Jump to content

Նոր-Ջուղայի դպրոցները/Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր-Ջուղայի դպրոցները
Բ
 Ա
Գ 

Բ․



1795 թուին Նոր-Ջուղայում տիրող հարստահարութիւններից և հայերի կրած տառապանքներից իսպառ ձանձրացած, 16 տարեկան մի պատանի թողնում է ընդ միշտ իր հայրենի տունը և ձեռք առնում պանդխտութեան գաւազանը։ Այս պատանին Աբգարեանց տոհմի նախահայր՝ Աբգարի երկրորդ որդի Յարութիւնն է լինում, ծնուած Նոր-Ջուղայում 1779 թուին։

Հասնելով Բուշերք մի առ ժամանակ մնում է այնտեղ և գոհանում մանր առևտրով։ Յետոյ տեղափոխւում է Բօմբէյ և մի հայ վաճառականի մօտ ծառայութեան մտնում։ Յարութիւն Աբգարեանը ի բնէ խոհեմ և աչալուրջ մէկն լինելով, յաջողւում է իր հաւատարիմ և տոկուն ծառայութեամբը սիրելի դառնալ նոյն վաճառականի աչքում և գրաւել նրա ջերմ համակրութիւնը։

Ժամանակի ընթացքում, հետզհետէ ծանօթանալով Չինաստանի և Մանիլայի վաճառականութեան հետ, իրեն հովանաւորող վաճառականի մահից յետոյ ինքը Յարութիւնն է յառաջ տանում նոյն գործը և պահում նոյն առևտրական տան շարունակութիւնը։

1808 թուին իր փոքրիկ եղբայր Գրիգորին ևս տանում է մօտը Բօմբէյ և միացնում իր գործին։ Իսկ 1830 թուին տեղափոխւում է՝ Կալկաթա և հիմնում այժմեան «Աբգար և Ընկ․» յայտնի առևտրական հաստատութիւնը։

Յարութիւն Աբգարեանը իր ժամանակին բացի նշանաւոր հայ վաճառական լինելուց, իր բեղմնաւոր կեանքի ամբողջ ընթացքումը ներկայանում է որպէս մի առաքինի մարդու և օրինակելի քրիստոնէի տիպար, բառիս իսկական նշանակութեամբ։ Նրա դուռը բաց է լինում բոլոր իրեն դիմողների, բոլոր հայ կարօտաւորների առաջ, մանաւանդ իր հայրենակիցների, որոնք դժբախտաբար հարկադրուած էին լինում լքել իրենց տունն ու ընտանիքը Նոր–Ջուղայում և դիմել Հնդկաստան պանդխտութեան։[1]

Յարութիւն Աբգարեանը չէ մոռանում նաև իր ծննդավայրի՝ Նոր–Ջուղայի Մէյդան թաղի ս․ Աստուածածին եկեղեցին, ուր մկրտուել էր և անց կացրել իր մանկութեան ոսկի ժամերը, և պարբերապար նպաստում է նրա նորոգութեանն ու բարեզարդութեանը։

1843 թուին աղա-Յովհանջան Էլիասեանի աջակցութեամբ, Յարութիւն Աբգարեանը յիշեալ եկեղեցու բակումը հիմնում է «Հայկեան հայրենասիրական» անունով մի դպրոց, որպէսզի Նոր-Ջուղայի հայ պատանիները բոլորովին անկիրթ չմնան, այլ գոնէ միջոց ունենան փոքր իշատէ ծանօթանալու կրօնագիտութեան, տարրական թուաբանութեան և հայերէն ու պարսկերէն լեզուների հետ։

Սոյն դպրոցը ուղիղ քառասուն տարի որպէս առանձին հաստատութիւն, իր գոյութիւնը պահպանում է և մի քանի սերունդ գրագէտ աշակերտներ արտադրում, Սրա դրան ճակատին մինչև մեր օրերը մնացած ցուցանակի վերտառութիւնն է։

«Ով ոք կամի աշակերտիլ ի սմա,
Ի բերանոյն հեռի առնէ զտառ Չա»։

Յարութիւն Աբգարեանը մեռնում է 1863 թուին 84 տարեկան հասակում և թաղւում Կալկաթայի Հայոց Նազարէթայ ս․ եկեզեցում։

1844 թուին Յովհաննէս Սուրէնեան առաջնորդը մի հոգևոր դպրոց է բաց անում, այն յուսով, որ Ամենափրկչեան ս․ վանքի միջոցներով և այլ պատահական նպաստներով կարող պիտի լինի կառավարել։ Սակայն հաստատուն եկամուտ չունենալուն պատճառով, երեք տարի միայն դժուարութեամբ պահուելուց յետոյ՝ փակւում է։

1847 թուին Բատաւիաբնակ մի անյայտ բարերարի նուիրաբերութեամբ Նոր-Ջուղայի Դաւրէժ թաղի ս․ Մինաս եկեղեցու գաւթումը մի դպրոց է բացւում ընդ դաստիարակութեամբ Տէր-Գաբրիէլ քահ Տէր-Միքայէլեանի, որ և կարճ միջոցից յետոյ էլ փակւում է։[2]





Տողատակեր

[խմբագրել]
  1. Մեսրովբ Սէթեանի «History of the Armenians in India » էջ 127։
  2. «Ազգասէր» 1847 թ․ No 89։