Jump to content

...Երբ առկա է հոգեբանական պատճառաբանվածությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

...ԵՐԲ ԱՌԿԱ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

(ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑՉԻ» ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՅԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ)

Մեր գրականության մեջ այսօր իրավացիորեն նշվում է, որ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններում մշտապես շարունակվում է «հայրերի ու որդիների հակասությունների եւ ընդհանրությունների» պրոբլեմը։ Սա բավականին բարդ խնդիր է, որի առաջադրմամբ, եթե մի քանի բառով ասելու լինենք, գրողը մեզ տանում է դեպի աշխարհի բարեփոխում, դեպի վեհագույնի ու լավագույնի հաստատում։ Նրա հերոսների մեջ մեր դարի անհանգստություններն են, որոնք հաճախ դառնում են սովորական ու թմրեցնում են տագնապները։ Եվ Վարդգես Պետրոսյանն իր կոչումը տեսնում է անհանգստությունների ու հոգսերի «սովորականության» հետ հաշտվող մարդու մեջ մարդուն սթափ եւ վեհ պահելը։

Այս առումով եւս բավականին հետաքրքրական գործ է գրողի «Վերջին ուսուցիչը» վիպակը։ Եվ այդ հետաքրքրականությունը, ինչպես ասում են, ստեղծագործությանը դուրս է հանում ազգային շրջանակներից։ Հիշենք Չինգիզ Այթմատովի խոսքը. «Հայկական էսքիզները», «Վերջին ուսուցիչը», «Մենավոր ընկուզենին»,- բոլոր այս ստեղծագործությունները լայնորեն հայտնի են եւ մենք սիրում ու գնահատում ենք դրանք։

Վ. Պետրոսյանի խոսքի ներսում զգացումի շիկացումն է, որ լիցքեր է առնում երրորդ հազարամյակի շեմին ոտք դնող մարդու ապրումներից։ Գրողի երկերում մշտապես առկա է մի խորին դրամատիզմ, որը անմիջապես «հասնում» է ընթերցողին։ Նրա հերոսը հարուստ ներաշխարհ ունի, նա քաղաքակրթության նորագույն նվաճումների ու նաեւ ավերումների հակասությունների կրողն է, մարդ, որ կանգնած է ատոմն ու երազը սահմանազատող գծի վրա եւ հոգեկան խորը դրամա է ապրում, անվերջ գնում է դեպի ինքնամաքրում։ Այստեղից էլ՝ այն հարցերն ու պրոբլեմատիկան, որ առկա են գրողի գործերում։ Նա խոսում-գրում է ոչ միայն մարդու, այլ ՄԱՐԴԿԱՅԻՆԻ անունից։ Գրողի հերոսները, ասենք՝ Սահակ Կամսարյանը («Մենավոր ընկուզենի») կամ Վահան Մամյանը («Վերջին ուսուցիչը») ապրում են մեծ խնդիրներով, իրենց ցավի միջոցով են ճանաչում աշխարհի հոգսը։

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունն ունի առանցքային դեր կատարող մի կարեւոր գիծ եւս։ Դա այն է, որ նրա ստեղծագործությունները հեշտորեն վերածվում են դրամատիկական երկերի։ Սա, անշուշտ, մեծ արժանիք է, որ կարող են ունենալ արվեստի լավագույն գործերը, այն էլ՝ ոչ բոլոր։ Պիեսների են վերածվել գրողի «Վերջին ուսուցիչը» եւ «Մենավոր ընկուզենին» («Համր լեռան ճիչը») գործերը, որոնք այսօր բեմական ուրույն կյանքով են ապրում։ Սակայն, հասկանալի է, որ ինչքան էլ դրամատիկական տարրը շատ լինի այդ ստեղծագործություններում, այնուամենայնիվ, դրանց բեմադրությունը պահանջում է մեծ ջանքեր ու իմացություն, վարպետություն եւ փորձ մանավանդ՝ բեմադրիչներից, որոնց ուսերին էլ հիմնականում ընկնում է հաճելի դժվարության հաղթահարման ծանրությունը։ Տեղն է մեջ բերելու Ստանիսլավսկու հանրահայտ խոսքը. «Պետք է դժվարը դարձնել սովորական, սովորականը՝ հեշտ, հեշտը՝ գեղեցիկ»։

Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը իրացրել է Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցչի» բեմադրությունը, որի հեղինակն է թատրոնի ռեժիսոր, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Լեոնիդ Հարությունյանը։

