Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԺԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԺԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈԻ ՊԱՏՃԱՌ ՎՐԱՑ ԵՐԿՐԻ ԱՎԵՐՄԱՆ ԵՎ ՍՐԱՆՑ ԼԱՎԱՍԱՓ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ, ՈՐ ԵՎԱՎ ԱՌԱՋԻՆ ՇԱՀ-ԱԲԱՍԻ ՁԵՌՔՈՎ

Երբ վրաց Գորգի թագավորը Երևանից դարձավ և գնաց հասավ թիֆլիս, չապրեց, այլ շուտով մեռավ, քանզի Շահ-Աբասը թունավորել էր նրան, ինչպես որ վերևում սլատմեցինք:

Վրաց իշխանները Գորգի թագավորի տեղը նույնի որդուն, որի անունն էր Լավասափ, թագավոր կարգեցին մանուկ հասակում։

Եվ այնպես եղավ, որ Լավասափ թագավորի հրամանով մի մարդ նշանակվեց Թիֆլիս քաղաքի վրա մովրովության (գավառապետի) պաշտոնով, որ հիմա կոչում են տարուղա[Ն 1]: Այս մովրով նշանակվածը խոսքով խելացի, մտքով հարուստ և իր գործի մեջ խելամուտ մարդ էր. նաև հսկայակերպ, ուժեղ, քաջ, մարտիկ և անպարտելի կտրիճ, որ ինչ կողմի միանում էր, մյուս հակառակ կողմին հաղթում էր, և դիմադիր զորքը իբրև բանջար կոտորում, թափում էր դաշտի երեսը։ Սրա քաջությունը առաջիկայում շատ տեղերում կհիշատակվի, որից դու հավաստին (ճշմարտությունը) կիմանաս։ Բայց այս գավառապետը ազնվորդի, կամ իշխանազուն, կամ երևելի տոհմից սերված մարդ չէր, այլ հասարակ ու ցածր տոհմից էր սերված, որ վրացիք գլեխի (գյուղացի) են ասում։ Այս գավառապետը ուներ նաև մի քույր, նորահաս մի կույս, չքնաղ ու գեղեցիկ, մարմնի ու հասակի դրվածքները գեղեցկատես ու գեղակազմ:

Իսկ Լավասափ թագավորը զարգացավ, չափահաս դարձավ, տասնհինգ-աասնվեց տարեկանից ավել կամ պակաս, երբ մարդու մեջ սեռական ցանկությունը զորեղանում և իր իշխանության տակ առնելով (մարդուն) շրջեցնում է։ Այդ ժամանակ Լավասափ թագավորը հրապուրվում է գավառապետի քրոջով, մոլեգին կրքոտությամբ սիրում նրան և գաղտնի խաղում նրա հետ։ Բայց նրանք չեն զուգավորվում, այլ երկուսն էլ կույս են մնում՝ Լավասափն էլ, աղջիկն էլ։ Այս գործը թեպետ որոշ ժամանակ ծածուկ մնաց, բայց հետո հայտնի դարձավ ըստ տիրոջ այն խոսքի, թե չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա[Ն 2]: Այս լուրը հետո ընկավ նաև գավառապետի ականջը։ Նաև նրանք, որ նախանձախնդիր էին ու ոխակալ գավառապետի հանդեպ՝ չարիքի զավակներ ու խռովություններ հրահրողներ, այս բանը հիշեցին գավառապետի ներկայությամբ և երեսծեծանք արին նրա համար։ Գավառապետը այս պատճառով հոգու խորքում վշտացավ և թախծոտ սրտով իր համար մահ էր որոնում, բայց չէր գտնում։ Երկար ժամանակվա ծածուկ տրտունջներից հետո գավառապետը տրտնջում էր բացահայտ ու համարձակ, բոլորի հետ խոսում էր և ասում. «Ես սպանելու եմ Լավասափին, քանզի չեմ կարող տանել այսպիսի նախատինք, որ ասում են իմ երեսին, որովհետև ամոթալից առակ դարձա աշխարհի մեջ»: Իսկ Լավասափ թագավորի իշխաններն ու մտերիմները, երբ լսում էին գավառապետի խոսքերը, վախենալով խուսափում էին նրանից, քանզի գիտեին, որ նա կարող է գործով անել այն, ինչ խոսքով ասում է։ Այդ պատճառով հարմար ու պատշաճ ժամանակ ողոքով ու աղաչանքով խնդրում էին Լավասափին հեռու մնալ այդպիսի գործից, որ բնավ չի վայելում թագավորական անունին։ Նաև գավառապետի սպառնական խոսքերը միգուցե գործնականում իրականանան։ Եվ իր բարեկամների բազում թախանձանքներին ունկնդիր Լավասափը ասաց. «Չեմ կարող այն կույսից հեռանալ, քանզի ես հոգուս չափ սիրում եմ նրան, բայց քանի որ այդպես եք ասում և գիտեք իսկ, որ ես կին չեմ առել։ Այն կույսն էլ՝ մարդ. արդ օրինավոր կարգով նրան ինձ կին խոսեցեք և նշան դրեք, որպեսզի հարսանիք անենք, և ձեր տրտունջները կվերանան»: Լավասափի այս խոսքը հաճելի եղավ բոլոր իշխաններին, նաև հենց գավառապետին։ Եվ ուրախանալով փառք էին տալիս աստծուն, որ խռովությունը մեջտեղից վերացավ։ Եվ այն խոսքով այն աղջկան նշան դրին Լավասափի կնության համար։ Իսկ աղջկա եղբայր գավառապետը շատ ուրախացավ այս գործի առիթով և գոհ մնաց Լավասափից, իրեն համարում էր նրա ծառան ու պաշտոնյան, և (ասում էր), թե՝ «ինձ և իմ կյանքս դրել եմ նրա ճանապարհին ու հրամանին, որովհետև չարհամարհեց իմ անտոհմիկությունը, քանի որ գլեխու որդի էին ասում, այլև այնչափ հաճեցավ իմ հանդեպ, մինչ որ իմ քրոջը առավ կնության և թագուհության իրեն»:

Իսկ բիրտ, գոռոզ ու ինքնահաճ վրաց ազգը, որ (այսպիսի դեպքում) տոհմիկությունն ու նախնի հայրերի սերունդներն են քննում ու հետախուզում, չհաճեցին այս գործը, քանզի իշխանների, ազնվորդիների ու թավադների կանայք, որոնք մեծատոհմիկ էին, անցյալ ու արդի ժամանակի իշխանների դուստրեր, կանայք ու մայրեր էին, սրանց հետ նաև որոշ տղամարդիկ բնավ չցանկացան և այս գործին կամակից չգտնվեցին։ Քանզի երևելի իրենց ամուսիններին ու որդիներին կանայք ասում էին. «Ինչպե՞ս կարելի է, որ մենք դուստրերս այսինչ անունով ազնվորդիների, կանայք ու մայրեր այսինչ անունով իշխանների գնանք խոնարհության ու ողջույնի մեկին, որ դուստրն է մի գլեխի [գյուղացի] մարդու, մի շինականի։ Արդ՝ եթե համոզեք թագավորին ետ կանգնել այդ մտքից և իրեն կին առնել թագավորների դուստրերից, լավ կլինի. իսկ եթե ոչ այսպես, մենք էլ չենք կամենա գնալ ողջույնի ու խոնարհության մի գյուղացի աղջկա, որովհետև մեզ համար այդ բանը ծանր է, իսկ եթե կամենում եք, մեզ արձակեցեք ձեր կնությունից ու այլ կին առեք»։ Եվ շատ օրեր այս դարձավ մեծ ու անփարատ շփոթ, վեճ, խռովություն վրաց ազգի մեջ։ Որքան էլ հնարամտում էր հավանություն տվողների կողմը, չէր կարողանում համոզել անհավան կողմին։ Այս պատճառով խաղաղասերները ճարահատյալ ընկան Լավասափի ոտքերը և աղաչեցին, որ գուցե խաղաղությամբ այս խնդրին մի ելք գտնի։ Իսկ թագավորը նույնպես անճար մնալով այս առթիվ, ասաց նրանց, թե դուք գիտեք, իսկ իշխանները (մարդ) ուղարկեցին Մենգրելիա և Մենգրելիայի թագավորի դստերը նշանեցին Լավասափի համար իբրև կին։ Այս պատճառով Լավասափը հեռացավ գավառապետի քրոջից:

Իսկ այս գավառապետը, որ սկզբում իր մեջ բնակեցրած ուներ մեկը չար սատանայի զորքերից, և արդ՝ այն առաջին սատանան յոթ այլ իրենից ավել չար սատանաներ իր հետ առավ, եկավ բանակեց այս գավառապետի մեջ: Սրա վերջինը ավելի չար, քան առաջինը։ Որովհետև փռնգտում էր իբրև մարտասեր երիվար, մռնչում էր իբրև առյուծ և արտափչում էր Լավասափի վրա իբրև հրաշունչ վիշապ. (առիթներ) էր որոնում նրան սպանելու երկու պատճառով։ Առաջին՝ իր քրոջ նախկին խայտառակության համար, և երկրորդ նույնի վերջին անարգանքի համար, և որոնում էր, որ առիթ գտնի, Լավասփին զարկի, սպանի:

