Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Թ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ Թ
ԹԵ ԻՆՉ ՊԱՏՐՎԱԿՈՎ ՇԱՀ-ԱԲԱՍԸ ՎՐԱՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ ԻՐ ՄՈՏ ԿԱՆՉԵՑ ԵՎ ԻՆՉ ՀՆԱՐՆԵՐՈՎ ԴԱՎԵՑ ՆՐԱՆՑ

Պարսից թագավոր Շահթահմազի թագավորության ժամանակներում այս Շահթահմազին հաջողվեց զորեղանալ և բռնանալ իր շրջաբնակ այլ ազգերի վրա. սա բռնացավ վրաց ազգի վրա և նրանց թագավորներից պատանդներ վերցրեց։ Թիֆլիսի թագավորից որ մեծ Սիմոն խանն էր, վերցրեց սրա դստերը և եղբորը։ Կախեթի թագավորից, որ Ալեքսանդրն էր՝ սրա որդուն, որի անունն էր Կոստանդին։ Այս Ալեքսանդր թագավորն ուներ երկու որդի ևս՝ Դավիթ և Գորգի։ Սրանք երկուսն էլ գտնվում էին իրենց Ալեքսանդր հոր մոտ։ Իսկ Կոստանդինը, որ տրված էր պարսից Շահթահմազ թագավորին պատանդ, մնաց այնտեղ և դաստիարակվեց նրանց մոտ, մեծացավ և թագավորի արքունիքում հայտնի մարդ դարձավ, որովհետև քրիստոնեական դավանանքից հանեցին, դարձրին մոլար առաջնորդի [Մահմեդի] կրոնին։ Շահթահմազը մեռավ, թագավորեց սրա որդի Շահիսմայելը տարի ու կես, սրան սպանեցին։ Սրանից հետո թագավորեց սրա եղբայր Շահխուդաբանդան՝ ինը տարի։ Սրանից հետո թագավորեց սրա որդին՝ աշխարհավեր Շահ֊Աբասը։ Իսկ այս Կոստանդինը [Կախեթի Ալեքսանդր թագավորի որդին] մնաց մինչև հիշյալ Շահ֊Աբասի Ժամանակները։ Երբ շահը Թավրիզ, Նախիջևան, Երևան եկավ և գրավեց դրանք իր իշխանության ներքո, այս Կոստանդինը շահի հետ էր։