Նախ՝ էն գլխից նշենք, որ «Վերջին ուսուցչի» բեմադրության հաջողությանը զգալի չափով նպաստել է նկարչական ձեւավորումը, որը կատարել է նկարիչ Առնոլդ Մելիքսեթյանը. ձեւավորման ոճը լակոնիկ է, պարզ ու տարողունակ։ Բեմի խորքում ճառագայթող արեւը կյանքի «լավի ու վատի» մասին, ինչպես ասում են, սրտաբաց զրույցի է հրավիրում։ Արեւը, որի միջուկը վարդն է, այսինքն՝ երիտասարդական կենսունակությունը, հավերժությունը, կյանքը, ամենաակտիվ ձեւով մասնակցում է բեմական գործողություններին ու դրանց լուծմանը։ Լույսի եւ ստվերների ընդգծված կոնտրաստները խորհրդանշում են բեմի վրա ծավալվելիք պայքարը։ Ուղղակի ողջունելի էր մեր շնորհալի գեղանկարիչներին թատերական նկարչության ասպարեզը «քաշելու» թատրոնի ցուցաբերած այդ նախաձեռնությունը, որը, ինչ խոսք, թարմություն բերեց։

Բեմադրության հեղինակն իր ռեժիսորական գործունեության մեջ ինքնահաստատման է հասել այնպիսի բեմադրություններով, ինչպիսիք են Գորկու «Քաղքենիներ», Օստրովսկու «Եկամտավոր պաշտոն», Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն», Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Պապայանի «Գնա մեռիր, արի սիրեմ» գործերը։ Շնորհալի ռեժիսորի ստեղծագործական աճի ճանապարհին, այդ գործերը, անշուշտ, ուղենշային դեր են կատարում եւ, միաժամանակ, վկայում են նրա ռեժիսորական լայն հնարավորությունների մասին։

Արվեստը սիրում է խիզախել։ Բեմադրող ռեժիսորն ինչպե՞ս է մոտեցել «Վերջին ուսուցչի» բեմադրական բարդ գործին։ Ընթերցողների ու գրաքննության դրվատական կարծիքին արժանացած վիպակն ինչպե՞ս է մատուցվում հանդիսատեսին՝ որպես դրամատիկական երկ։ Արծարծվող պրոբլեմները բեմական ի՞նչ լուծումներ են ստանում։ Եվ, ամենակարեւորը ու, համեմատաբար, դժվար իրացնելին՝ արդյոք, ենթատեքստով հարուստ գեղարվեստական խոսքը մինչեւ վերջ բացվո՞ւմ է բեմի վրա, հասցվո՞ւմ է հանդիսատեսին այն դասը, որ ռեժիսորի ու դերասանների համագործակցված աշխատանքով տալիս է «Վերջին ուսուցիչը»։

Վերջապես, ի՞նչ խորհուրդ ունի այդ դասը. ահա այն հիմնական եւ ճշմարիտ հարցադրումը, որից էլ «բռնել» է ռեժիսորը։ Ստեղծագործության գլխավոր կերպարը Մամյանն է, որն իր մեջ մարմնավորում է հեղինակի գեղագիտական իդեալը։ Բեմադրության մեջ եւս այդ կերպարը, ինչպես ասում են, դառնում է ծանրության կենտրոն։

Գլխավոր հերոսի դերը վստահվել էր դերասան Սամվել Վիրաբյանին, որի յուրաքանչյուր բեմելը, նախորդի համեմատությամբ, առաջնակարգ քայլ էր՝ թե դերասանական հնարավորությունների դրսեւորմամբ, թե կերպարների թեմատիկ ընդլայնումների առումով։ Հանդիսատեսի հիշողության մեջ թարմ են երիտասարդ դերասանի կերտած Պրուքսը («Դավիթ Կոպերֆիլդ»), Բարխուդարն ու Ռուստամը («Նամուս») եւ, վերջապես, Ադամյանը («Խաչմերուկ»)։