Իսկ մտերիմ իշխանները (Լավասափի) ու ցավակից բարեկամները զգուշանում ու պահպանում էին Լավասափին, նրան զգուշացնում էին, որ իրեն պահպանի գավառապետից։ Նրան խրատում էին, որ գավառապետին սպանի։ Եվ երբ իշխաններն ու Լավասափը գավառապետի սպանությունը իրենց մեջ համոզմունք դարձրին, այս դիտավորությամբ մի օր շատ գինի խմեցրին գավառապետին, գուցե փոքր-ինչ թուլանա իր զորությունից, որպեսզի հեշտությամբ սպանեն նրան: Երբ ժամը հասավ, թագավորը դուրս եկավ, իսկ իշխաններից ով տեղյակ էր, նրանք էլ մեկ-մեկ դուրս եկան։ Լավասափի մոտ կանչեցին մի դահիճ, որ Լավասափը հրամայի նրան ներս գնալ ու գավառապետին սպանել։ Եվ այն պահին մինչ դահճի հետ այդ էր խոսում, գավառապետի ծառաներից մեկը, որ նրա առաջագնաց ծառան էր, որին շաթը են ասում, և իսկույն ինչպես թռչուն թռավ ներս՝ տունը, որտեղ գավառապետն էր և նրան ասաց. «Ահա գալիս են քեզ սպանելու, քանի որ թագավորի կողմից քո մասին այդպես հրամայվեց»։ Իսկ գավառապետը երբ լսեց, սաստիկ երկյուղից այնպես գինեթափ եղավ, որպես թե բնավ գինի չէր խմել։ Այդ ժամին նա գոտիարձակ, գլխաբաց նստած էր. տագնապալից այդպես բոբիկ, գոտիարձակ, գլխաբաց վեր թռավ տեղից, սլացավ թագավորի երիվարների ախոռը, որտեղ կապված էին արքունի երիվարները, քանի որ մոտիկ էր: Եվ գավառապետը ինքը փորձով գիտեր, թե երիվարներից որ մեկն է արագագնաց ու սրընթաց, սանձը դրեց երիվարի բերանը և ախոռի ներսում հեծավ առանց թամբի, միայն ջուլը վրան երիվարը մահվան երկյուղի պատճառով, որպեսզի չբռնվի ու սպանվի։ Այդպես հեծած երիվարը ախոռից դուրս եկավ, թուլացրեց երիվարի երասանը, մտրակեց նրան, որ իրեն առնի, փախցնի։ Իսկ օդասլաց այն երիվարը իբրև երկնաթռիչ թռչուն, նրան առած այնպիսի մի ընթացքով էր գնում, որ ոչ ինչպես հողի վրա, այլ իբրև օդի երեսով։ Թեպետ Լավասափի զորքերից շատերը երիվար նստեցին և ընթացան հետևից, բայց նրանցից ոչ ոք չկարողացավ հասնել բացի երկու մարդուց։ Իսկ գավառապետը ասաց նրանց, որ նրանք սպասեն, տեղում կանգնեցին մի պահ. երբ եկողները կանգնեցին, գավառապետը սկսեց աղաչանքի խոսքերով խոսել նրանց հետ, որպեսզի չբռնեն իրեն, այլ թույլ տան իրեն գնալ։ Այնքան խոսեց, մինչև գութ ու խղճմտանք գցեց նրանց սիրտը, նրանք չբռնեցին նրան, այլ թողեցին։ Եվ նա անցավ, գնաց Թիֆլիս քաղաքը։ Գիշերը մտավ, միևնույն գիշերն դուրս ելավ, առավ իր հետ մի թարգման, որովհետև ինքը այլազգիների լեզուն չգիտեր։ Գնաց Աղստևի գավառը Ղազախի Սուլթանի մոտ, որ նստում էր նույն գավառում. ծանոթացրեց նրան իր գլխի անցածը և խնդրեց նրանից իրեն ուղարկել Շահ-Աբասի մոտ։ Նրանք լցվեցին անպատմելի ուրախությամբ, իրենցից շատ մարդիկ պատրաստեցին, նրան առան, հասցրին շահի մոտ, որ այն ժամանակ գտնվում էր Շամախու գավառի Ղղըլաղաջ անվանված վայրում։

Եվ ղազախ զորականները գավառապետին տարան, ներկայացրին Շահ-Աբասին։ Իսկ շահը խոսում էր գավառապետի հետ և հարցնում, ով, որտեղից լինելը և ինչի համար (գալը): Գավառապետը բոլոր հարցումներին պատասխանում էր կանոնավոր խոսքերով։ Եվ ասում էր, եթե քո տերության հովանու տակ ընդունես ինձ, ես շատ գործերի ու իրողությունների մեջ պետք կգամ քեզ ծառայելով։ Շահը իր բանակով որոշ ժամանակ մնաց այնտեղ, ապա այնտեղից շարժվեց դեպի Սպահան, իր հետ տանելով նաև գավառապետին։ Օր առ օր առաջ շարժվելով հանդարտությամբ գնացին, մինչև հասան Սպահան։ Ամեն հարմար պահի շահը խոսում էր գավառապետի հետ և տեղեկանում էր վրաց երկրին ու ազգին, երկրի ամրությանը, թագավորների ու իշխանների խելքին, ազգի քանակին, զորքերի քաջությանը և այլն, ինչ որ կամենում էր։ Մնացին այնտեղ Սպահանում, անցավ այդ տարին, մտան երկրորդ տարին. շահը ասում է գավառապետին. «Ահա անցան շատ օրեր. ի՞նչ կերպով պատրվակներ հերյուրենք, որ այդ պատճառով զորաժողով անենք, գնանք վրաց ազգի վրա»։

Իսկ գավառապետը ըստ ամենայնի կամենում էր վրեժ առնել Լավասափից, որը ստորության և քրոջը անվանարկելու համար էր. այդ պատճառով էլ իսկապես եկել էր. ըստ այդ ուղղության ու կերպի խոսեց՝ հրահրելով Շահ-Աբասին՝ ասաց. «Լավասափն ունի մի թագավորազն քույր». սա նորահաս կույս է չքնաղագեղ ու գեղատես և ամեն որպիսությամբ վայելուչ, որ արժան է ոչ ոքի, բայց միայն իմ տեր արքային։ Արդ խնդրիր նրան քեզ կին. կույսի գալուց հետո մորն էլ պահանջիր կույսի համար։ Երբ մայրը գա, մորն էլ կպահես այստեղ կույսի պատճառով։ Նրանցով դյուրին է Լավասափին ի կորուստ որսալ։ Արդ՝ եթե այս խորհուրդը իրականանա, լավ է, որովհետև դյուրին է ու հեշտ. իսկ եթե չլսեն և աղջիկը քեզ չտան, այն ժամանակ նրանց չտալը կլինի քեզ պատրվակ նրանց վրա հարձակվելու համար»։

Իսկ սատանայի անսայթաք կամարարը՝ երկրորդ Սարյուռոս այս Շահ-Աբասը գավառապետից այսպիսի խորհուրդ լսելուց հետո սիրո ու ողջույնի նամակ գրեց Լավասափին և սրա մորը Լավասափի քրոջ մասին մի նամակ, որ վրան ուներ կենաց խոսքը, բայց տականց լրիվ մահու հրավեր էր։ Եվ նամակի խոսքի էությունը այս ձևով էր. «Կամենում ենք ճշմարտությամբ, որ հատատուն ու անխախտ լինի մեր ու ձեր թագավորությունը սեր ու միաբանություն (լինի) երկու ազգերիս՝ պարսից և վրաց. իսկ մենք բոլոր իշխանների և այդ կողմերի երկրների վերահսկողությունը կհանձնենք ձեզ, որպեսզի դուք հոգաք և վարեք հյուսիսային այդ կողմերի թագավորական իշխանությունը, իսկ մենք այլ կողմերի (իշխանությունը) հոգ տանենք։ Եվ սրան՝ այս միաբանության նշան ու պատճառ լինի այն, որ ձեր օրիորդ դուստրը բերեք մեզ մոտ։ Նախ որ նա կլինի այս գործի ավարտը և կդառնա նշան և շաղկապ երկու ազգերիս միության, երկրորդ՝ (լինի) դշխո ու թագուհի ամբողջ արյաց ազգին»։

Արդ՝ այս օրինակով գրված թուղթը ուղարկեց վրաց երկիրը Թիֆլիս քաղաքը Լավասափին ու սրա մորը։ Երբ նամակը կարդացին, հասկացան, որ նամակի ամբողջ խոսքը գավառապետի թելադրությամբ ու թշնամությամբ դավաճանություն էր, ոչ իրենց գնալը, ոչ էլ աղջկան տալը կամեցան. քանզի Լավասափին մայրը գրեց. «Այն ժամանակ, երբ դու Երևան քաղաքում պատերազմի մեջ էիր, մեզ կանչեցիր քեզ մոտ բարեկամության պատճառաբանությամբ, և մենք անկեղծ սրտով իբրև ճշմարիտ բարեկամ և թագավոր եկանք քեզ մոտ, բայց դու թշնամու գործ արիր մեր նկատմամբ, քանզի թույնով իմ ամուսնուն սպանեցիր ու ինձ խայտառակեցիր։ Արդ՝ մենք, որ այդպիսի գործեր տեսանք քեզնից, ինչպես վստահենք երկրորդ անգամ գալ քեզ մոտ։ Արդ՝ եթե ստույգ կերպով մեր հաստատությունն ու հանգիստն ես կամենում, ինչպես գրել ես, մի նեղիր մեզ և խռովելով մի վրդովիր մեր խաղաղությունը, այլ մեզ թող խաղաղության մեջ մնալ, որովհետև մեր այս փոքրիկ իշխանությունը բավական է մեր պետքերի ու կարիքների համար. ողջ եղիր»։

Այս պատասխանը հասավ Շահ-Աբասին, երբ նա Սպահանում էր, որտեղ ինքն ու գավառապետը մշտապես մտորում էին վրաց երկրի ավերման ու նրանց թագավորության անկման մասին: Այն պատգամը, որ նախապես շահը գրեց, երկու-երեք անգամ կրկնեց ու ուղարկեց Լավասափին ու նրա մորը, որպեսզի թերևս Լավասափին կամ մորը, կամ քրոջը իր ձեռքը գցի, բայց չկարողացավ։

Պատգամների երեք անգամ գնալ–գալուց հետո, երբ չեկան, այն ժամանակ շահը իր երեսը դարձրեց դեպ Վրաստան։ Ժողովեց իր զորքերը, Սպահանից շարժեց՝ իր հետ ունենալով չարիքների խրատատու աշխարհավեր գավառապետին։ Եվ ելնելով Սպահանից դանդաղ ու հանդարտ ընթացքով հասան մինչև Ղարաբաղ երկիրը՝ Գանձակ քաղաքը։ Այնտեղ տեղավորվելով ամռանը մնացին։ Շահը գավառասպետին ասաց. «Արդ՝ շատ ժամանակ վրա անցավ, երբ կլինի, որ մեզ տանես Վրաստան»։ Գավառապետը պատասխանելով ասաց. «Դեռևս համբերիր, որովհետև այժմ էլ ժամանակը չէ, երբ ժամանակը գա, ես ինքս կհիշեցնեմ քեզ այնտեղ գնալու»։ Եվ գավառապետը այս ասում էր այն պատճառով, թե ժամանակը չէ, որպեսզի ամառն անցնի, ձմեռը վրա հասնի, և մայրի ծառերը տերևաթափ լինեն, որ դյուրին լինի պարսից զորքերի համար ձիանքով խաղաղ մտնել վրաց աշխարհը: Նաև այն վրացիները, որոնք փախել, ամրացել ու տեղահան են եղել երկրի ամուր վայրերում, լեռնախոռոչներում, դժվարագնաց տեղերում, ձմեռային ժամանակի ցրտի ու ձյան խստությունից ու սովի և այլ կարիքների նեղությունից չկարողացան դիմանալ ցրտին ու մնալ ամրոցներում, այլ դառնան իրենց բնակավայրերը՝ ձիընթաց տեղերը, որպեսզի դյուրին լինի պարսից հափշտակող ու ավարիչ զորքերին ձիով շարժվել և նրանց ավարի ենթարկել։ Հետագայում գործի կատարումը ըստ նրա նախապես արված խորհրդի եղավ։

