Jump to content

Պըլը-Պուղու դիմավորումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Պըլը-Պուղին...Մեր Պըլը-Պուղին։ Չէր գնացել, բայց եկավ։ Եկավ, որ իմաստությունն ու զվարթությունը, որպես լինելության ամենաառաջին պայման, մեզ հետ լինեն։ Եվ, որպես կանոն, նրա առաջին դիմակայողը «Պըլը-Պուղի» հանդեսի թղթակիցն էր։ Նրան դիմավորեցինք Ավետարանոց - Ստեփանակերտ ճանապարհին։

-Պուղին ապրած կենա...

Մինչեւ իրար կբերեր թղթակիցը, որ մի բան հարցնի, Պուղին ինքն սկսեց հարցակոխ անել.

-Էս ինչո՞ւ են մարդիկ իրարով անցել։ Կռիվ է, արյոււն է, միացում է, անջատում է...

-Ուզում ենք Արցախը գերությունից փրկել, ծուռն ուղղել։

-Էդ լինելու բան է, ամա՝ դժվար... Մելիք Շահնազարի ծռածն ուղղել հե՞շտ է, կարծում եք։

Տեսնելով, որ խոսքերը տխրեցնում են, Պուղին սիրտ է տալիս.

-Ամա, շատ դարդ մի արեք, որ եկել եմ, ուրեմն, ամեն ինչ իր տեղով կգնա...

Այդ պահին հանկարծ Պուղու աչքովն է ընկնում Շոշ գյուղի մոտ, բլրի վրա տեղադրված իր շիրմաքարը։ Թղթակիցն անհարմար զգալուց գլուխը ցած է կախում։ Պուղին հասկացավ, թե բանն ինչումն է, մեղմացած խոսում է.

-Գիտեմ, Մելիք Բարիսի գործերն են, ինձ վրա քար քաշելով՝ ինքն իրեն սիրտ է տվել, թե իբր, տեսեք, Պուղին մեռել է... չկա... իմ լինելության վրա էր ուզում քար քաշել... Այսինքն՝ որ Պուղին չլինի, Մելիքն ինչ կուզի՝ կանի...

Թղթակիցը սիրտ է առնում.

-Պուղին ապրած կենա, Մելիք Բարիսը փաստորեն ինքն իր վրա է քար քաշել, գնաց հարյուր տարվա մեռելներին խառնվեց։

-Ինչ խոսք, ամեն ապրող չէ դեռ կենդանի, ինչպես որ ամեն մեռած չէ մեռած։

Այդ պահին ինչ-որ տեղից բուրժուական մի թղթակից՝ ճեղքելով բազմությունը, խոսափողը դեմ արավ Պուղու շուրթերին ու թե.

-Պարոն Պուղի... Երբ նորից վերադառնաք, ի՞նչ պաշտոն կուզենայիք զբաղեցնել Արցախում, ի՞նչ կասեիք, եթե հանկարծ Ձեզ առաջադրեին ԽՍՀՄ պատգամավոր...

-Պուղի լինելը ամենամեծ պաշտոնն է աշխարհում... Կծառայեմ ժողովրդին, որից մեծ ոչինչ չկա... Ինչ վերաբերում է պատգամավոր ընտրվելուն, ապա դրա կարիքը չունեմ, որովհետեւ նպատակ չունեմ ոչ արտասահմանյան ճանապարհորդությունների, ոչ նոր «24»-րի, ոչ տեսամագնիտոֆոններ գնելու, ոչ... Մի խոսքով, ուզում եմ միայն ու միայն լինել այն, ինչ կամ՝ Պըլը-Պուղի...

«Պըլը-Պուղու» թղթակիցը նախաձեռնությունը նորից ձեռքն է վերցնում.

-Ի՞նչ կարծիքի եք ժամանակակից մելիքների մասին...

-Ոնց որ տեսնում եմ, վերջերս մելիքները Ղարաբաղում շատացել են՝ էս ով է՝ պատգամավոր է, էս ով է՝ անպատգամավոր է, էս ով է՝ բարեգործականի նաչալնիկ է, էս ով է... Ախր մի Պուղի՝ էդքան մելիք... Դա ո՞նց կլինի... -Երբ Պուղին մտքի մեջ ընկավ, թղթակիցը հանկարծ նկատեց, որ Պուղու հագի շորերը հին են, ոտքերին տրեխներ են, միակ տարբերությունն էլ երկարականջն է... Թղթակիցը մտածեց, որ կարելի է նոր զգեստներն ու կոշիկները, որ այդ նպատակով վերցրել է, տալ Պուղուն, մի կերպ համոզել, որ տրանսպորտը փոխի, ժամանակակից մի փոխադրամիջոց ընտրի, թեկուզ «ժիգուլի»... Բայց «ժիգուլի» բառն իրենից անկախ բարձրաձայն էր մտածել ու Պուղին գլխի է ընկել՝ բանն ինչումն է.

-Էդ ինչո՞ւ «ժիգուլի», մելիքները սեւ վոլգաները յուղը վրան դուրս գրեն՝ էժան-էժան վերցնեն, նրանցով ման գան, Պուղին էլ «ժիգուլի»-ո՞վ... Իմ էշի հետ չեմ փոխի ձեր ամբողջ... իմ Մելիք Շահնազարը, ոնց որ տեսնում եմ, էս նոր մելիքների մեջ կարգին մարդ էր...

