ծլած։
Մարում ոչ միայն
թոնիրը վառած,
այլեւ ակունքն են քանդում քո լեզվի,
մայրենի խոսքիդ կրակը մարում,
մանկան բերանից՝ կես պատառի հետ,
հայկյան ջինջ հոգու նշխարը խլում։
Եվ ելքը միայն գիրն է սրբազան...
Ամարաս վանքի զանգը զանգում է,
ելեւէջում է ամբողջ հովտով մեկ
եւ արթնացնում քաղաքն Ամարաս,
որ առանց այդ էլ
աչքը չէր փակել,
ականջալուր էր Մեսրոպի գալուն,
որ եկել, ահա, այրերով հասուն,
պապիկ-տատիկով,
հարսիկ-մամիկով
եւ ճյուղ ու ճիվով,
կանգնել է հովտում սուրբ Լուսավորչի...
Դիմավորում են արշալույսն այդպես,
որ հագցրել էր ամենքին տարազ՝
բնիկ արցախյան
ու հայաշխարհիկ,
կապտախառնուրդով հյուսված ծիրանի,
հույժ համահնչուն փողհարի կանչին։
Եվ փրկարարը բերում է գիրը,
բերում սարն ի վար սուրբ Լուսավորչի...
Արարատ սարի հայացքում թրծված,
Վաղարշապատի մեռոնով օծված,
հայոց մայր հողի ավիշով լցված,
Մեր ինքնությանը,
հավերժին լծված
սրբազան գիրը,
որ արմատ նետել Մուշ ու Տարոնում,
որ արմատ նետել Գողթան գավառում,
ծիր ու ծագերում
հայոց մեծ երկրի՝
եւ Դադիվանքում,
Հակոբավանքում,
ապա Ամարաս վանքն է այցելում՝
այնտեղ խորհուրդն իր ծաղկելու համար,
մեր սիրտ ու քարին,
մեր հող ու ջրին
գոյության պատգամ դառնալու համար։
Եվ փրկարարը բերում է գիրը,
եւ ողջ Արցախն է խոնարհվում նրան։
Երկնքից իջնում է լույսի մանանա...
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԴՊՐՈՑ Է
ԲԱՑՈՒՄ ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔՈՒՄ
Սուրբ վարդապետը իր վայելչափայլ,
հոծ շքախմբով,
կամքով բարերար, անխոտորելի,
նոր էր ոտք դրել պարիսպներից ներս,
երբ վանքի բարձր գմբեթի վրա
կամաց, անսայթաք իջավ մի արծիվ,
հայացքն՝ արեւի ամփոփարան վեհ,
թեւերը՝ խնկյալ
ու գարնանաշարժ,
տեսքը՝ բարեզարդ
եւ պատրաստ ամեն զորավիգության...
- Ավետիք ընդ ձեզ..
Կանգնել էր վստահ, անճողոպրելի,
գաղտնատեսության մի վերին խորհուրդ
պահած թեւերում...
Մարգարեն նայեց, նայեց ակնապիշ
եւ ապա աջը բարձրացրեց վեր,
որ ասել էր՝ սուս, ծպտուն չլինի,
ինչ-որ կարճառոտ խոսքեր մրմնջաց՝
շիպ-շիտակ, ծաղկյալ
ու հուզավարար,
ասես վտակն էր խոսում Ջրվշտիկ
կամ շնկշնկում էր սյուքը համերամ։
Միտքն էր շողադարձ ու բոցածավալ
եւ քաջընթացիկ՝
արծվի հանգունակ։
Աջի շարժումով նա սրբեց ասես
երկնից բյուրաբյուր
կապանք ու վարմեր
եւ, ապա, խոսքը իր անմահարար
եւ, ապա խոսքը քաղցրաճաճանչ,
հույժ արփիական
ու կարկաչահոս,
ուղղեց մարդկանց.
-Ի՞նչ արծիվ, տիա՜րք, Արցախա սուրբ տան
ոգին է՝ հավքի կերպարանք առած։
Արծիվը՝ նշան աստվածաբարո,
բիլ, եթերական,
իր բարեբանյալ թեւերը բացեց,
ապա բարձրացավ, բարձրացավ էլի,
եւ իր թռիչքով սուրբ գրեր էր նա
ծաղկում երկնքում,
Լուսավորչի տաք լանջերի վրա՝
խիստ ակնահաճո,
պարզ, ընդունելի,
սակայն մեր լերանց,
մեր ձորանց համար՝ անընթեռնելի։
Եվ ընթեռնում էր Մաշտոցը սակայն։
Իսկ երբ նստեցին վեհաժողովի,
մեր վարդապետի միտքը յոթնաչյա
բացվեց արծվի թեւերի նման,
ու նա՝ որպես մի անհաղթ ասացող,
հավքի թաքուցյալ
խորհուրդը պարզեց.
-Զինանշանի վրա հայկական
երկգլխանի է արծիվը հայոց,-
հուզմունքից դողաց ձայնը Մաշտոցի
մեկ դարձավ կերկեր,
աղերսախառն,
մեկ շերտեր առավ
հանդիմանության,
մեկ հեծեծում էր
եւ մեկ ծավալվում անխառն դաշնությամբ՝
ինչպես առ հոգի ապաշխարելիս։
-Երկատված հայացք... Մեկը նայում է
կողմը պարսկաց՝
քրմերի վառած ատրուշաններին,
որտեղ մեր սրտի լեզվակն են այրում,
մեկը նայում է ձեռքին Բյուզանդիո,
որտեղ որ սակայն, ի ցավ ամենքիս,
մեր հին ու անմաշ սրբությունների
մոխիրն է միայն մատուցանվում մեզ,
եւ կորուստը մեր
գոյի, դպրության,
բարեբանելով սովորույթքն իրենց
մեզ տանում են միշտ գերեվարության։
Բայց անհրաժեշտ էր,
շատ էր անհրաժեշտ՝
անգամ մեր հաց ու ջրից առավել,
մեզ՝ հայացքների միաբանություն,
զինդրոշին մեր՝ հենց արծիվը այն,
որին քիչ առաջ տեսանք հոյակերտ
վանքի գմբեթին...
Այսինքն՝ պիտի մենք միաբանվենք
ժողովրդովի,
մի բռունցք դառնանք մեր լերանց նման,
կանգնենք կորովի,
անպարտ, անսասան՝
հանդիման ամեն ուծացնողի
ու բռնակալի,
ու սատար լինենք Աստծո բարուն։
Եվ հրամանքով վերին Աստծո,
որ է՝ ժողովուրդ բարերար իմոյ,
քաջալերանքով
Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝
Սահակն Պարթեւ,
եւ բարի կամքով
ու հորդորանքով
Հայոց ծիրանի հագած թագվորի՝
արդարաբարո Վռամշապուհի,
բռնեց մի ուղի
անասելի բարդ, բայց եւ պատվելի,
վառ- երանական լուսապսակով։
Եվ հիմա այստեղ՝ Արցախ աշխարհում,
աչոք կտեսնեմ
եւ կշոշափեմ մտոք երկնատուր
հայոց արծվենի նշագրերը՝
անցած Եդեսիան
եւ Սամոսատը,
Հռոփանոսի մատներով քաշված,
մեր իսկ երազով վայելչագործված,
արմատ կբռնեն Արցախաց հողում,
Աստծո առաջ անվերջ տաճարվող
Արցախա քարին արմատ կբռնեն։
Ապա սուրբ մասանց արկղը բերեց՝
տապանակը յուր,
երկյուղածաբար հանեց տառերը
մեր երկաթագիր՝
ճոխ, գեղախոսնակ,
եւ սքանչելի,
եւ ծիրանածիր,
հայկյան բարբարոս բարբառի նման
բոլորապտուղ,
աստվածապարգեւ,
մեր երգի հանգույն քաշված մեր ցավից,
կենսաբեր սակայն եւ անտխրական։
-Փրկեա՜ մերոց...