Եվ այն օրերին, երբ շահը Երևանում էր և ճակատամարտում էր Երևանի բերդում գտնվող օսմանցիների դեմ, չար մտահաղացումների մեջ հարուստ Շահ֊Աբասը մտածեց, որ վրաց թագավորներին սա բերի իր մոտ։ Այդ բանի համար նրանց մոտ հրավիրողներ է ուղարկում նրանց կողմից տրված պատանդներին, որոնցից մեկն էլ այս Կոստանդինն է, որին [շահը] իբրև հրավիրող ուղարկեց սրա հոր Ալեքսանդրին կանչելու։ Իսկ Հանիս Թահմազղուլուն, որ Աթաբեկի եղբայրն էր, որին նախապես հիշատակել ենք, հրավիրող ուղարկեց Թիֆլիսի Գորգի թագավորին։ Իսկ այս Գորգի թագավորը մեծ Սիմոն խանի որդին էր, որ Սիմոն խանի բռնվելուց հետո, այս Գորգուն նրա փոխարեն թագավոր նշանակեցին։ Իսկ շահը, որ հրավիրողներ ուղարկեց վրաց թագավորների մոտ, հիշեցրեց նրանց և ասաց, եթե հաստատուն մնում եք նախապես կնքված դաշինքի վրա, որը մեր նախնիները պայմանավորված հաստատել են, պարտավոր եք չարչարվել, գալ մեզ օգնության, որ պատերազմի մեջ ենք թշնամիների դեմ։ Իսկ վրաց թագավորները այս առնչությամբ վարանքի մեջ ընկան, որովհետև չէին կամենում գնալ բայց երկար մտածելուց հետո հանձն առան գնալ ոչ թե իրենց կամքով կամ անգիտությամբ, այլ անհնարինությունից։ Որովհետև չկան այնպիսի թագավորներ, որ կարողանան ընդդիմանալ օսմանցիներին ու պարսիկներին, այլ թույլ են ու անզոր, դրա համար անհրաժեշտ է, որ սրանց մեկնումեկի հովանու ներքո գտնվեն։ Առաջ Շահթահմազի ժամանակ պարսից հովանու ներքո, իսկ Լալա փաշան, որ օսմանցիների զորահրամանատարն էր, եկավ գրավեց վրաց քաղաքները և նրանց մեջ բերդեր շինեց, իսկ բերդերում նշանակեց ենիչերիներ, որովհետև Սիմոն խանին փախցրեց։ Եվ հետո օսմանցիների մյուս զորավարը՝ Ջաֆար փաշան եկավ, բռնեց Սիմոն քսանին և ուղարկեց Կոստանդնուպոլիս խոնդկարի մոտ, որտեղ սպանեցին Սիմոն խանին ու նրա թոռանը։ Այս պատճառով վրացիք հեռացան օսմանցիներից։ Եվ արդ շահը սրանցից պահանջում է գալ հնազանդության ու պատրվակներ է կցմցում նախապես կնքված դաշնադրությունը, որ նախնիների ժամանակ է կնքվել: Եվ սրանք [վրաց թագավորները] ոչ թե դաշնադրության, ոչ թե անգիտաբար, ոչ թե կամքով, այլ անելանելի վիճակից [մտածում էին], թե միգուցե շահը օսմանցիների դեմ պատերազմն ավարտելով, դառնա վրացիների վրա։ Խորհեցին դրանով գրավել նրա սիրտը, որ թերևս դրանով հեռացնեն իրենցից ու իրենք մնան խաղաղության մեջ։ Եվ այն չէին իմանում, թե հետագայում նույնի ձեռքով է լինելու իրենց ազգի կորուստն ու կյանքի վերջը։

Արդ վրաց երկու թագավորն էլ՝ Ալեքսանդրն ու Գորգին ելան, եկան Երևան, տեսան շահին։ Իսկ շահը, ինչպես որ նրանց ազգի մեջ ի բնե գոյավորել է խորամանկաթյունը, նախապես սիրով ու մեծարանքով ընդունեց նրանց, հանդերձանվերով պատվեց, որպեսզի իր մոտ նրանց սիրեն, տեսնողների սիրտը գրավի։ Խաղաղությամբ պահեց, մինչև որ Երևանի բերդը գրավեց։

Ապա ըստ դյութական ու կախարդման իրենց արհեստի թույն խմեցրեց Գորգի թագավորին, որ քիչ օրերից հետո մեռնի, իսկ Գորգի թագավորը նույն ժամին չիմացավ այս դավադրությունը, որ շահը նրա հանդեպ գործադրեց։ Այս դավադրությունից հետո շահը սիրով ու պարգևներով Գորգուն ուղարկեց գնալու իր տեղը։ Եվ նա ելավ Երևանից գնաց իր Թիֆլիս քաղաքը ու քիչ օրեր ապրելով մեռավ ըստ [թույնի] ազդեցության ու շահի ցանկության։ Տեղի ժողովուրդն ու իշխանները Գորգու տեղը թագավորեցրին նրա տարիքով մանուկ որդուն՝ Լավասափին։ Արդ՝ Գորգու վախճանը շահի ներգործությամբ այդպես եղավ։

Իսկ Ալեքսանդր թագավորին շահը իր մոտ պահեց, չթողեց գնալ, այլ իր հետ տարավ շրջեցրեց այստեղ-այնտեղ և նրանից պատանդ էր պահանջում։ Այս պատճառով Ալեքսանդրը ճարահատյալ կամքով թե ակամա բերեց իր մանուկ թոռին, որի անունն էր Թամրազ, տվեց շահին պատանդ, որից հետո շահը թույլատրեց նրան գնալ։ Եվ Ալեքսանդրը շահի կողմից ազատ արձակվեց, գնաց իր տեղը։ Նրա թոռ Թամրազը մնաց շահի արքունիքում, իսկ Թամրազը Ալեքսանդրի որդի Դավթի որդին էր։