Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը
Լինում է, չի լինում՝ լինում է մի թագավոր․ ունենում է երկու որդի, մինը՝ բարի, մյուսը՝ չար։ Բարին լինում է մեծն ու ժառանգը։ Էս բանը դուր չի գալի չար եղբորը, մտածում է՝ մի կերպով ազատվի բարի եղբորից, որ ժամանակին ինքը թագավոր դառնա։ Մի օր ասում է․
— Արի՛ գնանք որսի։
Թե՝ գնանք։
Գնում են։ Մտնում են անտառի խորքը։ Որ մտնում են անտառի խորքը, թիկնապահները ետ են ընկնում, ու երկու եղբայր մնում են մենակ։ Որ մնում են մենակ՝ էս չար եղբայրը սուրը հանում է, խրում է բարի եղբոր թիկունքը ու, կարծելով, թե արդեն սպանեց, վերադառնում է պալատը, իբրև թե բան չի պատահել։ Հերը հարցնում է․
— Եղբայրդ ի՞նչ եղավ։
― Ա՛խ,— ասում է,— Ձերդ մեծություն, էնպես մի դժբախտություն պատահեց որ․․․ Գազանները եղբորս կերան․․․
Խեղճ հերը աղի արտասուք է թափում, լաց ու սուգ է անում, դարդից հիվանդանում է, մեռնում, ու չար որդին տեղը նստում է թագավոր։
Սրանց էստեղ թողնենք, գնանք հիմի տեսնենք՝ ինչ եղավ բարի եղբայրը։
Բարի եղբայրը անտառի խորքում ուշքի է գալի, սկսում է թառանչել ու օգնություն կանչել։
— Օգնեցե՜ք, ո՜վ աստված սիրողներ․․․ օգնեցե՜ք․․․
Ճյուղերը ջարդոտելով, խոտերը խշխշացնելով, մինը առաջ է գալի, տարածում է երկար ճանկերով մազոտ ձեռքերը, վեր է քաշում թագավորի տղին ու հետը փշփշոտ լեզվով մեջքի արյունը լիզում է, հետը խուլ մռմռում․․․
— Օ՜ֆ, ի՜նչ համով է․․․ Օ՜ֆ, ի՜նչ համով է․․․
Էս խռպոտ ձենից թագավորի տղի հոգին մարում է։ «Վա՜յ ինձ,— ասում է,— մարդակերի ճանկն եմ ընկել»։ Դու մի՛ ասիլ, ճշմար՜իտ որ, ընկած է լինում մարդակերի ճանկը։
Մարդակերը սրան մի բոխչի նման կռնատակն է առնում ու ճամփա ընկնում դեպի իր քարանձավը։
Լոք-լոք անելով՝ մի քանի րոպեում հասնում է քարանձավի դուռն ու ծեծում․
— Դուռը բաց արա, աղջիկ ջան, դուռը բաց արա, տես քեզ համար ինչ եմ բերել․․․
Աղջիկը որ դուռը բաց է անում, որ տեսնում է ուշաթափված ու արյունաթաթախ թագավորի տղին, խղճահարվում է, ասում է․
— Էստեղ ի՞նչ լավ բան կա որ․․․ Չես տեսնո՞ւմ՝ արդեն մեռած է․․․ թող տանեմ դեն գցեմ․․․
— Ասենք՝ ճշմարիտ ես ասում, արդեն դիակ է․․․ Տար դեն գցիր, իսկ ես էլի կգնամ որոնելու,— ասում է հրեշ հերն ու ձեռաց անհետանում։
— Ո՜ւ․․․ ո՜ւ․․․— միայն մռնչյունն է լսվում հեռվից։
Հերը հեռանում է թե չէ՝ աղջիկը վազում է, պահարանից մի դեղ է հանում, բերում է քսում տղի վերքին։
Տղեն աչքը բաց է անում, ասում է․
— Օ՜ֆ, էս ի՜նչ շատ եմ քնել։
Ու տեսնելով կողքին կանգնած աղջկանը՝ հարցնում է․.