Մեսրոպը՝ հայոց գրերի արքան
եւ խոնարհ ծառան հայոց գրերի,
արարիչ, ստեղծող,
առաքյալ վերին,
բարեգութ, երկնող, նաեւ՝ բազմողորմ,
հայրապետը հայ աննմանական
երաժշտության,
զինական մտքի,
բանաստեղծության,
գիր ու տառերի, ամբողջ դպրության։
Եվ ասպնջական հողը Արցախա
ծիլ ու ծաղկունքով,
մոմ ու խաչերով
գգվում է ասես
ու ոտից գլուխ խնկարկում նրան։
Եվ ժողովելով ընտիր մանկտիք՝
կենսառողջ, ուշիմ,
պինդ ու կորովի,
ուսումնածարավ
եւ շնչառությամբ երկար ու ձայնեղ,
կամարների տակ Ամարաս վանքի
հիմնեց Մարգարեն դպրոց-կրթարան,
որ հայից սերված ամեն մի ժառանգ
հայերեն սերտի գիրքը գրքերի՝
«Աստվածաշունչը»,
որ հայից սերված ամեն մի ժառանգ
հայերեն սերտի
դասը հայրենյաց համար մեռնելու,
ամեն խոյակի,
սյան ոտքի տակ պատվանդանվելու՝
լինի վանական,
իշխան թե դպիր,
իր սերն ու սիրտը բացի հայերեն,
հայոց գրերի ու պատգամների
սերտարան դառնա
մեր խորունկ հոգին,
աչքալուսանքի լույսը լույս լինի,
շարականները լինեն շարական,
ու հայ Աստծուն աղոթք հղելիս
հայը հայերեն իր ցավը պատմի,
քանզի քաջ գիտենք փորձով դառնության,
ինչ էլ որ լինի,
չկա մի ուրիշ լեզու կամ բարբառ,
ուրիշ այբուբեն,
որով հայերիս ցավը թարգմանվի...
-Փրկեա՜ մերոց...
Թշնամիք շատ են նենգավոր ու բիրտ՝
ցեղեր անքանակ՝
քոչվոր ու անկիրթ,
ավազահողմի նման խուժում են
խառնակ ու մթար անապատներից
եւ ավերում են ինչ որ պատահի...
Միայն մայրենի գիրն է ու լեզուն,
ուր հայրենիքը
կանգուն է հավերժ
եւ մեր ոգու պես վեհ ու աննվաճ։
Վանքի երկնաքիվ կամարների տակ
շարականվում է
մեսրոպյան լեզուն,
սաղմոսն է հնչում
մեսրոպատառով,
մեսրոպատառով գրվում է մատյան,
եւ գրիչները
հայոց նրբահյուս ոսկեղենիկով
ծաղկում են նոր-նոր հիշատակարաններ,
որ հետո, հետո,
շատ դարեր հետո
թուրքը, երբ որ իր թաթն երկարի
Արցախա սուրբ տան քար ու խաչքարին,
գրերը աչքը խոթվեն թրի պես,
որ Մայրաբերդի
կամ Ամարասի
պարիսպներն անգամ եթե ավերի,
գա եւ գրերի պարսպի առաջ
իր պարտությունը գտած՝ կանգ առնի,
Արցախա հողը վառվի ոտքի տակ...
-Փրկեա՜, Տեր Գիր, եղիր զորավիգ
ազնվատոհմիկ,
հին ազգին հայոց։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԱՄԱՐԱՍ
ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔՈՒՄ
Կերպարանքով նույն՝ պարզ ու
նախնական-
ինչպես առաջին անգամ գրերը
տեսիլի նման
երեւութացան Մաշտոցի աչքին՝
քարերի վրա
(քանզի հայ գիր են),
այդպես Ամարաս վանքի վեմերին
եւ ակնաարժան ամեն մի քարի,
ամեն խոյակի,
կամարի վրա արփիապատկեր
փորագրվեցին տառերը հայոց...
Ու վանքը վանք էր մի սովորական
ու միանգամից դարձավ... դպրատուն,
այսինքն՝ բաց դուռ
հավերժի վրա։
Եվ քանի ինքը՝ Մեսրոպ Մարգարեն,
այր էր վեհանձն,
պարզ, առաքինի,
գործերով՝ ժուժկալ,
հոգով նվիրյալ բարեպաշտության,
ամենայն լավի պաշտպան ու պատվար,
մաքրության մեջ յուր՝
անեղծ, երկնային,
ապա հետամուտ գոյատեւության,
պատվիրաններին
հանուր հայության,
նաեւ՝ լայնալանջ,
առնական նաեւ,
հայոց գրերն էլ ի վերուստ նրա
հարուստ բնույթքը օրինակեցին,
որ գալ դարերում դիմադիր լինեն
աջից ու ձախից խուժող հողմերին,
ոչ թե այլազան ատրուշանների,
այլ լուսակարոտ
մեր հոգիների
եւ մեր ինքնության հուրը վառ պահեն։
Ու տեսավ աչոք Մեսրոպ Մարգարեն,
տեսավ տենչանոք,
իղձով ջերմեռանդ,
որ Արցախական այս եռեփ ծագում
հայոց դպրության
սերմն իր սերմանած
պարարտաբարո հողն ընդունում է
կամոքն Աստծո՝
անբացատրելի,
անհուն ծարավով
ու մեկն, անպայման, հազար անելու
անխառն հավատի երկյուղածությամբ։
Եվ շատ բերկրեցավ սիրտը Մաշտոցի,
եւ շատ բերկրեցավ աշխարհն Արցախա,
երբ հողից ելան
ծիլերն անդրանիկ,
ժպտացին այնքան սուրբ ու մեսրոպյան,
այնքան երփնունակ
ու ամարասուն։
-Փա՜ռքդ շատ լինի...
Եվ շրջեց ապա նա Ամարասում՝
գյուղաքաղաքում հին եւ հայկազուն,
եւ ապա կենաց խոսքի տապարով
ջլատեց վերջին
արմատը օտար,
աղանդը մթար,
անգամ մոլորյալ ու ճամփից շեղյալ
շինականներին,
զորականներին,
վանականներին,
խեղճ ու զրկվածին, բոլոր-բոլորին,
սուրբ, կենդանարար հավատի բերեց
ու միաբանեց...