Իսկ երբ վրացիները լսեցին շահի իրենց վրա գալու մասին, սկսեցին մտահուզվել դեպքերի ելքի համար: Երկու թագավորներն էլ մտածեցին իրար հետ միաբանվել, Լավասափը, որ Թիֆլիսի ու Քարքթլիի տերն էր, և Թամրազը, որ Կախեթի ու Գրիմի տերն էր, որպեսզի իրար օգնելով կարողանան պարսիկներին դիմադրել։ Այս պատճառով Լավասափն ու յուրայինները (մարդ) ուղարկեցին Կախեթ և Թամրազին կանչեցին Թիֆլիս միաբանության համար։ Իսկ Թամրազը բաժանման և երկատման վնասը շատ անգամ էր կրել. նաև պարսիկների պատաճառած վիշտն ու թշնամանքը, որ բազմիցս արել էին նրան, գիտեր և հոգաչափ հոժար էր միաբանության համար։ Այս սլաաճառով վեր կացավ եկավ Թիֆլիս: Սրա թիֆլիս գալը անպատմելի ուրախություն պատճաոեց Լավասափին և յուրայիններին։ Նրանք ուխտ ու դաշինք կնքեցին լինել միաբան ու միախորհուրդ, անձերը դնել իրար համար և մեռնել հանուն Քրիստոսի անվան։

Այս օրերին, երբ Թամրազը Թիֆլիս եկավ, շահի լրտեսները ինչ որ տեսան ու լսեցին, գնացին, լուրը տարան Շահ-Աբասին։ Եվ ընկած[Ն 3] սադայելի հոժարակամ կամակատար Շահ-Աբասը նյութ քաղեց սրանից. նորագյուտ հնարներ է ստեղծում քրիստոնյաների թագավորության կործանման ու երկպառակության համար։ Քանզի մինչ իր բանակով տեղավորված էր Գանձակ քաղաքում, այստեղից էլ սկսեց գայթակղիչ ու խաբեբայության նամակներ ուղարկել, ինչպես նախօրոք ուղարկել էր Սպահանից. այդպես էլ այժմ այստեղից, որ իր վրա (նամակը) կրում էր սեր ու խաղաղություն, իսկ խորքում ուներ գայթակղություն, խաբեբայություն ու նենգություն. գոնե երեքից մեկին գցի իր ցանցերը՝ կամ Լավասափին, կամ մորը, կամ քրոջը, բայց չկարողացավ։

Եվ նորագյուտ հնարը սա էր. քանի որ պատգամների նամակը, որ բացահայտ ուղարկում էր, սրա հետ ծածուկ ուղարկում էր մի այլ նամակ ևս՝ ծածկված խորհուրդներով ու նենգություններով գրում էր Լավասափին ու Թամրազին միմյանցից գաղտնի: Լավասափին գրում էր, թե դու մի հավատա այդ Թամրազին և մի միաբանվիր նրա հետ, որովհետև դա քո թշնամին է և կամենում է բարեկամությամբ դավել ու սպանել քեզ և տիրել քո երկիրը, ինչպես այդ գաղտնիքը ինձ ասել է. արդ՝ քանի դեռ չես սպանված, շտապիր դու սպանիր նրան և կտիրես քո ու նրա երկրին։ Նաև ես քեզ օգնական եմ, եթե զորքի պետք ունենաս կամ գանձի. իսկ ես համաձայն եմ, որ դու տիրես նրա երկիրը։ Սույնպես և այս ձևով գրում էր նա Թամրազին Լավասափից թաքուն. դու սպանիր Լավասափին և դու կտիրես երկու երկիրն էլ: Երեք անգամ այս նամակները ուղարկեց նրանց, թե հայտնին ու թե գաղտնին միասին։ Եվ Լավասափը և իր մայրը ոչ իրենք գնացին և ոչ էլ աղջկան ուղարկեցին։

Իսկ ծածուկ նամակները, որ միմյանց մասին Թամրազն ու Լավասափը ստացել էին, պահել էին իրենց մոտ. տակավին մտորում էին իմանալու ճշմարիտն ու սուտը։ Աստծու կամքով երկու թագավորներն էլ միմյանց հայտնեցին այս գաղտնիքը. նաև նամակները ցույց տվին, որ շահը ուղարկել էր նրանց։ Եվ տեսնելով իմացան ու ստույգ կերպով ճանաչեցին շահի թշնամությունը իրենց նկատմամբ: Եվ փոխանակ թշնամության, անխզելի սեր, անքակտելի բարեկամություն հաստատեցին իրենց միջև։ Որովհետև Լավասափը իր այն քրոջը, որ շահն էր ուզում, տվեց Թամրազին կնության, քանի որ Թամրազի առաջին կինը մեռել էր։ Եվ անմիջապես Թամրազի ու Լավասափի Փարի անունով քրոջ հարսանիքը արին։ Հարսանիքից հետո Թամրազն ու Լավասափը գնացին Մցխեթ, որ իրենց պատրիարքարանի աթոռանիստն էր, և կրկնակի երդվեցին միաբան ու միախորհուրդ լինել և պատերազմել պարսիկների դեմ։ Այս ամենը այսպես եղավ․ պարսիկների նամակաբերները, որ հայտնի եկել էին, լրտեսները, որ ծածուկ էին եկել, գնացին, պատմեցին շահին, իսկ նա խոցված էր սրտով ու հոգով։ Ինքը քանի անգամ խնդրեց այն աղջկան և այսքան զորքով նրա համար եկավ, իրեն չտվին, այլ տվին Թամրազին։ (Շահը) կանչեց գավառապետին ու ասաց նրան. «Այս բոլոր զորքերով մեզ բերիր մինչև այստեղ, և այն աղջիկը, որի մասին խոսում էիր, ահա տեսար, ինձ չտվին, այլ տվին իմ թշնամուն, որ իմ ծառաներին հազիվ թե հավասարվի։ Արդ՝ ինձ ծաղր ու ծանակ արիր աշխարհի առջև, և եթե ինձ չտանես մտցնես վրաց երկիրը, չգրավես, իմ ձեռքը տաս նրանց աշխարհը, դու իմացիր, որ կենդանի չես մնալու, այլ մաս առ մաս բաժանվելու է քո ողջ մարմինը»։ Գավառապետը պատասխանեց. «Եթե քեզ չտանեմ այն երկիրը, այդպես կանես, իսկ եթե տանեմ, ի՞նչ կանես»։ Շահը նրան ասում է. «Իմ բոլոր խորհրդական ու առաջին նախարարների բուն գլխավորն ու նախապատիվը և ամենից գերագույնը դու ես լինելու»։ Եվ գավառապետի խորհրդով համբերեցին մինչև դեկտեմբեր ամիսը, մինչև ավագ տոները[Ն 4]։ Երբ եկավ հասավ ձմեռ ժամանակը, ու ցուրտը սաստկացավ, ձյունը եկավ ծածկեց լեռների գագաթներն ու փախուստի ճանապարհները, իսկ ամրոց մտած մարդիկ ցրտից նեղված իջան շեներն ու գյուղերը, ծառերի տերևները թափվեցին, որ ամեն տեղ աչքերի ակներև տեսանելի եղավ,— ապա գավառապետը շահին ասաց. «Արդ ահա այժմ գնանք վրաց աշխարհը, որովհետև հիմա է ժամանակը»: Եվ Գանձակ քաղաքից շարժվեցին եկան Կախեթի սահմանները, որ Թամրազի երկիրն է։

Կախեթի երկրի ճանապարհը ձորով էր մտնում, ձորով անցնում, ապա մտնում էին երկիրը, և ձորը նեղ էր ու անձուկ, իսկ վայրերը դժվարագնաց. ձորի երկու կողմերը բարձրանում էին քարավեժ լեռներ՝ ծածկված մացառուտով և թավ և մայրիներով, սրանցով մարդ ու ձի չէին կարող գնալ։ Թամրազն ու Լավասափը եկան մեծ զորքով բռնեցին ձորի բերանը և ամուր քարով ու փայտով պարիսպ կանգնեցրին։ Ներսի կողմից շինեցին ճակատամարտի տեղ, որտեղից իրենք ներսում մնալով կռվելու էին դրսից եկող թշնամու դեմ։

Իսկ պարսից բանակը արձակ վայրում, ձորի հանդեպ բանակել էր։ Երբ պարսիկները տեսան, որ վրացիները բռնեցին ճանապարհի անցքը, ճարահատ տարակուսանքի մեջ ընկան։ Շահը դարձյալ կանչեց գավառապետին և մահու սպառնալիք կարդաց, գավառապետը ինքն էլ տարակուսանքի մեջ էր։ Երկու օր հետո գավառապետը շահին ասաց. «Ես մտածելով ինչ-որ կողմով ճանապարհ գտա, բայց երկու օրվա ճանապարհով հեռու է այստեղից, նախ պետք են կացնավորներ, բահավորներ, մուրճավորներ, որ անտառը կտրատեն և դժվարին տեղերը հարթելով հեշտացնեն»: Երբ շահը այս խոսքը լսեց, ցնծաց մեծ ուրախությամբ, իր զորքերին հրամայեց՝ առնել շատ կացիններ, բահեր և այլ գործիքներ, գնալ տեղը և ճանապարհ բանալ։ Եվ նրանք գնացին, կտրատեցին անտառը, դժվարին տեղերը դարձրին դյուրին և ճանապարհ բացին, ապա եկան շահին իմացրին, թե կատարվեց այն, ինչ որ հրամայեցիր»:

