Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գլուխ Ա ԳԼՈՒԽ Բ

Առաքել Դավրիժեցի

Գլուխ Գ
ԳԼՈՒԽ Բ
ՍՐԱՊԻՈՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈԻՐԲ ԱԹՈՌ ԳԱԼՈԻ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԼԻՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Թեպետ եղան երկու կաթողիկոսներ, ինչպես ասացի, որպեսզի գուցե պարտքերը թեթևացնեն, բայց ավելի շատացրին, քանի որ մինչև այժմ մեկն էր կաթողիկոսը, և ծախսողն էլ մեկն էր, իսկ այժմ երկու կաթողիկոս եղան և երկու ծախսող: Արդ՝ թե նրանց ծախսելուց, թե ժամանակի հարկապահանջությունից, և թե այլ ինչ պատճառից, այնուամենայնիվ նրանց ձեռքով պարտքը շատացավ, բարդվեց, դիզվեց Սուրբ էջմիածնի աթոռի վրա․ ասում են, թե պարտքը մինչև հիսուն հազար ղուռուշի հասավ, և չէին կարող վճարել։ Եվ երբ պարտք տվողները գալիս պահանջում էին իրենց տված պարտքը, այլև թագավորական ու իշխանական հարկահանները գալիս պահանջում էին արքունի [դիմոսական] հարկերը, կաթողիկոսները չքավորության պատճառով ոչինչ չունեին, որպեսզի վճարեին։ Այդ պատճառով մշտապես փախուստի ու թաքստի մեջ էին և ոչ կարողանում էին մի տեղում մնալ երկու կամ երեք օր և ոչ էլ ցերեկվա լույսով այս գյուղից այն դյուզը գնալ, այլ գիշերն էին դնում։ Նրանց կյանքը այն ժամանակ շատ էր ողորմելի, ինչպես որ պատմում են տեսնողները։ Նրանք տառապանքների նեղությունից և հարկերի ծանրությունից անճար լինելով մշաապես հոգսերի ու մտատանջությունների մեջ էին, թե գուցե մի հնար լինի փրկության․ երկար Ժամանակ մտածելով և մտատանջ լինելով այս խորհրդածությունների մեջ՝ երկու կաթողիկոսները իրենց և բոլոր իրենց խորհրդակիցների կամքով հանգում են այսպիսի եզրակացության, այն է, որ մեծարանքի և սիրո ողջույնով նամակ գրեն մեծ վարդապետ Սրապիոնին, որ Տիգրանակերտ քաղաքի առաջնորդն էր, որպեսզի գա և վճարի պարտքերը։ Եվ նամակում գրված էր, թե ահավասիկ մենք մեր կամքով հեռանում ենք կաթողիկոսությունից, եթե դաս և պարտքերը վճարես թող քեզ լինի աթոռն ու կաթողիկոսությունը։

Իսկ Սրապիոն վարդապետը Ուռհա քաղաքից էր, բարեպաշտ և խիստ հարուստ ծնողների զավակ, և ծնողների մահից հետո (վարդապետին) մնացին շատ ինչք ու հարստություն։ Սա սիրեց սուրբ կյանքը և առաքինի վարքը, հետևեց Սուրբ գրքի ընթերցման ու աշակերտ մտավ մեծ վարդապետ Ղուկաս Կեղեցուն, որ ժամանակի վարդապետների գլխավորն էր։ Նրան աշակերտելով, դարձավ կատարյալ մարդ ամենայն իմաստությամբ և Աստվածաշունչ գրքերի գիտությամբ։ Ղուկաս վարդապետը և ողջ ժողովուրդը, որ Ղուկաս վարդապետի առջև վկայեց, տեսնելով սրա արժանիքները՝ դրա համար նրան տվեց վարդապետական գավազան Ամիդ[1] քաղաքում հայոց 1035 (1586) թվի փետրվարի 20-ին։ Սա երբ կյանքի խոսքը (Սուրբ գիրքը) քարոզում էր, աղբյուրի նման ոռոգում էր ժողովրդի պապակած հոգիները, իսկ ամբողջ ժողովուրդը սիրելով ու հավանելով՝ նրան իրենց քաղաքի առաջնորդ են դարձնում։ Իսկ նա առաքյալի խոսքի համաձայն իր պաշտոնը փառավորում էր[Ն 1], քանզի նրա ժամակարգությունը[Ն 2] երկնայինների հանդեսին էր նմանվում իր գեղեցիկ ու վայելուչ կարգավորությամբ, երգելով ու եղանակներով, գանձերով ու մեղեդիներով, թագավորներով[Ն 3], ալելուաներով։ Իսկ դասը[Ն 4] և քարոզը իբրև սովորական գործ ինքը կատարում էր մշտապես, առանց որևէ ծուլության ասում էր դասը և քարողը։ Նաև իր կյանքը անցկացնում էր ժուժկալութամբ ու պասերով, ինչպես անապատականները։ Սրա իմաստության ու առաքինության համբավը դուրս գալով ամենուրեք հռչակվեց։ Այդ պատճառով նրա մոտ էին գալիս եկեղեցուն նվիրված իմաստության ձգտող պատանիները բոլոր գավառներից Սուրբ գրքի ուսմունքը սովորելու համար։ Իսկ նա կենդանի աղբյուրի ջրի նման ամենքի պապակը զովացնում էր, ուստի Սուրբ գրքի աշակերտների համար դպրոց կարգավորեց և ուսուցանում էր բոլորին, որոնք նույնին աշակերտելու էին մտնում։ Նրա աշակերտներից շատերը եղան երևելի ու անվանի մարդիկ։

