Նամուս/Առաջին/XI
— է՛հ փառք քեզ, աստված, — սկսեց Հայրապետը, աջ ձեռքը քսելով ճակատին։
— Ի՞նչ կա, ի՞նչ չկա, Բարխուդար։
Վերջինը պատասխանելու փոխարեն Հայրապետի երեսին նայեց և աչքերով մի նշան արավ։ Հայրապետը իսկույն հասկացավ, ինչ է նշանակում այդ նշանը։
— Մարիամ, վե՛ր կաց, դուրս եկ, — դարձավ նա յուր ամուսնուն։
Մարիամ բաջին դուրս եկավ։
— Ես չեմ սիրում, որ երբ տղամարդիկ մի շատ հարկավոր բանի վրա խոսում են, կանայք լսեն, — ասաց Բարխուդարը, ծխախոտի չորացած տերևը ձեռների ափերում տրորելով, որ չիբուխը լցնի։
Բարխուդարը խոսում էր սառն ու քիչ կոշտ։ Նրա դեմքը արտահայտում էր տխրություն և բարկություն։
— Ես էլ չեմ սիրում, Բարխուդար, կնիկարմատի բերանում ոսպ չի թրջվում, մի բան որ լսեցին, աշխարհը լսեց։
Նկատելով յուր հարևանի սառնությունը, Հայրապետն ինքն ևս աշխատեց, որքան կարելի է, յուր դեմքին լրջություն տալ, և տվեց։
— էդպես է։ Հայրապետ, ես եկել եմ քեզ մի քանի բաներ ասելու, թող հենց առանց պատեպատ ընկնելու սկսեմ, — ասաց Բարխուդարը, և չիբուխի ծայրը դրավ բերանը, մյուս ծայրը մեկնեց ճրագին, որ ծխախոտը վառի։
— Իմ զահլեն տանում են բազի մարդիկ, որ իրանց ուզածը ասելու տեղ, սար ու քոլ են ընկնում։
— Խոսք չկա, Հայրապետ, որ լավ միտդ է երկրաշարժի երեկոն։
— Պարզ, ինչպես էս ճրագը։
— Մի՞տդ է, որ էն երեկո միասին հավաքված անցկացրինք։
— Լա՛վ։
— Նա՞ էլ է միտդ, թե ինչ խոսեցինք։
— Միտս է, ամա էնքան էլ պարզ չի, չէ՛, հըմ, կա՛ց, մի ֆիքր անեմ։ — Մենք խոսեցինք մեր բարեկամության ու մեկ էլ Սուսանիս ու Սեյրանի մասին։ Մի՞տդ է։
— Աֆարիմ, Բարխուդար, ութ-իննը տարի է անցել, աֆարիմ, որ էդպիսի միտք ունիս։
— Ես, Հայրապետ, էն երեկո խոսք տվի, որ եթե աղջիկս մեծանա — տղիդ տամ, — շարունակեց Բարխուդարը հանդիսավոր կերպով և ամեն մի բառ առանձին շեշտելով։ -էն օրվանից անցել է իննը տարի. հիմա, աստված պահի, տղադ մեծացել է, իմ աղջիկն էլ չափահաս է դառել։ Ուրեմն թե իմ աղջկան, թե քո տղիդ պսակվելու վախտն է։ Լավ։ Ինչպես դու էլ ճանաչում ես, Հայրապետ, ես խոսքիս տերն եմ, թքածս լզողը չեմ։
— Իսկի դրան խոսք կա՞, ինձանից հարցրու քո բնությունը։
— էդ պատճառով էլ մի ամիս սրանից առաջ միտք էի անում, որ մի օր քեզ կանչեմ, խորհուրդ անենք, որ էդ բանը վերջացնենք։
— Ես էլ եմ ֆիքր արել, Բարխուդար...
