Մշակ/1873/1/Նամակ Ագուլիսից
Իմ առաջի նամակում խօսելով Ագուլիսի բուսականութեան վրայ՝ բացէի թողել ամենագլխաւորը, այն է խաղողը, որպէս զի յետոյ առիթ ունենամ խօսել զորա վրայ աւելի մանրամասն։
Ագուլիսում խաղողը հաւաքում են սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերի մեջերքում։ Բայց ժողովելուց առաջ խաղողի հասնում ժամանակ մի քանի անգամ հարթող են անում, այսինքն որթերի բազմաթիւ տերևները պակսեցնում են, որ մի գուցէ խիտ լինելով արգելք լինէին արևի ճառագայթներին թափանձել խաղողի մէջ, վասն զի ողկոյզները պատուագից[1] կախ լինելով՝ վերևից ծածկուած են տերևներով։ Ամենաընտիր խաղողը պահում են ձմեռուայ համար, իսկ մնացածներից գինի են քամում, որի համար յետոյ կասեմ։
Առաջուայ տարիներին՝ մինչև 1861-62 թ․թ․ մեծ առատութեամբ խաղող էր լինում․ իսկ յետոյ սակաւ առ սակաւ խաղողի քանակութիւնը սկսեց նուազել և ոչնչանալ։ Իւրաքանչիւր անգամ խաղողը կամ չօռից[2] էր փչանում և կամ թէ ցրտից։ Վերջինիս առաջը դեռ կարողանում էին առնել․ մի քանի տարի շարունակ աշնան վերջերում որթի ծառերը պատուագից վեր էին բերում ու հողի տակով անում․ իսկ գարնան կրկին պատուագի վրայ բարձրացնում, որ ի հարկէ շատ դժուարութիւն, աշխատանք և զգուշութիւն էր պահանջում և մի և նոյն ժամանակ շատ ծախս էր դուրս գալիս։ Իսկ ինչ որ վերաբերում է առաջինին՝ ճար չկար առաջը առնելու․ ժանտախտի նման մի բան է, որ բռնում է խաղողը, քանի մի շաբաթից յետոյ մէկ էլ էն ես տեսնում, որ խաղողի ողկոյզները չորացած, մոխրի գոյն ստացած, միով բանիւ անպիտան բան են դառել։ Թէև ոմանք փորձեր էին փորձում ջոկովի քացախ շինել―բայց ի զուր էդպիսի քացախը անզօր էր լինում և երկար էլ չէր մնում։
Առատութեան տարիներին այնպէս լաւ խաղող էր ստացվում Ագուլիսում, որ մերձակայ տեղերից (օրինակ Նախիջևանից) գալիս էին խաղող կամ գինի առնում․ այն ինչ ներկայումս Ագուլեցիք զուրկ լինելով իրանց գեղեցիկ, հիւթալի խաղողից՝ ստիպուած են օտար տեղերից (Հին Նախիջևանից, Ալդարուից) առնել։ Բայց վերջի տարիներիս 1870, 71, 72, թ․ թ․ առատութեան նայելով՝ կարծում ես թէ անցեալը յարութիւն է առնում։
Գինի քամելու համար այգետէրերը իրանց այգիներում կամ թէ չէ հէնց նստում տանը հնձան են շինում։ Հնձանը մի սենեակ է, որ ցածր որմով երկու մաս է բաժանած․ վերի մասի յատակը, ուր պիտի ածեն խաղողը փոքրիկ քարերով և կիրով շինում են տափարակ․ ողորկ, սահուն ու փոքր ինչ էլ զառ ի վայր և ապա եղով օծում։ Իսկ սորա շրջակայ պատերը 2―3 գազ բարձրութեամբ միայն կիրով սուաղում են ու եղով օծում։ Կոխտալու խաղողը ածում են այստեղ և միւս օրը մի մշակ ոտները մինչև ծնկները վեր քաշած բարձրանում է խաղողի դէզի վրայ և սկսած մի ծայրից կամաց կամաց կոխ է տալիս։ Նոր գինին՝ շիրան, որ շատ քաղցր է լինում մեղմ հոսանքով պատի միջին դրած խողովակով թափվում է ներքև շինած փոսի մէջ, որ նոյնպէս կիրով սուաղուած է ու իւղով օծուած։ Երբ փոսը բաւական լցվում է ամաններով ածումեն տկերի մէջ և ջորիներով կրում տուն՝ թափում կարասների մէջ։ Իսկ ինչ որ վերաբերում է մնացածներին՝ ճեճին, այն էլ մի քիչ ածում են գինու կարասների մէջ և մնացեալներից օղի են քաշում[3]։ Շիրան կարասների մէջ սկսում է եփ գալ ու փրփրել․ այս փրփուրը մի քանի անգամ քաշում են մինչև որ շիրան հանդարտում է, կորցնում է իւր առաջուայ թէ պղտոր գոյնը և թէ քաղցրութիւնը և դառնում է պայծառ սևագոյն կամ կարմրագոյն գինի․ այնուհետև կարասների բերանը ծեփում են և թողնում առ ժամանակ։
Խաղողները գոյն զգոյն են լինում․ բայց գլխաւորապէս լինում են սև ու սպիտակ։ Սոցա իւրաքանչիւր տեսակը մի անուն ունի․ շաֆեյի, սվրոսկի, շաքարի, սերկևելի, խաբուն-բարմաղի և այլն։
- ↑ Մի քանի տղեերւոմ խաղողի ծառերը թողնում են գետնի վրայ, իսկ Ագուլիսում բարձրացնում են պատուագների՝ սիւներից և ընդ մէջ ու ընդ երկայն ձգած ձողերից շինած մարդահասակ բարձրութեան վրայ։ Գարնան որթերը մաքրում են անհարկաւոր ճիւղերից և մաքրած ուռինու ճիւղերով կապ-կպում ձողերի վրայ։
- ↑ Խաղողի այս հիվանդութիւնը պատահում է Թիֆլիզում և կոչվում է թոզ։ Ասում են որ նա մօտ տասն տարի է, որ այստեղ սկսուած է։ Խմբ
- ↑ Օղի կամ արաղ մեր տեղերում այսպէս են քաշում։ Խարոյկի վրայ ամրացրած է մի մեծ կաթսայ, որի մէջ ածում են հասած ճեճէն աւելացնելով վրէն մի քիչ ջուր․ վրան դնում են մի ուրիշ կաթսայ (խուփ)․ յատուկ սորա համար շինած, որի դէպի ներքևի կաթսան դարձրած մասը գմբեթաձև է ու ծայրերը փոքր ինչ ոլորուած․― և սոցա միջի եղած բաց տարածութիւնը ցեխում են։ Կրակ արած ժամանակ ճեճէն սկսում է եռ գալ և գոլորշին բարձրանում է դէպի խփի գմբէթը․ այստեղ գոլորշին ցրտելով (որովհետև վրէն ջուր է ածած, որ ամեն անգամ երբ տաքանում է փոխում են՝ միջին շինած խողովակով տաքացած ջուրը բաց են թողնում և տեղը պաղը լքցնում) կաթիլ կաթիլ հանդարտ ցած է գալիս և հաւաքվում էն կռացած տեղը, և այստեղից խողովակով թափվում է տակին դրած կճուճի մէջ, որի բերանը ծածկած է լինում, որ չլինի թէ արաղի զօրութիւնը կորչի։