Ոչ, մենակ չեմ ես լեռներում…
Արտաքին տեսք
* * *
Ոչ, մենակ չեմ ես լեռներում,
Ծաղկունանց մեջ, երկնի մոտ,
Ոսկե մեգն է ինձ գուրգուրում
Երեկո ու առավոտ։
Արշալույսին ջերմ արևն է
Ինձ համբուրում սիրաբար,
Շոգ կեսօրին հով տերևն է
Շվաք փռում ինձ համար։
Աստղ ու ծաղիկ, հավք ու տերև
Ինձ ժպտում են սիրագին,
Լայն երկինքը գլխիս վերև,
Երկնի պես լայն իմ հոգին.
Ու նայում եմ ես դեպի ցած,
Ուր դաշտերն են մրափում,
Մինչդեռ հոգիս լուսնով հարբած`
Տխուր քունն է թոթափում…