-Ծագեա,- ասաց,- զլոյս ճշմարտութեան։
Խազազասարի եւ Լուսավորչի
հայացքի ներքո՝
կրծքավանդակում մեր երկու լերանց,
պարզված սրտի պես
զարկում է ահա Ամարասը հին՝
Աստծո առաջ բաց ու անթաքույց։
Եվ մի վանական պոկվելով հանկարծ
խմբից ուղեկցող,
զարմացած նայեց,
թե այդ ինչպե՞ս է վարդապետն, արդյոք,
արագընթացք ջոկվում բոլորից
ու մենակ-մենիկ առջեւից քայլում,
նույնիսկ չի թողնում,
որ իր զգեստի քղանցքը պահեն,
գալիս վախվորած,
աճապարանքով
գլուխ է տալիս՝ ձախ ձեռքը կրծքին.
-Ճանապարհը այս կողմով է, հայր մեր...
Սակայն Մաշտոցը ճամփան չի ծռում
եւ չի ցանկանում վանքի տարածքում
շրջելու համար
քայլել վայրերով կանխապատրաստված,
որ է՝ իր սրտի, էության համար
անընդունելի,
առավել եւս՝ խիստ քստմնելի։
Վեհ, վսեմաքայլ,
գլուխը անթեք
մոտենում է մի աղքատիկ հյուղի.
-Ընդունիր բարի մաղթանքներս, մարդ...
-Օրհնվի եկած ճամփադ, վարդապետ...
Եվ շփոթմունքից կապ ընկավ հանկարծ
լեզուն Մանասի,
ուզում էր կարծես ինչ-որ բան ասի,
բայց մի քահանա,
ետին շարքերում իր ձեռքը շարժեց,
ապա մատները շուրթերին տարավ,
իբրեւ թե՝ լռիր, իբրեւ՝ տեղը չէ...
Մաշտոցը, սակայն, տեսավ, հորդորեց.
-Հարկ է, որ խոսի...
Հավաքեց նորից Մանասը իրեն,
ձեռքի ցախը չոր դրեց մի անկյուն՝
թոնրատան մոտիկ,
որոշեց նույնիսկ այս մեկը չասել՝
վարդապետ, էս ի՞նչ լուր է խորոտիկ,
որ թողած ճամփան
վերի ու վարի,
որ թողած ճամփան մեծատունների,
իմ խեղճ հյուղակին պատիվ արեցիր
քո այդ սրբազան այցելությունով։
Որոշեց չասել։
Չասաց, ուրեմն։
Մեկ վարդապետին նայեց կարկամած,
մեկ նայեց իրեն՝ նրա դեմ կանգնած,
նայեց շուրջը եւ
քիչ հեռվում կանգնած կիսամերկ մանչին,
համոզվեց, որ դա երազ չէ, իրավ,
քթի տակ ժպտաց՝
առաջին անգամ խիստ գոհ մնալով
արեւի լույսից։
Ժպիտից դեմքը այլայլվել էր՝ ճիշտ
լացելու նման,
որից դժվար չէր
զգալ ու տեսնել,
որ դեմքն այդ միայն վշտի է սովոր
ու մոռացել է, թե ոնց են ժպտում։
Մաշտոցի սրտում շարժվեց մի մրմուռ.
- Տուր ազատություն եղբայրոց իմոյ...
Ապա Մաշտոցը նստեց մի քարի,
ջուխտ սարին հառեց հայացքը բարի,
հետո հայրաբար
մոտ կանչեց մանչին քիչ հեռվում կանգնած՝
անշոր համարյա ու ոտաբոբիկ...
-Մոտ արի, որդյակ...
Ու մինչ մոտենար մանչը Մաշտոցին,
Մանասի լեզվի կապը արձակվեց,
ծնկաչոք եղավ Մանասը մեկեն,
ասես կողկողաց.
-Ականջալուր եմ, գիտեմ, վարդապետ,
բարով, օրհնությամբ, մանկանց համար մեր
նոր կրթարան եք հիմնել մեր վանքում,
աղաչում եմ ես,
պաղատում եմ ես...
Վերջին պատառս,
ջուրը երեսիս՝
դստրիկս Անուշ,
սակի փոխարեն հենց երեկ տարան,
գոնե այս մեկի՝
թափուրվող իմ տան կըրտըպրտանքի,
ճամփան արձակեք ձեր բերած գրով,
մեծամեծերի ու ազատների
զավականց մոտ նա խոնարհ կմնա
ու խոսքը չի բերի
ոչ մեկի խոսքին։
- Չէ, չէ, կբերեմ՝ թե արդար չեղան,-
ասես խռոված
մանչը ծղրտաց հոր խոսքի կեսին,-
թե որ թողնեիր՝ Անուշին տանող
հարկահաններին
իմ ատամներով կըկրծոտեի...
Եվ մոտ գնալով՝ խռով ու լռիկ,
Մաշտոցի առաջ անխոս լաց լացեց
Անուշ դստրիկի եղբայրն անուշիկ։
Եվ տրտմություն էր պատել Մաշտոցին,
եւ անպակաս էր ցավը մեր սրտից
ազգակիցների
ու եղբորց համար...
Ու ցավի միջից նա խոսքեր հանեց.
-Անունդ ի՞նչ է, որդյակ իմ խիզախ...
-Անո՞ւնս՝ Նարե՛կ...
Եվ հայր Մեսրոպը Ամարաս վանքի
վարդապետներին
դարձավ, պատվիրեց.
-Մի կենսահաստատ, օրհնված ոգի կա
այս մանչի ներսում,
ազգօգուտ մի հուր,
որ հետո պիտի մեծնա-ծավալվի,
գրեք անունը
սովորող մանկանց առաջին կարգում...
Ու մինչեւ խոսքը ավարտին բերեր,
մոտ հրավիրեց մի քահանայի,
որ ձեռքին պահած պնակիտ ուներ,
վերցրեց, վրան ածուխով գրեց
այբուբենը մեր,
մեկնեց Նարեկին.
-Ընծայում եմ քեզ... Իսկ հիմա, որդյակ,
ինձ հետ
Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ...
Խրոխտ ձայնի հետ Մեսրոպ Մաշտոցի,
բարակ, նրբահյուս,
աստվածահոժար,
փոքրիկ Նարեկի ձայնն է կերկերում
երկրից մինչ երկինք,
երկնքից՝ երկիր,
Ամարասով մեկ...
Հնչում է որպես երաժշտություն,
եւ ձայնակցում են դպիր, վանական,
եւ ձայնակցում են ջրկիր, շինական,
եւ ձայնակցում են
հարուստ ու աղքատ,
եւ ձայնակցում է աշխարհն Արցախա...
-Զորավիգ լեր մեզ, Այբուբեն հայոց...
Մաշտոցը հուզված ոտքի է ելնում,
շարունակում է երթալ իր ճամփով՝
ունկնդիր խոսքին շինականների։
Ու մի սակավիկ բակից դեն չանցած,
դեմն է ելնում
դարբինն Առաքել.
-Մի պահ կախ գցիր քո ոտքը, հայր մեր,
ու չարչարվածիս մրմունջը անսա,
ի խորոց սրտի
խոսք ունեմ պահած.
դու՝ որ եկել ես քո ձեռք ու ոտքով
հասել Ամարաս,
նշանակում է՝ քո ուսին ունես
քաջալերանքն ու աջը Աստծո,
ուրեմն, միայն քեզ պիտի ասեմ՝
ինչ ասելու եմ...