Եվ շահը իր բանակին հրամայեց, որ մինչև այդ ժամը ինչպես որ կազմված, կառուցված, խփված էին վրանները, և ուղտ, և բեռնակիր անասուններ, և բանակի մատակարարները և այն ամեն ինչ, որպես նախօրոք գտնվում էին, այդպես էլ մնան իրենց տեղերում, որ վրացիները կարծեն, թե պարսից զորքերը տակավին այնտեղ են։ Բայց միայն կռվող զորքը իր ռազմի զենքերով ու ձիանքով գաղտ ու թաքուն ելնեն, գնան բացված ճանապարհով, մտնեն Կախեթի երկիրը։ Այնժամ պարսից կռվող զորքերը ելան գնացին, նոր բացված ճանապարհով մտան Թամրազի երկիրը, հասան շեներն ու գյուղերը և սկսեցին անխնա կոտորել վրացիներին։ Իսկ Թամրազն ու Լավասափը, որ վրաց զորքերով նստած էին ձորաբերանին, չգիտեին պարսից գործողությունների մասին, մինչև որ անսպասելի տեսան մի մարդ՝ գլուխն ու մարմինը վիրավորված ու ողջ հասակով մեկ արյամբ թաթախված, որ փախել էր պարսից կոտորածից և գուժկան ու բոթաբեր էր եկել պարսիկների գալու և վրաց երկիրը մտնելու մասին։ Երբ Թամրազն ու Լավասափը այս լսեցին ու նրանք նաև, որ նրանց հետ էին, ապշեցին ու հիմարացան ու ոչինչ չկարողացան անել, ոչ ունեցվածք կամ ապրանք բառնալ, բացարձակ ոչինչ։ Միայն յուրաքանչյուր մեկը, հետը առնելով իր ընտանիքը և մոտիկ սիրելիներին` հազիվ մեկական ձիեր հեծած, շուտափույթ տագնապով շտապ փախան, հեռացան որպեսզի չընկնեն պարսիկների ձեռքը։

Արդ՝ այս պատճառով Թամրազն ու Լավասափը այստեղից փախչելով իրենց գցեցին Թիֆլիս և այնտեղից՝ Գորի, բայց այնտեղ էլ չկարողացան մնալ, այլ Կոլբայի ճանապարհով անցան Կովկաս լեռը, որը Յաշբուզ լեռն է, և գնացին Պաշիաչուխի երկիրը, Իմերեթիա, որովհետև Լավասափի մայրը Պաշիաչուխի թագավորի դուստրն էր։ Այս պատճառով Թամրազն ու իր կինը, Լավասափն ու իր մայրը և սրանց այլ ընտանիքներ փախան Պաշիչուխ, ազատվեցին պարսիկների ձեռքից։Եվ պարսից այն զորքերը, որ մյուս կողմից եկան մտան Թամրազի երկիրը, հասան մինչև ձորաբերանը, որ վրացիք փակել էին, քանդեցին կապանը, բացին լայն ու ընդարձակ ճանապարհ, որով պարսից բանակը եկավ մտավ Թամրազի երկիրը։ Այնտեղ բանակեցին ու մնացին մինչև հիսուն օր։ Եվ այսքան օր, որ մնացին այնտեղ, թե ինչ արին, բերանը չի կարող խոսել և ոչ էլ լեզուն ասել, դու մտքով խորհիր ու վերահասու եղիր, թե քրիստոնյաների ինչքան անմեղ անձանց սրախողխող անելով վիրավորեցին կամ թե բոլորովին սպանեցին, անմեղներին գերեցին ու խայտառակեցին, ինչքերն ու ունեցվածքները հափշտակեցին, շինվածքները հրդեհելով այրեցին կամ քանդեցին, եկեղեցիները ավերեցին, սուրբ սեղանը և սուրբ խաչի նշանը կործանեցին։ Եվ գերվածներին պահում էին բանակի մեջ, իրենց մոտ և զանազան տառապանքներով տանջում՝ ցրտով ու մերկությամբ, քաղցով ու ծարավով և բազմազան այլ ձևերով։

Եվ երբ Շահ֊Աբասը մտավ Կախեթի երկիրը և տեսավ, որ Թամրազն ու Լավասափը փախել են, ժողովուրդն ու երկիրը մնացին իր ձեռքում, այն ժամանակի չարիքների մտահաղացումների մեջ հանճարեղը և աշխարհավերը հնարները ստեղծեց, քանզի հրամայեց, որ մունետիկներ շրջեն Կախեթի բոլոր գավառներն ու գյուղերը և բարձր ձայնով շատ oրեր հայտարարեն ու ասեն, հզոր, խաղաղասեր ու աշխարհհաշեն Շահ-Աբաս թագավորից հրաման կա, որ Կախեթի երկրի բոլոր բնակիչները՝ թե իշխաններ, թե հեծյալներ, թե արհեստավորներ, թե ռամիկ ժողովուրդ, ամեն ոք, որ ելել ամրացել է լեռներում, անտառներում, բերդերում և ամեն ամուր տեղերում, ետ դառնան և գան իրենց բնակատեղերն ու բնակավայրերը, մնան խաղաղությամբ, կասկած ու երկյուղ չունենան պուրսից զորքերից, որովհետև թագավորը նրանց հրամայել է՝ ոչ ոքի չնեղել, երկրի ժողովրդից ոչ ոքի չչարչարել, որ կգան ի հնազանդություն շահին և կլինեն շահասեր [թագավորասեր]․ նրանց որևէ վնաս չի լինի, այլ կապրեն խաղաղությամբ։ Իսկ նրանք, որ համառելով չեն հնազանդվի թագավորի հրամաններին, թագավորը նրանց դեմ մեծ զորք է ուղարկելու, որոնք նրանց ամրոցները գրավելով կավերեն, իսկ իրենց կսպանեն, ընտանիքները կգերեն և ունեցվածքը կհափշտակեն։ Արդ՝ ելեք ամրոցներից, եկեք հնազանդության և եղեք շահասեր և մնացեք խաղաղության մեջ։ Իսկ իշխաններից և նշանավոր անձերից ով ավելի վաղ գա, թագավորը նրան շնորհելու է փառք ու պատիվ, բազում պարգևներ և իշխանական կառավարչություն։

Իսկ Կախեթի երկրի բնակիչները երբ լսեցին մունետիկների հայտարարության խոսքերը, ոմանք խաբվելով հավատացին, եկան, եղան շահասեր, ոմանք սպանության ու գերության երկյուղից եկան և եղան շահասեր, ոմանք էլ տեսան, թե այսինչ ամրոցը գրավեցին և ամրոցում բնակվողների նկատմամբ արին սպանություններ ու գերություն, ահաբեկվեցին ու ահալցվեցին, թե միգուցե իրենց ևս այդպես պատահի․այս պատճառով ամրոցներից իջան, եկան եղան շահասեր։

Նաև շահը հրամայեց, որ շահասեր եղածները բնակեցնեն յուրաքանչյուրին իր շենում և բնաատեղիում և մեծ բարիքների հույսով ու քաջալերությամբ խոսեն նրանց հետ, և նրանց անունները՝ տղամարդկանց ու կանանց, ուստրերին ու դուստրերին և ամեն ընտանիքի գրանցեն թղթի վրա ու պարսիկները իրենց մոտ պահեն։ Նաև նրանց վրա պարսից զորքերից պահակներ նշանակեցին ամեն տեղերում, որովհետև գուցե մեկը նրանցից փախչի այլ տեղ։ Բայց խաբում էին նրանց և ասում էին. «Այն պատճառով ենք ձեզ վրա պահապաններ գնում, որպեսզի պարսիկներից ոչ ոք ձեզ չնեղի, կամ ձեր ունեցվածքը չհափշտակի»: Եվ ովքեր եկան շահասիրության, այդպես արին, ինչպես որ պատմեցինք։

Իսկ նրանք, որ չեկան, այլ մնացին իրենց ամրություններում, պարսիկները գնացին նրանց ամրոցների վրա և շատ օրեր տեսակ-տեսակ հնարամտություններով կռվեցին ամրոցների դեմ, մինչև որ հաղթելով գրավեցին ու սրածելով անխնա կոտորեցին, որ համարում էին, թե բարի պաշտամունք են մատուցում աստծուն ըստ տիրոջ վկայության։ Ապա ունեցվածքները կողոպտելով ավարում էին, իսկ մնացած կանանց, մանուկներին գերելով բերում էին իրենց բանակատեղը։ Եվ ինչպես ասացի, հիսուն օր մնացին այնտեղ, ամրոց չմնաց, որ չգրավեին և կամ տեղ, որ չավերեին. և միանգամայն ամենալի, հուռթի ու բազմամարդ Կախեթի և Գրիմի երկիրը ավերի ու ոչնչացման ենթարկեցին։

Եվ Կախեթի ու Գրիմի եկեղեցիների անոթները, սրբությունները՝ խաչ, սկիհ, ավետարան, բուրվառ, շուրջառ և այլ անոթներ ու սրբություններ, որոնք մեծարժեք ու թանկագին էին և զանազան ընդելուզումներով, ակներով, մարգարիտներով հորինված էին, շահը սրանց համար հրամայեց, որպեսզի չջարդոտեն, այլ տանեն Սպահան քաղաքը և դնեն արքունի գանձարանը։ Դրանք այնտեղ արքունական գանձարանում են մինչև այսօր, որ մեր ազգականերից [հայերից] շատերը վկայեցին այդ սրբություններին ականատես լինելով։ Նաև Քրիստոսի անկար պատմուճանն են ուրիշ սրբությունների հետ այնտեղից տարել և գտնվում է Սպահան քաղաքի նույն գանձարանում, ուր դեռևս լույս են վառում նրա առջև. այս խոսքեր ասողները իրենք իրենց աչքերով տեսել էին, իսկ դրանք վստահելի մարդիկ էին։

Այդ երկրի բազմաթիվ ավերումներից հետո շահը շարժվեց այնտեղից և եկավ երկու երկրների՝ Կախեթի ու Քարթլիի սահմանը և այնտեղ բանակ զարկեց։ Հրամայեց իր զորքերին՝ չնեղել ու չչարչարել Քարթիի երկրի բնակիչներից որևէ մեկին. իսկ եթե պարսից զորքերի, մարդկանց և անասունների կարծիքների համար որևէ բան պետք գա, գավառացիներից փողով գնեն և ըստ վաճառողի պահանջի վճարեն գինը։ Նաև շահը հրամայեց, որ մունետիկներ ելնեն շրջեն Քարթլիի բոլոր գավառները և բարձրաձայն հայտարարեն, թե հրաման է մեծ ու աշխարհաշեն թագավոր Շահ-Աբասից, որ Քարթլիի երկիրը իր բոլոր բնակիչներով՝ իր իշխաններով ու ռամիկներով խաղաղության մեջ մնան, իսկ նրանք բոլորը, որ ելել են բերդերն ու ամուր տեղերը պարսից զորքերից երկյուղելով, այսուհետև թող չվախենան ու կասկած չունենան, այլ իջնեն իրենց բնակավայրերը և զբաղվեն իրենց գործերով, շինարարությամբ, և սեր, խաղաղություն ու երթևեկություն լինի պարսից ու վրտց ազգերի միջև, քանզի Քարթլին իմ երկիրն եմ համարում և չեմ ավերի ինձ ու Լավասափ թագավորի համար, որովհետև նրան ինձ որդի, եղբայր ու բարեկամ եմ համարում, և երբ նա գա, նրա երկիրը իրեն եմ հանձնելու, իսկ ես գնալու եմ իմ երկիրը։ Արդ՝ եթե Լավասափ թագավորը կամենա և դա այդպես եմ անելու, իսկ եթե չգա, ահա գավառապետը, որ Քարթլի երկրից է վրաց ազգից և մեզ հետ է Քարթլի երկիրը կհանձնեմ գավառապետին, իսկ ես կգնամ իմ երկիրը։

