Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Ա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ Ա
ԲՌՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՊԱՀԱՆՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ԿՐԱԾ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդ՝ վերջին ժամանակներս նվազեցին քրիստոնեությունը պաշտող ժողովուրդները, և զորացան այն ժողովուրդները, որոնք մահմեդական էին։ Արևելքում [զորեղացանք] պարսիկները, իսկ արևմուտքում՝ օսմանցիք, որոնք հայոց 902 [1453 թ] թվականին հոռոմներից առան հռչակավոր Կոստանդնուպոլիս քաղաքը։

Օսմանցիները Կոստանդնուպուլիսը գրավելուց հետո ավելի մեծացան, զորեղացան, և նրանց իշխանությունը ձգվեց դեպի արևելք, հասավ մինչև Թավրիզ․ այդ էր պատճառը, որ օսմանցիների փաշաները նստում էին Թավրիզում, Երևանում, Գանձակում, Շամախիում, Դամուրղափունում[1] և մինչև Խուդաֆրին[2] ենթարկել էին իրենց իշխանությանը։ Նաև Վրաց երկիրն էին ենթարկել իրենց և հարկատու դարձրել։

Այս ժամանակներում Սուրբ Էջմիածնի աթոռի կաթողիկոսն էր նույն Էջմիածին գյուղից տեր Առաքելը։ Սա մի բարեսեր, պահեցող [պաս պահող], պարկեշտ և վայելուչ մարդ էր ամեն ինչում՝ գործերի մեջ, խոսքի մեջ և հագուստներում, որ իր կյանքում վարելով կաթողիկոսությունը՝ հանգավ ի տեր։

Սրանից հետո Սուրբ Էջմիածնի կաթողիկոսը եղավ դարձյալ նույն Էջմիածին գյուղից տեր Դավիթը։ Կաթողիկոս դառնալուց հետո [կաթողիկոսությունը] վարում էր ժամանակի թելադրության և իր կարողության համաձայն։ Մի քանի տարի կառավարելուց հետո մինչդեռ կենդանի էր և կաթողիկոսական իշխանության տեր, ինքը ձեռնադրեց մի այլ կաթողիկոս, որի անունն էր Մելքիսեթ․ սա Գառնո գավառի Աղջոց վանք[3] կոչվող գյուղից էր։ [Դավիթը] սրան ձեռնադրեց այն հույսով, որպեսզի իրեն օգնական լինի, սակայն նա եղավ խանգարիչ ու հակառակորդ նրան, ինչպես որ հետո պատմությունները ցույց կտան։

Եվ Դավիթ կաթողիկոսի Մելքիսեթին կաթողիկոս օծելը երկու կերպ են պատճառաբանում։ Ոմանք ասում են օգնելու և իրեն ընկերություն անելու համար օրհնեց [կաթողիկոս] քանզի այլազգիների հարկապահանջությունը ծանրացել էր քրիստոնյաների վրա, որոնք (այլազգիները) կեղեքում էին նրանց կյանքը։ Կաթողիկոսից ևս պահանջում էին շատ ինչք, իսկ նա ինչ կարողանում, տալիս էր և ինչը չէր կարողանում, հալածական էր ընկնում և թաքնվում պահանջողներից։ Եվ այսպես որոշ ժամանակ հալածական և գաղտագողի կյանքով ապրելով՝ ձանձրացավ տագնապալից կյանքից, որովհետև մշտապես փախչում էր ու թաքնվում, իր մտքում որոշեց մեկին իրեն ընկեր դարձնել, որպեսզի միմյանց օգնական ու վշտակից լինեն, գուցե երկուսով կարողանան՝ մեկը այս կողմ, մյուսը այն կողմ շրջագայել և պատրաստել որևէ բան կաթողիկոսարանի կարիքներն ու պակասութոյւնենրը բավարարելու համար։ Ոմանք ասում են այս պատճաոով Դավիթը Մելքիսեթին կաթողիկոս օծեց, որ իրեն օգնական լինի։

Իսկ այլ ոմանք ասում են, թե Մելքիսեթ կաթողիկոսը փառամոլ մարդ էր և հետամուտ էր նախագահ իշխանության (ինքը առաջինը լինի), այդ պատճառով ամենքին առատությամբ բաշխում էր ինչքեր և բոլորին գրավում իր կողմը, ամենին իրեն բարեկամ էր դարձնում Աբիսողոմի[4] նմանությամբ, որպեսզի օգնեն իրեն և կամակից լինեն, որ ինքը լինի կաթողիկոս, նույն կերպ էլ տեղի իշխանին շատ ինչքեր տվեց կաթողիկոս լինելու համար։ Իսկ այդ իշխանը ինչքերը ստանալուց հետո Դավիթ կաթողիկոսին հարկադրեց, որսլեսզի Սելքիսեթին օծի։ Իսկ Դավիթը՝ ճար չունենալով, կամքով, թե հակառակ իր կամքի Մելքիսեթին կաթողիկոս օծեց։ Ոմանք էլ այսպես են ասում։ Արդ՝ այսպես թե այնպես մի աթոռը երկու կաթողիկոս ունեցավ միևնույն ժամանակում։

Ծանոթագրություններ
  1. Դամուրղափունը այժմյան Դերբենդն է (դամուր ղափու՝ երկաթյա դուռ)։
  2. Խուդաֆրին կամ Խուդափրին (աստծու ստեղծած) կամուրջի անուն էր Արաքս գետի վրա Պարսկաստանի սահմանում։
  3. Աղջոց վանք (Աղջկուց վանք) Գեղարդից յոթ կմ հարավ արևելք վանքային համալիր է, այս վանքի մոտ եղել է նույնանուն գյուղը, որտեղից Մելքիսեթ չարահուշ կաթողիկոսն էր։
  4. Աբիսողոմը Իսրայելի Դավիթ թագավորի որդին էր. Դավթի մեկ այլ որդին (ուրիշ կնոջից) բռնաբարել էր Աբիսողոմի քրոջը։ Աբիսողոմը սպանում է բռնաբարիչին և փախչում։ Երեք տարի հետո ներումն է ստանում Դավթի կողմից և վերադառնում է Երուսաղեմ ու հաշտվում Դավթի հետ։ Դավթի նկատմամբ երախտամոռ է գտնվում, սկսում է ժողովրդասեր ձևանալ, սիրաշահել մարդկանց և իրեն թագավոր հայտարարել։ Ի վերջո Դավթի կողմից պարտվեց և սպանվեց (Բ թագ. ԺԸ 33)։ Դավրիժեցին ակնարկում էր նրա այդ կեղծավորությունը։