Jump to content

Նոր-Ջուղայի դպրոցները/Գ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր-Ջուղայի դպրոցները
Գ
 Բ
Դ 

Գ․



ԺԸ-րդ դարի սկգբներում, Նոր–Ջուղայից Ջաւա գաղթող հայերի մէջ նշանաւոր դիրք է գրաւում աղա-Գէորգ Մանուկեան (Մանիչարեան) յայտնի վաճառականը, որ ժամանակի յաջող հանգամանքների շնորհիւ, մեծ հարստութեան է հասնում և Հոլանդական կառավարութեան աչքում մեծ հռչակ վայելում։

Աղա Գէորգը որբացած երկու մանկահասակ քոյր է ունենում Նոր-Ջուղայում Մարիամ և Թագուհի անունով, առաջինը 14 տարեկան, երկրորդը՝ 10 տարեկան։ Եղբայրը 1795 թուին այս երկու քոյրերին տանում է Հնդկաստան և բնակեցնում Մադրաս քաղաքում։

Մի քանի տարուց յետոյ, Մարիամն ամուսնանում է Յակովբ Յարութիւնեանի հետ, որ և յետոյ իր տիկնոջ՝ Մարիամի և օր․ Թագուհու հետ միասին տեղափոխւում են Ջաւա աղա–Գէորգի մօտ։

Աղա-Գէորգն իր բարեգործութեամբ ևս յայտնի անձնաւորութիւն է լինում ժամանակին։ Նա ի թիւս բազմաթիւ և բազմապիսի բարեգործութիւնների, մտադիր է լինում Լոնդոնի մէջ մի «Ազգային համալսարան» կառուցանել, որի իրականացման համար մի միլիոն ռուփի յատկացնելով, քառորդ գումարը փոխադրում է Լոնդոն և ապահովեցնում է այնտեղ կառավարական դրամատանը, մինչև որ գործը սկսուի և մնացած գումարն ևս հետզհետէ փոխադրուի։ Սակայն 1827 թուին անագորոյն մահը վրայ հասնելով ամբողջ ծրագիրը տակն ու վրայ է անում։

Գէորգ Մանուկեանն իր մահից առաջ պատրաստում է և թողնում մի կտակ, որով հետևեալ հիմնարկութիւններին ևս մասն է հանում իր ճոխ հարստութիւնից, այսպէս,

Ռուփի
Երուսաղէմի Հայոց ս․ Յակովբայ վանքին 10,000
Կալկաթայի Հայոց Մարդասիր․ ճեմարանին 30,000
Մադրասի հայոց դպրոցին 30,000
Նոր–Ջուղայի Ամենափրկչեան ս․ վանքին 10,000
Ն․-Ջ․-ի ս․ Կատարինեան կուսանաց վանքին 5,000
Ս․ Էջմիածնի Մայր Աթոռին 25,000
---------------
ընդամենը՝
110,000 ռ․

Վերջին գումարի տոկոսները երջանկայիշատակ Գէորգ Դ․ կաթուղիկոսը յատկացնում է իր հիմնած Գէորգեան ճեմարանին։[1]

Աղա-Գէորգը անժառանգ լինելով, նրա մահից յետոյ հարստութիւնը հասնում է երկու քոյրերին՝ տ․ Մարիամին և օր․ Թագուհուն։ Սրանք ևս իրենց հանգ․ եղբօր բարի օրինակին հետևելով, ազգասիրական և բարեգործական առատաձեռնութեամբ առաջինն են լինում ամբողջ Ջաւայում։ Առանձին գութ և խնամք են տածում դէպի կարօտաւորները, սնանկներն ու պանդուխտները, որոնց համար իրենց տունը դարձնում են ուղղակի ապաստանարան։

ԹէպԷտև մանուկ հասակում էին թողել իրենց ծննդավայրը՝ Նոր-Ջուղան, սակայն այնքան զօրեղ և ջերմ է լինում նրանց սէրը դէպի իրենց հայրենիքը, որ Նոր–Ջուղայում այն ժամանակները պատահած ամեն մի դժբախտութեան լուր խոր խոցում է նրանց սիրտը, մինչ այն աստիճան, որ նստում լալիս են անմխիթար։ Լսելով որ իրենց հայրենական տունն, ուր ծնուել ու սնուել են, ձախող հանգամանքների շնորհիւ ընկել է պարսիկների ձեռքը, շտապում են արժէքը փոխադրել, գնելու նոյն տունն և ընծայելու իրենց թաղի՝ Երևանի ս․ Սարգիո եկեղեցուն, Սակայն այս ցանկութիւնը մնում է միայն ցանկութիւն և նոյն տունը մինչև մեր օրերը մնում է օտարազգի ձեռքում։