Ինչպես բեմադրող ռեժիսորը, այնպես էլ գլխավոր դերակատարը, միանգամայն նոր տեսանկյունով են մոտեցել Մամյանի կերպարի բացմանը։ Գործողությունից գործողություն ավելի է սրվում Մամյանի եւ նրա կոլեգաների միջեւ զարգացող կոնֆլիկտը։ Հանդուրժողականության հետ Մամյանը հաշտվել չի կարող, նա համառ ու հետեւողական է, դրսեւորում է քաղաքացիական արիություն։ Նա ոչ միայն չի հանդուրժում «գլխացավանքից հեռու» համակեցության սկզբունքը, այլեւ դրան հակադրում է իր դավանանքը՝ բոլոր դասերը նպատակաուղղել մարդու մեջ մարդու բարձրացմանը, չխաթարել ռոմանտիկ ձգտումներով ապրող պատանիների ու աղջիկների երազները, օգնել նրանց՝ զգալ, ճանաչել, սիրել կյանքի ճշմարտությունը եւ այլն... «անհաշտ ու դժվար» Մամյանին «դժվար» դասարան է բաժին ընկնում։ Իրենց գործընկերոջը Դոն Կիխոտ համարող ուսուցիչները կանգնում են այնպիսի փաստի առաջ, երբ արդեն նրանց սկսում են «դաս տալ» աշակերտները։

Մամյանի կերպարն աչքի է ընկնում իր հոգեբանական խորությամբ ու անսահման բարության հասնող շեշտերով, ներքին հակասություններով։ Գեղարվեստական այդ կերպարի ամենաճշգրիտ բնութագրումը տվել է Յու. Պետրովսկին։ Ահավասիկ. «Պետրոսյանը դյուրին խնդիր չի դրել իր առջեւ՝ ստեղծել ժամանակակից Դոն Կիխոտի կերպար (այս անունը հիշատակում ենք իր հիմնական հումանիստական հնչեղությամբ)։ Մամյանի կերպարը մեծապես հաջողված փորձ է՝ մի գործող անձի մեջ միավորել հարուստ երեւակայությունը եւ գործնականությունը, մտածողության ու մասնագիտական գիտելիքների խորությունը, քաղաքացիական արիությունը եւ գորովը մարդկանց նկատմամբ։ Այս հատկանիշների շնորհիվ Մամյանին հաջողվում է օտարացման պատնեշը, որը հաճախ բարձրանում է ոչ այնքան խոհուն ու մարդկային ուսուցիչների եւ նրանց սաների միջեւ...

«Հայրերի եւ որդիների» պրոբլեմը նրա համար, ըստ էության, գոյություն չունի, երբեմն նա ջահել է թվում իր սաներից։

Մամյանի կերպարի բեմական մեկնաբանմանն էլ նույն տեսանկյունով է մոտեցել ռեժիսորը, միայն թե վերջինս շեշտը հիմնականում դրել է «վերջին ուսուցչի» գործիմացության ու ազնվության, սկզբունքի հանդեպ ունեցած նվիրվածության վրա, ամենեւին էլ, իհարկե, երկրորդական պլանում չթողնելով նրա մյուս հատկանիշները։

Սամվել Մամյանը նրբանկատ ու հոգեբան ուսուցիչ է, որի ներքին, պոտենցիալ հնարավորություններին, մտավոր հաղթականությանը՝ շաղախված լուսավոր թախիծով, հավատում է հանդիսատեսը։ Եվ, ամենակարեւորը, արթնանում են տագնապները մարդկայինի համար. «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով...»։ Դերասանի խոսքն ու խաղը անհատականացված են, տիպական։

Ս. Վիրաբյանի ստեղծած կերպարը ավելի կշահեր, կարծում ենք, եթե դերասանն իր ձայնի մեջ երբեմն տեղ չտար հուզումներից «թելադրվող» թրթռումներին։ Դա, անշուշտ, հակադարձ ազդեցություն կարող է թողնել կերպարի մեջ ընդգծվող համառության ու անընկճելիության վրա։ Սոսկ մասնագիտական արժանապտվությունը չէ, որ խոսում է Վիրաբյան-Մամյանի մեջ։ Նա չի կարող համակերպվել, ասենք, դպրոցի գրականության մեկ ուրիշ մասնագետի կարծիքին՝ գրականությունն էլ մյուս առարկաների պես դասավանդվող առարկա է, որ կարելի է սովորել։ Ոչ, ասում է Մամյանը, այն պետք է զգալ։ Հենց այս կետում էլ Վիրաբյանի Մամյանը, արդեն՝ եւ մասնագետը, ձուլվում է կյանքին։ Իսկ կյանքը, առաջին հերթին, անհանգիստ, անընդհատ որոնող, ճանաչման ձգտող, աղմկոտ աշակերտներն են, մատաղ սերունդը, որ անպայման ուզում է հաղթահարել դասավանդող ԱՌԱՐԿԱՅԻ ու կենդանի ԿՅԱՆՔԻ, ՍԻՐՈ ՆԱՄԱԿԻ ու ՍԻՐՈ միջեւ ընկած հակադրությունները։ Ի դեպ, բեմադրող ռեժիսորն այստեղ երեխաների միջոցով ինքնատիպորեն է «խաղացնում» սովորողներից անպակաս գնդակը։ Մի գտնված հնարանք, որի մեջ արտահայտվում է դասարանի անընդհատ շարժման մեջ գտնվող ուժը, պատանեկան անխառն գեղեցկությունը։

