Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Ժ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ Ժ
ՇԱՀ-ԱԲԱՍԻ ՄԻ ԱՅԼ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՈԻՐԻՇ ԱՆԳԱՄ ԱՐԵՑ ՎՐԱՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կախեթի վերոհիշյալ Ալեքսանդր թագավորը իր հոժար կամքով թագավորությունը հանձնել էր իր Դավիթ որդուն, և Դավիթը վարում էր թագավորական իշխանությունը։ Իսկ Ալեքսանդրի մյուս որդին՝ Գորգին քենով լցվեց նրա դեմ և սպանեց իր Դավիթ եղբորը, որպեսզի ինքը լինի թագավոր։ Նրանց հայր Ալեքսանդրը կենդանի էր, թագավորությունը չհանձնեց Գորգուն, այլ ինքը գրավեց ու ինքն էր վարում թագավորությունը։

Այս ժամանակ չար հնարքների մեջ խորամանկ Շահ֊Աբասը մտածեց կործանման մի ինչ֊որ հնար՝ երկպառակություն գցեց քրիստոնյաների թագավորության մեջ։ Իր մոտ կանչեց նախապես հիշատակված ուրացող Կոստանդինին՝ Ալեքսանդրի որդուն, որ շահի պալատում էր, խոսեց ըստ նրա սրտի ցանկության ու հաճույքի և ասաց նրան. «Մեր զորքերից բավականաչափ զորք վերցրու քեզ հետ, որ ես քեզ կտամ, և գնա քո հայրենի երկիրը, քո հայր Ալեքսանդրին ու քո եղբայր Գորգուն սպանելու հնար մտածիր, որպեսզի քո հոր փոխարեն դու լինես թագավոր և վարես քո հայրենի թագավորությունը։

Բայց առայժմ թե մեր ազգի և թե այնտեղ վրաց ազգի մեջ մի ցույց տա քո գնալու նպատակը, թե գնում ես քո երկիրը, այնտեղ ապրես, այլ կձևացնես և իբրև բացահայտ պատճառ ամենքի մոտ այս կխոսես, թե շահը ինձ այս զորքով ուղարկել է, որ գնամ Շամախի՝ այն գրավելու։ Եվ երբ կհասնես քո երկիրը, որը քեզ կհաջողվի, այն կանես՝ կամ քո հոր և քո եղբոր սպանությունը և կամ Շամախու գրավում»։

Արդ՝ դարանակալ օձը այսպիսի պատվեր ընդունելով ելավ զորքով գնաց Կախեթի գավառը իր հայր Ալեքսանդրի մոտ, բայց այդ ժամին չկարողացավ դավել, որովհետև կասկած ընկավ վրացիների սիրտը՝ հիշելով նրա անօրեն գործերը. նա ինքը նույն ժամին վարագուրեց իր մտքում կուտակած մտադրությունը։ Իրեն անկեղծ ու աննենգ ցուցադրելու և վրացիների սիրտը գրավելու համար իր հոր վրացի զորքերից իր հետ վերցրեց մեծ թվով զորք, ելավ, գնաց Շամախու վրա։ Իսկ վրացիները շատ էին կամենում նրա կործանումը, այս պատճառով ճակատամարտի ժամանակ ետ էին մնում ու հավատարմորեն չէին ճակատում, որպեսզի գուցե այդ կռվում օսմանցիների ձեռքով լինի նրա կորուստը։ Իսկ չար Կոստանդինը իր հոգում հասկացավ այս իրողությունը, նաև այն գիտեր, թե պարսից զորքով չի կարող օսմանյան զորքին հաղթել և մինչդեռ կռվի մի խմբում մարտնչում էին օսմանցիների դեմ, թողեց, լքեց ճակատամարտի գործը և ուղիղ փախավ պարսից աշխարհը, գնաց շահի մոտ։ Իսկ օսմանցիք շրջապատելով պարսից մնացած զորքը, իսպառ կոտորեցին նրանց և նրանց ամբողջ ունեցվածքը ավարեցին։

