Ոսկե ձկնիկի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայրերը եւ երեխաները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ոսկե ձկնիկի հեքիաթը)

Վարդան Հակոբյան

Առաջին ճերմակը
ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ ՀԵՔԻԱԹԸ


Հովը արգելված բաներ է անում,
ուրախությունից ոնց է խենթացել,
Հին-հին մոռացված երգեր է մանում
Զինգանագետը,
օրվա աչքերը, նայիր, խոնավ են...
Ես քարերին եմ
փարվում խենթորեն,
փարվում եմ խոտին,
թփին
ու գետին.
ցուրտ հեռուներում միայն իմացա՝
ինչքան խորն եմ ես նրանց սիրում։
Հետո հանդարտվում, նայում եմ ափին։
Ու չի համբերում,
ինչ-որ մի ալիք, ջոկված ջրերից,
գալիս ու ջրի անուշ շշուկով,
գետին երկարված ձեռքս է համբուրում։
Գետի մեջ ապա փնտրում եմ ես այն
դղյակը ոսկե,
ուր ոսկե ձուկը ջրահարս դառած,
ինձ այստեղ, ահա, ամեն իրիկուն,
լույսի,
մաքրության,
անաղարտ սիրո հեքիաթ էր պատմում։
Գետը գալիս է իմ խենթ օրերից,
գետը գալիս է իմ մանկությունից,
հեքիաթ ու դղյակ իր հետ չի բերել,
թողել է այնտեղ...
Հիշում եմ մորս՝ իմ ձեռքը բռնած
                հենց այս կամրջին,
ու... դժվարանում կամուրջը անցնել
առանց այդ ձեռքի...
Մի պահ կանգնում եմ կամրջի վրա,
նայելով կապույտ խորքը ջրերի,
ուր որ ծնվում են
ձկնիկներ նոր-նոր՝
գեղեցիկ, սիրուն, երազավարի,
խայտում ջինջ գետի կոհակների մեջ։
- Եկել եմ, մայրիկ,- գետին եմ ասում։
- Մայրիկ, եկել եմ,- խոտին եմ ասում։
- Եկել եմ, մայրիկ,- քարին եմ ասում,
ասում եմ թփին...
Եվ գետը ինձ է փարվում մայրորեն,
քարերը ինձ են փարվում մայրորեն,
թփեր ու խոտեր համբուրում են ինձ...
Որքան խո՜րն են մայրերը սիրում...
Որախությունից խենթացած հովը
փաթաթվել է ու ինձ բաց չի թողնում։
Իմ արցունքները սրբում եմ կամաց
ու բացվող օրվա աչքերն համբուրում։