— Կաց, խոսքս մի կտրիլ, ասելու բաներ շատ ունիմ, — ընդմիջեց Բարխուդարը յուր սովորական հրամայող ձայնով։
— Ե՛ս մեղա աստուծո, հրամայիր, — ասաց Հայրապետը, ձեռը դնելով շրթունքների վրա ի նշան խոնարհ լռության։
— Հայրապետ, տղադ, էն Սեյրան լակոտը, մի բան բռնեց, մի ղալաթ արավ, որ հիմա, միտս ընկնելիս արյունս խառնվում է, գլուխս շուռ է տալիս, աչքերս մթնում են։ Ուզում եմ, որ դանակը վերցնեմ, նրան էլ, աղջկաս էլ էնպես կոտորեմ, որ մեծ թիքաները ականջները մնան, բայց...
— Արժեն, արժեն, իմ արևը, արժեն։
— Մի ամսից ավելի է, որ է՛ս բանը պատահել է, էլի դադար չունիմ։ Հեշտ բան չիմանաս, Հայրապետ, քանի որ երեխաներ էին, ես ինքս էլ ուրախ էի, որ իրարու սիրում էին, չունքի էն ժամանակը չէին հասկանում։ Բայց հիմա, Հայրապետ, չափահաս են, խելք ունին, պիտի հասկանան, որ իրանց արածը խայտառակություն է, բենամուսություն է։
— էլ տանս ճոխ չմնաց բյադզաթի մեջքին փշրած չլինեմ, որ չի փոխվում, ի՞նչ անեմ։
— Լսի՛ր, Հայրապետ, թող խոսքս վերջացնեմ։ Ի՞նչ էի ասում, հա, էն օրվանից դես Սեյրանը դուքան չի գալիս, երես չունի։ Շատ լավ էլ անում է, թե չէ հիմա ոսկորը փտում էր հողի տակ։ Փողոցներում խառնվել է լիրբ, կեղտոտ ջահիլների հետ ու օրից օր փչանում է։ Դա հերիք չէ, ինքը ջառ ու ջհաննամը, որ փչանում է, մեր անունն էլ է կեղտոտում․ էս է իմ ցավը։ Էս երեկո բազարից տուն եմ գալիս ներքևի փողոցով, տեսնեմ մի խումբ ջահիլներ, պատի տակ թաքնված, լախկռթու են տալիս։ Գլուխս քարշ արած անցնում եմ, բայց մի քիչ հեռացած չհեռացած, մեկ էլ լսում եմ, ի՛նչ եմ լսում։ էն լրբերից մինը բարձր ձայնով, երևի ինձ լսեցնելու համար, ասում է, ի՞նչ է ասում, հըմ, գիտե՞ս, ասում է․ «այ Սեյրանի հետ գիշերները պաչպչվող աղջիկը էս նամուսով ղուռումսաղի աղջիկն է, տեսե՛ք, տեսե՛ք, չի ամաչում ոչ սպիտակ մազերից, ոչ էլ փափախից․ էլի երես ունի, բազար է դուրս գալիս»։ Հայրապետ, էդ որ լսում եմ, խելքս քիչ է մնում գլխիցս դուրս թռչի։ Աչքերս արյուն է կոխում, մարմինս մի սառը քրտինք է պատում, ուզում եմ, հետ դառնամ ու էն լրբերի գլուխը ջարդ ու փշուր անեմ։ Բայց մեկ էլ ֆիքր եմ անում, նահլաթ եմ տալիս չար սատանին, երեսիս խաչակնքում եմ ու մի կերպ շարունակում ճանապարհս։ Գալիս եմ մեր փողոց, էստեղ էլ մի ուրիշ խաբար եմ լսում։ Մեր հարևան «գդուլ»բ Մաթոսն ասում է. «էսօր Սմբատն ու Սեյրանը աղաջդավասի [1]են արել ներքևի մահլի ջահիլների հետ»։ Գալիս եմ տուն, Սմբատին մի քանի սիլլաներ եմ տալիս ու հետո հարցնում եմ կռվի պատճառը։ Սմբատը պատմում է։ Բանից դուրս է գալիս, որ կռիվ սկսողը տղադ է եղել։