— Դու ո՞վ ես, սիրուն աղջիկ։
— Ես մարդակերի աղջիկն, եմ, բայց ինձանից մի վախենար․․․ իսկ դու ո՞վ ես․․․
Թագավորի տղեն նոր հիշում է ու գլխի է ընկնում, թե որտեղ է ընկել, հայտնում է, թե ինքն ով է, պատմում է իր գլխին եկածը ու խնդրում է աղջկանը, որ թողնի իրեն՝ գնա իր հոր մոտ։
— Քեզ ու քո հորը սարեր ու ձորեր են բաժանում,— պատասխանում է աղջիկը։— Չես կաըող նրան հասնես։ Ճամփին կբռնի իմ հերը, երկու պատառ կանի, կուտի քեզ։ Էստեղից անփորձանք դուրս գալու-գնալու համար պետք է ունենալ իմ հոր մատի կախարդական մատանին։ Ես նրա մատից, քնած ժամանակը, կհանեմ էն կախարդական մատանին, միայն մի պայմանով, որ խոսք տաս՝ միասին փախչենք, ու ամուսնանաս ինձ հետ։
Թագավորի տղեն խոսք է տալիս։
Էս ժամանակ լսվում է մարդակերի մռնչյունը,— ո՜ւ․․․ ո՜ւ․․․
Որսը անհաջող էր անցել, բարկացած վերադառնում էր տուն։
— Շուտ արա, մտի՛ր էս քունջը, թաքնվի՛ր, թե չէ որ տեսավ քեզ, կուտի․․․
Աղջիկը թաքցնում է տղին ու միամիտ նստում։ Հերը ներս է մտնում թե չէ՝ հոտոտում է ու կանչում․
— Օ՜ֆ, ի՜նչ լավ մարդահոտ է գալի․․․
— Էդ քեզ է էդպես թվում,— ասում է աղջիկը։— Մարդն էստեղ ո՞վ է տվել․․․ Հոգնած ես, արի մի լավ հաց կեր ու պառկի քնի։
Մարդակերը մրթմրթալով մի խորոված եզան կիսան է կլանում ու մեկնվում։ Աղջկանն ասում է․
— Արի գլուխս քորի, որ քնեմ։
Աղջիկը մի ձեռքով գլուխը քորում է, մյուսով կամաց աշխատում է մատանիքը մատիցը հանի։
— Էդ ի՞նչ ես անում, աղջիկ ջան,— կեսքուն, կեսարթուն մռմռում է մարդակերը։
Աղջիկը վախեցած, ձեռը ետ է քաշում ու էդ օրը էլ չի համարձակվում մատանին հանելու փորձ անել։
Իրիկնապահին մարդակերը նորից որսի է գնում, մնում են աղջիկն ու թագավորի տղեն։
Աղջիկը քունջից դուրս է բերում թագավորի տղին ու նրա խնդիրքով ման է ածում իրենց սենյակները։
Մի դուռն է բաց անում, տղեն զարմանքից մնում է ապշած։ Մի մեծ դահլիճ է՝ լիքն ու զարդարված ոսկով ու արծաթով, թանկագին քարերով ու մարմարով, բայց հատակին էստեղ—էնտեղ թափված են կրծոտած ոսկորներ։
— Էս ի՞նչ ոսկորներ են,— հարցնում է թագավորի տղեն։
― Ոսկորներ են, էլի,— պատասխանում է մարդակերի աղջիկն ու մյուս դուռն է բաց անում։ Մտնում են հետևյալ սենյակը։ Առաջինից ավելի փարթամ ու շքեղ։ Պատերը՝ մաքուր արծաթից, ոսկուց ու մարգարիտից, հրաշալի կահ—կարասիքով, ոսկենկար—ոսկեփունջ մետաքսի վարագույրներով զարդարած։ Բայց էստեղ էլ թափված են նույն կրծած ոսկորները․․․
— Էս ի՞նչ ոսկորներ են,— դարձյալ հարցնում է թագավորի տղեն։
— Դրանց ի՞նչ ես նայում,— կրկին խոսքը կտուրն է գցում մարդակերի աղջիկը,— դու ոսկե պատերին մտիկ տուր, արծաթե ու մարգարտե ձեղուններին նայիր․․․
Ու առաջ է գնում։
Թագավորի տղեն գլխի է ընկնում, որ էդ ոսկորները էն խեղճ մարդկանց ոսկորներն են, որոնց լափել էր մարդակերը։
— Իսկ էս ի՞նչ սենյակ է,— ցույց է տալիս թագավորի տղեն մի դռան վրա, որի երկու կողմը հսկում էին երկու վիշապներ։
— Էս իմ հոր գանձարանն է։ Էս սենյակը չի կարելի մտնել առանց իմ հոր մատի կախարդական մատանիքի, թե չէ՝ իսկույն կպատառոտեն էս պահապան վիշապները։