Դու՝ ստեղծողը մեծ ու արարիչը
հայոց սուրբ գրի,
չի՞ լինի, արդյոք,
ի սեր հավատի,
քիչ փառավորես ու կարգավորես
այս գիրը՝ գրված հայոց ճակատին,
շտկես սխալը,
ուղղես,
հարթես
եւ համահնչուն դարձնես մեր աջով
անցնող մեծամեծ,
արդար գործերին։
Ներող լեր, սուրբ հայր, այսքան հանդուգն
խոսքերիս համար,
ես շատ տառապանք ու զրկանք տեսած
գլուխս, ահա, խոնարհում եմ քո
զորության առաջ...
Սակայն մինչեւ ե՞րբ
պիտի այպանվենք՝
մաքրության համար արժանահավատ,
սակայն մինչեւ ե՞րբ
պիտի ուծացվենք,
փրկեա հավատով Միածին որդու,
մինչ երբ օտարին պիտի հոժարվենք՝
մտքով չքոտի,
ու նա ճուղուպուր կոտրի մեր գլխին,
տանում են վերջին կորեկը անգամ...
Ու այդ պահի մեջ ինչ որ վանական
թուլացնելով կապը իր լեզվի,
շշնջոցներով անհասկանալի,
փորձեց Մաշտոցին հանել զրույցից.
-Գնացինք, հայր մեր...
-Հարկ է, որ լսեմ...
-Մինուճար որդիս փակված է բերդում,
զի հասը մի օր ուշացրել էի.
հողս վարելու-ջրելու մնաց,
քարս քաշելու-կռելու մնաց,
եւ օրս մնաց բախտիս պես պռատ...
Այսօր էլ եկան ու նոր ցավ բերին.
պահունի պանիր ու յուղով բարձած
ու՝ հացով տաշտի,
տարան եւ իմ ձին՝
թամբոք ու սանձիվ...
Ես գիշեր ու տիվ դարբնեմ երկաթ,
ամեն հալածանք ու տանջանք կրեմ,
բայց չկարենա՞մ
իմ ուզածի պես
ձեւ տալ ու նորել,
հայի դառնահեծ բախտիկը կռել...
Ապա լռում է դարբինն Առաքել,
թեւքով սրբում է քրտինքը ճակտի,
խոնարհվում, մի բուռ հող վերցնում գետնից,
սեղմում իր դեմքին.
-Երեսս, հայր մեր, ճամփիդ հող դառնա,
ողորմեա՝ թե «ծուռ շարժվեց իմ լեզուն»...
Խիստ խոժոռվել էր դեմքը Մաշտոցի,
ասես Մռովից ծանր ու մեծ մի թուխպ
եկել, շվաքն իր
պահել էր նրա երեսի վրա։
Եվ աչքերն էին այդ թուխպը ճեղքող
ու հեռուն միտող արծվի թեւեր։
Եվ քաջալերված սիրուց Մաշտոցի,
հոգածությունից նրա հայրական,
Վարդանն արծվենի,
թոռը Սահակա՝
Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
ու Մամիկոնյան սրբազան տոհմից,
ջոկվելով ստվար, հոծ բազմությունից,
առաջանում է հույժ հանդիսավոր,
վճռորոշ քայլքով,
որ ունենում են զորականները,
եւ, որ Մաշտոցի սրտովն է անչափ,
հայացքով խոսք է խնդրում Մաշտոցից,
ձգվում շիպ-շիտակ
ու խոսում այսպես.
-Քիչ առաջ եղա մոտիկ շեներում,
ես ուստրեր տեսա առյուծակորով
եւ տեսա դուստրեր՝
պերճ ու նազանի,
նույն իղձք ու տենչով դեմքերը վառած
դիցեր են, ասես, երկնաառաք։
Եվ ամենուրեք ցավը նույնն է,
ուրեմն՝ ելքն էլ պիտի նույնը լինի։
Մեր սուրբ դպրահոր արարած գրով,
մեր դարբինների կռած սրերով
պիտի նորոգենք
ու նորագրենք,
արդարագրենք
գիրը մեր ազնիվ ճակատին դաջված...
Թե հեղգանք, էլ մեզ չի ների ոչ ոք,
անգամ ինքներս մեզ էլ չենք ների։
Իսկ ինչ մնում է հասին կամ սակին,
Առաքել դարբնի դարբին զավակին...
Ու խոսքը կիսատ թողնելով այստեղ,
Վարդանը վճիռ աղերսող դեմքով
թեքվեց Մաշտոցին,
որ էր հոգելիր՝ իր լսած խոսքից...
Աջը դնելով Վարդանի ուսին,
Մարգարեն ասաց.
-Ապրես, զավակս...
Եվ էլ ոչ մի խոսք։ Միմիայն դարձավ
վանքատնօրեն ուղեկիցներին
եւ խիստ պատվիրեց՝
ամեն գործի մեջ լինել բարեգութ,
իսկ Առաքելի դարբին որդյակին
հենց նույն վայրկյանին ազատ արձակել,
տաք աչոք նայել շինականներին
եւ, առհասարակ, արձակել ազատ
հավատի բոլոր բանտարկյալներին՝
ի սեր Միամոր որդուն Մարիամի,
ի սեր եւ փառս հայոց մեծ ազգի...
Որպես կարապետ մի առաջընթաց՝
շրջեց տնից տուն,
շենից շեն շրջեց վարդապետը սուրբ
ու հասու եղավ վշտին ամենքի։
Եվ ասպնջական հողը Արցախա
ծիլ ու ծաղկունքով,
մոմ ու խաչերով
գգվում էր ասես
ու ոտից գլուխ խնկարկում նրան։
ԱՅԲՈՒԲԵՆԸ՝ ՍՐԻ ՎՐԱ
Եվ Ամարասի վրա լուսինը
բացել էր լույսի ցնցուղն այդ գիշեր,
եւ ոտաբոբիկ
ինքն էլ ասես իջել մարգերը
ու հովիտները
հայրենագորով,
ուզում էր ամեն մի շյուղի փարվել,
աչք ածել ամեն քարի ու թփի,
շոյանք ընծայել...
Լուրթ վտակները, որ գոչգոչալով
իրար ձայն էին որսում խոտերում,
մի պահ հանդարտվել
ու քղանցքն էին խոնարհ համբուրում
այնքան մերձավոր այցելությունը
իրենց ընծայած
մեծ լուսատուի։
Ու այդ ամենը քաղցր է դիտել՝
երբ միայնակ ես մտորումների մեջ,
երբ դու այդ հովտում՝
ակն Արցախա,
կյանքում առաջին անգամ ես լինում,
երբ որ ռունգերդ լցված են արդեն
բուրմունքներով սուր
եւ անուշահոտ,
երբ որ տնօրեն ու ինքնագլուխ,
քո սիրուց երես առած հովիկը
փեղկ ու պատուհան
գալիս, կրընկի վրա բացում է,
դեմքդ երկնային համբույրով օծում,
երբ զգում ես քո արյան խաղի մեջ,
որ մոտենում է քեզ մի առավոտ...
