Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԺԶ
Մելքսեթ կաթողիկոսի առաջնորդության ժամանակ, մեծ աքսորանքից հետո ֆռանկների երկրից ֆռանկ հայրեր եկան Հայաստան, մտան Արարատյան գավառը և սկսեցին շրջել հայոց այն վանքերում, որ գտնվում են այդ գավառում։ Պարզամիտ հայերը չգիտեին, թե նրանք ինչ նպատակով են շրջում։ Բայց նրանց ըստ իրենց մարդադող, երեսահաճ և խաբուսիկ բարքի ամենքին առինքնում էին․ սրանք հանդիպեցին նաև Մելքիսեթ կաթողիկոսին, նրան խնդիրք տվին ու ոսկի դահեկան, որ չհետաքրքրվի կամ հետաքնին չլինի նրանց գործերին, ինչ հետագայում անելու էին։
Հայրերը իրենց հետ քարտեզանման մի գիրք ունեին իրենց լեզվով ու տառերով, որ ճշտորեն ու անսխալ ցույց էր տալիս, թե որտեղ են սրբերի գերեզմաններն ու դամբարանները, որ գտնվում են հայոց վանքերում, մատուռների շինվածքների որպիսությունը և թե որ կողմն են դուռն ու լուսամուտը. և շրջելով վանքերում՝ նրանք այն գրքով գտնում էին սրբերի նշխարները, վանքերի բնակիչներին բան էին տալիս և նշխարները առնում էին։ Նրանք շրջագայելով եկան Կարենիս[1] գյուղը և իջան Առաքելոց վանքը, որ շինված է ձորի մեջ։ Այն գրքով գտան Անդրե առաքյալի գլուխը, որ մինչև այդ ժամանակ վանքի բնակիչները, նաև բոլոր գավառացիները չգիտեին, թե որտեղ են առաքյալների գերեզմանները, այլ միայն ավանդաբար լսել էին սերնդեսերունդ, թե այնտեղ են գտնվում սուրբ ավետարանիչ Մաթևոսի ու Անդրե առաքյալի գերեզմանները, բայց տեղը բնավ չէին իմանում։ Երբ հայրերը գնացին վանք և բեմի ներքևը ինչ֊որ տեղ, որ դիրքը մատնանշում էր, վարեցին, ահա տեսան՝ բացվեց ու երևաց Անդրե առաքյալի գլուխը ինչպես որ գիրքը գլխի վերաբերյալ մատնանշում էր։ Երբ գլուխը հանեցին, ինչ֊որ սոսկում ու զարհուրանք ընկավ հայրերի վրա։ Երբ գլուխը հանվել է, նույն ժամին վանքի եպիսկոպոսը գլուխը հավափշտակել է հայրերի ձեռքից ռւ չի տվել, այլ նրանց դատարկ արտաքսել է վանքից։ Եվ Անդրե առաքյալի սուրբ գլուխը գտնվում է միևնույն վանքում, որ շատ անգամ ուխտ ենք արել ու համբուրել այն։
Իսկ հայրերը շատ ու քիչ շրջագայելուց հետո եկան Սուրբ աթոռ Էջմիածին և այնտեղ օթևան բռնելով մնացին շատ օրեր։ Ըստ իրենց մարդագող հնարքների մտերիմ երևալով վանականների ու գյուղացիների աչքին՝ նրանց առինքնել էին հայրերը ամեն օր գնում-գալիս էին սուրբ կույսեր Գայանեի ու Հռիփսիմեի տաճարները[2]։ Այս երեք տաճարներն էլ թե Էջմիածնի, թե Գայանեի և թե Հռիփսիմեի, ավերված խախտված, խարխլված ու անշքացած էին իբրև մրգապահների այգում եղած տաղավարը և իբրև սեխենիների մեջ գտնված հովանին ըստ Եսայի Մարգարեի[Ն 1]։ Էջմիածնում միայն սակավաթիվ միաբաններ կային և այն էլ խիստ տգետ ու գռեհիկ։ Իսկ Գայանեի ու Հռիփսիմեի վանքերը ամենևին