— Պա՛հ քո տունը աստված չքանդի, ասում ես Սեյրա՞նը, — գոչեց Հայրապետը, ավելի ու ավելի զայրանալով։
Բայց Բարխուդարը անուշադիր թողեց նրա հարցը։ Նրա սառնությունը փոխվեց բարկության։ Մի կողմ ձգեց չիբուխը, որ մինչև այդ ժամանակ անդադար ծխում էր։
— Հըմ, էդ որ լսում եմ, բռնում եմ Սմբատի երկու ականջներից ու գետնին խփում։ Առանց դես, առանց դեն ոտներիս տակն եմ գցում նրան, էնքան կոխոտում եմ, որ շունչը կտրվում է։ Մայրը գալիս է ու ձեռիցս առնում։ Հայրապետ, դե հիմա դու ասա, էդ օրե՞նք է, բա էդ իմ նամուսը վեր կառնի՞, որ քո տղիդ խաթրու սաղ քաղաքում էդպես խայտառակվե՞մ։ Հըմ, ասել կլինի, որ Քյոխանց Բարխուդարը օրը ցերեկով բաց փողոցում յուր աղջկա վրա էդպիսի բաներ լսի՞։ Բաս որ էսպես է, ես իսկի մարդ չեմ, ես նամուս — ղերիաթ չունիմ, բաս բաս էս, էս, էս փափախը իմս չի, հը՛ըը...
Բարխուդարը կատաղած վերցրեց գլխից յուր գդակը և բոլոր ուժով զարկեց գետնին։
Հայրապետը սփրթնեց։ «Նահլաթ քեզ չար սատանա, էս մարդը գժվեց, ձեր արևը վկա, գժվեց», անցավ նրա մտքով։ Նա կամեցավ մի բան խոսել, բայց վախեցավ և չհամարձակվեց առյուծի պես կատաղած Բարխուդարի առաջ բերանը բանալ։
— Բաս թող եսիրս (գերի) Հնդստան դուրս գա, թող կնիկս ու բալաներս տկլոր չոլերը ընկնեն, ես էլի էդ բաները տանող մարդ չեմ։ Հայրապետ, տղիդ կապը քաշիր, քաշի՛ր, ասում եմ քեզ, էն լկրտվածի կապը, թե չէ աստծուն է հայտնի, թե ինչ կանեմ նրան էլ, աղջկաս էլ, քեզ էլ ու ինձ էլ։ Հերիք չէ, որ ինքը լրբացել է, հերիք չէ, որ տղիս էլ հետն է փչացրել, լոթիների մինն է շինել, իմ անունն էլ սաղ քաղաքում կեղտոտեց։ էդ իմ գերեզմանին ասել չի լինի։ Բաս էգուցվա օրը ես էլ ի՞նչ երեսով պիտի բազար դուրս գամ, ես, ես, Բարխուդարս, որ մինչև օրս խալխի վրա եմ ծիծաղել։ Ես, որ ճշմարտության համար, անունս իստակ պահելու համար, ամենից հեռու եմ քաշվում։ Ես, ե՛ս, որ իմ նամուսիս գերի դառած մարդ եմ, իմ հոժար կամքով Սիբիր կգնամ, էդ բաները ղաբուլ չեմ անիլ։ Ի՜նչ փող, ի՛նչ դովլաթ, ի՛նչ մեծ-մեծ տներ, ես թքել եմ դրանց վրա, հալալ քրտինքովս փող եմ աշխատում, կես քաղցած, կես կուշտ ապրում եմ, թե ինչ է, նամուսս մաքուր պահեմ, նա էլ Սեյրանի ու Սուսանի պես լակոտները կեղտոտում են։ Բաս թո՛ւ էս բեղերիս, ես իսկի տղամարդ չեմ։
