Նամակ խմբագրության (Հ․ Թումանյան, 17 հունվարի, 1897)
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Դերասան Արշ<ակ> Հարությունյանը Մշակի № 6-ում ծաղրի է առնում երիտասարդ Կ. Գալֆայանին և խոր վշտանում է, որ նրան Փարիզ են ուղարկել։ Պ. Հարությունյանի ուրախության կամ վշտի վրա ազդելու կարողությունից զուրկ լինելով, կպնդենք սակայն, որ այս դեպքում նա լավ կաներ, եթե ծաղրելու փոխարեն, պատկառեր։ Պատկառանքի համար միայն սպիտակ միրուք և անցյալ չեն հարկավոր, կա նույնպես երիտասարդություն և ապագա, որ հարգելի է դարձնում Գալֆայանի պես անհատներին։ Թող պ. Հարությունյանը Գալֆայանի դերասանական կոչման և ներքին դրդման ապացույց համարեր գեթ այն հանգամանքը, որ նա պանդուխտ, ինչպես պ. Հար<ությունյանը> գրում է, «Թիֆլիսի փողոցներում մի կապոց գրքեր ձեռքին» թափառելով (տեսե՜ք, թե ինչը կարող է ծաղրանքի նյութ դառնալ), բեմական արվեստի սիրով ոգևորված հազար ու մի տառապանքների համբերելով, այնքան արավ, որ իրան Փարիզ ուղարկեցին։ Եվ եթե ուղարկեցին՝ այդ նրա համար չէր, որ գլխներից ռադ անեն, այլ որովհետև ճանաչեցին ու գնահատեցին նրա տաղանդը, այն միմիկան ու ձևերը, որոնց վրա, ինչպես պ. Հար <ությունյանը> հավատացնում է, մի անգամ այնքան կուշտ ծիծաղել է հասարակությունը։ Եվ այն ուղարկող մարդիկը լավ գիտեն զանազանել ծիծաղելին ու լուրջն իրարից։ Պ. Հար<ությունյանը> ցավելով, որ Գալֆայանը «Փարիզի մեջ ներկայացուցիչ (! ?) պիտի լինի հայ բեմի», բացականչում է՝ «Ամոթ և խայտառակություն… նա հավակնություն ունի, հանուն հայ բեմի, հասարակության օգնությունը խնդրելու։ Սա ավելի քան հանդգնություն է, դա աֆերիստություն է»։ Եվ բողոքում է հանուն հայ բեմի։
Ըստ երևույթին պ. Հարությունյանը այս բոլորն ասելու իրավունքն առնում է այն հանգամանքից, որ Գալֆայանը «ոչ մի պիեսի, ոչ մի դերի մեջ չէ ցույց տվել իր արտիստիկական ձիրքը»։ Բայց նա իր ձիրքը մասնավոր շրջաններում ցույց է տվել մի հասարակության, որ թե քանակով, թե որակով գուցե պատիվ բերեր հայոց թատրոնին։ Իսկ եթե պ․ Հար<ությունյանը> կառարկե, թե նա բեմի վրա չի փայլել, այն ժամանակ նրան կասենք, որ այդ դատողությունը հատուկ է ամբոխին, որ հրեղեն կառքի մեջ նստած և հրեշտակներով շրջապատված է միայն ճանաչում աստվածորդուն և դափնիներից է որոշում տաղանդը, իսկ հասկացող մարդը երեխայի խզբզանքից կամ տունիկներ շինելուց էլ կարողանում է նկատել ապագա նկարչին ու ճարտարապետին։ Բայց ո՛չ, հայերը փորձնական ու խստապահանջ մարդիկ են։ Նրանք մտածում են․ սրան ուղարկեցինք, հետո որ բան դուրս գա՞․․․ Մեր տված փողը կկորչի։ Թող դեռ ցույց տա իր ձիրքը, և եթե ցույց է տվել, այդ դեռ քիչ է. թող փայլի։ Բայց թե ինչպես կարելի է փայլել մնալով տգետ և կաշկանդված այդ հասարակության ստեղծած կյանքի պայմաններով՝ դա ում ի՞նչ գործն է։ Նրանք ասում են՝ դու դեռ ցույց տուր քո տաղանդը, այսինքն դեռ մի քսան-երեսուն տարի քարշ եկ, հետո մենք… բայց այստեղ կարող է դրանց թարգման հանդիսանալ Մոլիերի Ագահը. «Դու ինձ լավ ծառայիր, ես հագիս շորերը քառասուն տարուց հետո քեզ կընծայեմ»։ Եվ այսօր հայկական այս գծուծությունը խոսում է բեմին ծառայողներից մեկի բերանով։
Այս տողերով, մենք էլ հանուն հայ բեմի, բողոքում ենք դերասան Հարությունյանի վարմունքի դեմ և հայտնում ենք մեր զայրույթը համանման երևույթը դատապարտող անհատներին։ Գալով կրկին պ. Գալֆայանին. նրա բեմական ձիրքը ոչ թե պ. Ծոցիկյանի երևակայության, այլ իրականության մեջ գոյություն ունի, և թող ձեռնհաս մարդիկ օգնեն նրան, որն անշուշտ մի օր ամեն խոսքից ավելի ազդու կապացուցի յուր ինչ լինելը։