Jump to content

Մեր հերոսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր հերոսը
Մեր հերոսը

Ցնծա՜, ցնծա՜, Հայաստան,
Ահա՜ դարձավ քո որդին,
Քո մեծ հուսո առարկան,
Եվ անձկալին քո սրտին:
Մայրաքաղաքից յուր հետ
Բերել է մեր պատանին
Նոր սիրտ, նոր միտ, գիտություն,
Լուսավորել հայրենին:
Մայրաքաղաքից, գիտե՞ս,
Այդ չէ՜ թեթև ինչ կատակ,
Ուր յուր վարքին գերագույն
Թողեց անմահ հիշատակ:
«Որբիկներու տանումը»
(Մեր մեջ մնա այդ զրույց),
Բարոյական յուր կյանքին՝
Ունի մի ճիշտ ապացույց…
Գուցե կանցնին շատ տարիք,
Դստերք Նեվյան պրոսպեքտի,
Թատրոնական դերուհիք,
Բաքոսուհիք՝ թույլ-լկտի:
Պանդոկապետ, վարսավիր,
Հարճ-աղախնյայք, սիրուհի՝
Կըհիշեն առատաձեռն
Որդին Հայոց աշխարհի...
Իսկ ճշմարիտն եթե
Պետք էր լինել խոստովան,
Թեև վատնեց նա յուր հոր
Մինչ հազար կարմիր թուման.
Բայց չէր իզուր այդ կորուստ,
Շահեց նա մեծ հատուցում՝
Ստուդենտի դիպլոմը
Ունե արդեն յուր ծոցում:
Թողյալ այդ, և ձև արտաքին
Ապացույց է բավական,
Թե չէ նա հասարակ մարդ,
Այլ խելացի գիտնական:
Տեսեք, արդյոք ո՞վ ունի
Մեր քաղաքում այդպես բան՝
Այնպես ֆրակ և բրյուկ,
Բայց հրա՛շք է շլյապան:
Ձեռնոցների րանգը
Չունե որոշ մի անուն,
Ծիածանի մեջ միայն
Կըգտնվի այնպես գույն:
Տե՜ս, նորա գանգուր մազեր
Դեմքին ինչ գեղ են բերում,
Ամբողջ անձը վարդի պես
Անուշ հոտով է բուրում:
Աչքը զինվորած է ակնոցով,
(Բայց չէ՜ զրկված նա լուսեն)
Այդ նշան է հատկապես,
Որ ուսյալ է նա արդեն:
Նա արհեստից չէ խոսում,
Դուք կարծում եք, չէ՞ գիտում,
Նա հերքում է բնավին
Ամեն հեղինակություն:
Ներկա դարուս գիտնականք
Համարում է խենթ-խելառ,
Մտածում է նոր գյուտով
Զարմացնել բոլոր աշխարհ:
Դեպի լուսինը ճանապարհ
Կամի հորդել օդային,
Թե զբաղմունք յուր բազում
Նորան միջոց կըտային:
Բայց ի՞նչ էր նա մտածում
Արդյոք խեղճ հայի համար,
Նորա սիրտը շարժո՞ւմ էր
Ազգի վիճակը թշվառ:
Նորա համար ազգություն
Չունի ինչ նշանակություն.
Կոսմոպոլիտ է սրտով,
Սիրում է ողջ մարդկություն (??):
Նա սիրում է կյանքի
Ճոխությունքը փառավոր,
Հոր դադած ոսկիներն
Են նորան նպաստավոր:
Լուսաճաճանչ բալերի
Նա հերոսն է գեղեցիկ,
Եվ աղջկերանց ցնորքը,
Նոցա երազը քաղցրիկ:
Նա է զարդը թատրոնի,
Եվ դերուհյաց բարեկամ,
Որոնց ընծայք թանկագին
Պարգևում էր շատ անգամ:
Նա է պաշտպան ֆեբոսի
Մուզիկական ակումբում,
Յուր բաժակը մի ռուբլով
Նա լիմոնատ է ըմպում:
Ազնվականաց կլուբում
Թղթախաղն է առաջին,
Հազարները նորա մոտ`
Այդ գումար է խիստ չնչին:
Նա առյուծն է տարփավոր
Քնքուշ, գեղեցիկ սեռի,
Աստղկական հեշտությունք
Երբեք նրանից չեն հեռի:
Երբ նստում է նա կառքը
Սան-Սուսի գնա ճաշել, —
(Նա երդվել է խիստ վաղուց
Հետևակ ոտք չըմաշել):
Նա գնում է, յուր հետքից
Աղջկերանց խումբը սիրուն
Ըշտապում են, որպես հունդ
Զգում է սիրտը հավերուն:
Երեկոյան թողնում է
Կախարդական Սան-Սուսին,
Դեպ Մուշտայիդ տանում է,
Յուր գեղեցիկ սիրուհին:
Անցնում է աննըկատ
Կես-գիշերից երկու ժամ,
Վայելում է նա այնտեղ
Յուր ընթրիքը համադամ:
Լուսաբացին հազիվ թե
Հոգնած, դառնում է նա տուն:
Մինչ երկուքը ցերեկին
Վայելում է անուշ քուն:
Էլ ի՞նչ է գործում մեր հերոս,
Չունի՞ ուրիշ պարապմունք,
Յուր ճակատի քրտինքով
Ունի՞ արդյոք մի շահմունք:
Հը՛մ... ճակատի քրտինքը…
Այդ էր պակաս մեր ծույլին,
Նա յուր անձը չենթարկում
Ադամական անեծքին:
Յուր հոր նման բազարում
Կլանել փոշի և քրտինք,
Ուսումնական դիպլոմին
Համարեր մեծ նախատինք:
Եվ ազգային գործերը
Նորան չէին հետաքրքրում,
(Նա հայերեն չըգիտեր)
Նա ազգը չէր համակրում:
Նա ուներ յուր սրտումը
Միակ ևեթ նպատակ,
Թե երբ մահն յուր հորը
Կըտաներ մի օր հողի տակ:
Այնուհետև փառավոր
Նա կապրե, կյանք կըվարե,
Զի հոր դադած փողերու
Մսխելըն լավ սովոր է:
Ցնծա՜, ցնծա՜, Հայաստան,
Ահա կրթյալ քո որդին,
Թեև դեռ հին էշն է նա,
Բայց ներկված է յուր մորթին…
Ոչինչ նրանից մի հուսա,
Իմ նազելի Հայաստան,
Նա քո կյանքի դահիճն է,
Օտարացած, անպիտան…