Դրանցից էր կեսարացի Գրիգոր վարդապետը, որ գիտակ էր նուրբ ու արտաքին գիտելիքների և էր ճշմարտության դեմ կռվողներին հաղթող ախոյան՝ լինեին մերազնյա, թե այլազգի։

Եվ Բարսեղ մեծանձն վարդապետը, որ Սրապիոն վարդապետից հետո Տիգրանակերտ քաղաքի, այսինքն՝ Ամիդի առաջնորդ նստեց։

Եվ Հովհաննես Ուռհայեցի վարդապետը, որ եղավ Ուռհայացի առաջնորդ, և որը քաջահմուտ էր աստղագիտության և մաթեմատիկայի մեջ։

Եվ տարոնացի Արիստակես վարդապետը, որ կատարյալ գիտակ էր երաժշտական երգերի ու եղանակների։

Եվ Հովսեփ ու Հովհաննես վարդապետները՝ Հզուից։

Եվ մյուս Հովհաննես վարդապետը Քաջբերունուց, այսինքն՝ Արճեշից։

Եվ Մովսես կաթողիկոսը Սյունյաց երկրից, որ եղավ լուսավորիչ մեր երկրի արևելյան մասի համար և նորոգող Սուրբ էջմիածնի, որի ծախսերի պատմությունը առաջիկայում անելու եմ։

Էլ ինչո՞ւ երկարեմ, սուրբ վարդապետ Սրապիոնը երևելի ու փառավոր էր ամենքի աչքում, ոչ միայն մեր հայոց ազգի, այլև հոռոմների, ասորիների և մահմեդականների։ Նրա ձեռքում աշխարհիկ ոչ մի գործ ետ չէր մնում, եթե կամենում էր անել։

Այս պատճառով երկու կաթողիկոսներն էլ նրան ողջույնի սիրալիր նամակ գրեցին և ասացին։ «Ահավասիկ մենք՝ տկարացանք, էլ չենք կարող մեծ պարտքերը վճարել, որի մեջ թաղվել ենք։ Ահա և մենք մեր հոժար կամքով հեռանում ենք կաթողիկոսությունից և Սուրբ աթոռի տիրությունից։ Արդ՝ քեզ է շնորհվել ամենը, ինչպես որ արժան ես, կաթողիկոսությունը և աթոռը։ Արդ՝ խնդրում ենք քեզնից զանց չառնես գալու մեր փրկության և մանավանդ քո ծեր և հոգևոր ծնողին էջմիածնի Սուրբ աթոռի վերականգնման համար»։

Իսկ Սրապիոն վարդապետը, լսելով Սուրբ էջմիածնի անունը, համաձայնվեց գալ ոչ թե կաթողիկոսության ու փառքի համար, քանզի նա աստծուց ու մարդկանցից փառավորված էր, այլ եկավ լուսասփյուռ աթոռի փրկության համար, որովհետև իբրև հարազատ որդի ցավեց ծերացած ծնողի վրա։ Դրա համար Տիգրանակերտից դուրս գալով և ճանապարհ ընկնելով Վան քաղաքի վրայով, եկավ հասավ Հայաստանի վերնաշխարհը՝ գյուղաքաղաք Ջուղա, որ մեծ և նշանավոր բնակավայր էր այն ժամանակ մեր արևելյան երկրում, քանզի այն ժամանակ [բնակչությունը] տակավին քշված չէր Պարսկաստան։ Այնտեղ գալով՝ Ջուղայում դադար է առնում, իսկ նրա գալստյան լուրը տարածվեց ամեն տեղ. այս լսելով երկու կաթողիկոսների առան իրենց խորհրդակիցներից Հավուց թառի Մանուկ եպիսկոպոսին և մյուսին՝ Խորվիրապի Մանվել եպիսկոպոսին, Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսին և իրենց արյունակից աղգականներից ոմանց, եկան հասան Ջուղա գյուղը, որտեղ եկել էր Սրապիոն վարդապետը։

