Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Մեջբերվող խոսք
Մարդկային խոսքը չափազանց բազմազան է թե՛ կառուցվածքային, թե՛ հնչերանգային առումներով և թե՛ նպատակով։ Այս տեսակետից խոսողը (գրողը) հաճախ էլ ուղղակիորեն մեջբերում է զանազան հաղորդակցական միավորներ՝ իր ասածը հավաստի դարձնելու համար։ Իր կամ ուրիշի ասածը ուղղակիորեն մեջբերելով խոսողը (գրողը) ոչ միայն հաստատուն ու ճշմարիտ երանգ է տալիս հաղորդակցական համապատասխան միավորին, այլև խոսքը ոճական տեսակետից դարձնում է գեղեցիկ ու հետաքրքրական։
Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Վ.Տերյանը, դժգոհ լինելով իրականությունից, դառնացած ասել է.
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում...»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։ Պարզ է, որ եթե ուղղակի խոսքը մեջբերելիս խոսողը կամ գրողը հավատարիմ է մնում ուղղակի խոսքի բառացի ու տառացի գործածությանը, ապա նույն խոսքն անուղղակի դարձնելով նա կարող է իր կողմից ավելացնել նաև ուրիշ բառեր ու արտահայտություններ և, ընդհակառակն, կրճատել ուղղակի խոսքում եղած այս կամ այն բառերն ու արտահայտությունները։
Ուղղակիորեն մեջբերվող խոսքը յուրահատուկ բարդ ստորադասական նախադասություն է իր կառուցվածքով, հնչերանգով, գրավոր խոսքում բազմազան կետադրությամբ։ Հենց սկզբից նշենք, որ այն միշտ պայմանավորում է մի այլ խոսքի առկայությունը, որը կոչվում է հեղինակի խոսք: Այսպես. Մի փիլիսոփա ասել է.«Ո՞վ իր լեզուն չի սիրում, նա չի սիրում ոչ մի ազգի և ոչ մի լեզու»:
Այստեղ Մի փիլիսոփա ասել է նախադասությունը հեղինակի խոսքն է։ Պարզ է, որ հեղինակի և ուղղակի խոսքերը միասին կազմում են մի յուրատեսակ բարդ ստորադասական նախադասություն, որտեղ գերադաս նախադասությունը հեղինակի խոսքն է, իսկ ստորադասը՝ ուղղակի խոսքը: Նշենք նաև, որ ուղղակի խոսքը, բնականաբար, իր շարահյուսական պաշտոնով ուղիղ խնդիր է լինում, երբեմն էլ` ենթակա: Այսպես․ Ավ. Իսահակյանը ասել է. «Եթե մարդիկ իրար սիրեն-ավելի շատ օգուտ կունենան, ավելի երջանիկ և լավ սրտով կապրեն...»: Ավ․ Իսահակյանի «Հիշատակարանում» գրված է․ «Եթե մարդիկ իրար սիրեն-ավելի շատ օգուտ կունենան, ավելի երջանիկ և լավ սրտով կապրեն...»:
Ընդգծվածներից է ռաջինը ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն է, իսկ երկրորդը՝ ենթակա։ Բերված օրինակներից իսկ պարզ երևում է, որ ուղղակի խոսքն իր հերթին կարող է կազմված լինել գերադաս և ստորադաս նախադասություններից։ Այսպիսով՝ ուղղակի խոսքը ուղիղ խնդիր կամ ենթակա ստորադաս նախադասությունների շարահյուսական պաշտոններ կատարելով և իր հերթին բարդ ստորադասական նախադասություններ լինելով՝ ցուցաբերում է գերադաս ստորադաս նախադասությունների հարաբերություններ, որոնք վերլուծության ժամանակ էլ պետք է առանձնացվեն իրարից։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք «Ավելի շատ օգուտ կունենան, ավելի երջանիկ և լավ սրտով կապրեն» գերադաս և «Եթե մարդիկ իրար սիրեն» պայմանի պարագա ստորադաս նախադասությունների հետ։
Հասկանալի է, որ խոսողի ցանկությամբ թե՛ հեղինակի խոսքը և թե՛ ուղղակի խոսքը կարող են լինել շատ կարճ և շատ ծավալուն․ կարող են գործածվել նախադաս, միջադաս և վերջադաս շարադասությամբ՝ գործածվելով ոճական ու կետադրական զանազան դրսևորումներով։ Հեղինակի խոսքը և ուրիշի խոսքը գրավոր լեզվում արտահայտվում են համապատասխան կետադրական նշաններով։ Այսպես.