— Ո՜ւ․․․ ո՜ւ․․․
Լսվում է մարդակերի ահռելի ոռնոցը։
— Շո՛ւտ արա, շո՛ւտ, թաքնվի՛ր ու շունչդ չհանես մին էլ մինչև իրիկուն, հերս գալիս է,— ասում է աղջիկն ու կրկին թաքցնում թագավորի տղին։ Իսկ մարդակերն արդեն դուռը ծեծում է․
— Բաց արա դուռը, աղջիկս, բաց արա, քեզ համար տես՝ ի՜նչ եմ բերել։
Ապա թե թագավորի տղեն իր թաքնված տեղից լսում է գոռոցի ու լացի ձեն, հետն էլ բերանի ծլփոց։ Մարդակերն իր ընթրիքն անում է ու պառկում է քնի, աղջկան պատվիրում է՝ գլուխը քորի։
Աղջիկն էս անգամ կարողանում է հոր մատից հանել կախարդական մատանին, ապա տղի հետ միասին առնում են մարդակերի գանձերն ու փախչում։ Շատ են գնում, թե քիչ, շատն ու քիչը, աստված գիտի, հասնում են մի աշխարհք։ Էս աշխարհքում թագավորի տղեն իմանում է, որ իր հերը մեռել է, ու նրա տեղը իր ախպերն է նստել թագավոր։ Ինչպես խոսք էր տվել, էնպես էլ ամուսնանում է մարդակերի աղջկա հետ ու մնում է էս աշխարհքում։
Շատ են կենում, թե քիչ, մի քանի երեխա են ունենում, շատ սիրով էլ ապրում են իրար հետ, միայն կինը երբեմն գիշերները անհետանում է ու ծեգին է վերադառնում, շրթունքները՝ արյունոտ։ Հարցնում է, թե՝
— Էդ ի՞նչ ես կերել։
Թե՝
— Ոչինչ, հավ ու գառն եմ կերել, բերանս էլ դեռ հալա չեմ սրբել․․․
Մի անգամ էլ էնպես է պատահում, որ էս թագավորի տղեն երեխաների հետ գնում է ուրիշ տեղ, մութն ընկնում է, ու մնում են ճանապարհին։ Գիշերվա մի ժամանակը մի գազան գողունի մոտենում է ու հարձակվում է քնած երեխաների վրա։ Թագավորի տղեն սուրը հանում է, զարկում, գազանը մարդու ձենով ճչում է․
— Վա՜յ, մեռա՜․․․
Ձենն էլ ծանոթ ձեն։ Մտիկ տա, ինչ տեսնի՝ սրով զարկած, առաջն ընկած իր կինը։ Գիշերով դուրս է եկել որս որոնելու, մթնումը չի նկատել, քիչ է մնացել՝ իր երեխաներին ուտի։
— Ահա թե ինչ կնշանակի լինել մարդակերի աղջիկ․․․
Ու մնում է խեղճ մարդը շվարած, հուսահատված կանգնած մեջտեղը։ Մի կողմը ընկած արնաշաղախ կինը, մյուս կողմը՝ ծվատած երեխաները։
Չգիտի՝ ինչ անի, ինչ չանի։
Էս դրության մեջ հանկարծ լսում է մի քնքուշ ձեն․ — Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լաց լինում, թագավորի որդի։
Գլուխը վեր է քաշում, տեսնում է՝ առաջը կանգնած ճերմակ շորերով մի գեղեցկուհի։
— Ա՛խ,— ասում է,— աննման աղջիկ, օգնիր ինձ, տեսնո՞ւմ ես՝ կինս, երեխաներս։
— Ես կարող եմ քեզ օգնել միայն-միայն մի պայմանով,— խոսում է գեղեցկուհին։
— Ինչ որ ասես՝ հոժար եմ։
— Լա՛վ, դե լսի՛ր։ Ես գիտեմ՝ ինչ է բերել քո գլուխը եղբայրդ, գիտեմ՝ ինչպես ես ընկել մարդակերի ճանկը, ոնց ես նրանից ազատվել ու ամուսնացել նրա աղջկա հետ, մի խոսքով՝ ամենը գիտեմ․․․ Բայց եթե ուզում ես ես քեզ օգնեմ, պետք է ներես եղբորդ․․․
— Եղբո՞րս․․․ Օ՜, երբեք։ Էս բոլորի պատճառը նա է․․․ Չեմ կարող, չեմ կարող նրան ներել․․․
— Չես կարո՞ղ․․․ Դեհ, մնաս բարյավ։
Խոժոռում է գեղեցկուհին ու շուռ է գալի, որ հեռանա։
— Կա՛ց, կանգնի՛ր, կներեմ,— կանչում է տղեն,– միայն թե՝ օգնիր։