Վերին աստիճանի կրօնասէր և բարեպաշտ լինելով 1854 թուին Բատաւիայում իրենց ծախքով կառուցանում են ս․ Յովհաննու եկեղեցին, ուր ամեն կիրակի և տօն օրերին մի առանձին ջերմեռանդութեամբ յաճախում են մասնակցելու Հայաստանեայց ս․ եկեղեցու ժամերգութեանն ու պատարագին, այն եկեղեցու, որի ամեն մի ծէսն ու կանոնը նուիրական են համարում և նրանց ճշտիւ կիրառութեանը խիստ բծախնդիր լինում։ Եւ որպէսզի սոյն եկեղեցին իրենցից յետոյ ևս շարունակէ իր գոյութիւնը և Ջաւայաբնակ Նոր—Ջուղայեցի հայերն մի ազգային տուն, մի հանգրուան ունենան, իրենց հոյակապ տանը նուիրաբերում են նոյն եկեղեցուն, որի եկամտովը մինչև մեր օրերը նախանձելի վիճակում պահպանուել է և պիտի պահպանուի Ջաւայի և շրջակայ կղզիների ցրուած հայերին մի հօտ դարձնող միակ հայկական հաստատութիւնը՝ Բատաւիայի ս․ Յովհաննու եկեղեցին։ Բացի սրանից, Նոր—Ջուղայի եկեղեցիներից շատերն ևս նորոգուել ու բարեզարդուել են դարձեալ այս երկու քոյրեերի նուիրատւութեամբ ու նպաստներով։

Դրամական մեծ զոհաբերութեամբ նպաստում են Ջաւայում հաստատուած «Հայկեան Միաբանութեանն», որի նպատակն էր Ջաւայում գտնւող պանդուխտ հայերին ընդհանրապէս, իսկ Նոր-Ջուղայեցիներին մասնաւորապէս խնամել ու հոգ տանել, ինչպէս և նրանց որբ ու չքաւոր երեխաներին կրթութիւն մատակարարել, նաև Նոր Ջուղայի «Աղքատաց Արկղ» ընկերութեանն, որի շնորհիւ ցարդ բազմաթիւ տեղացի և գաւառացի չքաւոր ընտանիքներ խնամուել են ու խնամւում։

Կրթութիւնից զուրկ սոյն երկու քոյրերն, որոնք հազիւ թէ գրագէտ կարող էին համարուել, հիանալի կրթասիրութեամբ են վերաբերւում դէպի հայ մամուլն ու գրականութիւնը։ Բաժանորդ են գրւում իրենց ժամանակի բոլոր հայ թերթերին և մեկենաս հանդիսանում Հնդկաստանի մէջ լոյս տեսած շատ հրատարակութիւնների։ Այսպիսով նպատակ են ունենում նախ, քաջալերել Հայոց հրատարակչական գործը և երկրորդ, բարի օրինակ ծառայել այն հարուստ Հնդկահայերին ու Ջաւահայերին, որոնք ամեն բանի համար պատրաստ էին փող ծախսել, բացի գիր ու գրականութիւն տարածման գործից։[2]

Ջաւահայ գաղութի մէջ Հայ բարբառի յարատևութիւնն իրենց կէտ նպատակ ունենալով, 1855 թուին Բատաւիայում բաց են անում «Մանուկ և Յարութիւն» անունով մի դպրոց, որի համար գնում են 120,000 ռուփի արժողութեամբ մի կալուածք և նուիրում մի տուն։ Այս դպրոցն շարունակւում է մինչև 1872 թիւը, երբ համայնքի անտարբերութեան պատճառով ընդ միշտ փակւում է և մինչև մեր օրերը Ջաւահայ գաղութը զրկուած է մնում հայկական դպրոց ունենալուց։

1853 թուին երկու քոյրերը կամենալով դէպի Նոր-Ջուղան ունեցած իրենց բուռն հայրենասիրութիւնը մի որ և է յիշատակով յաւերժացնել, առաջնորգ Թադդէոս արք․ եպս․ Բէկնազարեանի միջոցով մի դպրոց են հաստատում նաև Նոր-Ջուղայի Դաւրէժ թաղի ս․ Մինաս եկեղեցումը, որ ուղիղ երեսուն տարի իր գոյութիւնը պահպանում է որպէս առանձին դպրոց և տարրական ուսումն աւանդում իրեն ապաստանող աշակերտութեան։

Օր․ Թագուհին վախճանւում է 1856 թուին 71 տարեկան հասակում, իսկ տ․ Մարիամը 1864 թուին 83 տարեկան։





Տողատակեր

[խմբագրել]
  1. «Արարատ» 1876 թ․ No 9։
  2. Գ․ Գասպարեանի «Կենսագր․ երկուց բարերարաց» էջ 5։