Նաև շահը պատվիրեց գավառապետին, որ նա իր ծառաներից ուղարկի երկրի բոլոր վայրերը, որպեսզի սույն օրինակով խոսեն գավառների բոլոր բնակիչներին նրանց հավատացնելու համար։ Նաև գավառապետին էր խաբում դատարկ ու գայթակղիչ հույսով՝ ասելով «Լավասափը թե գա, թե չգա, քեզ եմ տալու Քարթլիի իշխանությունը»։ [Այսպես էր խոսում] որ գավառապետի ծառաները նույնպես խոսեին գավառացիների հետ։ Եվ այս ձևով սուտ ու գայթակղիչ խոսքերով խաբեցին բոլոր գավառացիներին, որոնք ոչ կռվով, ոչ խռովությամբ, այլ սիրով ու խաղաղությամբ բոլոր գավառացիներին համոզեցին, իջեցրին ամրոցներից և բնակեցրին գյուղերում։ Սրա հետևանքով պարսից բանակի բոլոր կարիքները հոգացվում էին՝ մարդկանց ու անասունների, և ոչ մի կողմից պարսից զորքին վտանգ չէր սպառնում, այլ բոլոր կողմերից գտնվում էին խաղաղության ու անդորրության մեջ։

Բայց Քարթլի երկրի բնակիչները երկյուղով կասկածում էին, թե գուցե չգա Լավասափը. և այդ քենի պատճառով շահը հրամայի իր զորքերին ավարել ու գերել Լավասափի իշխանության երկիրը։ Այս բանը պարսից զորականները նույպես ասում էին և խոսում գավառացիների հետ. այլև ասում էին. «Եկեք դուք էլ գրվեցեք շահասեր, որպեսզի գերության չմատնվեք, ինչպես Կախեթի ժսղովուրդը, որովհետև ովքեր շահասեր գրվեցին, գերության չմատնվեցին»։ Այս պաաճառով Քարթլի երկրից շատերը եկան գրվեցին շահասեր, և ովքեր շահասիրության էին գալիս, իրենց և իրենց ընտանիքի բոլոր անդամների անունները գրում էին թղթի վրա, և պարսիկները պահում էին իրենց մոտ։ Իսկ արձանագրված շահասերներին բնակեցնում էին յուրաքանչյուրին իր տեղում մեծագույն բարիքների ու խաղաղության հույսով։

Եվ մինչդեռ շահը նստում էր երկու երկրների սահմանի վրա, նոր հնարամտություններ արեց։ Իր խորհրդականներից մեկին, որ ավելի մեծ իշխան էր ու փառքի արժանացած նախարար՝ Սաբու խոջա անունով, նշանակեց խաղաղության դեսպան և սիրալիր նամակով ուղարկեց Պաշիաչուխ Լավասափի մոտ. պատգամագիրը հետևյալ ձևով էր.

«Արյաց Շահ-Աբաս արքայից բազում սիրով ողջույն թող հասնի Վրաց Լավասափ արքայիդ։ Շատ անգամ քեզ սիրով գրեցինք և ցույց տվինք մեր սրտի քո նկատմամբ եղած բարեկամությունը, բայց դու չանսացիր, չհավատացիր մեր խոսքերին։ Արդ՝ ահա գործից նկատի ունեցիր և հավատա, ինչպես որ տեսնում ես, Թամրազի երկիրը ավերեցի, իսկ քոնը ահավասիկ շեն ու ամբողջական պահել եմ քեզ համար և սպասում եմ քո գալստյանը։ Արդ՝ մի դանդաղիր գալուց և անմիտ ու անխելք խրատատուներին մի՛ լսիր և քեզ թագավորությունից զրկիր․ քանզի իմ սրտում ոխ ու նենգություն չկա քո նկատմամբ, ինչպես որ դու բնավ ոչ մի վնաս չես արել ինձ։ Իսկ քո գալը նրա համար եմ խնդրում, որովհետև ինչպես մեր նախնիների ժամանակ միաբանություն կար երկու ազգերիս միջև, այնպես էլ կամենում եմ, որ մեր ժամանակներում լինի։ Եվ մենք հյուսիսային բոլոր կողմերը, որ Արաքս գետից այս կողմն են, հանձնենք քեզ, որ դու լինես վերակացու և հրամայող այս կողմերի բոլոր իշխանների վրա, որպեսզի քո այս կողմերի հոգացությամբ և մենք անհոգ լինելով՝ մյուս կողմերը հոգանք և թշնամիների դեմը առնենք, ողջ եղիր»: Այս նամակը գրեց, տվեց Սաբու խոջային և այլ խարդախության շատ խոսքեր ու հնարամտություններ, որ ամբարել էր իր սրտում, բանավոր պատվիրեց նրան, թե ինչ հնարքով ուզում է լինի, համոզիր Լավասափին գալու շահի մոտ: Իսկ Սարու խոջան գնաց Պաշիաչուխ։ Հանդիպեց Լավասափին, մատուցեց ողջույնն ու նամակը: Երբ նամակը կարդացին, հասկացան, որ բոլոր խոսքերը սուտ են. թե Լավասափը, թե մայրը, թե քույրը և թե Թամրազը չհամաձայնեցին։ Թեպետ Սարու խոջան բազում ու զանազան կերպերով հորդորում էր Լավասափին, սակայն չհավատացին։

Օրեր հետո շահի խոսքերին պատասխան դրեցին հետևյալ ձևով. «Թե ճշմարիտ են քո խոսքերը, և ստույգ կամենում ես, որ մեր միջև բարեկամություն լինի, ահա քո սիրո ու խաղաղության նշանը թող այս լինի. որ դու շեն ու ամբողջ թողնես մեր երկիրը, և մեր ժողովուրդը մնա իրենց տեղերում, իսկ դու քո փոխարեն քո իշխաններից մեկին թողնես այդտեղ, որպեսզի ամեն սեր ու միաբանություն և դաշնագրություն, որ դու կամենում ես, նրա միջոցով քեզ հետ հաստատենք, իսկ դու մեր երկրից ելնես, գնաս, մենք գանք մեր երկիրը տիրենք և քեզ հետ մնանք սիրո ու միաբանության մեջ. ողջ եղիր»։

Շատ հնարամիտ խոսքերից հետո, երբ Սարու խոջան տեսավ, թե չհավատացին, Լավասափի նամակը առավ, եկավ շահի մոտ, նրան հայտնեց բոլոր խոսքերը և նրանց հաստատակամությունը։

Շահ-Աբասը այս պատասխանը լսելուց հետո ամբողջ բանակով շարժվեց, եկավ Գորիից վերև ճանապարհի վրա, որպեսզի գնա Պաշիաչուխ և այնտեղ ճանապարհի վրա բանակեց։ Այս տեղում բանակելու պատճառը հետևյալն է, որպեսզի եթե վրաց ազգից մեկը՝ իշխան կամ ռամիկ, կամենա փախչել ու գնալ Պաշիաչուխ, չկարողանա գնալ։

Այստեղից շահը Սարու խոջային կրկին ուղարկեց Լավասափի մոտ խոսքով ու նամակով, որ գուցե խաբվի, գա, բայց չեկավ: Երրորդ անգամ նույն Սաքու խոջային ուղարկեց Լավասափի մոտ, դարձյալ չեկավ։

Շատ գնալ-գալուց ձանձրացան Լավասափն ու յուրայինները։ Վերջին անգամ Սարու խոջայի նկատմամբ անարգալից գործ արին, որպեսզի շահը նրանց մոտ այլևս դեսպան չուղարկի։ Այդ անարգանքի գործը, որ արին, հետևյալն էր. նրա ամեն ինչը հափշտակեցին, ամբողջովին մերկացրին զենքից ու զարդից, հագուստներից, ձիերից, մինչև իսկ այն ջորին, որն ինքը հեծել էր, առան ու իրեն հետիոտն ճամփու դրին, որ գնա։ Մեծ սպառնալիքներով պատվիրեցին, որ այլևս չգա, և այսպես անարգված Սաբու խոջան եկավ շահի մոտ։ Իսկ շահը երկայնամտությամբ տեղում համբերում էր և միտքը վարժեցնելով չարիքների ու նենգության խորհուրդներ էր մտորում Լավասափի ու Թամրազի համար։