անբնակ էին ու անպարիսպ։ Նաև եկեղեցիներն ու խորանները դռներ չունեին, իսկ արտաքին կողմից՝ ամբողջ տանիքը և որմնաերեսները քանդված էին, իսկ հիմքերը խարխլված, ու խրամատված։ Ներսի կողմից բեմն, ու եկեղեցու հատակը քանդքնդված էին ու ամբողջ եկեղեցին և խորանները անասունների աղբով լցված, որովհետև ամռան ու ձմռան օրերին անասունները՝ եզներն ու ոչխարները, մակաղում էին եկեղեցիների մեջ․ Գայանեի տաճարի տանիքը ամբողջովին նստել էր, միայն պատերն էին կանգուն և ուրիշ ոչինչ։
Ըստ իրենց սովորության հայրերը [ֆռանկ] անխափան գնում-գալիս էին սուրբ կույս Հռիփսիմեի տաճարը և Հռիփսիմեի գերեզմանի մատուռը, որ շինված էր գետնի խորքում՝ ավագ բեմի ներքևը, և բեմը վերևի կողմից մատուռի վրա կառուցել, շինել էին իր տեղում՝ ավագ խորանի մեջ։ Իսկ մատուռի դուռն ու լուսամուտը ոչ ոք չէր տեսել, որովհետև հայտնի չէր. մատուռի և եկեղեցու շինողը շինելիս իմաստությամբ էր արել։ Մատուռի դուռը և սրա ճանապարհը կողքից թողել էր եկեղեցու հյուսիսային խորանի մեջ։ Մատուռի դռան լայնության ու երկարության չափով մի մեծ ու անշարժ վեմ քար, որ ոչ ոք չէր կարող շարժել, կոփել ու դրել էին մատուռի դռան մեջ իբրև սրա կափարիչ, բայց վեմ քարը այնպիսի հնարամտությամբ էին դրել, որ ոչ ոք չիմանար և կամ համարեր, թե այնտեղ դուռ կա կամ վեմը նրա կափարիչն է, այլ վեմը համարում էին որմի շարած քարերից մեկը։ Մեր ազգից ոչ ոք սրանց տեղյակ չէր՝ ո՜չ մատուռին, ո՜չ էլ սրա դռանը։ Իսկ ֆռանկ հայրերը իրենց գրքով գտել էին մատուռի դուռը և շատ աշխատանք ու չարչարանք էին կրել կափարիչ վեմի վրա, որ վեր բարձրացնեն, բայց չեն կարողացել։ Եվ դուռը բանալու չարչարանքից, մտորումներից ու խոկումներից հետո եկել են այն համոզման, թե չի լինի, ապա թողել են մատուռի դուռը, եկել ելել են բեմը՝ ավագ խորանը։ Առաջաբեմի վերևի կողմից և ընծայարանի ներքևից ըստ իրենց գրքի ցուցման դռան ճանապարհն է, նրա հանդեպ այնքան են փորել, մինչև որ դռան ճանապարհի առաստաղը ծակել են և իջել ներս ճանապարհի մեջ, ապա ներքուստ և արտաքուստ այնքան են չարչարվել, մինչև որ կափարիչ վեմը թռցրել են տեղից և դուրս են գցել հյուսիսային խորանի մեջ։
Սրանցից հետո իջել են մատուռի գերեզմանի մեջ և գերեզմանի տապանաքարը գլորել են հեռու և փորել Հռիփսիմե կույսի գերեզմանը այնքան, մինչև հասել են տապանին, որի մեջ դրված են եղել Հռիփսիմեի սուրբ մասունքները։ Առավել ևս փորել են, մինչև որ նշխարների տապանը իր բուն տեղից ու ամրությունից թռցրել են։ Ապա նշխարներով լի տապանը մատուռից դուրս են բերել մեծ եկեղեցու մեջ և կամեցել են նշխարները վերցնել։
