Նկարիչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդը բացվել ա... Նկարիչ

Ռափայել Պատկանյան

Օրորք Հայաստանի

ՆԿԱՐԻՉ


Նվեր Հովհաննես Պատկանյանին



   Ակնապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,
Պատանի, ո՞ւր ես մըտքով մոլորած,
Ներկ ու վըրձիններ ցիր–ցան առաջիդ,
Վշյա կըտավը քու հանդեպ փրռած։

    Շո՛ւռ տուր աչերդ, նայե՛ դես ու դեն,
Տե՛ս, քեզ ծաղրում է անմիտ ամբոխը,
Զարթի՛ր, սիրելի, այդ անուշ քընեն,
Գոնե մի անգամ հանե՛ քու ոխը։

   Բայց դու ներում ես նոցա վեհ հոգով,

Խուլ ես աշխարհի ունայն շըշուկին...
Հանկարծ աչերրդ փայլեց սուրբ շնորհքով,
Հըսկայի սիրտըդ թընդաց խիստ ուժգին։

   Առիր վըրձինը, թաց արիր ներկով,
Շունչ տվիր անշունչ կոպիտ կըտավին.

Երկնից խորհուրդը մեկնեցավ քեզմով,
Քեզ անկարելին անհայտ է բնավին։

   Սեր, ատելություն, հանճար, բարկություն
Տվիր պատկերին մատիդ շարվածքով,
Ինչ որ չի հայտնեց ճարտարի լեզուն,

Դու պարզ հայտնեցիր անձայն խոսվածքով։

    Ապշեց ամբոխը, վազեց, հառաչեց
Քու կենդանագիր պատկերի դիմաց,
Ծնկաչոք զմուռս ու հալվե խնկեց,
Գոչեց մեծաձայն՝ «դա՛ է իմ Աստված»։

     Բայց ա՜խ, քու անքուն ժամերու ճիգը
Հանի մի արծաթ հազիվ գին դըրին.
Ստեղծողըդ դարձար քու խեղճ խըրճիթը,
Ակեր շարեցին շուրջ քու պատկերին։