— Դե լսի՛ր,— խոսում է ոգին։— Քո կինը արդեն մեռավ, երեխաներդ էլ ամենքը պիտի մեռնեն, որովհետև մարդու միս են կերել, բացի ամենափոքրը, ծծկերը։
Կախարդական մատանու ուժով ամեն գիշեր քեզ քնեցնում էր քո կինը, ու ինքը գնում մարդի որսի ու որսի մսից ուտեցնում էր և իր երեխաներին, ինչպես գիշակեր թռչունը կամ գազանը իր արած որսից ուտեցնում է իր ձագերին։ Միայն ծծկերն է, որ մարդի միս չի կերել, և միայն նա կապրի ու կթագավորի ապագայում, եթե միայն դու ներես եղբորդ։
— Ներում եմ,— ասում է թագավորի տղեն։
— Դե հիմի նայիր,— շարունակում, է հրաշալի կինը։ Մեկնում է ձեռքի կախարդական գավազանը, իրար ետևից թեթև զարկում է երեխաներին, ու իրար ետևից երեխաները դառնում են հյուսնի գործիքներ, թափվում են գետնին․ թակ, ունելիք, սղոց, դուր, իսկ ամենափոքրը, ծծկերը՝ շաղափ։ Ահից ու զարմանքից տեղնուտեղը քար է կտրում խեղճ հերը։
— Մի՛ վախենար ու մի՛ հուսահատվիր,— խոսում է ոգին։— Էսօրվանից դու կլինես վարպետ—հյուսն, իսկ սրանք՝ քո գործիքները։ Ցերեկը քեզ համար գործիքներ կլինեն, իսկ գիշերը հենց կախարդական մատանիքով զարկես— կդառնան քո երեխաները։
Այժմ հավաքիր էս գործիքները, գնա քո եղբոր քաղաքը, մի համեստ խանութ վարձիր ու մեջն աշխատիր, ինչպես հասարակ աշխատավոր, բանվոր հյուսն։ Նրանից հետո ինչ որ կպատահի, հետո կտեսնես։
Ասում է ու չքանում չքնաղ կինը։
Թագավորի տղեն հենց էնտեղ թաղում Է իր կնոջը, հետն առնում Է թակը, ունելիքը, սղոցը, դուրն ու շաղափը, որ չի իմանում՝ իր զավակներն են, թե՞ գործիքները, ու ճանապարհ է ընկնում դեպի չար եղբոր քաղաքը։
Չար եղբոր քաղաքում մի համեստ խանութ է վարձում ու աշխատում։
Շատ քիչ է վաստակում, բայց ապրում է ճոխ ու առատ։ Հարևանները զարմանում են, չեն հասկանում, թե էս որտեղից է սա էսպես հարուստ ապրում։
— Ամոթ չլինի հարցնելը, վա՛րպետ, Էդքան քիչ աշխատելով ի՞նչպես ես կարողանում էսպես լավ ապրել․․․
Վարպետը պատասխանի փոխարեն իր բռնոթին է քաշում ու ուսերն է վեր քաշում։
Արի ու դրանից բան հասկացիր։
Մի խոսքով՝ ոչ ոք չի հասկանում սրա գաղտնիքը, ու անունը դնում են «Խորհրդավոր վարպետ»։
Մին էլ տեսար՝ Խորհրդավոր վարպետը մսագործի խանութը մտավ։
— Ի՞նչ արժե սուկին։
— Սուկին քեզ համար չի, վարպետ, սուկին թագավորի համար է։
— Ինչո՞ւ, իմ փորն էլ թագավորի փորի նման փոր չի՞, ի՞նչ է․․․
Մարդիկ ծիծաղում են․ — Կեցցե՛ս, վա՛րպետ, կեցցե՛ս, լավ ասիր։
Գնում է ձկնավաճառի մոտ։
— Խավիարն ի՞նչ արժե։
— Խավիարը քեզ համար չի, վարպետ, խավիարը թագավորի համար ենք պահել։
— Վա՛հ, ինչո՞ւ․ իմ ախորժակն էլ թագավորի ախորժակի պես ախորժակ չի՞, ինչ է․․․
Զարմացած հարց է տալիս Խորհրդավոր վարպետը, ու նորից խալխը ծիծաղում են․
— Կեցցե՛ս, վարպետ, կեցցե՛ս, ճիշտ նկատեցիր։
Ու ինչ էլ որ առնում է՝ մսեղեն, ձկնեղեն, կանաչեղեն, ընդեղեն թե մրգեղեն— առնում է առատ—առատ ու ամենաընտիրը։
Էս ու էն հարցնում են․
— Էդ ո՞վ պետք է ուտի, վա՛րպետ։
— Ես ու իմ երեխեքը։
— Շա՞տ երեխա ունես։
— Ինչպես չէ․ Թակը, Սղոցը, Ունելիքը, Շաղափը։
Խալխը ծիծաղում են․
— Անուշ լինի քեզ ու երեխաներիդ, վա՛րպետ։