Եվ աստծու խնամքների ու ողորմությունների և սուրբ Լուսավորչի աղոթքների շնորհիվ այդ նույն օրվա միևնույն ժամին սուրբ Էջմիածնի եպիսկոպոսներից երկու հոգի՝ մեկի անունը Գրիգոր եպիսկոպոս, մյուսին՝ Վարդան եպիսկոպոս, ելել են զվարճանալու համար շրջագայելու և շրջելով հասել են սուրբ Հռիփսիմեի տաճարը․ և այն ժամին են վրա հասել, որ հայրերը [ֆռանկ] տապանը նշխարներով բերել են եկեղեցու մեջ և կամեցել են նշխարները վերցնել: Եպիսկոպոսները հայրերին այդ գործի վերաբերյալ հարցրել են, իսկ նրանք թեպետ խոսք են կցմցել և բարբաջել, բայց չի հարմարվել։ Իսկ եպիսկոպոսները շրջելով եկեղեցում՝ ամեն ինչ տեսնում են՝ վերևից ծակը, կողմից դուռը և մատուռը, գլորած տապանաքարն ու փորված գերեզմանը։ Հուզված ու զայրացած եկել են հայրերի մոտ և կոիվ ու աղմուկ են արել նրանց հետ, մինչև անգամ միմյանց ծեծել, վիրավորել։ Վարդան եպիսկոպոսի գլխին հայրերը խփել էին ու վիրավորել, որովհետև հայրերը երեք հոգի են եղել, իսկ եպիսկոպոսները՝ երկու․ սպին ու վերքի տեղը այս ժամանակ մեզ ցույց տվեց և այս պատմությունը մեզ նա պատմեց, որոնց ինքը ականատես էր եղել, սրան թող տերը ողորմի և թողություն տա նրա հանցանքներին։ Եպիսկոպոսները չեն թողել, որ հայրերը այդ ժամին նշխարներից մաս վերցնեն և ծեծ կռվից հետո երկու եպիսկոպոսները վերցրել են նշխարներով լիքը տապանը և բերել են Էջմիածին, հայրերը նույնպես նրանց հետ եկել են Էջմիածին։ Իսկ եպիսկոպոսները տապանը նշխարներով լիքը դրել են հրապարակի վրա․ միաբանները լսելով՝ վրա են հավաքվել, այլև եկել են գյուղացիները և մինչև իսկ Մելիքսեթ կաթողիկոսը ինքը։ Եվ ովքեր եկել տեսել և իմացել են, հիացել ու զարմացել են և ասել. «Մենք որ հայրերից ու պապերից այստեղ ենք ծնվել ու սնվել, այսքան ժամանակ բնավ տեղյակ չենք սրանց, իսկ սրանք օտար մարդիկ, նաև պանդուխտ, ինչպե՞ս կարողացան գտնել և այսպիսի գործ անել»: Եվ եղած գործի պատճառով վանքի եպիսկոպոսներն ու միաբանները խիստ սրտմտությամբ ու սաստիկ բարկությամբ վիճաբանում ու կռվում էին հայրերի հետ։ Սպասում էին կաթողիկոսին, թե կդատապարտի հայրերին ու վրեժխնդիր կլինի նրանցից։ Իսկ նա, որ հայրերից առել էր ոսկի դահեկաններ այն ոսկով կաշառակուր եղավ նրա մտքի տեսողությունը, չեղավ վրեժխնդիր, այլ թույլ տալով՝ անհոդ մնաց։
Այն ժամին հայրերը իրենց հետ ունեին նախապես պատրաստած մոմլաթից, այսինքն՝ մուշամբայից քսակ։ Վստահ լինելով կաթողիկոսի մարդահաճության վրա՝ առաջ եկան նշխարներով լիքը տապանի մոտ և քսակը բացին. հայրերից մեկը իր ձեռքը պատեց մաքուր ու սպիտակ թաշկինակով և նշխարներից վերցրեց, լցրեց քսակը, կամենում էր բոլոր նշխարները վերցնել։ Եպիսկոպոսները այդ տեսնելով լցվեցին քցսմամբ ու բարկությամբ, վրա հասան խփեցին հայրերին ու դեն հրեցին, չթողին այլևս նշխարներից վերցնել, շատը մնաց տապանի մեջ. հայրերը գլուխն էլ էին վերցրել, եպիսկոպոսները այն ևս հափշտակեցին և դրին տապանի մեջ։ Վերոհիշյալ Վարդան եպիսկոպոսը ասում էր, թե քանի ձեոք չէին մոտեցրել նշխարներին, նշխարների որակն ու գույնը սպիտակ էր, իսկ երբ ձեռք մոտեցրին, նշխարների գույնը դեղնեց։