Եվ այդ անսովոր,
շռայլ գույներում
ու հանդահոտի բուրվառների մեջ
ինքդ քեզ համար մեկնում-պարզում ես,
թե՝ ինչո՞ւ, արդյոք,
հովիտն այդ հացի տաշտ են անվանում։
Կարծես շուրջբոլոր փռված արտերը՝
մեր արդար ցորնի,
գարու, կորեկի,
սվսվոցներով թաքուն, հպանցիկ,
ուզում են ինչ-որ բան հասկացնել,
ուր-որ է պիտի հնչյունը որսաս
իմաստով մաքուր,
այդպես էլ, սակայն, չես կարողանում։
Ու մի շշուկ անց,
երկու շշուկ անց,
Աստծո լույսը
փռվում է Արցախ աշխարհի վրա,
իսկ մի քիչ առաջ
ձորակի վրա տեր ու տիրական
կարգված լուսինը
կապույտ-արծաթե
մի դրասանգ է դառնում ամառվա
ինքնիրեն բացող դռան ճակատին։
Պատվական օրվա խոհ ու խոկի մեջ
հանկարծ հեռավոր
մի կանչ-ելեւէջ
եկավ դյուրանուշ, կախվեց շուրթերից
Մամիկոնեից քաջն Վարդանի.
-Եվ խնդութեամբ բազմել՝ ելին ընդ առաջ,
Օրհնէին զգալուստ քո, փրկիչ, յաշխարհ։
Հովիտը՝ ոնց որ կաթնալույսի մեջ
լողացած, մաքուր,
ծագող արեւի հրայրքն աչքերում,
բացվում է, ահա,
ու իր գրկի մեջ բացում մի շրջան,
որ, երեւում է, խոտ ու բույսերից
աճած շատ ժլատ,
զինավարժության ասպարեզ է հին...
Եվ ամարասցիք այստեղ են իրենց
տոները տոնում,
խաղերը խաղում,
մրցումներ անում,
առյուծագորով, քաջ որդիներին
հորդորում արդար խաղամարտության։
Մաշտոցն՝ անպարապ գրի գործերում,
հոգեւոր որդու՝
ուշիմ Վարդանի
տենչ ու բաղձանքին թողություն տվեց։
Ու դա դպրահոր պատգամն էր նաեւ.
-Ընտրել յուր աչոք
եւ աչոք ջոկել
զինախաղի մեջ
հարուստ ձիրք-շնորհք ու սեր ցուցանող
պինդ ու քաջազուն արցախցիներին,
ժամանակները քանզի անկայուն,
հղի են անվերջ խարդավանքներով,
նաեւ՝ դժնդակ,
նաեւ՝ ժանգի պես միշտ ներսից ծյուրող
երկպառակությամբ հավերժ նզովյալ։
Տխրական էին բառերը վերջին.
-Վասնզի նման պարագաներում
ոչ միայն սուրը,
այլ նաեւ գիրը
պետք է վահանով մտնի ասպարեզ
ու պիտի պահել զուգակշռություն։
Ու Վարդանն ահա՝ առույգ, առնական,
ձեռնարկումներով՝ խոհեմ, հեռատես,
ճկուն մտքերով՝ անպարագրելի
ու խիստ հուսատու,
ազնիվ, լուսազարմ,
որերորդ անգամ որսաց խորհուրդը՝
թե վարդապետը ինչո՞ւ է իրեն
ուղեկից անում,
երբ գավառներն է մեկնում հայրենի՝
լուսավորչություն,
գիր սերմանելու...
Հիրավի, արդեն Մաշտոցը տեսնում
ու գուրգուրում էր
Վարդանի մեջ՝ սուրբ, Փրկիչ
Վարդանին։
Եվ արեգակն ու զանգակը վանքի
վեհ, միաղողանջ
ելեւէջում են երկնքի ծոցում,
եւ օրը՝ վայրի մի մեղվափեթակ,
լցվում է անզուսպ,
տաք գրգիռներով,
բանուկ են դառնում ճամփեքը ամեն՝
հայի հավիտյան ցավի պես բանուկ։
Ահա եւ խարխուլ եւ խեղճ հյուղերից,
տես, ոնց են ելնում հպարտ ու վսեմ
ռամիկ, շինական,
տիարք փրկունակ,
այրեր համբավված ու պատվակորով,
զենք-զրահ կապած,
զոլ-զոլ վագրենին
եւ առյուծենին սաղավարտ արած,
որը՝ ձիավոր,
որը՝ հետեւակ,
նաեւ՝ տոնազարդ սայլակառքերով,
ձիգ արահետով, կեռ ու կեռմանով
գալիս բակերից,
միահյուսվում են մի ճամփի վրա,
որ վանքի մոտով տանում է նրանց
Եխծուն տափ կոչվող հսկա դաշտը այն,
ուր շեփորում է արեւը արդեն...
Իսկ շեփորներին վառ, արեգական,
եղջերափողն է միանում հետո,
հետո՝ փանդիռը,
որոնց խոլուխենթ նվագ-աղմուկում՝
կռվողների մեջ շունչը տեղ բերող
թեժտաք դադարում,
ծլնգոցներն են լսվում զուռնայի։
Լույս արցախուհու ջնարի լարին
խփող մատների,
խոսուն մատների
քնքշությունը գալիս ձայնի հետ,
ականջն է շոյում
հուր-հիացքի մեջ սուզված Վարդանի։
Ձիերը կարմիր արշավի ելան,
ձիերը այնպես խրոխտ են քայլում,
այնպես կրակով
վարգում ու փայլում,
ասես զգում են, վայելում են լուռ
քաղցրությունը
իրենց ոտքի տակ
արբունքով խայտող Արցախա հողի։
Եվ մարդիկ անվերջ գալիս են, գալիս...
Բայց վեց ձիավոր պոկվեցին, ահա,
թռչում են դեպի ծիրը լայն հովտի,
այդ՝ ո՞ւր եւ ինչո՞ւ...
Մինչեւ դաշտի մեջ
զարկվում է ուժգին սուրը վահանին,
մի տեղ աղեղ են զարմերը լարում,
մի տեղ մրցում է նետաձգության,
ո՞վ է, մեկն էլ աչքաճպի մեջ
երկինքն արձակեց
տեգը սրածայր
ու իր ոտքի տակ բերեց մի ագռավ...
Վարդանը դիտում ու մտորում է.
-Առատաջուր է այս հողն, իսկապես,
առատաբերք է այս հողն, իսկապես,
բայց ավելի շատ
առատավիշտ է ու առատա... քաջ։
Եվ միանգամից,
հանկարծ, շեշտակի
լռում են աղմուկ, նվագներ ու կանչ,
եւ բազմությունը ուղի է բացում,
ու ճերմակաթույր ձիավոր երկու
առաջանում են հույժ հանդիսաքայլ՝
ձեռքներին պարզած
թելը նոր կտրած,
մի հրահրաշ,
արցախյան մի գորգ...
Տանում, լայն բացած՝ պահում են այնտեղ,
գլխավերեւում ամեն-ամենքի...
Աչք-ականջ դառած բոլորը կանգնել
ու մոռացել են աչքերը իրենց
ու թողել գորգին,
նորանախշերին անսովոր ու տաք,
մինչեւ բերեցին դուստրին գորգագործ,
դարձյալ՝ զինավարժ,
ասպարը կապած,
կանգնում է՝ դեմքը ամբոխին հառած,
ձախ ձեռքը՝ հպարտ իր թրին պահած,
աջը ետ տանում
եւ ընթերցում է երգելու նման
զարդերը գորգի.
-Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ...
