Jump to content

Պատկիրքըդ՝ ղալամով քաշած

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում
բնագիր
Պատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում

Պատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում.
Էրեսիդ խալըն ծածկում է՝ մազիրըդ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռէքըդ՝ օսկումըն շարած, պըռօշըդ մահանգ իս անում:

Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կ՚էհայ, կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողըն իր ճանփէմէն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մէջլիսումըն, շանգ, շուխի, շաբանգ իս անում:

Էրեսըդ տեսնելու գուքան քաղաք քաղքով, գիղ՝ գիղի պէս.
Միռնողըն քիզմէն կու առնէ անմահական դիղ՝ դիղի պէս.
Յիփ տիղէմէդ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պէս.
Ի՞նչ կ՚օնիս սանթուր-քամանչէն՝ զուգսըդ չօնգուր-չանգ իս անում:

Ծուցիդ մէջըն վարդ, մանուշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տէրըն բաղըն ի՞նչ կ՚օնէ՝ քու հուտըն ռեհան իս շինի.
Քամին մէջըն անց է կէնում՝ մազիրըդ ելքան իս շինի.
Աշխարհքըն՝ ծով, դուն մէջըն՝ նաւ, ման իս գալի, լանգ իս անում:

Տասնէմէդ մէկըն չին ասի, թէգուզ աշխարհըս քիզ գովին,
Նովա՛փար, ծա՛ղիկ ծովային, մանո՛ւշակ՝ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տա՛նէ Սայաթ-Նովին.
Թէ տեսնողըդ մէկ էլ տեսաւ՝ դիվանա, դաբանգ իս անում:


Էս էլ «Դիբա ու ենգիդունիայի» հանգում. Արութինի (ասած). մարտի վերջին, քրոնիկոնի 447-ին (1759):

թարգմանություն
Պատկերդ՝ վրձինով քաշած, տեսքդ երփներանգ ես անում

Պատկերդ՝ վրձինով քաշած, տեսքդ երփներանգ ես անում.
Երեսիդ խալը ծածկում է՝ վարսերով փականք ես անում.
Բացվել ես կարմիր վարդի պես, բլբուլի հետ հանգ ես անում.
Ատամներդ ոսկում շարած՝ շուրթերով հղկանք[1] ես անում:

Երեսդ նոր լուսնի նման, քանի գնում, բոլորվում է,
Փարթամ վարսդ նամ չի ուզի՝ առանց հյուսել ոլորվում է.
Դրա համար քեզ տեսնողը իր ճամփիցը մոլորվում է.
Երբ մտնում ես պարահանդես՝ երգ-կատակով խաղ ես անում:

Երեսդ տեսնելու կգան քաղաք-քաղքով, գյուղ՝ գյուղի պես.
Մեռնողը քեզնից է առնում անմահական դեղ՝ դեղի պես.
Երբ տեղիցդ շարժվում ես, զրնգում ես ծնծղայի պես.
Ինչի՞դ են սանթուր-քամանչեն՝ զուգսդ չոնգուր-չանգ ես անում:

Ծոցիդ մեջն վարդ, մանուշակ, սմբուլ ու սուսան ես շինել,
Քո տերը այգին ի՞նչ կանի՝ բուրմունքդ ռեհան ես շինել,
Քամին միջով անց է կենում՝ մազդ առագաստ ես շինել,
Աշխարհը ծով, դու մեջը նավ, ման ես գալիս, ճոճք ես անում:

Արժանիքդ չեն հասկանա, թեկուզ աշխարհը քեզ գովի,
Նունու՛ֆար, ծա՛ղիկ ծովային, մանու՛շակ՝ բաց արած հովին,
Բա քո սիրուն ո՞նց դիմանամ, ջուրը տա՛նի Սայաթ-Նովին,
Տեսնողդ թե մեկ էլ տեսավ՝ խենթ ու դիվահար ես անում:


  1. Բնագրի «մահանգը» փորձաքար է նշանակում, որով որոշում են ոսկու հարգը

    Էս էլ «Դիբա ու ենգիդունիայի» հանգում. Արութինի (ասած). մարտի վերջին, քրոնիկոնի 447-ին (1759):