Մինչ շահը այս վարանքի մեջ էր և ելք չէր գտնում այդ վիճակի համար, հենց այդ օրերին չարիքների սպասավոր, անեծքի որդի, դևերի կողմից դրդված, սատանայի ներգործությունը կրող մի մարդ Թիֆլիսից ելած եկավ արքունի բանակը և շահին ծանուցում հայտնեց, թե խնդիր կա Լավասափին բերելու տերություն. «Եթե ստույգ կամենում ես և վնաս չես տա, ես կգնամ, նրան կբերեմ քեղ մոտ»։ Մարդու այդ խոսքի վրա շահը շատ զարմացավ. մարդուն հարցրեց, թե դու ինչպե՞ս կարող ես բերել նրան. մարդը ասաց. «Մենք բարեկամ ենք Լավասափի հետ, որովհետև նա կնունքով իմ սանիկն է, մենք միմյանց հանդեպ մեծ վստահություն ունենք, այդ պատճառով գիտեմ, որ նա կհավատա իմ խոսքերին»։ Իսկ շահը այս խոսքի ժամանակ անպատմելի ցնծությամբ լցվեց, քանզի սւյն գործը, որի համար նա ծանր չարչարանքով ջանք էր թափում, չէր լինում, որը երկար ժամանակ ցանկանում էր, բայց չէր հասնում, այժմ շատ հեշտությամբ գլուխ է գալիս։ Այս պատճառով այդ մարդուն մեծ գանձեր ու պարգևներ, մեծ փառքի հասցնել խոստացավ, եթե Լավասափին բերի։ Իսկ չարաբաստիկ ու անզգամ այդ մարդը, որ դարձավ քրիստոնյաների թագավորության կործանման պատճառ, գնաց Պաշիաչուխ Լավասափի ու Թամրազի մոտ և շատ օրեր խոսեց Լավասափի հետ համոզիչ ու թուլացնող խոսքերով, մինչև որ նրա հաստատամտությունը կոտրեց։ Բայց Թամրազը, Լավասափի մայրն ու քույրը և նրանց բոլոր հավատարիմները չէին լսում այդ մարդու խոսքերը, այլ քամահրում էին, քանզի ստույգ գիտեին, թե շահի կախարդային հնարներն են։ Բայց սատանայի բնակարան եղած այդ մարդը, ինչպես օձը Եվային, թեքեց, դարձրեց Լավասափի կամքը շահի մոտ գալու։ Իսկ Լավասափի մայրը, քույրը․ Թամրազն ու իշխանները և բոլոր բարեկամները արտասվագին լացում ու ողբում էին և ասում. «Մի՛ մատնիր քեզ քո թշնամու ձեռքը, որովհետև նա քո թշնամին է, ոչ թե բարեկամը և քեղ կորցնել է ջանում»։ Իսկ Թամրազն ասում էր, «Մի՛ հավատա այդ անհավատին ու խորամանկ գազանին, որովհետև դա մեզ կորցնել է ջանում»։ Իսկ Լավասափը մտքով չարիքների ծառա մարդու խոսքերին ավելի էր հավատում, քան թե իր բարեկամի խոսքերին։ Եվ ամենքին այս էր պատասխանում, «Թե ահա շահը եկել է, նստել մեր երկրում և ինձ խնդրում է, որ խաղաղություն անենք, եթե չգնամ, ամբողջ երկիրը ավերելով կոչնչացնի, եկեղեցիները կքանդի, քրիստոնյաներին կգերի։ Եվ այս ամենը կլինի իմ պատճառով: Փոխանակ որոշ ժամանակ ապրեմ խղճի տանջանքով և այդքան մարդկանց կյանքի պարտական, ավելի լավ է, որ ես գնամ շահի մոտ և ամբողջ երկիրը ազատեմ, որպեսզի իմ պատճառով երկիրը չավերվի։ Հույսը դնելով աստծու վրա ուղիղ գնում եմ նրա մոտ. և այնտեղ ինչ էլ պատահի ինձ՝ թե մահ, թե կյանք, տիրոջ կամքը թող օրհնյալ լինի»։

Արդ՝ այդպիսի ցնդաբանական խելքով Լավասափը չլսեց իր բարեկամներին, հավատաց շահի երդման խոսքին, ելավ Պաշիաչուխից, եկավ շահի մոտ։ Եվ երբ նրա գալու լուրը շահին բերին, չէր իմանում, թե ինչ ձևով ցնծա։

Եվ երբ Լավասափը եկավ, մոտեցավ պարսից բանակին, բոլոր իշխաններով ու զորքով շահը ինքը ելավ նրան ընդառաջ և երբ միմյանց տեսան, սիրով, խնդությամբ ու մեծ շուքով ողջույն տվին իրար։ Իսկ այն ինչ շահն էր, սրտով ու հոգով ցնծում էր, քանի որ այս օրը նրա համար ավելի երջանիկ օր էր, քան նրա ամբողջ կյանքի որևէ օր, որովհետև նրա չար կամքը կատարվեց, որ երկար ժամանակ բաղձում էր, ինչպես հատուկ է խորամանկ ու օձաբարո պարսից ազգին, մանավանդ այս շահին՝ բազմահնարագյուտ վիշապին, նախապես մեծ սիրով ու մեծարանքով ընդունեց նրան, միշտ սուտ ու դատարկ խաբեբայական խոսքերով ի հաճույս նրա խոսում, մինչև որ վրաց ողջ երկրում այնպես լուր տարածվեց, թե շահը Լավասափին պահանջում էր, ուրիշ պատճառով չէր, եթե ոչ սիրու ու միաբանության։

Ապա շահը իր բանակով այնտեղից շարժվեց, գնաց Թիֆլիս՝ իր հետ տանելով նաև Լավասափին. և նրան պահում էր իրեն հավասար մեծ փառքով, մշտապես խոսում էր նրա ցանկության համապատասխան ու իրեն մտերիմ էր ցույց տալիս նրան։

Այս Լավասափը, այն ժամանակ, երբ նոր էր թագավոր նստել, որոշ տարիներ հետո և չորս-հինգ տարի շահի գալուց առաջ, զրույցի կարգով մի պատմություն եղավ Լավասափի պապի՝ Սիմոն խանի մասին, որին օսմանցիները բռնեցին, տարան Կոստանդնուպոլիս և այնտեղ թաղեցին,— իր պապի վրա Լավասափի սիրտը տաքացավ, ցանկացավ իր պապի՝ Սիմոն խանի նշխարները բերել իրենց հայրենի գերեզմանատունը և թաղել իր այլ նախնիների ու ընտանիքի մոտ։ Երբ տեղեկացավ, գտավ ինչ-որ մարդիկ, որոնք գիտեին Կոստանդնուպոլիս քաղաքում թաղված Սիմոն խանի նշխարների տեղը, իսկույն այդ իմացող մարդկանց ուղարկեց Սիմոն խանի մասունքները բերելու։ Նրանք գնացին Կոստանդնուպոլիս, նրա մասունքները հանին և բերին, հասցրին Թիֆլիս։ Եվ երբ այդ մարդիկ եկան և բերին Սիմոն խանի մասունքները, զուգադիպեց այն ժամանակին, երր շահը Թիֆլիսում էր։ Երբ շահը իմացավ, թե Սիմոն խանի մասունքները բերին, լցվեց սատանայի խորհրդով ու խարդախությամբ։ Սա (Շահ-Աբասը) այնքան թշնամի էր քրիստոնյաներին ու նրանց արյանը ծարավի, որ նա կենդանի մարդկանց սպանությամբ ու գերությամբ չգոհացավ, այժմ մեռյալի ոսկորների նկատմամբ էլ թշնամություն արեց, որովհետև խիստ հրամանով հրամայեց իսկույն բերել իր աոջև։ Եվ երբ հրամանը կատարվեց, ասաց. «Սրան ես ձեզնից ավելի եմ պատվում ու փառավորում, քանի որ դուք թագավորների արժանի պատիվը չեք իմանում, ես կամենում եմ սրան ուղարկել Իմամուռղա, որպեսզի մեր նախնի թագավորների ու պետերի հետ փառավորվի»։

Արդ այսպիսի կախարդական խոսքերով Սիմոն խանի ոսկորները ուղարկեց Պարսկաստան և չթողեց վրաց հողում թաղել։ Ոչ ոք չիմացավ, թե ինչ արին, ուր տարան, և այսպես անհայտացնելով կորցրին։

Եվ այսքան ժամանակ, որ շահը մնաց Վրաստանում, իր իշխանության ներքո նվաճեց ամբողջ երկիրը։ Բայց Թամրազի բովանդակ երկիրը հայտնի կերպով այնպես արեց, որ լինի պարսից իշխանության տակ, իբր թե իր թրով է գրավել այն, այդ պատճառով պարսից զորք ուղարկեց, որ վերաշինեցին Թամրազի երկրում եղած բերդերը և նրանցում դրեց պարսից զորքեր, և Սելիմ խանին, Փեքար խանին, Բեքդաշ խանին նշանակեց այնտեղ իշխաններ և զորապետներ, որպեսզի երկիրը պահեն պարսից իշխանության ներքո։

Կախեթի ու Գրիմի բնակիչներին վերջ տվեց՝ ոմանց սպանելով, ոմանց գերեվարությամբ, իսկ որոնք մնացին, գրվեցին շահասեր. սրանց մասին հրաման եղավ՝ բոլորին տեղահանել, քշել տանել Պարսկաստան։ Այս գործը գլուխ բերելու համար նշանակեց իշխաններ ու զորքեր, որպեսզի նախապես արված գրով ու թղթով, որ դրանց անունները գրեցին ու իրենց մոտ ունեին, այդ գրով սկսեցին ամենքին քննել իրենց ընտանիքներով, ապա դրանց բոլորին իրենց ընտանիքներով, ունեցվածքով իրենց տեղերից հանեցին․ ումը որ հանում էին, բերում բնակեցնում էին Կուր գետի ափին՝ այն տեղը, որ Ղազբին է կոչվում, քանզի այնտեղ որոշեցին բանակատեղին։ Այսպես արին, մինչև որ բոլոր շահասեր գրվածներին հանին։ Երբ հանելը վերջացավ, նույն գրով և մատյանով շարժեցին այնտեղից, քշեցին, որ տանեն պարսից աշխարհը։ Բերին հասցրին մինչև Ղազբին քաղաքը, այստեղից տարան Ֆահրապատ քաղաքը։ Երբ հասցրին Ֆահրապատ, նրանցից ոմանց բնակեցրին Ֆահրապատ քաղաքում՝ թե վրացիներից, թե հայերից, թե մահմեդականներից և թե հրեաներից։ Նրանցից շատ մարդիկ բնակեցրին գյուղերում և սրանց բոլորին տների, այգիների ու հանդերի տեղ տվին։ Այս ձևով ավերեց վրաց Կախեթի ու Գրիմի գավառները և տարավ լցրեց Ֆահրապատի գավառը։

Բայց այս գնացած ժողովուրդը չաճեց այն երկրում, որովհետև սովոր չէր երկրի տաք ու խոնավ, դաժան, շունչը կտրող մգլած օդին, նաև ուտելքներին ու խմելիքներին, երկրի կենցաղավարությանը։ Այս պատճառով (մարդիկ) սկսեցին կոտորվել, մեռնել։ Եվ կարճ միջոցում այնքան կոտորվեցին ու մեռան, որ հազիվ թե ամեն տան մի հոգի մնաց։ Իսկ նրանք, որ մնացին, մի առ ժամանակ հետո հիվանդություններից, ցավերից ճնշված ու մաշված ցավագար դարձան և չէին կարողանում ձեռքի աշխատանք կատարել իրենց կյանքի ապրուստը հոգալու համար։ Նաև պանդխտությունից ու օտարությունից դարձան աղքատներ, չքավորներ, ուստի ինչ ունեին, վաճառեցին, կերան։ Չքավորության պատճառով վրացիները բողոքեցին շահին, որ այդ օրերին Ֆահրապատում էր, իրենց կրած չքավորության ու սովի համար։ Շահը պատասխանեց նրանց, թե ուրացեք ձեր հավատը և եղեք կրոնով մահմեդական, և ես ձեզ կտամ շատ բան, որ ուտեք, ապրեք։ Իսկ նրանք սովի կարիքից հարկադրված կատարեցին շահի հրամանները և դարձան մահմեդականներ։ Սակայն շահը նրանց շատ բան չտվեց ըստ իր խոստումի, այլ ստեց, որովհետև խաբում էր նրանց։ Բայց յուրաքանչյուր անձի՝ թե մեծ, թե փոքր, տվեց մի-մի դահեկան (ոսկի դրամ) և ուղարկեց իրենց տները։