Խանդաղատանքից մեկ-երկու կաթիլ
խտուտ են գալիս
ամբոխին ձուլված Վարդանի աչքում։
Սուր ու վահանի շառաչների մեջ
ու ձայնով բազմաց
ելնում երնիվեր,
հնչում է երգը ամենահզոր,
ամենազորեղ զենքն է հնչում.
-Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ...
Երգ այդ երգ չէ, ոչ, այլ գրի վրա
երդում է սրի,
երդում է արյան,
հավատարմության...
Ամեն-ամեն ինչ ձուլվում է ձայնում,
արձագանքում է հայաշխարհն ամբողջ...
Եվ զորախաղն է թեժանում ապա,
եւ անհետացած ձիավորները
գալիս քաջընթաց,
ձուլվում են նորից ծովին ամբոխաց,
սակայն՝ ոչ վեցով,
մեկով ավելի։
Վարդանը թեքվեց կողքի արցախցուն,
ինչ-որ բան ասաց եւ ապա՝ լսեց.
-Տիգրանն է, ջրվոր Հաբեթի որդին,
երրորդ ամիսն է՝ սարում է ապրում,
եւ նշանածը
այն աղջիկն է հենց,
որ գործել է այս գորգը սիրունիկ,
որ տառ-տառ կարդաց զարդերը գորգի,
Սաթենիկը մեր...
Ներիր, բայց ասեմ՝
կուսանոցում էր Վաղարշապատի,
թողեց ու եկավ,
հայոց գիրն էլ սերտել է այնտեղ...
Ապրում է սարո՞ւմ...
-Բաժ պսակացը պիտի վճարեր,
չկարողացավ... չուզեց մի քիչ էլ...
Ապա՝ աղջկան հետամուտ եղան
մարզպանի մարդիկ,
իբր թե՝ ինչո՞ւ թողել է վանքը...
Ցանկացան վանքը քաշել տղային՝
պարհակի համար.
դե, նա էլ զինվեց,
սարը վեր ելավ...
Զինավարժությամբ,
ուժ ու շնորհքով
նմանը չունի մեր Ամարասում,
գալիս է միայն զորախաղերին...
-Պինդ ու համառ է՝ ուզում եք ասել...
-Հարկավ¬ ինչպես որ բոլոր արցախցիք...
-Իր ընկերներով մեկ-մեկ էլ դրսի
հարկահաններին
նա դաս է տալիս ճամփեքի վրա,
իսկ թե հաջողվեց՝
նրանց ավարը նորից մեզ բերում...
Նշմարեց հանկարծ Վարդանի աչքը,
որ ինչ-որ մեկը
զարկեց սուր սրով
իր ախոյանի կարծր վահանին,
զարկեց իր բազկի թափով ահագին
եւ ոչ թե սուրը,
այլ հենց վահանը դարձավ երկու կես...
Տեսավ, հիացքից սիրտը ծուլ եղավ,
շուռ եկավ, ապա,
եւ պատվիրեց, որ նրան մոտ կանչեն...
Զորախաղն արդեն ավարտվում էր, եւ
օրը իր երկրորդ
կեսին էր թեքվում՝
շառաչն ունկերում։
Մի տեղ՝ գուռի մեջ, լվանում էին
երեսներն իրենց,
մի տեղ ձիերին հարդարում էին
ու շոյում մեղուշ...
-Ամարաս... երկիր զորավոր արանց,
անգրավելի...
Սուրբ այաների գոտիների պես
ճարմանդ ու շողով
ձգվող ճամփաներ,
հարս ու մամիկներ,
որ իրենց ՀԱՅԻ պատիվն ամենուր
բարձր են պահում՝
արեւամոտիկ,
այրեր՝ պնդաքերծ...
Արցախ-տուն սրբոց,
բայց՝
ոչ առուծախ...
Արցախ,
այսինքն՝ սար ու մարդ անթեք,
Արցախ-
այսինքն՝
առյուծն առյուծ է՝ թե արու, թե էգ...
Մտոք Վարդանը հայկազուններից
արցախածնունդ,
կազմել է արդեն զոր մի զորամաս,
որ թե պետք եղավ՝
ելնի-միանա
հայոց աշխարհի պահպան գնդերին,
զորավիգ լինի մեր հանդ ու սարին,
նաեւ՝ մեսրոպյան մեր գիր ու տառին։
Վարդանի դիմաց կանգնում է մի այր։
-Ահա եւ ես եմ...
Առաքել դարբնի դարբին որդին էր...
Եվ զրույցը շատ ջերմին ընթացավ ,
անչափ մտերմիկ,
սրտառուչ ու բաց...
-Այս սուրը ես եմ իմ ձեռքով կռել,-
ժպտալիր մեկնեց՝ դարբնի որդին,-
խնդրեմ, ընդունեք
մեզանից՝ ընծա...
Վերցրեց Վարդանը, շուռումուռ տվեց.
-Սրանո՞վ էիր զարկել վահանին,
ամուր է ու սուր,
երեւում է, որ պողպատ է մաքուր...
-Ներեցեք, բայց դա այն պողպատից չէ,
ամենաամուր նյութից եմ կռել...
-Սակայն եւ ի՞նչ է անունն այդ նյութի...
-Թուրն այդ ձուլված է
արցախցու կողից...
Եվ միանգամից ծիծաղն է պայթում,
եւ բաժանվում են խոսք ու կատակով,
եւ խոստանում են հանդիպել նորից,
զի հայոց երկրի
ծագերը բոլոր
փրկության դուռը կարող են գտնել
միմիայն հզոր միաբանությամբ։
Օրվա գործերը ավարտին բերել,
Ամարաս վանքի բարձր պարսպից
դիտում ամենն այդ
Մեսրոպ Մարգարեն
եւ գոհությանը ելք տալու համար
բառեր չէր գտնում՝
իր իսկ հորինած գիր ու տառերով։
Երբ վանքի դռնով Վարդանը մտավ,
նայեց դպրատան վերնասրահին,
քիչ մնաց սիրտը կրծքից դուրս թռչեր,
պատի երկայնքով ձգված էր գորգը՝
մեր այբուբենով,
սուրբ ու մեսրոպյան...
Սաթենիկն ինքն էր բերել իր ոտքով
եւ համբուրել էր սրբահոր աջը,
եւ խնդրել էր շատ,
որ այդ շնորհը ընդունի վանքը՝
դպրատան համար,
գորգն այդ հյուսված հատ-հատ ու թել-թել
այնտեղ քրտինքի կաթիլն է ցոլում
դպրատուն դարձած ողջ Ամարասի...
-Աստծո աչքը միշտ քաղցր լինի
ցավերից ծնված արցախցու վրա...
Եվ Լուսավորչի սարի կատարին
արեւ էր իջել,
եւ սարն էր նման
դարերին պարզված լուսե մի ջահի...
Ամեն տարտարոս ու սանդարամետ
ծանոթ է հային,
եւ այն էլ՝ ինչպես...
Այնպես որ՝ դառը փորձով նա գիտե՝
արցունքը միայն
աչք է շղարշում
ու հոգի մաշում,
պետք են բռունցքներ,
բռունցքվել է պետք...
Երբ որ Վարդանը իրար էր բերում
հայոց բռունցքի
մատները մեկ-մեկ,
արդյոք զգո՞ւմ էր,
տեսնո՞ւմ էր մտոք
Ավարայրը, որ տարիներ հետո
պիտի գար, երկրի դռանը չոքեր...