— Շնորհակալ եմ։
Վերադառնում է խանութ, զամբյուղով ուտելիքը դնում անկյունում ու սկսում բանել մինչև իրիկուն։
— Հապա ճաշդ, ի՞նչպես պետք է լինի, վա՛րպետ։
— Ճաշս էնտեղ, խոհանոցում կեփեն։
Գիշերվա կիսին խանութը կողպում է, դուռը ետնափակ է տալի, ու իսկույն ներսը ափսեները շրխշրխկում են, բաժակները զրնգզրնգում են, դանակ-պատառաքաղները չրխկչրխկում, կարծես թե բազմաթիվ ծառաներ խանութում մեծ սեղան են բաց անում։ Ապա թե լսվում է ուրախ ծափ ու ծիծաղը, մեջընդմեջ էլ Խորհրդավոր վարպետի սաստող ձենը․
— Սղո՛ց, կարգի՛ն․․․
— Թա՛կ, զգույշ, շիշը չկոտրես․․․
— Խելոք կացեք, չարություն մի՛ անեք․․․
Հարևանները լսում են ու ապշում։ Առավոտը ցամաքած գալիս են։ — Հը՞, վարպետ, իրիկունը լա՞վ ընթրեցիք։ Բայց ձեր երեխեքը բավական չարություն են անում․․․
— Չէ՛, էնքան էլ չար չեն, տեսեք, ի՜նչ խելոք շարված են։
Պատասխանում է վարպետը ու ցույց է տալիս պատի կողմը, իսկ պաշարեղենի զամբյուղը, ճիշտ որ, դատարկ է։
Հարևանները գլուխները տրաքեցնում են, հազար ու մի ենթադրություններ են անում, ոչ մի կերպ չեն կարողանում իմանալ Խորհրդավոր վարպետի գաղտնիքը։
Ցերեկով մտիկ են անում՝ մի խեղճ մարդ է, մի փոքրիկ նեղ խանութում, գլուխը կախ իր բանի վրա։ Ո՞րտեղից է սա էսքան փող աշխատում, էսքան ուտելիք առնում, և ո՞ւր է գնում էս ամենը․․․ ի՞նչ է նշանակում էս աղմուկն ու շրխկոցը, որ լսվում է գիշերները։
Մտածում են՝ դռանը մի ծակ շինեն, որ էնտեղից գուցե մի բան տեսնեն, էն էլ չեն կարողանում։ Դուռը, որ թվում էր, թե փտած տախտակից է— ոչ մի բուրղու չի մոտ թողնում։
Զարմացած հարցնում են․
— Վարպետ, քո դուռն ի՞նչից է շինված։
— Պանրից։
— Հապա ինչո՞ւ չես ուտում։
— Ես պանիր չեմ սիրում։
— Է՜, վարպետ, ինչո՞ւ ես մեզ խաբում։
Իսկ վարպետը իր բռնոթին է քաշում ու խնդում։
Վերջապես խաբարը գնում է հասնում իրեն՝ թագավորին։
Թագավորը բարկանում է։
— Հա՞, ո՞նց թե իմ փորն էլ թագավորի փորի նման փոր է․․․
Հրամայում է, որ մթերավաճառները ամենավատ մթերքները տան հանդուգն վարպետին։ Ու թագավորի հրամանը դուրս եկած օրից վարպետը պետք է էն տեսակ միս ուտեր, որ շունն էլ չէր ուտիլ, հոտած ձուկը, որդնած պանիր ու փտած պտուղներ։
— Հը՞, գոհ ե՞ս, թե չէ, վարպետ,— ծաղրելով հարցնում են վաճառողները։ — Ես գոհ եմ, բայց էնպեսները կան, որ իսկի չեն կարող գոհ լինել․․․
— Ինչո՞ւ։
— Էնդուր։
Ասում է, բռնոթին քաշում ու գնում իր խանութը։
Դու մի՛ ասիլ հենց էդ օրն էլ թագավորը իր մեծամեծներին հրավիրած է լինում հանդիսավոր ճաշկերույթի։
Սեղանին միս են բերում— լեշի հոտ է գալի, պանիր են դնում— էնքան որդնած, որ իրեն—իրեն սեղանի վրա ման է գալի, պտուղները՝ ճիճվառ, թթու, կանաչեղենը՝ փտած․․․
— Էս ի՞նչ բան է,— գոռում է թագավորը․— էստեղ կանչեցեք էդ լիրբ խոհարարին։
Խեղճ խոհարարր երդում—կրակն է ընկնում, թե ամենաընտիր մթերքն է առել, սրան—նրան վկա է բերում, թե բոլոր ուտելիքները հրաշալի բուրում էին խոհանոցում․․․
Ինչ պետք է անեն։ Թագավորն էլ, իր մեծամեծներն էլ չոր հացը ջրումը թրջում են ուտում, որ սովամահ չլինեն։
— Կա, թե չկա՝ էս Խորհրդավոր վարպետի սարքած խաղն է, որ խաղում է մեր գլխին,— կարծիք է հայտնում թագավորի խորհրդականներից մինը։— Կացեք, ես մի գնամ դրա մոտ։
Շորերը փոխում է, հին, մաշված շորեր է հագնում ու գնում։
— Բարի աջողում, վարպետ։
— Աստծու բարին քեզ։
— Վարպետ, մի նեղություն քաշի՝ էս սնդուկը նորոգի։
— Շատ լավ։ Էստեղ դիր։
— Քեզ մոտ էս ի՜նչ լավ կերակուրի հոտ է գալի, վարպետ։
— Հա՛, երևի էն անկյունի ճաշի կրճոնքի հոտն է․․․
Խորհրդականը էն կողմն է նայում, տեսնում է՝ հիանալի ձուկն ու խորովուն, բերնի ջուրը վազում է։
— Էս հիանալի ուտելիքները ո՞րտեղ եք առել, վարպետ։
— Էնտեղ, որտեղ ծախում են՝ շուկայում։
— Բայց, ինչքան ինձ հայտնի է, թագավորը հրամայել է, որ քեզ վրա լավ ուտելիք չծախեն, էս ի՞նչպես է, որ․․․ Վարպետը պատասխանի փոխարեն բռնոթի է քաշում, ուսերը վեր քաշում ու քթի տակին ծիծաղում։
Էստեղից խորհրդականը վազում է թագավորի մոտ։ Թագավորի մոտ մեծամեծները խորհրդի են հավաքվում, խորհուրդ են անում ու վճռում են, որ Խորհրդավոր վարպետը անպատճառ մի կախարդ է որ կա, ու նրանից պետք է խլել իր գործիքները՝ թակը, սղոցը, ունելիքը, դուրն ու շաղափը, մի խոսքով՝ ամենը, ինչ որ ունի։
Ինչպես որ վճռում են, էնպես էլ անում են։
Խորհրդավոր վարպետի գործիքները բերում են թագավորի ննջարանին կից սենյակում փակում։ Փակում են, բանալին տալիս թագավորին։ Թագավորն էլ, ապահովության համար, բանալին կախում է իր գոտուց։
Մին էլ կեսգիշերին էս փակած սենյակում մի աղմուկ․ թակը թակում է՝ թըխկ հա թըխկ, ունելիքը քաշում է՝ չըխկ հա չըխկ, սղոցը սղոցում է՝ խըռ հա խըռ, շաղափը ծակում է՝ վըռ հա վըռ, ապա թե միասին ճչում են․— Հաց ենք ուզում, հաց ենք ուզում․․․
Թագավորը վազում է, դուռը բաց է անում, տեսնում է՝ բոլոր գործիքները հանգիստ իրենց տեղերն ընկած են։ Բայց դուռը փակում է թե չէ՝ նորից սկսվում է լացն ու ճիչը․
— Հաց ենք ուզում, հաց ենք ուզում․․․
Էս թագավորն ամբողջ գիշերը չի կարում աչքը կպցնի։ Երկրորդ գիշերը՝ ավելի թունդ։
Խորհրդականներն ասում են.— Թագավորն ապրած կենա, բեր ուտելիքներ դնենք էդ սենյակում, տեսնենք՝ ինչ դուրս կգա։
Բերում են, ուտելիքներ են դնում էդ սենյակում ու էլ եդ փակում։
Ականջ են դնում։
Ափսեները չրխկչրխկում են, դանակներն ու պատառաքաղները՝ չրխկչրխկում, բաժակները՝ զրնգում։ Ծափ, ծիծաղ, ճիչ, աղմուկ։ Հետն էլ մինը, թե՝ Սղո՛ց, դու ինձ բոթում ես։
Մյուսը, թե՝
— Շաղա՛փ, մազերս մի՛ քաշի։
Երրորդը, թե՝ — Դո՛ւր, էս ի՞նչ արիր, շորերիս վրա թափեցիր․․․
Էս թագավորն ու իր խորհրդականները զարմանքից մնում են քարացած։
Հրաշք, որ հրաշք։ Էլ ի՞նչ խոսք, որ Խորհրդավոր վարպետը կախարդ է։
Թագավորը հրամայում է, որ վարպետին իր մոտը բերեն։ Բերում են։ Ասում է․
— Վա՛րպետ, էս ի՞նչ բան է, որ քո գործիքներն ուտում են ու խոսում են։ Էս ի՞նչ կնշանակի․․․
Վարպետը պատասխանի փոխարեն բռնոթի է քաշում ու ուսերը վեր քաշում։ Եվ ոչ մի խոսք։
Թագավորը կատաղում է։ Ասում է․
— Եթե իսկույն էս գաղտնիքը իմ առջև բաց չես անիլ, գլուխդ կթռչի։
— Ի՞նչ գաղտնիք, ծերդ մեծություն․ իմ երեխաներն են, ահա բոլոր գաղտնիքը։
— Հապա ինչո՞ւ քո երեխաներն էս տեսակ տարօրինակ կերպարանք են առել, որ իսկի նման չի մեր կերպարանքին։
— Նրա համար, որ ինձ օգնեն, հաց աշխատենք, ապրուստ անենք։
Թագավորը հավատում է վարպետի խոսքին ու հրամայում է, որ վերադարձնեն գործիքները։ Միայն թե հետն էլ պատվիրում է․
— Բայց զգույշ կաց, վարպետ, մյուս անգամ էլ չասես՝ իմ փորն էլ էնպես փոր է, ինչպես թագավորի փորը և կամ թե՝ իմ ախորժակն էլ էնպես ախորժակ է, ինչպես թագավորինը։ Թե չէ՝ հետո շատ կզղջաս։
Վարպետը գնում է, նորից սկսում է իր գործը։ Բայց հետզհետե հաճախորդները պակասում են։ Մարդիկ վախենում են նրա հետ գործ ունենալուց։ Իզուր է նա փողոցները թափառում ու ամեն մի հինգ քայլի վրա կանչում․— Ահա վարպետը․․․ վարպետը եկավ, ո՞ւմ է շինելու բան հարկավոր․․․ ահա վարպե՜տը․․․
Էլ ոչ ոք գործ չի տալիս։
Էս ու էն հարցնում են․
— Վա՛րպետ, հիմի ո՞նց ես ապրելու։ Վարպետը պատասխանի փոխարեն ուսերը թոթվում է ու բռնոթի է քաշում։
Էս թագավորն ունենում է վեց երեխա․ երեք աղջիկ, երեք տղա, մինը մյուսից առողջ ու սիրուն։ Էս երեխեքն իրար ետևից հիվանդանում են ու մեռնում։
Բժիշկ, հեքիմ, դեղ, ճար՝ ոչ մի բան չի օգնում։ Իրար ետևից մեռնում են։
Մեծ աղջիկը մեռնում է։ Տանում են թաղելու։ Մին էլ տեսնում են՝ Խորհրդավոր վարպետն էլ էն կողմից է գալի՝ ուսին մի դագաղ։
— Էդ ո՞վ է մեռել ձեր տանը, վարպետ։
— Իմ Թակն է մեռել, իմ Թակը․․․ տանում եմ թաղեմ։
Մյուս անգամ թագավորի տղին են տանում թաղելու, դարձյալ հանդիպում է վարպետը՝ ուսին մի ուրիշ դագաղ։
— Էդ ո՞վ է մեռել, վարպետ։
— Իմ Դուրն է մեռել, տանում եմ թաղեմ։
Էսպես կարգով, քանի թագավորի երեխաներից մեկին տանում են թաղելու, վարպետն էլ թաղում է իր գործիքներից մեկնումեկը։
Թագավորի խորհրդականը շատ խորամանկ մարդ է լինում։ Թագավորին ասում է․
— Ձերդ մեծություն, տեսնում եք, որ ամեն անգամ ձեր երեխաները թաղելիս վարպետն էլ իր գործիքներից մեկը կամ մյուսն է թաղում։ Սրա մեջ մի խորհուրդ կա։ Եվ եթե չեք ուզում, որ ձեր բոլոր երեխաները մեռնեն, կանչեցեք Խորհրդավոր վարպետին ու մի ձևով նրա սիրտն առեք։
Թագավորին էլ մենակ մի աղջիկ է լինում մնացած, ամենափոքրը, էն էլ վերջին շնչումն է լինում։
Ճարահատված կանչում է վարպետին, աղաչանք, պաղատանք է անում․
— Վարպետ, աստծու սիրուն, երկնքի սիրուն, քո երեխանց գերեզմանի սիրուն, խնդրում եմ, ազատիր աղջկանս։
Վարպետն էլ թե՝
— Ձերդ մեծություն, խնդրում եմ ազատեցեք իմ Շաղափին։
Թագավորը թե՝ — Ի՞նչպես ազատեմ։
Վարպետը թե՝
— Դրա համար միայն մի ճար ու ճանապարհ կա․ ամուսնացնել էս երկուսին իրար հետ։
Թագավորն աղջկա սիրուց հոժարում է, բայց մտքումն ասում է՝ թող մի էս փորձանքն անց կենա, ես հետո սրան ցույց կտամ։
Սրա վրա թագավորի աղջիկը լավանում է։
Թագավորը վարպետին ասում է․
— Ո՞ւր է քո Շաղափը, դե բեր, պսակենք իմ աղջկա հետ։
Վարպետն ասում է․
— Թագավորն ապրած կենա, իմ Շաղափը առայժմ ցերեկով մնալու է իսկական շաղափ և միայն գիշերներն է տղա դառնալու, ինչպես որ նախասահմանված է նրա համար։
— Էդ առայժմ, իսկ հետո՞։
— Հետոն էլ հետո կտեսնենք, ինչ որ աստված կկամենա։
— Ուրեմն, առայժմ ամուսնության մասին չի կարող խոսք լինել։
— Ձերդ մեծությունը ինչպես որ կկամենա։
Էսպես մի քանի տարի անց է կենում։ Թագավորը շատ է ուրախանում, որ իր աղջկա և Շաղափի ամուսնությունը միշտ հետաձգվում է։ Եվ սիրում է վարպետին ձեռք առնել։
— Հը՞, ո՞նց ես, խնամի վարպետ, ախար բացի շաղափից էլ քեզ գործիք չի մնացել, ո՞նց ես աշխատում, ո՞նց ես ապրում։ Ինքդ լավ ապրուստի սովոր, մանավանդ փորդ էլ նույն փորն է, ինչ որ․․․
— Ի՞նչ ապրուստ, ի՞նչ աշխատանք, Ձերդ մեծություն, ամբողջ օրը նստած տղիս հեքիաթ եմ պատմում։ Հիմի էս եմ շինել իմ բան ու գործը։ Երեկ էլ մի շատ լավը պատմեցի։ Արդյոք Ձեր մեծությունը հեքիաթ չի՞ սիրում, չէ՞ր կամենա մի լավը պատմեմ՝ լսեր։
— Ինչու չէ․ համեցեք, պատմիր, կլսեմ։
— Ձերդ մեծություն, ժուկով—ժամանակով եղել է, չի եղել, եղել է ձեզ նման մի թագավոր, ունեցել է երկու որդի, մինը՝ բարի, մյուսը՝ չար։ Բարին եղել է մեծը ու գահի ժառանգը, և հոր մահից հետո նա պիտի նստեր թագավոր։ Էս բանը դյուր չի գալի չար եղբորը․․․
Թագավորն էստեղ մռայլվում է ու վարպետի խոսքը կտրում է․
— Վարպետ, քո հեքիաթը ինձ դյուր չի գալի։
— Դեռ լսեցեք, Ձերդ մեծություն․ ամենահետաքրքրական մասը հիմի կսկսվի։ Հա՛, էն էի ասում․ չար եղբորը դյուր չի գալի, որ հոր մահից հետո բարին պիտի թագավորի, իր մեջը վճռում է գործը շուռ տա էնպես, ինչպես ինքն է ուզում։ Ու մի օր եղբորն ասում է․— Արի գնանք որսի։ Գնում են։ Անտառի խորքում թիկնապահները ետ են մնում։ Որ թիկնապահները ետ են մնում՝ սա սուրը հանում է, խրում բարի եղբոր թիկունքը․․․
Թագավորն էստեղ ավելի տակնուվրա է լինում ու վարպետի վրա գոռում է․
— Ես ասի, որ քո հեքիաթը ինձ դյուր չի գալի, վարպե՛տ․․․
— Մի քիչ էլ լսեցեք, հիմի ամենահետաքրքրական տեղը կգա, Ձերդ մեծություն, մի քիչ էլ լսեցեք։ Չար եղբայրը որ զարկում է, կարծում է, թե բարի եղբորն սպանեց, խոտով—խաշամով ծածկում է ու գնում։ Գնում է, տանը հորն ասում, թե եղբորս անտառում գազանները կերան․․․
Էստեղ թագավորը տեղիցը վեր է թռչում, աղաղակում․
— Ուրեմն դու իմ եղբա՞յրն ես․․․ ների՜ր, ների՛ր ինձ, եղբայրս․․․
Աղաղակում է ու դողդողալով ընկնում Խորհրդավոր վարպետի ոտները։ Ասում է․
— Ինձ մի՛ պատժի, եղբայրս, ինձ մի՛ պատժի․․․ Ահա քո թագը, ա՛ռ, նստիր մեր հոր գահին ու թագավորիր։
— Ո՛չ ես պետք է թագավորեմ, ո՛չ դու,— պատասխանում է Խորհրդավոր վարպետը,— իմ Շաղափը կլինի թագավոր, քո աղջիկը թագուհի։ Մեր ժամանակն անց է կացել, այժմ նրանցն է ժամանակը, ու նրանք պիտի թագավորեն։ Բերում են վարպետին հագցնում են իր առաջվան իշխանական զգեստները ու գնում են Շաղափի ետևից։ Բայց Շաղափն էլ շաղափ չէր արդեն․ կերպարանափոխվել, դարձել էր մի սիրուն պատանի։
Էստեղ երկու եղբայր գրկում են իրար, իրար ներում ու սիրում, իսկ Շաղափն ու թագավորի գեղեցկուհի աղջիկը ամուսնանում են ու թագավորում ուրախ ու բախտավոր։