Եվ այս ամենի վրա եպիսկոպոսները սկսեցին լալ ու ողբալ և կաթողիկոսին դժգոհության ու մեղադրության խոսքեր ասել, թե թող արդարադատ աստված քեզնից վրեժխնդիր լինի սրբերի նշխարների համար, որովհետև սուրբ Լուսավորչի օրերից մինչև այսօր այս սրբերի նշխարները չէին խախտված կամ որևէ տեղ ցրված, և սրանք էին հայրերի հավատի սկիզբն ու հաստատությունը և մեր երկրի լիությունն ու բարությունը, իսկ դու այսօր ցրվեցիր։ Իրենց լաց ու սուգից հետո եպիսկոպոսները վերցրին տապանը մնացած նշխարներով և դարձյալ տարան սրբուհի Հռիփսիմեի տաճարը և իջեցնելով մատուռի մեջ և գերեզմանը ավելի խոր փորելով նշխարներով լիքը տապանը դրին գերեզմանի մեջ և ամեն կողմից կրով ու խճով մածուցին, ամրացրին և ծածկելով գերեզմանը, տապանաքարը դրին վրան։ Իսկ մատուռի դուռը չխցեցին, սա մնաց բաց, ինչպես որ հիմա տեսնվում է. այն ծակը, որ վերևից բեմից ծակեցին, խցեցին, բայց հետաքրքրվողին հայտնապես երևում է ճանապարհի ներքևից, որովհետև ծակի վրա դրված քարերը դեռևս սպիտակ են։ Իսկ հայրերը սուրբ Հռիփսիմեի նշխարները քսակով առան և գնացին Երևան քաղաքը, մտածում էին, թե ինչ ճանապարհով հով տանեն իրենց երկիրը, քանզի հոռոմների երկրով (Թուրքիա) չէին կարող գնալ օսմանցիների երկյուղից, որովհետև այն ժամանակ մեծ թշնամություն ու ուժեղ պատերազմ կար օսմանցիների ու ֆռանկների միջև․ այս պատճառով չէին կարող օսմանցիների երկրով գնալ։ Ապա հայրերը Երևանից ելան, նշխարները իրենց հետ առած եկան Նախիջևան երկրի Երնջակի[3] գավառը՝ ֆռանկների Ապարաներ[4] գյուղը. այնտեղ նշխարները բաժանում են երկու-երեք մասի, իսկ հայրերը իրենք մնացել են այնտեղ, նշխարների երկու մասը պահել են իրենց մոտ, իսկ մի մասը իրենց հավատարիմ մարդկանց հետ ուղարկել են Սպահան քաղաքը, ֆռանկների վանքը, որ Հուսենիա են կոչում, քանզի ֆռանկները Սպահան քաղաքում երեք վանք ունեն։ Նշխարներ բերողները նշխարները հասցրել են ֆռանկների Հուսենիա վանքը և սնդուկով պահել մի տան մեջ. սպասելիս են եղել հարմար ժամանակի, որ առնեն տանեն Բանգարի վրայով Գվա[Ն 2] քաղաքը, Փորթուգալիային պատկանող երկիրը, որ այնտեղից նավով տանեն բուն Ֆռանկստան։