Տեսնում էր, քանզի... Վարդան էր ծնվել,
եւ զորամասն էր
Տեսնում արցախյան՝ Տղմուտի ափին,
ուր որ Մաշտոցի հոգեւոր որդիք՝
Վարդան, Եղիշե,
Ղեւոնդ... ուրիշներ,
նահատակվելով
ապրեցրին մեր ոգին անկոտրում,
եւ Վարդանի հետ,
կողքին Վարդանի,
սաղավարտ դարձած առյուծի մորթին,
զենք-զրահ առած,
կռիվ էր մղում
մեր ամարասցի
դարբնի որդին...
Մի ողջ զորամաս՝
Արցախ աշխարհից...
Արցախ աշխարհից
մարտնչման ելած ամեն մի զինվոր՝
ամրակուռ մի վանք
ու մի Ամարաս...
Կռվեցին հային վայել սխրանքով,
բայց դարձի ճամփին
իր վարմն էր լարել ոսոխը նորից...
Նենգ Աթաշխուդան ատամի տակ թույն,
ոխ ուներ պահած՝
եւ Ավարայրում,
եւ տարի առաջ Խաղխաղ քաղաքում
հայերից առած իր դասի համար...
Եկավ ծպտված ու զորագնդով
ճամփեքը փակեց
եւ գերեվարել փորձեց քաջերին։
Սակայն Վարդանի,
Քաջն Վարդանի
ոգին է ամեն հայի մեջ ապրում...
Եվ իրենց արյամբ՝ ջինջ, անախտակիր,
եւ իրենց արյան որդան կարմիրով
քաջերն արցախցի,
մայր հողի վրա մեսրոպյան գրով
Վարդանանց երգի ու մեծ սխրանքի
վերջին պատգամը գեղագրեցին...
Արցախա երկրի քաջեր նահատակ...
Ու գիրկ-գրկի մեջ, ու ծոց-ծոցի մեջ,
տենչանքները բյուր
իրենց աչքերում ու սրտում պահած՝
անմեռ սերմի պես մայր հողը մտան...
Ապա եւ սգո մեղեդին հնչեց,
ապա եւ եկավ
Կաթողիկոսն Ամենայն Հայոց,
աղոթք մրմնջաց,
տվեց պատարագ...
Եվ բլուրը այդ՝ Եղեգնաձորում,
ուր ամփոփված է
աճյունը նրանց,
այդ օրից կոչվեց Վարդանանց բլուր...
Իսկ Լուսավորչի սարին դեմ-դիմաց՝
գիշեր ու ցերեկ զանգերը զանգում
վանքում Ամարաս,
ինչ-որ բան էին ուզում հասցնել
ունկին Աստծո,
սակայն չէր լինում,
չէր լինում սակայն...
-Ծագի՛ր, վերջապես, լույս ճշմարտության,
արդարությանը եղիր զորավիգ...
ՄԱՇՏՈՑԻ ՈԳԻՆ ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔՈՒՄ
ՎԱՆՔԻ ԳՐԵՐՈՒՄ, ՔԱՐ ՈՒ ՎԵՄԻ ՄԵՋ
Մեր վանքերը մեր լերանց են նման,
սուր գմբեթներով
նրանց են կրկնում,
սակայն եւ ուրիշ,
միշտ անկրկնելի ու նոր են մնում։
Իսկ մեր լեռներն էլ նման են ճիշտ մեզ,
մեզ համար տոն են,
մեզ համար տուն են
ու նաեւ խորան՝ արծնված լույսով,
մեր ոտքերի տակ՝
փափուկ գորգ են բաց,
մեր սրտի առաջ՝
արփի՝ գրկաբաց,
մեր մտքի առաջ՝
գեղոն, գիր են բաց՝
հավերժ բաղձալի,
ոսոխների դեմ՝ անանցանելի...
Մեր բնույթքը մեր հողից ենք առել,
եւ հողն Արցախա, բնավ էլ, հող չէ,
իմաստություն է,
հավատի հող է,
կացին էլ առնեն՝
չտաշվող կող է,
եւ գուղձը ամեն
թոնրաթեժ պող է...
Եվ սիրահոժար,
եւ սիրամեծար,
բորբ սրտի բոց է՝
թե առաքյալը Մեսրոպ Մաշտոցն է,
ժպիտ է ոսկյա, շափյուղա, շող է,
կարմիր որդան է,
թե Մաշտոցի հետ
ինքը՝ Վարդանն է։
Ամարասը գիր-բերկրանքով պտղեց։
Ծաղիկ-ծաղկունքով զուգվեցին նորից
երիվարները,
ծաղիկ-ծաղկունքով լցվեցին նորից
արուվարները,
եւ սամի ու լուծ վարդահյուս էին,
վարդահյուս էին սռնի ու անիվ,
ու ջնարակված՝ սիրով արցախցու...
Եվ ճամփա ընկան առաքյալները,
եւ ճամփա ընկան բացվող լույսի հետ,
եւ ճամփա ընկան բացվող լույսի պես՝
թիկունքում թողած
իրենց թիկունքը,
եւ թողած իրենց։
Խնկում էր վանքը՝
դարձած դպրատուն.
-Քեզ բյուր փառք, Արցախ, եզերք
քաջարաց...
Այդ ե՞րբ է, սակայն, այդ ե՞րբ է եղել,
որ հայոց հողին
արյուն չի հեղվել,
երակ չի հատվել։
Ու մեր հավատը սպանելու համար
ոչ թե միայն մեզ,
այլեւ մեր ծառը,
այլեւ մեր քարը,
այլեւ մեր վանքը,
մեր սրտի պես ջերմ
մեր հողն են անգամ զարկել-թրատել։
Բայց... միենույն է,
դեռ ոչ մի թրից հայը չի պարտվել,
թուրը մեր ոգուն երբեք չի հասել։
Բռնակալները՝ մեղկ, բազմազարհուր,
փեյղամբարները՝ սուտ ու բազմամեղ,
նաեւ անուղեղ,
երկար են ճգնել,
ճգնել ու տքնել,
բայց առեղծվածն այդ երբեք չեն պարզել,
անճարությունից իրենց նեղճակատ
դեռ ավելի են սրվել-գազազել...
Ու այն օրերից՝
գրով մեսրոպյան, արցախաբարբառ,
եկել է, ահա, մի ավանդություն
ու մեզ է հասել։
Ամարաս փոքրիկ գյուղաքաղաքում,
Ամարաս գետի երկու ափն ի վար
հոսում էր կյանքը գետի պես խաղաղ։
Եվ հանկարծ՝ նորից աղմուկ-աղաղակ,
նորից՝ կոտորած,
ավեր, ախ ու վախ։
Աճապարում է բռնակալն ինքը՝
Լենկթեմուրը նենգ,
ամենից առաջ այդ վանքը խուժել...