Իսկ շահը կրկին անգամ զորքեր տվեց Կոստանդինին մոտ երեսուն հազար և կրկին ուղարկեց իր հայրենի երկիրը միևնույն մտադրությամբ։ Եվ երբ Կոստանդինը հասավ իր հայրենի երկիրը, իրեն ձևացնում էր իբրև ուրացությունից զղջացած և իբր կամենում էր կրկին դառնալ քրիստոնեական հավատին, այս պատճառով իբրև բարեպաշտ մեկը սրտով համաձայնեց շրջագայել վրաց եկեղեցիներն ու վանքերը և այս կերպով եկեղեցիներից հավաքեց բազմաթիվ անոթներ՝ խաչ, սկիհ, բուրվառ և այլն, ինչ որ կամեցավ, և հետո այդ բոլոր անոթները ջարդոտեց և իբրև ռոճիկ բաժանեց պարսից զորքերին, որոնք իր հետ եկել էին։ Երբ վրացիները տեսան այս, սրտով ու հոգով խոցվեցին և անմիջապես ցանկացան նրան զրկել կյանքից։ Խորհրդակցեցին Ալեքսանդրի՝ նրա հոր հետ, որ սպանեն նրան, իսկ Ալեքսանդրը հապաղում էր այս գործում, տակավին մտածում էր կատարման միջոցների մասին։ Եվ մինչ Ալեքսանդրը այս մտքերի մեջ էր, Կոստանդինին հայտնվեց այս մտադրությունը, իսկ այս Կոստանդինը շտապեց նախապես և սպանեց իր հայր Ալեքսանդրին և եղբայր Գորգուն, իր ձեռքն առավ իշխանությունը և բռնացավ երկրի վրա։

Սրանից հետո Կոստանդինը դարձյալ հավաքեց իր զորքերը և վրաց ազգից երկրի զորքերը և նրանցով ելավ գնաց Շամտխու վրա։ Երբ մի երկու օրվա ճանապարհ գնացին, այն ժամանակ վրաց զորքը միաբանվեց․ մինչ ճանապարհ էին գնում, հարձակվեցին Կոստանդինի վրա սրախողխող անելով կտոր-կտոր հոշոտեցին նրան և չարը մեջտեղից վերացրին։ Իսկ պարսից զորքերը, որ Կոստանդինի հետ էին եկել, սաստիկ խոժոռվեցին այդ բանի վրա. կամեցան կռիվ ելնել վրաց զորքի դեմ։ Իսկ վրաց զորքերը մի գրված թուղթ ցույց տվին, իբրև թե շահի կողմից էր ուղարկված նրանց այդ անելու համար։ Սրանով վրացիները պատասխանեցին պարսիկներին, թե շահի հրամանով արեցինք այդ. ապա պարսից կողմը թուլացավ և չկռվեցին, այլ միմյանցից բաժանվելով՝ գնացին դեպի իրենց ժողովուրդն ու տեղերը։ Այս Կոստանդինի առաջին ու երկրորդ գալուստը և սաստկումը տեղի ունեցան մեր թվականության 1054 (1605)-ին։

Իսկ Կախեթի թագավորական իշխանությունը իր իսկ հրամանով ստանձնեց Ալեքսանդրի հարսը՝ Դավթի կինը։ Եվ այն երկու պատճառով։ Նախ՝ երկրի իշխանները այդպես կամեցան, որովհետև Դավթի կինն էր, իսկ Ալեքսանդրի թագավորությունը տրված էր Դավթին։ Երկրորդ՝ որովհետև Թամրազի մայրն էր․ իսկ թագավորության ժառանգ Թամրազն էր մնացել, (երրորդ)՝ իբրև ավանդապահ թագավորությունը պահում էր իր որդի Թամրազի համար, որ տակավին պատանդ էր մնում շահի մոտ, որ Գանձակի բերդը գրավելուց հետո, ինչսլես նախօրոք ասել ենք, շահը Թամրազին Կախեթ ուղարկեց, որ եկավ թագավորեց իր հայրենի տեղը։

Այս Թամրազին Կախեթ ուղարկելու պատճառը հետևյալն է․ որովհետև երբ Շահ-Աբասը իր հնարավոր ներգործությամբ սպանել տվեց այս Թամրազի պապին նրա երեք որդիներով իրար ձեռքով, սրանց տեղը մնաց թափուր, տեղի ժառանգը միայն Թամրազն էր, իսկ սա շահի մոտ պատանդ էր մնում, այս պատճառով սրան ուղարկեց։ Նաև շահը քաջ գիտեր, որ եթե պարսիկ ուղարկի Կախեթի երկրին իշխող, Կախեթի իշխանները չեն ընդունի, ուստի Թամրազին ուղարկեց։