— Ի՞նչ անեմ, Բարխուդար ջան, ի՞նչպես անեմ, որ չեմ կարողանում օգնել, — խոսեց վերջապես Հայրապետը դողդոջուն ձայնով։
— Ինչ անեեե՛ս, այ ինչ արա։ Տար, այս զահրումարը հենց էս գիշեր մոխիր արա ու տղիդ աչքերը ածիր։
Այս ասելով, Բարխուդարը արխալուղի գրպանից դուրս հանեց մի բաց ծրար և շպրտեց հարևանի վրա։ Երբ ծրարն ընկավ Հայրապետի առջև, նա սարսափած հետ քաշվեց և մի քանի վայրկյան ապշած նայեց թղթերին, ինչպես մի մարդ, որ դաշտում զբոսնելիս հանկարծ յուր ոտի տակ տեսնում է օձ։ Վերջապես, նա զգուշությամբ, դողդոջուն ձեռը մեկնեց դեպի ծրարը, կարծես, վախենալով, որ նա պիտի կծի յուր ձեռը։ Ցուցամատի և բութ մատի ծայրերով բարձրացրեց գետնից ծրարը, մոտեցրեց ճրագին և հոնքերը վեր քաշելով, սկսեց զննել, երբեմն հարցական հայացքներ ձգելով Բարխուդարի երեսին։
— Կզարմանաս, բաս չե՛ս զարմանալ, կե՛ր քո տնկած ծառի պտուղը, կե՛ր...
— Դա, դա, Բարխուդար, դա ախար, փիեե՜, նահլաթ քեզ չար սատանա, — մրմնջաց Հայրապետը շարունակելով նայել ծրարին։
— Չես իմանում, խեղճ մարդ, բարովագիր է քեզ վրա, Մոսկովից տղադ է գրում առևտուրի մասին, — պատասխանեց Բարխուդարը, հեգնորեն ժպտալով։
Հայրապետը սփրթնած շարունակում էր նամակը ձեռում շուռ ու մուռ տալ։
— էն թուղթը, որի վրա Ավետարանի սուրբ խոսքերն են գրվել, էսօրվա օրը աշխարհը էնքան փուչացել է, որ Սեյրանի նման լրբերը էդպես կեղտոտում են։ Կարդա ու ձեռդ կրծքիդ քսիր, բախտավոր մարդ։
— Չորանամ ես, թե որ մի բան հասկանում եմ էս թղթից։
— Կանչի՛ր, կանչի՛ր էն լակոտին ու թող ինքը կարդա։
Հայրապետը, ծրարը ձեռում սեղմած, վազեց դուրս Սեյրանին կանչելու։ Բայց դեռ նրա մի ոտը սենյակումն էր, երբ հանկարծ ինքը, Սեյրանը, երևեցավ յուր հոր դեմ ու դեմ։
— Ներս ե՛կ, — հրամայեց Հա յրապետը յուր որդուն, ինքը հետ ու հետ քաշվելով։
Սեյրանը վազեց ներս, դիմեց հորը, խլեց վերջինի ձեռից նամակը և փախավ դուրս։ Այս այնքան կարճ միջոցում կատարվեց, որ Հայրապետը չկարողացավ որևէ շարժում անելու։ Նա մնաց մի քանի վայրկյան տեղն ու տեղը։ Բարխուդարի բարկությունը կրկնապատկվեց Սեյրանի այդ անսպասելի վարմունքից, նա բարձրացավ տեղից։ — Տարավ բադզաթը, — արտասանեց Հայրապետը, ձեռները տարածելով առաջ։
— Թող տանի, ջուր անի, խմի, որ սիրտը հովանա, շատ է տաքացել։
