Jump to content

Չհնարված հեքիաթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՉՀՆԱՐՎԱԾ ՀԵՔԻԱԹ


Տղաս ասում է՝ մի հեքիաթ պատմիր։
Եվ ես պատմում եմ. «Մի հսկա հրեշ
սարսափ ու ահ է տարածում շուրջը,
սպառնում մարդկանց։
Ու մի օր ահա, Սեւակ անունով
                մի փոքրիկ տղա
մենամարտ մղեց հրեշի դեմ այդ,
կռվեց ու հաղթեց։
Սեւակ անունով մի փոքրիկ տղա»։

Այսքանը միայն։ Լսում է տղաս՝
Սեւակ անունով,
ու լռում վստահ, հպարտ ու հաղթած։
Նա այս հեքիաթն է միշտ ուզում լսել։
Եվ ես պատմելուց չեմ հոգնում բնավ,
քանզի հեքիաթն այս հեքիաթ չէ, իրոք,
այլ ասք՝ իսկական Հավատի մասին
եւ Ուժի մասին.
նա լսում է լուրջ ու հավատում է։
Եվ ճիշտ է անում, հազար անգամ ճիշտ...

Տղաս ասում է՝ մի հեքիաթ պատմիր,
Իմ փոքրիկ տղան՝ Սեւակ անունով։