1. Եթե հեղինակի խոսքը նախադաս է, ապա դրանից հետո դրվում միջակետ, իսկ հաջորդող ուղղակի խոսքը, որպես հարաբերականորեն ինքնուրույն նախադասություն, գրվում է մեծատառով և առնվում է չակերտների մեջ։ Օրինակ Հ. Թումանյանը գրել է. «Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար»:
2. Եթե հեղինակի խոսքն ընկնում է ուղղակի խոսքի մեջ՝ նմանվելով մի տեսակ միջանկյալ նախադասության, երկու կողմից բաժանվում է ստորակետ-գծով, իսկ ամբողջ խոսքն առնվում է չակերտների մեջ։ Օրինակ՝ «Գործն է անմահ, լավ իմացեք,— գրել է Հ. Թումանյանը,— Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով, Կապրի անվերջ, անդադար»:
3. Եթե հեղինակի խոսքը հանդես է գալիս ուղղակի խոսքի վերջում, բաժանվում է ստորակետ-գծով, իսկ ուղղակի խոսքն առնվում է չակերտների մեջ։ Օրինակ՝ «Գործն է անմահ, լավ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար»,— գրել է Հ. Թումանյանը: 4. Եթե հեղինակի խոսքը իր ձևով հիմունքի պարագա է, ուղղակի խոսքից անջատվում է բութով։ Օրինակ` Ըստ մեր հեղինակի` «Մարդու մեջ ամեն ինչ պիտի գեղեցիկ լինի»:
Նման կետադրություն են ունենում նաև հեղինակի և ուղղակի խոսքերը՝ բացահայտիչ-բացահայտյալի կապակցություն լինելու դեպքում։ Օրինակ՝ Նա մեզ այս պատվիրանն էր սովորեցնում՝ «Կյանքում ձգտեք միշտ կատարյալին ու վեհին»: Իմաստուն խոսք է՝ «Մարդը մարդո՛վ է մարդ»:
Նշենք նաև, որ ինչպես ուղղակի, այնպես էլ հեղինակի խոսքը կարող է կառուցվածքային տեսակետից բազմազան լինել և արտահայտվել թե՛ պարզ և թե՛ բարդ նախադասություններով։
Երբեմն էլ (հատկապես բանավոր լեզվում) հեղինակի խոսքում զեղչվում են զանազան անդամներ, հատկապես՝ բայ-ստորոգյալները, որոնք, սակայն, մտքից հասկացվում և վերականգնվում են։ Օրինակ՝ Մեկը թե. «Ուսուցի՛չ,, մեզ չմոռանաս» (Ա. Բակունց)։ Մին էլ Ավագը թե՝ «Այ տղա, էն ո՞վ է...» (Հ. Թ.)։
Ընդգծված նախադասություններում զեղչված է «ասաց» բայը:
Խոսքը կենդանի ու հետաքրքրական դարձնելու համար ուղղակի խոսքը գործածվում է նաև երկախոսությամբ։ Երկախոսությունները գրվում են նոր տողից՝ գծիկով, նրանից հետո, եթե հեղինակի խոսքը շարունակվում է, դրվում է ստորակետ-գիծ։ Օրինակ՝
— Հայրի՛կ։
— Լսում եմ, որդի՛ս։
— Զբաղվա՞ծ ես։
— Ո՛չ:
— Գործ ունեմ քեզ հետ,— խոսքը մեղմեց Արտակը։
— Ասա՛, տղա՛ ջան,— ընդառաջ եկավ հայրը,— ի՞նչ է քեզ մտատանջում։
Հաճախ է պատահում, որ ուղղակի խոսքը շատ կարճ է լինում։ Մեկ բառ լինելու դեպքում այն անջատվում է բութով և առնվում չակերտների մեջ, գրվում փոքրատառով, իսկ երկու և ավելի բառերի դեպքում՝ ընդունված կարգով՝ միջակետ, չակերտ։ Օրինակ՝ Տղաները միաբերան հայտարարեցինք՝ «կգանք»: Ես թելադրում եմ «գրել», դու գրում ես՝ «կրել»: Այսպիսի ուղղակի խոսքը նոր տողից գծիկով գրելը ևս ճիշտ է։
Երբ թվում է, թե ուղղակի խոսքն ավարտվել է, սակայն դադարից հետո նորից շարունակվում է, այն հեղինակի խոսքից բաժանվում է վերջակետ-գծով և գրվում մեծատառով։ Օրինակ՝ «Դժվարությունները մեզ չպիտի վախեցնեն, ընկերնե՛ր,— ասաց Գրիգորյանը։— Կոմերիտականները ե՞րբ են վախեցել արգելքներից»: Կամ՝ — Դժվարությունները մեզ չպիտի վախեցնեն, ընկերնե՜ր.— ասաց Գրիգորյանը։— Կոմերիտականները ե՞րբ են վախեցել արգելքներից։
Հեղինակի խոսքը երբեմն էլ ընկալվում է երկրորդաբար` իբրև միջանկյալ նախադասություն: Հատկապես մամուլում կան այդպես գործածվող բազմաթիվ փաստեր։ Օրինակ` Հարգելի՛ բարեկամներ, ասված է հեռագրում, ցանկանում ենք ձեզ նորանոր հաջողություներ ձեր ասված տոնի առթիվ։
Այժմ վերլուծենք մի մեջբերվող խոսք, գտնենք նրա գերադաս և ստորադաս նախադասություները և կազմենք գծապատկերը. 1) Տղան քրոջն ասաց. 2) «Եթե գրադարանից բերես Թումանյանի այն հրատարակությունը, 3) որտեղ լինեն գրողի հանճարեղ քառյակները, 4) ապա ես քեզ համար կպատրաստեմ այն ինքնաշեն գործիքը, 5) որ հանձնարարել է ձեր ուսուցիչը»:
Պարզ է՝ այստեղ գլխավոր նախադասությունն է առաջինը, իսկ ուղիղ խնդրի գործառույթ են կատարում մյուս բոլոր 4 նախադասությունները։ Սակայն իրենց հերթին ստորադասներն ունեն իրենց գերադասը. 2-րդը 4-րդի՝ գերադաս նախադասության պայմանի պարագան է, 3-րդը՝ 2-րդի որոշիչը, իսկ 5-րդը՝ 4-րդի որոշիչ ստորադասը: Այսպիսով՝ պարզվում է, որ գերադասը (4-րդը), առանձնանալով իր երկրորդականներով, մի տեսակ գլխավոր նախադասության դեր է կատարում։ (Տե՛ս համապատասխան գծապատկերը)։
Ցանկացած ժամանակ խոսողը ուղղակի խոսքը կարող է անուղղակի դարձնել, այսինքն՝ պատմողաբար արտահայտել այն։ Նման դեպքերում ուղղակի խոսքի հարաբերական ինքնուրույնությունը լրիվ վերանում է, և ընդհանուր հայտարարում ընդգծվում սովորական ստորադասական նախադասությունը (մեծ շրջավանդակը վերանում է, և կառուցվածքը մնում է նույնությամբ)։ Նախ՝ ավելանում են համապատասխան ստորադասական շաղկապներ ու շաղկապական բառեր, երկրորդ՝ ստորադասի բայ-ստորոգյալի եղանակն է փոխվում, եթե այն արտահայտված է հրամայական եղանակով, դառնում է ըղձական, երրորդ՝ եթե ուղղակի խոսքում կոչական կա, այն դառնում է կա՛մ ենթակա, կա՛մ հանգման խնդիր. Արամը հրամայեց. «Տղանե՛ր, գնացեք տուն» [Արամը հրամայեց, որ տղաները գնան տուն (Տղաներին հրամայեց)]: Չորրորդ՝ եթե ուղղակի խոսքի ենթական 1-ին դեմքի դերանուն է, դառնում է 3-րդ դեմքի, իսկ եթե երկրորդ դեմքի է, դառնում է 3-րդ դեմքի դերանուն։ Հինգերորդ՝ եթե ուղղակի խոսքի ենթական 3-րդ դեմքի է, մնում է նույնը։ Նույնն է մնում նաև առաջին դեմքի դերանունը, եթե խոսքը վերաբերում է 1-ին դեմքին. «Ես պիտի գերազանցիկ դառնամ», — խոստացա բոլորին (Բոլորին խոստացա, որ ես գերազանցիկ պիտի դառնամ)։ Վեցերորդ՝ ուղղակի խոսքի միջանկյալ բառերը, միջարկությունները և վերաբերմունքային այլևայլ բառեր (որպես ուրիշի ապրումների արտահայտություններ) սովորաբար վերանում են։ Օրինակի` Ուուցիչը մեզ ասաց. «Երեխանե՛ր, մի տեսեք, է՜, որքան հրաշալի է բնությունը» (Ուսուցիչը մեզ՝ երեխաներիս ասաց, թե որքա՜ն հրաշալի է բնությունը)։