Ճշմարտությունը պահանջում է ասել, որ բեմադրվող գործի հաջողությունը պայմանավորված է ռեժիսորական հարուստ գյուտերով, միզանսցեններով ու միջոցներով, որոնք գեղարվեստական երկի դասը դարձնելով արդյունավետ ու տպավորիչ, օգնում են նաեւ կերպարների ամբողջականությանն ու ընդհանուր կոլորիտ ստեղծելուն։

Ե՛վ պիեսի հեղինակը, ե՛ւ բեմադրող ռեժիսորը, ե՛ւ դերասանները գործողությունների զարգացումն առաջ են տանում հիմնականում կոնտրաստների ճանապարհով։ Որքան իմաստավորված է Վիրաբյան-Մամյանի եւ հանրապետության ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մարմնավորած Անտոնյանի՝ գրականության երկու մասնագետների հակադրությունը։ Բազմափորձ դերասանուհին, որն իր կերտած կերպարների ուրույն պատկերասրահն ունի այսօր մեր թատրոնում, հաճախ է «ձեռք մեկնում» նաեւ ոչ կատակերգական դերերին։ Նա անհրաժեշտության դեպքում իր գրական մասնագիտությունը ծառայեցնում է ոչ միայն ուսուցչի, այլ նաեւ աշակերտի անունից ելույթներ պատրաստելուն։ Այսինքն՝ գիտե, թե դիրեկտորը միշտ ինչ է ասում, պատասխան խոսքի մեջ ինչ է խոսում աշակերտը։ Միայն Մամյանն է, որ չի հաշտվում այդ տրաֆարետիզմի հետ։ Դպրոցում էլ Անտոնյանի ուշքն ու միտքը ընտանեկան գործերի ու հոգսերի վրա է։ Նրա մեջ մեռած է նորի որոնումը։ Ասատրյան-Անտոնյանը համակերպվող է, զերծ չէ նաեւ վերադասին համեստ ծառայություններ մատուցելու, հաճոյանալու կարողություններից։

Իսկական դերասանը, ասում են, նա է, ով դերը չի խաղում, այլ մտնում է դերի մեջ։ «Վերջին ուսուցիչը» ներկայացման մեջ հյութեղ կերպարներ են ստեղծել հանրապետության ժողովրդական արտիստներ Բենիկ Օվչյանը (Դանիելյան) եւ Զինավուր Գեւորգյանը (Վանունի)։ Ո՞րն է նրանց դերամարմնավորման ամենահատկանշական կողմը։ Բնականությունը։ Շարժման եւ խոսքի համահնչությունը։ Շեքսպիրյան հասարակ ու պարզ իմաստությունը բոլոր դարերի համար էլ չի կորցնի իր թարմությունը. «Շարժումներդ բառերիդ հարմարեցրու եւ բառերդ շարժումներիդ, հատկապես ուշադիր լինելով, որ բնական չափավորությունից դուրս չելնես...»։

Սա հենց այն բնականության կարեւորումն է, որի առկայությունը արվեստի առկայություն է։ Ինչ է հետեւում այս ամենից՝ ապրել դերով, այն ոչ թե միայն սովորել, այլեւ զգալ, իրենը դարձնել։ Սա գլխավոր խնդիր է եւ, եթե կուզեք, ամենահիմնականը։ Չէ՞ որ դերասանը միայն դեր ԱՍԱՆ չէ, այլեւ դեր մարմնավորող ու ինչպես չէ՝ դեր հոգեւորող, կերպարավորող։ Այս տեսակետից էլ մեր թատրոնի, մանավանդ՝ ստուդիայի երիտասարդների համար, լավագույն օրինակ կարող են հանդիսանալ բեմական բեղմնավոր ուղի անցած ավագները։