Դավիթ կաթողիկոսը այս ամեն եղելություններին տեղյակ չէր քանզի այդ օրերին նա բնակված էր Սպահան քաղաքում: Դավիթ կաթողիկոսը ուներ մի հավատարիմ հայ սպասավոր, որի անունն էր Գրիգոր, սա հմուտ ու զգուշավոր էր իր սպասավորության ու գործի մեջ։ Այս մարդը գիտեր ֆռանկների լեզուն, որովհետև միշտ գնում էր ֆռանկների վանքը և նրանց սպասավորում էր իր օգտի համար։ Մի օր գինի խմելիս աստծու խնամքներով քաղցրացել են խոսքի մեջ և շատ խոսքերի հետ նշխարներ բերող ֆռանկների սպասավորները այն էլ են ասել կաթողիկոսի սպասավոր Գրիգորին, թե գնացինք ձեր երկիրը և տեսանք ձեր Էջմիածին աթոռը և այնտեղից հանեցինք սրբուհի կույս Հռիփսիմեի նշխարները և բերինք այստեղ և ահա սնդուկով գտնվում է այնինչ տանը, կամենում ենք տանել Փորթուգալիա երկիրը, որ այնտեղից էլ տանենք բուն իսկ Ֆռանկստան։
Իսկ խելոք ու խոհուն [հայ] մարդը խոսքը այդ ժամին թաքցրել է իր սրտում և ասողին ուրախացրել է, բայց հաջորդ օրը գնացել է Դավիթ կաթողիկոսի մոտ և հայտնել ֆռանկներից լսած խոսքը։
Այդ ժամանակ Արարատյան երկրից շատ հայ քրիստոնյաներ և մանավանդ Երևան քաղաքի ժողովուրդը բնակվում էին Սպահան քաղաքում, նրանցից Դավիթ կաթողիկոսը նշանավոր ու վստահելի ոմանց կանչեց իր մոտ և նրանց հայտնեց խոսակցությունը: Նրանք շատ տխրեցին և լցվեցին վրեժխնդրության քենով։ Թե կաթողվկոսը, թե նրանք միասին գնացին ջուղայեցիների մեջ խոջա Սաֆարի մոտ, որ ջուղայեցների ավագն էր. ոչ միայն ջուղայեցիների, այլև այն բոլոր հայերի, որոնք գտնվում էին պարսից թագավորության ներքո, քանզի խոջա Սաֆարը և իր եղբայր խոջա Նազարը լավ ընդունելություն էին գտնում պարսից թագավորի ու նրա իշխանների մոտ. խոջա Սաֆարին հայտնեցին այս գործի մասին, Խոջա Սաֆարը, կաթողիկոսը, Աղա տերտերը, որ երևանցիների ավագն էր, միասին գնացին Միրղամահմադ անունով քաղաքապետի մոտ, որին շահը նշանակել էր Սպահանի քաղաքապետ, իսկ շահը այս ժամանակ Սպահանում չէր, այլ Թավրիզում էր. խոջա Նազարն էլ այնտեղ շահի մոտ էր։ Քաղարապետին հայտնելուց հետո նրանից զինվորներ առան, հանկարծակի գնացին ֆռանկների վանքը և բանալով ասված տան դուռը՝ գտան նշխարով սնդուկը: Նշխարներով լիքը սնդուկը առան, բերին քաղաքապետի մոտ, իսկ նա իր մատանիով կնքել էր սնդուկը, ավանդ տվել խոջա Սաֆարին այն պահելու համար, մինչև շահի գալը և այն պահանջելը:
Այս ամբողջ գործի անցուդարձը և որպիսությունը խոջա Սաֆարն ու Դավիթ կաթողիկոսը գրավոր հայտնել են խոջա Նազարին, որ Թավրիզում էր գտնվում։ Իսկ խոջա Նազարը, որովհետև համարձակ էր շահի մոտ, հայտնեց նրան և շահից խնդրեց՝ հրամանագիր ու թագավորական սպասավոր ուղարկել հայրերի հետևից, որոնք նշխարները հանել են, որպեսզի նրանց բռնի ու բերի թագավորի առջև։ Շահը խոջա Նազարի խնդրանքը լրիվ կատարեց։ Բայց գործը այսպես դասավորվեց. թագավորական ծառան, որին պատրաստեցին գնալու համար, ազգությամբ հայ էր և հավատքով քրիստոնյա հայոց դավանությամբ, իսկական անունն էր Ավետիք, բայց մի այլ մականունով նրան կոչել էին Ալթուն: Այն ամենը ինչ պատշաճ էր այդ գործի վերաբերյալ, խոջա Նազարը պատվիրեց