— Ախար, մարդ աստուծո, մի ասա տեսնեմ նա ի՞նչ թուղթ էր։
— Ինչ թուղթ էէ՛ր։ Քեզ ու քո տղիդ... նահլաթ քեզ չար սաթայել հաա՛։
Բարխուդարը ատամները կրճտեց, բռունցքները սղմեց։ Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել յուր հարևանի վրա և տեղն ու տեղը ջարդ ու փշուր անել: Հայրապետը, երկյուղից թե բարկությունից, սաստիկ դողում էր։
— Բաս տղադ գիր է գրում իմ աղջկա վրա ու ակոշկից ներս է գցում, հա՞, էդպես ես խրատ ել նրան, հա՞։
— Գի՞ր, ի՞նչ գիր, Բարխուդար, ես իսկի ոչինչ չեմ հասկանում, ի՞նչ է գրում։
— Սարֆդ չի, իհարկե, չես հասկանալ։ Ի՞նչ է գրում. գրում է թե ես քեզ սիրում եմ, ասում է, թե ես առանց քեզ ապրել չեմ կարող, չունքի, ասում է, շատ եմ սիրում, ասում է։ էս գիշեր, ասում է, տասը ժամին դուրս եկ, ես կգամ ձեր բակը, ու էնտեղ կտեսնվենք, ասում է։ Այ ինչ է գրում, հասկացա՞ր, թե չէ։
— Լավ է գրում, ղոչաղ տղա, այ ես քո էն, էն, էն։ Տեսնո՞ւմ եք ինչ ղալաթներ է անում։ Համբերիր, Բարխուդար, համբերիր ու կտեսնես, թե ես նրան ինչպես շանսատակ կանեմ։ Մեղավորը դու ես, Բարխուդար,թե որ դու չբշբշտայիր, ես նրան ուսումնարան տվոշը չէի:Չէ,բաս կտայի,որ էսորվա օրին հասցներ մեզ:
— Ես եմ մեղավորը՞։ Լեզուդ կապիր, թե չէ... դեհ, սուս, սուս, Հայրապետ, ինչ որ է, էլ օրես դեն երկար խոսելն ավելորդ է։ Լա՛վ լսիր, ես եկել եմ քեզ ասելու, որ էսօրվանից դեն քեզ հետ բան չունիմ, պրծավ, գնաց։ Դու ես իմանում, ինչ որ ուզում ես արա՛։Մին էլ որ եթե տղիդ տեսնեմ իմ հանդավարում,առանց դես,առանց դեն,խաչալս փորն եմ կոխելու:էլ ո՛չ ես, ո՛չ դու։ Տերը քեզ հետ։
Ավարտելով յուր խոսքերը, Բարխուդարը քայլերն ուղղեց դեպի դռները։ Հայրապետը, որ երբեք չէր սպասում, թե բանը այդպիսով պիտի վերջանա, մնաց տեղն ու տեղը անշարժ։ Նա անմիտ դեմքով, ձեռներն առաջ տարածած, մեջքից քիչ ծռված, նայում էր Բարխուդարի հեռացող քայլերին։ Նա կամեցավ այդ վայրկյանին մի բան խոսել կամ գոռալ, խնդրել, աղաչել Բարխուդարին, առաջը կապել, որպեսզի չթողնի դուրս գնալու, բայց չկարողացավ։ Հայրապետը ինչպես կար, այնպես էլ մնաց, մինչև որ Բարխուդարը մի ոտը դուրս դրավ։ Այստեղ միայն մարդը ուշքի եկավ, ձգեց գդակը մի կողմ, վազեց դեպի դռները և երկու ձեռներով գրկեց Բարխուդարի մեջքից։
— Բաց թո՛ղ, թե չէ՛․․․
— Բարխուդա՛ր, Բարխուդա՛ր, քեզ հետ կերած աղ ու հացը աչքերս կքոռացնեն, թե Սեյրանի նման լակոտի խաթրու ես քեզանից խռովեմ։ Կանգնի՛ր, կանգնի՛ր, Բարխուդար։