-Դե, գիտե՞ք ինչ,- թղթակիցը փորձեց արդարանալ...

-Ես Վարարակն կմտնեմ իմ էշով...

Ախր դա ո՞նց կլինի, պարետային ժամ է... Մեքենան գոնե տեխնիկական անձնագիր ունի, ցույց կտանք, բա էշին ո՞նց են թողնելու... Անձնագրային ռեժիմ է... Այսքանը ոչ թե բարձրաձայն, այլ մտքում մտածեց թղթակիցը, չհամարձակվեց հայտնել իր խոհերը Պուղուն, որովհետեւ նա կարող էր միտքը փոխել ու հրաժարվել «ինտերվյու» տալուց։ Թղթակիցը փորձեց շահել Պուղու սիրտը։ Սկսեց պայուսակից հանել նոր զգեստներ, կոշիկ... Եվ հանկարծ Պուղու աչքովն ընկավ, որ ոտնամաններից մեկի վրա գրված է «Ստեփանակերտ»։

-Էս որտեղի՞ արտադրանքն է...

-Մեր,- ոգեւորվեց թղթակիցը,- Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի...

Պուղին տնտղեց կոշիկներն ու նետեց Շոշագետի ջրերի մեջ.

-Արա, ամոթ չէ՞, որ էս տեսակ բանի վրա Ստեփանակերտ եք գրել...

-Պուղին ապրած կենա,- կակազելով խոսեց թղթակիցը,- ինպորտնի ապրանքները տակից են տալիս... Կամ պիտի պատգամավոր լինես, կամ որեւէ բարեգործականի պետ, որ... բաժին ստանաս, թե չէ...

-Մեր ժամանակ էլ կաշառք կար, բայց կաշառք տվողները ավելի շատ էին, քան վերցնողները... Հիմա հակառակն է, ոնց որ տեսնում եմ...

Այստեղ թղթակցի աչքերը լցվեցին.

-Պուղի, մեզ փրկիր...

-Բա լավ, էդ որ շուքով-շվաքով եկել եք ինձ դիմավորելու, որտեղ եմ մնալու - գիշերելու...

Թղթակիցը ցանկացավ, որ ամենալավ շենքը ցույց տա, միանգամից ասաց.

-Քաղաքի ամենաբարձր շենքը՝ քեզ փեշքեշ...

-Ամենաբարձր շենքը՞...

Թղթակիցը նորից սկսեց կմկմալ։ Հիշեց, որ «դեվիտիէտաժնի» շենքում ջեռուցում չկա, ջրածորակներ էլ կան, բայց ջուր չկա, վերելակն էլ՝ ոչինչ, որ չի աշխատում, ոտքով կբարձրանան, բայց... Այստեղ թղթակցի լեզուն ուղղակի կապ ընկավ, երբ մտածեց. «Իսկ թե վերելակով Պուղին բարձրանալիս հանկարծ էլեկտրականությունը կտրվի՞ Աղդամից...»։ Մի կերպ թղթակիցը կարողացավ երկու բառ ասել.

-Պուղին ապրած կենա, Աստված մեծ է...

Դեհ, Պուղին էլ հո երեկվա երեխան չէ։ Գիտե, որ գնալով շատ գործեր է հարթելու, գիտե, որ ամեն ինչ կախված է Արցախի փրկությունից, իսկ Արցախի փրկությունը՝ իրենից.

-Մելիքն ո՞ւմ շունն ա, որ...

Այնուհետեւ Պուղին զգալով, որ իր «մանր» հարցերով շեղեց զրույցը եւ թղթակիցը համարյա չկարողացավ իր ուզած «ինտերվյուն» վերցնել, կարճ կապեց.

-Հիմա Պուղին լսում է...

-Մի այսպիսի հարց. մեր ազատագրական պայքարին ամենից շատ ի՞նչն է պակասում.

-Ծռությունը... Արցախցիներս ասում ենք՝ պըլոթուն... Մեր ժողովրդի ստեղծած Դավիթ դյուցազն առանց ծռության չէր հաղթի... Դավիթ չէր լինի... Հիմա ես որ եկել եմ՝ այդ ծռությունն եմ բերել ինձ հետ, ճշմարիտն անելու ու ասելու պըլոթունը...

-Շնորհակալ ենք, Պուղի ապեր... Եթե կարելի է, մի հարց էլ...

-Ասա... Ա խոխա, շուտ ասա, որ շուտ տեղ հասնենք...

-Պուղին ապրած կենա... Վերջացնում եմ։ Ի՞նչ հաղորդեմ Արցախի ժողովրդին...

-Ասա՝ Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ ծռություն, իմ իմաստություն, իմ ժողովուրդ... Պուղուն բերողը ժողովրդի սերն է, կարոտը եւ էն նեղությունը, որի մեջ է Արցախը... Պուղին պիտի մեռած լինի, որ ձեր նեղ օրին չհասնի... պինդ կացեք... Եկել եմ... Պուղին որ եկավ՝ էլ Արցախին պարտություն չկա...