Jump to content

Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 199,
ծ. ― էջ 605

* * *


Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նըրա պատկերը կարոտ
               Իմ մըտքո՜ւմ... ինձ մո՜տ...

5 Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում...
Ցոլում են աչքերն... ըզգեստը շըրշում...
Լըսվում են արագ քայլերը ծանոթ...
               Իմ շո՜ւրջը... ինձ մո՜տ...

Բայց, ա՜խ, միմիայն չի գալիս կըրկին
10 Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին...
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
               Տըխո՜ւր, գըլխակոր։

1902