Բարխուդարը կանգնեց, երեսը շուռ տվավ դեպի յուր հարևանը, նայեց վերջինի աղերսող դեմքին, նայեց, իսկույն գլուխը թեքեց կրծքին և երկու ձեռներով սեղմեց նրան։
Չէ՞ որ Բարխուդարը խոսք է տվել, երդում է կերել` այդ մարդու հետ մինչև յուր կյանքի վերջը բարեկամություն պահել։ Հիմա ի՞նչ է անում, ի՞նչ է անում, ոտը դուրս է դնում նրա տանից, որ էլ մինչև հավիտյան ներս չդնի։ Մի՞թե այդ թքածը լիզել չէ։ Բայց ո՞վ է մեղավոր, Բարխուդարը՞։ Ինչո՞վ։ Բաս նրա նամո՞ւսը, տափը կոխի՞, ցեխի մեջ շպրտի՞, ոտնակոխ անի՞։ Չէ, այս անկարելի է, անկարելի է, որ «Սեյրանի պես մի լակոտ» նրա փափախը աղբի մեջ գլորի և այնուհետև էլի նա ոտ կոխի այն տունը, ուր ապրում է այդ լակոտը։ Ո՛չ, Բարխուդարը ավելի հեշտ կհամաձայնվի կոտորել Սեյրանին էլ, յուր աղջկան էլ, իրան էլ սատանաների փայ անել, բայց ղաբուլ չի անիլ, որ յուր ականջները այսօրվա խոսքերի պես խոսքեր լսեն։
Մինդ այղ ամենն անցնում էին Բարխուդարի մտքով, Հայրապետը ապշած մտիկ էր տալիս նրան, չհամարձակվելով խոսք անգամ արտասանել։
— Ասել եմ, պիտի կատարեմ, թե չէ` նամուսս ինձ կխեղդի, մնաս բարով, Հայրապետ, — ասաց Բարխուդարը և շտապով դուրս եկավ։ — Կանգնիր, մի՛ փախչիր, — լսվեց դրսից, և երկու երիտասարդական ձեռներ ուժով Բարխուդարին ներս հրեցին։
Դա Սեյրանն էր։
— Լսի՛ր, մարդ, լսիր մի քանի խոսք ասեմ, ու հետո ուր որ ուզում ես գնա։
Սեյրանի կողմից այդ անսպասելի հանդգնությունը այն ազդեցությունը ունեցավ Հայրապետի վրա, որ խեղճ մարդու լեզուն այս անգամ բոլորովին «փետացավ», ինչպես ինքը հետո պատմում էր Մարիամ բաջուն։ Նա չուխայի թևերն ուսերին գցեց, ձեռները պահեց բերանի դեմ, իրանը ծռեց և ասաց․ այ քեոփ... փը...փը... Բայց չկարողացավ արտասանել ուզած բառը, կրկին չուխայի թևերը ցած գցեց և մի կողմ նայելով, ուր ոչ ոք չկար, ավելացրեց. «տեսնում եք էս լակոտին, նահլաթ չար սատանին հա՛»։ Մինչդեռ Հայրապետը զանազան անհամբեր շարժվածքներ էր անում, Սեյրանը, Բարխուդարին ներս հրելով, կանգնել էր դռան առաջ, կարծես, դիտմամբ, որպեսզի վերջինը «չփախչի»։
— Հրես ասում եմ, մարդ, ջառը ջհաննամը դու էլ, քո բարեկամությունն էլ, մենք քեզ կարոտ չենք։ Բայց Սուսանը իմս է, դու Սուսանին ինձանից չես կարող խլել, դու նրան ինձ ես բաշխել, դու երդվել ես և թքածդ լզող մարդ չես։Լսո՞ւմ ես, Սուսանը իմս է, իմս...