Ալթունին: Եվ այս Ալթունը գնաց հասավ Նախիջևան գավառը, մտավ ֆռանկների Ապարաներ գյուղը. նույն ժամին եպիսկոպոսին, քահանաներին և ֆռանկների ժողովրդի երևելիներին բռնեց, կապեց ու կալանավորեց և Նրբանցից պահանջում էր ցույց տալ նշխարներ հանող հայրերին, իսկ նրանք չէին կամենում ցույց տալ։ Բայց Ալթունը նրանց չարչարում էր և կախելով բրածեծ էր անում, և նրանք հարկադրված ցույց տվին նշխարներ հանող հայրերին, որոնց անուններն էին՝ հայր Գլելուն և հայր Արքանջելի։ Այնուհետև խիստ պարտադրանքով նրանցից պահանջում էր նշխարները, իսկ նրանք չէին կամենում ցույց տալ, բայց Ալթունը սկսեց կախել, սաստիկ բրածեծել և ավելի խիստ չարչարել ու տանջել նրանց։ Եվ այսպես շատ օրեր անխղճորեն չարչարում էր նրանց, որովհետև նշխարները ցույց չէին տալիս։
Մի օր այն գյուղի քահանաներից մի քահանայի կախեցին և երկար ժամեր անխղճորեն ծեծում էին. այդ քահանան ուներ եղբորորդի մի փոքրիկ տղա, որ նրա մոտ կանգնած աղիողորմ լաց էր լինում։ Երբ տղան այնտեղ կանգնած մարդկանց հարցնում է, թե ինչու են իմ տերտերին կախել ծեծում, մարդիկ մանուկին պատասխանում են, թե սրբերի նշխարներր բերել են այս գյուղը, պահանջում են դրանք ցույց տալ, իսկ մենք տեղյակ չենք, որպեսզի ցույց տանք, այս պատճառով կախել ծեծում են։ Տղան [հարցը] կրկնելով ասաց նրանց՝ ապա այն ի՞նչ է, որ մեր ամենաներսի սենյակում է, և ամեն օր ճրագ են վառում նրա առջև։ Մինչև այդ վայրկանը Ալթունը բնավ հայերեն չէր խոսել և կամ իրեն հայ չէր ցույց տվել․ ինքը նույնպես մարդկանց մեջ կանգնած էր, երբ տղան այդ խոսքն ասաց։ Եվ երբ ինքը՝ Ալթունը տղայից այդ խոսքը լսեց, նույն պահին դարձավ տղայի կողմը և խանդաղատանքով խոսեց նրա հետ և ասաց. ի՞նչ ասացիր, որդի, մեկ էլ ասա։ Իսկ տղան կրկնելով դարձյալ նույն խոսքը ասաց։ Ապա Ալթունը տղային ասաց. «Եթե ասածդ ինձ ցույց տաս, քո տերտերին արձակելով կթողնեմ, իսկ քեզ ու քո տերտերին վերարկու կհագցնեմ իբրև նվեր, ապա թե ոչ այնքան կծեծեմ քո տերտերին, որ փայտի տակ կմեռնի»։ Ապա ինքը՝ Ալթունը բռնեց տղայի ձեռքից և ասաց. «Եկ, որդյակ, գնանք ձեր տունը և ասածդ ինձ ցույց տուր»։ Հասնելով տուն՝ անցան սենյակե սենյակ մինչև ամենաներսի սենյակը, որտեղ նշխարներն էին: Ալթունը տեսավ, որ բարձր տեղում հանգստանում էին՝ մաքուր շորերով ծածկված, իսկ ճրագը նրանց առջև վառվում էր: Ալթունը բացեց, վերցրեց ողջ ծածկույթը և տեսավ, որ իրոք նշխարներն էին: Ինքը առավ իր գիրկը, դուրս բերեց և ըստ տղային տրված իր խոստման քահանային թողեց և խոստացած վերարկուները պարգևեց քահանային ու տղային։