Նա վաղուց արդեն լուր ուներ, գիտեր,
որ հունաց երկրի կայսրի դստեր
«հովանու» տակ են
հենց այդ նույն վանքից
բռնագրավված գանձ ու գանձանակ՝
գավազանը սուրբ Գրիգորիսի
եւ խաչը ձեռաց՝
մաքրափայլ ոսկի,
որի հայախոս ակերի թիվը
հայոց գրերի
բանակ-թվի հետ դաշըն կխոսի,
որ է՝ պատվություն գրին, Մաշտոցին,
եւ, առհասարակ,
դպրության, լույսին։
Ու խուժեց, ահա.
կամարների տակ արեւոտ վանքի,
սուրբ մկրտության ավազանի մոտ
սուրբ ջրով օծում,
կնքում էր տերը
նոր աշխարհ եկած,
թմբլիկ ու թխլիկ
ջուխտ պուլուլներով մի ամարասցու,
իսկ կողքին խոնարհ մերիկն է նրա,
նայում է կնքվող իր առաջնեկին։
Թեմուր... Լենկ-Թեմուր... Թրի մի հարված՝
եւ գլխատում է մեկտեղ երեքին,
հրոսակներով քաղաքն ավերում,
վանքն ավերում հրոսակներով,
ամեն, ամեն ինչ գռփում-ավարում
ու քար չի թողնում նա քարի վրա։
Թողնում, գնում է։ Եվ յոթ օր չանցած,
չանցած յոթ գիշեր,
մոլուցքը նորից այստեղ է բերում։
Ու ի՞նչ է տեսնում.
-Անեծք, սատանա...
Կամարների տակ հենց այն նույն վանքի,
սուրբ մկրտության ավազանի մոտ
սուրբ ջրով օծում,
կնքում էր տերը
(նույն տերը՝ ինքը)
նոր աշխարհ եկած,
թմբլիկ ու թխլիկ
ջուխտ պուլուլներով մի ամարասցու
իսկ կողքին՝ խոնարհ մերիկը նրա,
նայում է կնքվող իր առաջնեկին։
Թեմուր...Նենգ-Թեմուր... Թրի մի հարված՝
եւ գլխատում է մեկտեղ երեքին,
հրոսակներով քաղաքն ավերում,
վանքն ավերում հրոսակներով,
ամեն, ամեն ինչ գռփում-ավարում
ու քար չի թողնում նա քարի վրա։
Եվ որ Ամարաս քաղքի ու վանքի
վերակերտվելու,
վերահառնելու
հրաշքը չգա նորից աչքառաջ,
զինվորներին իր շարքի է բերում՝
վանքից մինչ Արաքս,
որ հայոց վանքի
քարերը բոլոր թափեն գետի մեջ.
-Հայոց գետի մեջ շատ ենք հայ նետել,
թող այս հայագիր քարերն էլ հիմա
ջրի մեջ նրանց հուշաքար լինեն...
Վայրի մոլուցքն էր ծորում ծաղրանքից։
Եվ ապա նորից թողնում-չքվում է։
Եվ յոթ օր չանցած,
չանցած յոթ գիշեր,
մոլուցքը նորից այստեղ է բերում։
Կամարների տակ հենց այն նույն վանքի,
սուրբ մկրտության ավազանի մոտ
սուրբ ջրով օծում,
կնքում է տերը
(նույն ինքը՝ տերը)
նոր աշխարհ եկած,
թմբլիկ ու թխլիկ
ջուխտ պուլուլներով մի ամարասցու
իսկ կողքին՝ խոնարհ մերիկը նրա,
նայում է կնքվող իր առաջնեկին։
-Անեծք, սատանա...
Գլուխը առնում, թողնում-չքվում է
ու հավաքում է իմաստուններին
ու գիտուններին.
-Սա ի՞նչ հրաշք է...
Յոթ օր, յոթ գիշեր խելք-խելքի տված
ու գլուխ-գլխի,
տքնում են երկրի փեյղամբարները
ու գիտունները։
Երբ լրանում է ժամը սահմանված,
գնում են նրանք,
խոսում անհեթեթ ու անկապակից,
կցկտուր բաներ։
Եվ բռնակալի վճիռն է հնչում.
-Գլխատել դրանց...
Ու նրանց հետքով, նրանց ճամփեքով
գնում են բազում գիտուն-փեյղամբար,
գաղտնիքը սակայն,
առեղծվածը մեծ հանգիստ չի տալիս.
-Ի՞նչ անել...
Եվ պատվիրում է մի նոր գիտունի՝
հենց նույն վայրկյանին ճանապարհ ընկնել,
հասնել Արցախա երկիրը հայոց
եւ ամեն գնով գաղտնիքն իմանալ։
Գալիս գիտունը յոթ օր, յոթ գիշեր,
գյուղաքաղաքն է հասնում Ամարաս...
Իրիկնադեմ էր... Ու վանքի առաջ
ծնրադիր էին
ստվերները մուգ
ու ծանրածավալ։
Դեմքը՝ գորշ քաթան, միտքը՝ քողարկված,
գիտունը կանգնեց
ու հարցում արավ
վանքից դուրս եկած մի շինականի,
թե՝ ինչո՞ւ, ասեք, այսպես ու այսպես...
Մարդը հասկացավ՝ ինչումն է բանը,
գիտունի թեւից բռնեց ու տարավ,
ցույց տվեց վանքի քարերը բոլոր
եւ նրան ասաց.
- Մաշտոցի գիրն է ամեն մի քարի...
Ցույց տվեց վանքի խաչերը բոլոր
եւ նրան ասաց.
- Մաշտոցի գիրն է ամեն մի խաչի...
Ցույց տվեց հանդի ծառերը բոլոր
եւ նրան ասաց.
-Մաշտոցի գիրն է ամեն մի արմատ...
Եվ այս ամենը,-շինականն ասաց,-
մեր հոգու մեջ են,
ոգին են հայի...
Ժողովուրդը, որ տառեր է գրում
անգամ իր թրին,
աշխարհում նրան հաղթող չի լինի,
Առավել եւս՝
ժողովուրդն այդ չի մնա գերի...
Ետ վերադարձավ գիտունը, պատմեց՝
այսպես ու այսպես...
Եվ այդ օրվանից
Հայոց աշխարհի ոսոխները նեռ,
երբ թույնով-թրով
արշավել են մեր սուրբ հողի վրա,
ոչ թե միայն մեզ,
այլեւ մեր ծառը,
այլեւ մեր քարը,
այլեւ մեր վանքը,
մեր հոգու պես ջերմ
մեր հողն են անգամ զարկել-թրատել։
Բայց... միեւնույն է,
դեռ ոչ մի թրից,
դեռ ոչ մի սրից հայը չի պարտվել,
վասնզի թուրը չի հասնի ոգուն...
Մեր բնույթքը մեր հողից ենք առել,
եւ հողն Արցախա, բնավ էլ, հող չէ,
իմաստություն է,
հավատի հող է,
կացին էլ առնեն՝
արցախցու կող է,
եւ գուղձը ամեն՝
թոնրաթեժ պող է։
Եվ սիրահոժար,
եւ սիրամեծար,
բորբ սրտի բոց է՝
թե առաքյալը Մեսրոպ Մաշտոցն է,
ժպիտ է ոսկյա, շափյուղա, շող է,
կարմիր որդան է,
թե Մաշտոցի հետ
ինքը՝ Վարդանն է։
-Քեզ բյուր փառք, Արցախ, եզերք աննվաճ,
քեզ սեր եւ պատիվ,
եւ... հավերժություն։
1987թ.