Զինավոր Գեւորգյանի Վանունին՝ դպրոցի դիրեկտորը, մեզ ներկայանում է շեշտված, խիստ խարակտերային գծերով։ Նա տիպ է։ Գեւորգյանի Վանունու սկզբունքը սա է՝ ամեն ինչ «յոլա տանելով», ծերը-ծերին հասցնել, յուրաքանչյուրը հաշտ ապրի այն շրջանակների հետ, որոնց մեջ նրան դնում են հանգամանքներն ու պայմանները։ Նա թոշակի անցնելու սահմանագծին է հասել կյանքում հարթ ուղիներ ընտրելով, խութերն ու արգելքները շրջանցելով։ Եվ հիմա սպասում է, որ «աշխատանքը» գնահատեն կոչումով, նոր միայն թոշակի անցնի։ Գեւորգյանը մի հատիկ «պլյուս» բառով, որը այնքան լավ է «խաղացնում» բեմի վրա, կարողանում է անհատականացնել Վանունու խոսքը, դերամարմնավորման մեջ, իհարկե, մտցնելով նաեւ կոմիզմի տարրեր։ Դրան նպաստում է նաեւ Օվչյանի Դանիելյանը՝ ինչու բառերն էլ թոշակի չեն անցնում, ախր նրանք էլ մաշվում են, չէ՞...

Օվչյան-Դանիելյանի մի փոքրիկ ակնարկի մեջ արտացոլվում է Վանունու ամբողջ հոգեբանությունը։ Օվչյանի Դանիելյանը կոլեգաների մեջ առաջինն է փորձում հասկանալ Մամյանին, որի «նորարարությանն» ինքը եւս չէր հավատում սկզբում։ Պիեսի հեղինակը, բեմադրող ռեժիսորն ու դերասանը Դանիելյան ուսուցչին են վերապահում, ամենից շատ, փակագծերը բացողի, «անշառ» մերկացնողի դերը։ Օվչյան-Դանիելյանի մեղմ հումորը զարգանալով, աճելով, տեղ-տեղ վերածվում է սարկազմի։

Յուրօրինակ նշանակություն ու իմաստ է ստացել Սոնա Միքայելյանի կերպարը։ Ուսուցչուհի Սոնան է, որ ականատես է լինում «ստրիպտիզին» (ավարտական դասարանի աշակերտները երաժշտության տակ զվարճանում են եւ նրանցից մեկը՝ Մարին, պարում է գրեթե մերկ), Սոնան զարմանքից քար է կտրում։ Ապա՝ «գույժը» ուսուցիչներին իրար է խառնում։ Բացի Մամյանից, ոչ ոք չի կարողանում հասկանալ դասարանցիների հոգեբանությունը, աշակերտների տարիքային առանձնահատկությունների հետ էլ նրանք հաշվի չեն կարող նստել։

Սոնայի կերպարը հոգեբանական բարդ անցումներով է զարգանում, այն նրբություններ շատ ունի։ Դերասանուհի Էմմա Պապայանի Սոնան եւ Վիրաբյանի Վահանը հոգեկան մերձության եզրեր են փնտրում։ Յուրաքանչյուրն ունի երեւույթների նկատմամբ իր մոտեցումը, բայց երկուսի սկզբունքայնությունն էլ, ի վերջո, նրանց հանգեցնում է մի նպատակի։ Կյանքի շեմին կանգնած մարդու մեջ տեսնել վաղվա նոր ու առողջ ծիլերը։ Սոնան ավելի ամբողջական է Մամյանի հետ ազատ շարադրություններն ընթերցելու տեսարանում։ Այստեղ բեմական ամեն մանրամաս, ռեժիսորի կողմից գործողության մեջ դրված հնարանք, մասնակցում են (ինչպես, օրինակ, դասարանում գտնվող հերբարիումի պահարանիկը) հերոսների ներքնաշխարհի բացմանն ու նրանց արարքների, քայլերի հոգեբանական պատճառաբանվածությանը։ Էմման կերպարի համար տիպական է դարձնում իր մտահոգությունը, որը եւ զերծ չէ ցավի ու ափսոսանքի զգացումից, իսկ Մարիի հետ տեսիլային հանդիպման տեսարանում՝ զղջումից... Պապայանն իր խաղում դրսեւորում է բեմական կուլտուրա եւ պլաստիկա։