Արդ՝ ոմանք գովում են այս շահին, թե քրիստոնեասեր, աշխարհաշեն ու խաղաղարար թագավոր էր. այս է նրա քրիստոնեասիրությունը, որ քրիստոնյաների ողջ երկիրը՝ հայոց, վրաց ավերեց և բոլորին սպառեց սրով, սովով ու գերությամբ, իսկ մնացյալներին քշեց տարավ Ֆահրապատ ու Սպահան, որպեսզի նրանք էլ այնտեղ օրավուր սպառվեն պեսպես ձևերով։ Եվ ով որ նրան գովաբանել է կամենում, թող նախապես նայի ու տեսնի նրա արած գործերը, որ արեց քրիստոնյաների նկատմամբ, ապա գովաբանի նրան։

Արդ՝ ինչ ձևով պատմեցինք շահի արարքը Թամրազի երկրի շահասեր գրված ժողովրդի հանդեպ, այս օրինակով նա վարվեց Լավասափի երկրի շահասեր գրված ժողովրդի հետ։ Որովհետև նրանց վրա նույնպես նշանակեց զորք ու զորապետ, որոնց նախապես արված գրով ու թղթով հանեցին իրենց տեղերից և քշին տարան Պարսկաստան։ Բայց այն ժողովուրդը, որ Քարթլի երկրից էր, չտարան Ֆահրապատ, այլ տարան Սպահան և բնակեցրին սպահանի լեռնային գյուղերում, որտեղ բնակեցրել էին հայազգիներին։ Եվ այժմ ներկա ժամանակ, որ մեր թվարկության 1107 [1658] տարին է, երբ գրում ենք պատմությունս, այս վրացիք բոլորն իրենց հավատը ուրացան, դարձան մահմեդական և այնքան դաժան ու դահիճներ էին քրիստոնյաների համար, որ երբ որևէ ճանապարհի մենք նրանց պատահելիս բարևում ենք, մեր բարևը չեն առնում, բարև առնելը մեղք են համարում իրենց համար։ Նաև հայհոյելով անարգում են իրենց հայրերին ու նախնիներին, թե նրանք անհավատներ էին և անհավատ մեռան։ Նաև իրենց նոր հավատի վրա գոհանում են աստծուց, թե այս է ճշմարիտ հավատը, որ այժմ ստանձնեցինք։ Այլև վրացի այս ժողովրդից այն ժամանակ, երբ նոր բերին Սպահան, մի մասը բաժանեցին և առաջ քշելով՝ տարան Շիրազի գավառը և այն գավառը, որ անվանում են Ասուփաս. սրանք նույնպես պեսպես ձևերով սպառվեցին, իսկ մնացած բոլորը միանգամից ընդունեցին Մահմեդի անօրեն կրոնը։

Այն ժամանակ, երբ շահը Թիֆլիսում էր և իր մոտ էր պահում Լավասափին, այդ պատճառով խնդում ու բերկրանքով ուրախանում էր, որ նրան իր ցանցը գցեց. բայց Թամրազի համար տխրում էր, որ չկարողացավ բռնել, նրա համար մտորում էր իր սրտի մեջ, գետաձիու խշտու վրա, թե ինչպես կարողանա կորցնել նրան։

Այդ պատճառով և նրա համար հնարում է մի այսպիսի որոգայթ, մի մարդու համոզեց և ուղարկեց Պաշիաչուխ, նրան մատնացույց արեց հնարավոր բոլոր միջոցները՝ հաստատ պատվիրելով, թե ինչ կերպ ուզում է լինի, Թամրազին ծածուկ կամ բացահայտ սպանի։ Եվ այս մարդուն, որ ծածուկ ուղարկեց Թամրազին սպանելու, իր նախարարներից թաքուն ու գաղտնի արեց, ոչ ոք չգիտեր։ Եվ այս մարդը գնաց հասավ Պաշիաչուխ. որոշ օրեր ելումուտ արեց Թամրազի եղած տեղը, դիտեց, տեսավ ամեն ինչ, ճանապարհը, տեղը, որտեղ գիշերը քնում էր Թամրազը, տեղը վերնահարկ էր, ուր փայտյա սանդուղքով ելնում-իջնում էին։ Եվ մի օր ծածուկ, որևէ մեկից աննկատ այդ մարդը սպասելով հսկեց գիշերը, որ գուցե Թամրազին սպանելու հարմար ժամ գտնի, և երբ կեսգիշեր եղավ, իմացավ, որ բոլորը քնել են, նաև գիշերապահ տղամարդիկ, որ քեշիկչիներ են կոչվում, քնել են, այդ մարդը գաղտ ու թաքուն եկավ և փայտյա սանդուղքով ելավ վերնահարկը, որտեղ քնած էր Թամրազը. սա տեսավ, որ վերնատան մի կողմում միևնույն անկողնում քնած էին երկու հոգի, նաև մյուս կողմում մի անկողնում նույնպես երկու հոգի էին քնած։ Եվ սրանք որ քնած էին վերնահարկում մի անկողնում, Թամրազն ու իր կինն էին, իսկ մյուս անկողնում երկու աղախիններն էին, որոնք սպասավորության համար նրանց մոտիկ քնած էին մի անկողնում։ Իսկ այն մարդը, որ եկել էր սպանության նպատակով, չկարողացավ ստույգ վերահասու լինել, թե նրանցից որ մեկն է Թամրազը։ Այս պատճառով մտածեց սպանության գործը այդ գիշեր թողնել և գնալ, իսկ առաջիկա օրերում կդիտի ստույգ կերպով, վերահասու կլինի, թե նրանցից որ մեկն է Թամրազը, ապա գալով նրան անվրեպ կտա կսպանի։ Բայց այս մտացրությունը աստված գցեց այն մարդու միտքը և դարձրեց նրան որպեսզի չսպանի քրիստոնյաների թագավորին, այլև շահի խարդախ չարությունը հայտնելով՝ նրան խայտառակեց։ Արդ՝ այս մտադրությամբ մարդը դարձավ վերնահարկից և սկսեց իջնել այն փայտյա սանդուղքով, որով եկել էր։ Եվ մինչդեռ մարդը իջնում էր, իր իսկ թուրը, որ կապել էր մեջքը, կպավ սանդուղքին, որից աղմուկ առաջացավ, աղմուկից գիշերապահների շունը արթնացավ ու սկսեց մարդու վրա հաչել, շան հաչոցից պահապանները արթնացան, տեսան մարդուն և շրջապատելով բռնեցին նրան։ Եվ նրանք, որ տեսան այդ մարդուն, բոլորը սարսափահար ապուշ կտրեցին։ Առավոտյան Թամրազը և իշխաններից ուրիշները այդ մարդուն կանչեցին իրենց առջև և հարցումով տեղեկացան։ Մարդը ամեն ինչ ստուգությամբ խոստովանեց, թե շահն է ուղարկել իրեն, թե կգնաս, Թամրազին կսպանես։

Այդ ժամանակ Թամրազը սրտի խորքից հառաչելով ասաց. «Արդ եղբայրներ, տեսեք, շահը իմ երկու որդիներին ինձնից առավ տարավ իր մոտ և ներքինացրեց, իմ մորը տարավ, կորցրեց Պարսկաստանի խորքերում, այժմ իմ երկիրը ամբողջովին ավերեց, իմ ողջ ժողովուրդն ու ազգը գերեվարեց, իսկ ես միայն իմ գլուխը առա, փախցրի և գտնվում եմ պանդխտաթյան մեջ։ Բայց նա, այնուամենայնիվ, չի գոհանում, այլ դեռևս ձգտում է հեռվից ինձ էլ սպանել։ Արդ նա, որ այսքան ջանք է գործադրում, որ ինձ սպանի, ես ի՞նչ հույսով համարձակվեմ նրա մոտ գնալ»։ Եվ այն բոլորը, որ տեսան այս գործը և լսեցին Թամրազին, արդարացրին նրա խոսքերը։ Եվ Թամրազը այն խղճալի մարդուն չսպանեց, այլ ազատեց, որ գնա իր ճանապարհով։ Իսկ ինքը չվստահեց մնալ Պաշիաչուխում, գուցե շահը նրա համար ուրիշ որոգայթներ հնարի, այլ ելավ այնտեղից, գնաց Դադիանի երկիրը և (ավելի) հեռացավ շահից։

Արդ՝ այն բոլոր չարահնար գործերի որպիսությունը, որ շահը կատարեց վրաց երկրի նկատմամբ, մենք ի վիճակի չենք գրել, որովհետև խոսքի սահմաններից շատ վեր է։ Քանզի մի ամբողջ տարի նա իր ողջ պարսից բանակով մնաց այնտեղ վրաց երկրում և մի տարի հետո մտածեց դուրս գալ վրաց երկրից և գնալ պարսից աշխարհը։

Բայց շահը վարանքի ու խռովքի մեջ էր, թե ինչպես կարողանա կորցնել Լավասափին։ Սրա համար նա առաջարկեց իր նախարարներին Լավասափին ասել, թե որովհետև բարով ու աստծու հաջողությամբ դու եկար շահին տեսության, և ձեր միջև եղավ սեր ու միաբանություն, արդ՝ դաշինքի սիրո և ուխտի հաստատութան համար նաև վայել է ու պատշաճ, որ դու նրա հետ գնաս երեք-չորս օրվա ճանապարհ, ինչպես ուղեկից մինչև քո երկրի սահմանները, ապա դառնաս քո աթոռը, որովհետև շահը ելնում, գնում է քո երկրից, (այդպես) հարմար է։ Այսպիսի խոսքեր շահը ինքն էլ ասաց Լավասափին զրույցի ընթացքում ընթացքում։ Եվ Լավասափը քանզի իր սրտում կեղծավոր խորամանկություն չուներ, որպես հատուկ է քրիստոնյաներին, բարեհաճեց անել նրանց ասածը։

