Մշակ/1873/1/Նամակ Ս․ Պետերբուրգից
„Մշակի 45-րդ համարում կարդացինք մի տեղեկութիւն Պետերբուրգի բժշկական Ակադեմիա մտնելու կանանց քննութիւնների մասին։ Այդ տեղեկութիւնը Պետերբուրգի լրագիրներում հրատարակված, երևի հաղորդել են կանաց հարցի ջատագովները, չը կամենալով թշնամիներին մի նոր զէնք տալ։ Ես կաշխատեմ պատմել ձեզ այդ հարցաքննութիւնների մասին հարազատ և գործին աւելի մերձ աղբիւրների վերա հիմնվելով։
Հոկտեմբերի 15-ին սկսվեցան քննութիւնները։ Քննվողները 105 էին, առարկաները սոքա էին թուաբանութիւն, երկրաչափութիւնից միմիայն երկայնաչափութիւն և հարթաչափութիւն, իսկ ֆիզիկայից մինչև ձայնը։ Ֆիզիկայից կամ պատմութիւնից առաջարկվում էին բնաբաններ շարադրութիւն գրելու համար, քննվողը ազատ էր՝ ընտրել իր բնաբանը կամ ֆիզիկայից (կրկին մինչև ձայնը) կամ պատմութիւնից, շարադրութիւնը նա գրում էր հարցաքննութեան նոյն իսկ դահլիճում։ Երկրորդ կամ երրորդ օրը պէտք է պաշտպանէր իր գրվածը․ այս մի թեթև ծիսակատարութիւն էր։ Սորանից յետոյ հարցաքննում էին թուաբանութիւնից համարեա թե ըստ մեծի մասին առաջին չորս գործողութիւններն էին հացնում, բայց մի քանիսներից (շատ սակաւներին) հարցնում էին և միւս մասերը։ Ալճերրայից միայն մի օրիորդ կամնցաւ քննվել։ Երկրաչափութիւնից շատ սակաւներին էին քննում։ Լեզուներից օրիորդները պարտաւոր էին քննութիւն տալ կամ լատիներէնից, կամ նոր լեզուների մէկից, օրինակ գերմաներէնից։
Քննվողները ինքեանք պատմում էին, որ շատ թեթև էին հարցաքննում, սակայն հետևանքները ոչ այնքան մխիթարիչ եղան։ Կային այնպիսիները՝ որք յայտնելով թէ ֆրանսերէնից են կամենում քննվել՝ կարդալ կամ չը գիտեին այդ լեզվով, կամ թուաբանութեան չորս գործողութիւնից օրինաւոր չը կարողացան պատասխանել։ Հարիւր հնգից միայն յիսուն և վեց հոգի ընդունվեցան։ Ընդունվածների թվում կան երկու հրէուհիք։
Դասախօսութիւնները սկսվեցան նոյեմբերի մէկին։
Ուրեմն եթէ գտնվէին մեզանում ցանկացող օրիորները բժշկական ճեմարանը մտնելու, թող չը կարծեն որ հարցաքննութիւնները անչափ դժուար են՝ մի օրիորդ, որ գիտէ կանանց գիմնազիօնի կամ ինստիտուտի աւանդած մաթեմատիկան և ֆիզիկական և փոքր ի շատէ նոր լեզուներից մինը, և կարող է ներկայացնել այդ ուսումնարանից աւարտման մի վկայական, անշուշտ կընդունվէր ճեմարան։
Անցնենք ուրիշ տեղեկութիւններին։ Նորերումս տեսայ պ․ Միանսարեանի տպագրած օրինակները հայկական գրութեան համար։ Ես կարծում եմ որ ամեն հայ պարտական է ձեռնտու լինել որ մերայնոց մէջ կանօնաւոր գրութիւնը տարածուի։