Ընդհանրապես, այդ բեմադրության մեջ առկա էր ակնահաճո մի հանգամանք. բեմ են «բարձրացվում» կերպարների հոգեբանությունը բացող ինչ-ինչ «հատկանիշներ», որոնք եւ ավելի հավաստի են դարձնում դերամարմնավորումները։ Այս առումով բավականին հաջող է «խաղում» Վիրաբյան-Մամյանի նուրբ, արտաքուստ խաղաղ եւ ներքուստ փոթորկված ԹԱԽԻԾԸ, որը իր բարձրակետին է հասնում, մանավանդ, նախարարի ընդունարանում, դռան հետ մենախոսության տեսարանում։

Բեմական լիարյուն կերպար է ստեղծել հանրապետության վաստակավոր արտիստ Ժորա Մովսիսյանը Քանքանյանի դերում։ Մովսիսյանի Քանքանյանը, չնայած ընդամենը երկու անգամ է երեւում բեմի վրա, այնուամենայնիվ, բնավորություն է ներկայացնում։ Դերասանը գունային մի քանի շտրիխներով շնչավորում է խաղը։ Հայր ու որդի Քանքանյանները լրացնում են իրար։ Սիմվոլիկ է խիստ, երբ դասից բացակայող Աշոտ Քանքանյանին փոխարինում է «աշակերտական» ֆիգուր-սիլուետը։ Սա քարացածության եւ կենդանի կյանքի հակադրումն է...

Ներկայացման մեջ զբաղեցված էին մի խումբ երիտասարդ դերասաններ։ Պիտի ասել, որ ռեժիսոր Լ. Հարությունյանի համար իր հեղինակած բեմադրություններում երիտասարդներին մշտապես «տեղ տալը» դարձել է նախասիրություն։ Սա գովական փաստ է, մանավանդ, երբ այդ երիտասարդները հիմնականում արդարացնում են իրենց։ Եվ քանի որ խոսք եղավ ստեղծագործական երիտասարդության մասին, հիշեցման կարգով նշենք, որ երիտասարդ եւ կարող ուժերի նկատմամբ հոգատարությունը, ավելի քան երբեւէ, կարեւոր խնդիր է հիմա։

«Վերջին ուսուցիչը» գործում դերեր ստանձնած «դեբյուտանտների» մեջ առանձնանում է Էլզա Պետրոսյանը։ Երիտասարդ դերասանուհու խաղը համոզիչ է։ Էլզան օժտված է չափի զգացման շատ նուրբ հատկանիշներով, որը եւ նրան օգնում էր Լորեցյանի կերպարը ամբողջականացնել։ Նրա խաղը պլաստիկ է, ճկուն, հոգեբանորեն պատճառաբանված ու գեղեցիկ։ Այստեղ, իհարկե, կարեւոր դեր ունեն նաեւ բեմական հարուստ տվյալներն ու ձայնը։

Ամենակարեւորը՝ Էլզան, ռեժիսորական հնարանքներին ու միջոցներին մոտենալով ստեղծագործաբար, հասնում է պատշաճ արդյունքի։ Զարմանալիորեն նա իր առաջին քայլերում դրսեւորում է բեմական տեխնիկային տիրապետելու կարողություն, կերպարի մեջ անհատականն ըմբռնելու խորը զգացողություն։ Էլզա Պետրոսյանի այս դերամարմնավորումը հուշում է, որ թատրոնում ծնունդ է առնում խոստումնալից մի նոր ուժ։

Թատրոնի թարմ ու հեռանկարային ուժերից է Մարիի դերակատար Գայանե Հարությունյանը։ Հարությունյանի Մարին իր արարքով դառնում է բեմադրության հանգուցակետը, որից էլ սկիզբ են առնում, կարծես թե հարմար առիթի սպասող, գործողությունները։ Երիտասարդ դերասանուհու ստեղծած կերպարը առանձնանում է ներքին լիցքերի հարստությամբ։ Հարությունյանի Մարին «ձեռնոց է նետում» բոլոր նրանց, ովքեր չէին փորձում խորամուխ լինել երեւույթների էության մեջ, ովքեր խուսափում էին կյանքում գեթ մեկ անգամ իրենց հոգին մաքրագործել ազնիվ թախծի շղարշով։ Եվ դրան նա հասնում է չցուցադրվող, բայց եւ զգացվող ներքին ինքնամարտությամբ։ Նրա «մեղավորությունը» անմեղ է, իսկ ուսուցիչները, փոխանակ հասկանալու, օգնելու, ավելի էին հրում Մարիին դեպի «մեղքը»։

