Jump to content

Նազ իս անում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Նազ իս անում, իխտի՛ար իս

Նազ իս անում, իխտի՛ար իս,
Հիդ աշխարհիս բարէ՛բար իս,
Հընդու էկած ղալա՛մքար իս.
Ղա՛լամ քաշած
Ջանս է մաշած,
Ջանս հանեցիր՝ ջադո՛ւքար իս:

Ջադո՛ւքար իս փէլ ու փանդով,
Շիրազու շուշա իս ղանդով,
Այնաբանդ իս խաթաբանդով,
Ջամ-հալիլա,
Լալ ու թիլա,
Ջանս հանեցիր էդ փըրսանդով:

Էդ փըրսանդով համ իս անում,
Դաստամազըդ նամ իս անում,
Աբա խաթըրջամ իս անում,
Ջամ իս չինի
Դօշդ է սինի,
Շամամնիրըդ դամ իս անում:

Դամու դօվրան իս համաշա,
Դաստա-դաստա մազըդ քաշ ա,
Հագածըդ զար ու ղումաշ ա.
Ղո՛ւմաշ զարով.
Գուլայ տարով,
Ով քիզի գուքայ թամաշա:

Թամաշա իս, վարդի ռանգ իս,
Ծով տեսած օսկու մահանգ իս
Սանթուր ու քամանչա, չանգ իս՝
Բարակ ձէնով սազ իս անում,
եա՛ր, ամա՜ն:

թարգմանություն
Նազ ես անում, զի հզո՛ր ես

Նազ ես անում, զի հզո՛ր ես,
Աշխարհի հետ համա՛զոր ես,
Հնդկական վրձնած կտո՛ր ես,
Վրձի՛ն քաշած,
Կյա՛նքս մաշած,
Հոգիս հանիր՝ մեծ կա՛խարդ ես:

Կա՛խարդ ես դու հմայանքով
Շիրազի սրվակ ես ղանդով[1]
Սիրուն սրահ նախշազարդով
Ջամ[2]-հայելի,
Լալ ու ոսկի,
Հոգիս հանիր էդ քո վարքով:

Էդ քո վարքով խոց ես անում,
Փարթամ մազդ թաց ես անում,
Թասով լիքը հույս ես անում,
Թաս ես չինի[3]
Դոշդ՝ սինի,
Կուրծքդ որոգայթ[4] ես անում:

Քեֆ ու խնջույք ես տեղովդ,
Շաղ տված փունջ մազերովդ,
Հագած զար ու ատլասովդ,
Ա՛տլաս զարով,
Կուլա տարով
Նա ով կգա հմայլվելու:

Հմայք ես, վարդի երանգ ես,
Ծով տեսած ոսկու շողանք[5] ես,
Սանթուր-քամանչա ու չանգ ես՝
Բարակ ձայնով երգ ես ասում.
Յա՜ր, ա՜ման:


  1. Ղանդ — շաքարի տեսակ
  2. Ջամ — լավորակ հայելի
  3. Չինի — չինական
  4. Բնագրի «դամը» ե՛ւ որոգայթ է նշանակում ե՛ւ քեֆ
  5. Բնագրի «մահանգը» փորձաքար է, որով որոշում են ոսկու հարգը