Մի քանի օր անցնելուց հետո գործի մասին խոսք բաց արին, որի համար բերել էին վարդապետին [Սրապիոնին]։ Եվ մինչդեռ բանակցությունների մեջ էին, և խոսակցությունը նրանց միջև առաջ էր ընթանում, արդարության թշնամին և ճշմարտության հակառակորդ բանսարկուն, որ մշտապես պառակտում է Քրիստոսի եկեղեցին, հանկարծակի նրանց միջև երկպառակություն ու խռովություն գցեց։ Քանզի այն մարդիկ, որ կաթողիկոսներ էին, չհանդուրժեցին վարդապետի [Սրապիոնի] ինչ-որ սակավ հանդիմանական խոսքերին, այդ պատճառով վեճ ու խռովություն բարձրացրին, իսկ Հավուց թառի[2] Մանվել եպիսկոպոսը ինքնագլուխ ոտքի կանգնեց այնտեղ հանդիսության մեջ, բարձրաձայն գոռում-գոչում վեճ ու կռիվ բորբոքեց նրանց միջև և խանգարեց ասուլիսը։ Այս բանը վատ ազդեց գործի վրա, բոլոր նստածները խոժոռվեցին, զզվեցին, ամեն ինչ լքեցին և միմյանց իբրև ատելիներ թվալով՝ իրարից անջատվեցին յուրաքանչյուրը իր համար։

Այդտեղից կաթողիկոսները և իրենց մարդիկ վեր կացան գնացին Սյունիք Տաթևի վանքը։ Իսկ Սրապիոն վարդապետը մնալով այնտեղ Ջուղայում որոշ ժամանակ՝ իբրև նոր Սիոնի բարձրաձայն ավետարանիչ ուսուցանում և լուսավորում էր բոլորին լուսասփյուռ վարդապետությամբ, որ սիրեցին ու հավանեցին ջուղայեցիները, և բոլոր արևելցիները ուրախանալով՝ օրհնություն էին վերառաքում ի բարձունս ի [աստծուն]։

Սրանք առնելով վարդապետին՝ բերին հասցրին բարձրագահ աթոռը Սուրբ Էջմիածին։ Եվ հավաքելով երկրի ողջ ժողովրդին՝ եկեղեցականներ, աշխարհականներ, արին մեծ ժողովրդով և այդպիսի բազմամարդ հանդեսով Սրապիոն վարդապետին ամենայն հայոց կաթողիկոս և Էջմիածնի Սուրբ աթոռի հաջորդ ձեռնադրեցին մեր թվականության 1052 [1603]-ի օգոստոսի 14-ին. նրա ձեռնադրության օրը նրան Գրիգոր վերանվանեցին ըստ սուրբ Լուսավորչի [Գրիգորի] անվան, որ թերևս նույնի աղոթքներով նաև սա վերջերում լուսավորի հայազուններին, ինչպես նա հնում. մեր օրերում կատարվեցին այս խորհուրդն ու մտածումը։

Նշումներ
  1. Զպատշօնն իմ փառաւոր առնե (Հռոմ. ԺԱ 13)
  2. Եկեղեցական երգեր, որ ժամագրքերում սկսվում են «Թագաւոր յավիտեան» կաղապարով։
  3. Եկեղեցական ասմունքի համակարգը։
  4. Ժամերգության երկու կարգը՝ աջ և ձախ խմբերի ասմունքը։
Ծանոթագրություններ
  1. Ամիդը այժմյան Դիարբեքիրն է Թուրքիայում։
  2. Հավուց թառը գտնվում է Գառնիից դեպի արևելք Ազատ գետի ձախ ափին բարձունքի վրա։ Այժմ գրեթե ավերակ է։ Հայաստանի նշանավոր վանքերից է, մշակույթի և կրոնական կենտրոն էր։ Կառուցվել է 1013 թվականին և 1679 թվականին ավերվել երկրաշարժից։ Վանքերի համալիր է։