«Վերջին ուսուցիչը» հոգեբանական երկ է։ Այս հորիզոնականի վրա էլ ռեժիսորը կառուցել է իր բեմադրությունը՝ կերպարների բացման բանալին տալով դերասաններին։

Աշակերտների դերերում հաջող են հանդես գալիս, չնայած տարիքի որոշակի արգելքներին, հանրապետության վաստակավոր արտիստ Ք. Հարությունյանը, դերասաններ Է. Ասրյանը, Ս. Եվրիյանը, Ս. Հայրապետյանը, Ա. Պետրոսյանը։ Էպիզոդիկ դերերը վատ չեն կատարում դերասանուհիներ Ս. Թովմասյանը (երիտասարդ ուսուցչուհի) եւ Ջ. Առաքելյանը (նախարարի քարտուղարուհի)։

Իսկական արվեստի ճանապարհը դերասանից, նրա առաջին իսկ քայլերից, պահանջում է սեփական խաղաոճի մշակման, ձեռագրի ինքնատիպության ձգտում ու ստեղծագործական իմպրովիզացիաներով ուղեկցվող որոնումներ։ Այս հարցերին, կարծում եմ, պիտի լուրջ ուշադրություն դարձնեն մեր երիտասարդ դերասանները։

Ժողովրդական արտիստ Ի. Հովհաննիսյանի ստեղծած կերպարին (Տիգրանյան), որին բեմադրության ֆինալում էական տեղ է հատկացրել ռեժիսորը, հատուկ էին ուշադրության վերականգման համար պայքարի հետեւողականությունը, ճշմարտության ճանաչումն ու հաստատումը։ Մի կարեւոր հանգամանք եւս. ռեժիսորը բեմադրությունում «գործողության մեջ» է դրել Վարդգես Պետրոսյանի ստեղծագործության ամենաբնորոշ հատկանիշներից մեկը, խոսքի դինամիզմը՝ անընդհատ գործող ու միշտ դեպի երեւույթի խորքը տանող։

Խոսելով բեմադրության ընդհանուր հաջողվածության մասին, չենք կարող չանդրադառնալ ներկայացման սկզբից մինչեւ վերջ գործողություններին «մասնակցող» լուսանշանին, որի մեջ խորհրդանշականորեն շեշտվում են պիեսի ոգուց բխող եւ մատաղ հոգիների հետ խոսող ԱՐԳԵԼՎՈՒՄ Է (կարմիր լույս), ՎՏԱՆԳԱՎՈՐ Է (դեղին լույս) եւ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է (կանաչ լույս) հասկացությունները... Այդ լույսերը առկա են նաեւ մարդկանց կյանքի ճանապարհին, խորհրդանշում են, միաժամանակ, տեսարանների փոփոխությունները բեմի վրա։ Այս ամենը, իհարկե, պայմանական բնույթ է կրում, բայց թվում է, ռեժիսորական այս հնարանքի օգտագործումը պետք է դարձնել ավելի համոզիչ։ Խոսքն այն մասին է, որ լուսանշանի հարմարանքը պետք է մերվի ընդհանուր բեմական ձեւավորմանը։ Բեմադրական ճիշտ լուծում է ստացել անտրակտի հարցը։ Այն, փաստորեն, վերածված է թատերական դասամիջոցի։

Նրբորեն է կատարված բեմադրության երաժշտական ձեւավորումը (հեղինակ՝ Ֆ. Արամյան)։

Դրվատանքի արժանի է, իհարկե, որ մեր թատրոնը համարձակությամբ էր ձեռք մեկնում ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գրողների ակտուալ հարցեր արծարծող գործերին։ Իսկ Վարդգես Պետրոսյանը մեր արձակի այն դեմքերից է, որ, ինչպես Էդուարդաս Մեժելայտիսն է ասում, «նայում եւ որոնում է հույժ կարեւոր հարցի պատասխանը, ինչպես ապրել ու շենացնել կյանքը, որպեսզի «առօրեականության տենդի» մեջ կարողանաս չկորցնել ինչ-որ մի թանկ, սուրբ, հարկավոր բան»։ Վարդգես Պետրոսյանի դրամատիկական հրապարակախոսությունը ստեփանակերտյան բեմի վրա հնչեց շեշտված ու հավաստի։

1986թ. փետրվար