Երբ շահը Թիֆլիս քաղաքից շարժվեց, իր հետ վերցրեց նաև Լավասափին համաձայն յուր նախապես նշանակված պայմանի։

Երբ երեք-չորս օրվա ճանապարհ գնացին, նոր մի բան էլ շահը առաջարկեց իր նախարարներին, որ Լավասափին ասեն։ «Որովհետև այսքան օրվա ճանապարհ եկար, շատ լավ արիր, արդ խնդրում ենք, որ քեզ դժվար չթվա, որ առաջանաս, գաս մինչև Գանձակ քաղաքը։ Շահը մտադրվել է այնտեղ Գանձակում կանչել իր առջև այս կողմերի բոլոր իշխաններին՝ Շամախու, Երևանի և ամենքին կամենում է նշանակել, որ մնան քո իշխանության ներքո, իսկ քեզ վերակացու և հրամայող բոլորի վրա, որպեսզի բոլորը ամեն ինչ քո հրամանով կատարեն, ինչ որ արվելու է»։ Լավասափը սրան էլ համաձայնեց և շահի հետ գնաց մինչև Գանձակ։ Երբ այնտեղ Գանձակում շատ օրեր անցան, ոչ մի նշան չերևաց շահի այն խոսքերի, որ ասել էր նախարարներին, այլև չեն երևում իր արձակման նշան ու նշմարանք։ Այդ ժամանակ Լավասափը իր հոգում հասկացավ, թե հնարանքներով իրեն հանին իր երկրից, այլևս չեն թողնի գնալ իր երկիրը․ այս պատճառով Լավասափը գտնվում էր մեծ տրտմության ու մտածումների վարանքի մեջ, և թեպետ մտածում էր, բայց ոչ մի փրկության հնար չէր կարող գտնել։

Նաև բազմարվեստ հնարագյուտ Շահ-Աբասը իր նենգավոր կասկածների մեջ խորհում էր, թե միգուցե կամ գիշերը, կամ ցերեկը Լավասափը հարմար պահ գտնի, որևէ հնարքով փախչի։ Այս կասկածների պաճառով նոր հնարանքներ ստեղծեց հետևյալ ձևով։ Շահը Լավասափին պարգևեց մի թագ, որ իրենց գլխին իշխաններն են դնում։ Թագը խիստ ազնիվ, պատվական, գեղեցիկ մեծարժեք էր։ Թագը պարգևելիս Լավասափին սիրով պատվիրեց, թե միշտ երբ ինձ մոտ գաս, սա քո գլխին լինի։ Լավասափը շահի մոտ գնալիս միշտ այդպես էլ անում էր։

Օրեր հետո շահը իր գողերին, որոնց մշտապես իր մոտ էր պահում (սրանք հնարամիտ գողեր էին, պեսպես հնարանքների համար շահը սրանց իր մոտ էր պահում, ինչպես, որ այժմ արեց) պատվիրեց, որ թաքուն ու գաղտնի գիշերը մտնեն Լավասափի վրանը, գողանան հատկապես այն թագը և այլ իրեր։ Գողերը արին, ինչպես որ սովորեցին շահից, գողացան թագը և շատ բան նրա ունեցվածքից։ Եվ մի օր Լավասափին կանչեցին շահի մոտ ըստ մշտապես կանչի։ Երբ Լավասափը եկավ ու բազմեց, թագը նրա գլխին չէր, ինչպես առաջ լինում էր։ Շահը տեսնելով նրան՝ անգետ ձևանալով հարցրեց,— ինչո՞ւ թագը գլխիդ չես դրել,— երբ լսեց, թե գողացել են, այդ ժամանակ շահը չքմեղ ձևանալով իբրև բարեկամ ու ցավակից մղկտաց, ափսոսաց։ Եվ ապա խոսքը դարձնելով իր նախարարներին, որոնք այնտեղ էին, բարկացավ նրանց վրա, հանդիմանեց, մահվան սպառնալիք կարդաց և ասաց. «Ինչո՞ւ լավ հոգատարությամբ ու հնազանդությամբ ծառայություն չեք արել սրան և այնքան անհոգ ու ծույլ եք, մինչև իսկ գողեր են մտնում սրա վրանը և գողություն անում, մանավանդ այնպիսի նշանավոր թանկագին բան»։ Եվ այս ասում էր թագի համար։ Ապա ասաց. «Արդ՝ միգուցե մյուս անգամ գողերը գան, ձեր անհոգության հետևանքով գողանան այլ ինչքեր սրա ունեցվածքից, և մեզ կրկնակի ամոթ լինի։ Արդ՝ դուք պատրաստեցեք քաջ և զգուշավոր մարդիկ, որպեսզի ամեն գիշեր [կամ ամբողջ գիշերով] գիշերապահներ պահպանությամբ շուրջանակի պահպանեն վրանը, որ սրան որևէ վնաս չպատահի, ապա թե ոչ ձեզ բոլորիդ բնաջինջ կանեմ։ Նախարարները այսպիսի խստիվ հրամանները ընդունելուց հետո պահապաններ դրեցին նրա շուրջը, որոնք գիշեր-ցերեկ նրան զգուշությամբ պահում էին։

Շահը այսպիսի հնար արեց և Լավասափի վրա պահապաններ նշանակեց, որ միգուցե փախչի, և այսպիսի պահպանությամբ բերեց հասցրեց Թավրիզ, իր հետ տարավ Ղազբին, Ֆահրապատ, Սպահան և այնտեղից ուղարկեց Շիրազ քաղաքը նրան հսկողության տակ պահելու․ այնտեղ նույնպես պահապաններ նշանակեց նրա վրա, որոնք զգուշությամբ հսկում էին։

Այնպես եղավ, որ շատ տարիներ հետո ռուսաց թագավորից դեսպաններ եկան սիրո և շատ գործերի համար։ Այն օրերին շահը գնացել էր Սպահանի գավառը և նստած էր գետի ափին, որին Ավիքուրան են անվանում․ կամենում էր այդ գետի ջուրը բերել, խառնել Սպահանի գետին․ քանզի Սպահանի ջուրը քիչ էր. շատ արհեստավորներ ու բանվորներ աշխատում էին ջրուղու վրա, ինքը շահը ևս այս պատճառով այնտեղ էր տեղավորված։ Ռուսաց դեսպանները այստեղ գալով հանդիպեցին շահին. շատ խնդիրներ անելու հետ խնդրեցին նաև Լավասափի համար, որպեսզի վերադառնա իր տեղը և մնա շահի հրամանի ու հնազանդության ներքո։ Խորամանկ խորհրդով Շահ-Աբասը խնդությամբ ընդունեց այդ խոսքը և հոժարությամբ ու զվարթությամբ հանձն առավ կատարել այդ խնդրանքը՝ Լավասափին ուղարկել իր տեղը։ Այս ձևով համոզելով դեսպաններին՝ ուղևորեց իրենց երկիրը։ Այս անցքերից հետո շահը իր առջև կանչեց այն իշխանին, որին հանձնված էր Լավասափը. ասաց նրան․ «Էյ դու կորստյան ու սպանման արժանի, ինչո՞ւ ես թողել Լավասափին, որ մինչև այս ժամանակ կենդանի ապրի, որ այժմ սրանք գան, խնդրեն նրա ազատումը։ Արդ՝ եթե շուտափույթ չգնաս և չբերես նրա կորստյան լուրը, դու քոյիններով հանդերձ բնաջինջ ես լինելու։ Իսկ իշխանը, ստանալով այսպիսի հրաման, շտապ հասնում է Շիրազ քաղաքը և Լավասափի մոտ իրեն ձևացնում, թե սիրո ու խաղաղության համար է եկել։

Եվ օրերից մի օր ելան միասին՝ Լավասափն ու իշխանը գետեզրը զվարճանալու․ գետում սկսեցին ձուկ որսալ․ նախ պարսիկ իշխանը ձեռքն առավ ցանցը, որ պատրաստի գետը նետելու ձկան որսի համար․ ինքը դիտավորյալ անհարմար սարքեց ու ծուռ ու թեք ձգեց գետը՝ իրեն ցույց տալով, որ չգիտի։ Իսկ Լավասափը չունենալով մտքում որևէ կասկած, ոչ էլ իր անձի վերաբերյալ տարակույս, ցանցը առավ իշխանի ձեռքից, որսլես թե ինքը երկրորդ անգամ ցանցը ավելի լավ նետի գետը, և մինչդեռ գլուխը կախ գցած ու խոնարհված ցանցի վրա իր ձեռքում ուղղում էր ցանցը, հետևի կողմից պարսիկ իշխանը հանում է սուրը, որ կապած էր մեջքից, բերում, հանկարծակիհ հարվածում է Լավասափի պարանոցին. հարվածից Լավասափի գլուխը անջատվեց իրենից, թռավ ընկավ հեռու։ Նույն պարսիկ իշխանը Լավասափի գլուխը առած բերեց նախապես հիշված Ավիքուրան կոչված տեղը՝ արքունի բանակը, շահի առջև Շահը տեսնելով գլուխը և իմանալով, որ Լավասափի գլուխն է, իր սրտի դաժանությունից ցասումով ու բարկությամբ լցվեց գլխի դեմ, անարգեց, հայհոյեց և քամահրելով խփում և այս ու այնտեղ է ձգձգում։ Եվ շատ ժամեր սրտի ցասումից զբաղվեց գլխով, ապա բռնեց գլխի ականջից, շպրտեց հեռու, և գլուխը գլորելով գնաց զառիվայրով, քանզի տեղը զառիվայր էր։ Արդ՝ այսպես եղավ Թիֆլիսի Լավասափ թագավորի կյանքի վախճանը, որովհետև չարահնար Շահ-Աբասը այս ձևով կորցրեց նրան և նրա երկիրը գրավեց իր իշխանության ներքո։

Նշումներ
  1. Տարուղա կամ ղարուղա նշանակում է ոստիկանապետ:
  2. Մատթ. Ժ 20
  3. Ընկած սադայելը սատանան է, որին իբրև թշնամու ըստ ավանդության աստված երկնքից ցած գցեց։
  4. Ավագ տոներ ասելով Դավրիժեցին հասկանում է Քրիստոսի ծնունդը, Բարեկենդանը, որ այն ժամանակ՝ հին տոմարով, ընկնում էին դեկտեմբերի վերջերին։