Սեյրանն այդ խոսքերը արտասանում էր բարձր ձայնով, գրեթե գոռալով։
— Կտրիր ձայնդ․․․ լակոտ, թե չէ գլխիդ օղողը շների փայ կանեմ, — խոսեց, վերջապես, Բարխուդարը, ատամները կրճտելով և բռունցքներն ամուր սեղմելով։
— Ադա, ադա, լեզուդ կուլ տուր, տեր մեղա քեզ աստված,— մեջ մտավ Հայրապետը, մոտենալով յուր որդուն։
— Քո բանը չի, — կտրեց յուր հոր խոսքը Սեյրանը։ — Մեկ էլ եմ ասում, Բարխուդար, աղջիկդ, Սուսանն իմս է, դուք կարող եք կռվել, թշնամանալ, բայց Սուսանն ի՛մս է։ Հա՛, Սուսանն իմս է, ով որ նրան իմ ձեռքից ուզենա խլել, ես նրան իմանո՞ւմ եք ինչ կանեմ, իմանո՞ւմ եք, ես նրա փորը ձկան փորի պես ջըրըղ-ջըրըղ կճղեմ։ Տեսնում ե՞ք... Մեջքի կողմից, չուխայի տակից Սեյրանը դուրս հանեց մի մերկ դաշույն, որ իսկույն պսպղաց ճրագի լույսից։
Հայրապետը թուլացավ, Բարխուդարը մնաց նույն դրության մեջ ինչպես առաջ։
— Ուրախացի՛ր, Հայրապետ, փառավորվիր, որ դրա պես տղա ունես, — ասաց նա, գդակը գլխին դնելով, որ դուրս գնա։
Սեյրանը մնաց անշարժ։ Նա չէր սպասում, թե յուր սպառնալիքը այդպիսի անհաջող ազդեցություն կունենա Բարխուդարի վրա։ Նա կարծում էր, թե վերջինը տեսնելով յուր հուսահատությունը, կվախենա և կզղջա։
— Սպասի՛ր, մի գնար, ես ի՞նչ եմ արել, ումի՞ տղից եմ վատ։ Հը՞մ, ի՞նձ ես շառլատան ասում։ Ես ի՞նչ մեղավոր եմ, ի՞նչ մի մեծ մեղք եմ գործել, մի քանի անգամ Սուսանին տեսնելով։ Սիրտս ուզում էր, եկա, տեսա, դա ի՞նչ մեղք է, որ դրա պատճառով այդքան ինձ չարչարում եք։ Հայրս ծեծել է ինձ ու փողոցները գցել, դու էլ, այդ հասակի մարդ, չես ամաչում, եկել ես ու ասում, «մեր բարեկամությունը էսօրվանից կտրվում է»։ Ինչ ուզում ես արա, բայց Սուսանին իմ ձեռիցս մի խլիր, թե չէ` աստված է իմանում, որ այս խանչալը նրա էլ, իմ էլ սիրտը կմտնի։
— Քաշիր, ասում եմ քեզ, այ տավար, լակոտիդ կապը։ Նահլաթ, նահլաթ, աչքերս արյուն է կոխում, հոգին քթի ծակերից դուրս կբերեմ։
— Ադա, կտրիր ձայնդ, դուրս եկ, կորիր, քեոփօ...— գոռաց, վերջապես, Հայրապետը, հարձակվելով յուր որդու վրա և բռնելով նրա կոկորդից։
— Հեռացի՛ր, — հրեց ձախ ձեռքով յուր հոր կրծքին Սեյրանը։ — Ո՛չ քեզանից եմ վախենում, ոչ էլ նրանից։ Ի՞նչ եք ուզում ասել։
Հայրապետը կրկին մոտեցավ նրան և, այս անգամ բռնելով երկու ձեռներով նրա փեշերից, ասաց․
— Համեցեք, համեցեք, աղբեր, դուրս կորիր էլի, չեմ ուզում, դու իմ որդիս, դու իմ սոնկս չես, աղբեր, կորիր էլի, փի՛եե...
— Թո՛ղ, ես կռիվ չեմ անում, թող որ սրտիս ուզածն ասեմ...
Հայրապետը նրա բերանը սեղմեց մի ձեռով, իսկ մյուսով սկսեց նրա գլխին բռունցքներ տալ։
- ↑ Փայտերով կռիվ: