Jump to content

Մեծ ցավը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեծ ցավը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 174
ծ. ― էջ 599

[ 175 ] իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգ. Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։


Հայկ ու Նապոլեոն մի գրոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․
― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ։


Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է․․․

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի՛նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, [ 176 ] ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ ո՜րքան գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտեք։ Անշուշտ չգիտեք,― մի հարյուր ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՜ս―էդ ծախսը ուղղակի չի հասկանում՝ մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։

Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ, ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք՝ «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ («Вам можно кушать») ու նման մարգարիտներ։

Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՛նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՛նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ի՛նչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ի՛նչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։