Այնուհետև Ալթունն սկսեց խստագույնս չարչարել մյուս կալանավորներին, մանավանդ նշխարներ հանող հայրերին. դրանք չդիմանալով դառը տանջանքներին, ասացին թե՝ «Բացի այն մեկից, որ սարում ենք պահել, ուրիշը չկա, այժմ ցերեկը համբերիր, որովհետև չի լինի, իսկ գիշերը գնանք տեղը, հանենք տանք քեզ»։ Այն սարը, որտեղ նշխարները թաքցրել էին, այդ ամբողջ երկիրը Բոլու է կոչվում, որ մոտիկ է Ապարաներ գյուղին. սա մի բարձր քարաժայռոտ սար է։ Եվ այն գիշեր, երբ հայրերը գնացին սարը, Ալթունն էլ գնաց նրանց հետ։ Երբ նշխարները թաղել են այնտեղ, բևեռային աստղի նշաններով էին թաղել, այժմ էլ սկսեցին բևեռային աստղի նշաններով երթևեկ կատարել։ Այնքան այստեղ֊այնտեղ երթևեկ արին, մինչև ստույգ եկան թաղված տեղի վրա կանգնեցին։ Ապա սպասավորներին հրամայեցին տեղը փորել և երբ մինչև վերջ փորեցին, տեսան նշխարներով լիքը մի արծաթյա թաս. այն էլ վերցրին տվին Ալթունին, իսկ Ալթունն առավ նշխարներն ու հայրերին, վերադարձավ Ապարաներ գյուղը և նրանցից այլ նշխարներ ևս պահանջեց։ Իսկ նրանք ոտքերը ընկան, լաց եղան և ծանր երդումներով երդվեցին, թե էլ չկա։
Իսկ Ալթունը ինքը Աստապատ գյուղից էր, որի տունը այնտեղ էր։ Նա ելավ Ապարաներ գյուղից, իր հետ վերցրեց նշխարները և նշխարները հանող հայրերին, եկավ իր Աստապատ գյուղը։
Այս օրերին սուրբ վարդապետ Պողոսը պատահաբար եղավ Աստապատ գյուղում. այս վարդապետի պատմությունն եմ արել ներկա շարադրանքի մեջ, Պողոսի մոտ է գնում Ալթունը և նրա առջև տանելով բոլոր նշխարները՝ վարդապետին առաջարկում է իր բաժինը վերցնել․ վարդապետը նշխարներից մի մատի չափ մաս է վերցնում, մնացածը Ալթունը հավաքում է իր մոտ։ Ալթունը վարդապետին այս էլ է ասել․ «Եթե ինձ չմեղադրես հայրերի համար, սրանց մարմինները կթողնեմ այստեղ, կվերցնեմ սրանց գլուխները միայն և կտանեմ թագավորին»։ Իսկ սուրբ վարդապետը խղճում է հայրերին իբրև քրիստոնյաների, չի թողնում, որ նա ասածը անի։
Վարդապետը տարիներ հետո գնաց Նախիջևան քաղաքը․ այդ քաղաքին մոտիկ մի գյուղ կա, որ Քուլթափա են կոչում։ Մինչև այդ ժամանակ գյուղում եկեղեցի չկար, այնտեղ հիմնարկեց եկեղեցի և եկեղեցու հիմքում դրեց նշխարների մասը, որ վարդապետը վերցրեց․ սրա վրա եկեղեցի շինեց, ավարտեց։ Եկեղեցու օծման օրը եկեղեցին անվանեց Սուրբ Հռիփսիմե։ Բայց այժմ այն գյուղում եկեղեցու վրա հաստատված հայկազուն քրիստոնյաները սակավ են։
Իսկ Ալթունը Աստապատից ելավ, իր հետ առավ հայրերին ու նշխարները, գնաց հասավ Թավրիզ և խոջա Նազարին ներկայացրեց նշխարներն ու հայրերին ։ Խոջա Նազարը հայտնեց շահին, խնդրեց ու ասաց․ «Քո՝ մեր թագավորիդ բախտի հաջողության համար չթողեց, որ այն նշխարները գնան Ֆռանկստան։ Որովհետև եթե գնային, ողջ հայ ժողովուրդը նրա հետևից կգնար, քանզի ողջ հայ ժողովուրդը կախված է նրանից, մանավանդ ջուղայեցի և Գողթան գավառի ժողովուրդը, որոնցից շատերը այժմ վաճառականությամբ Ֆռանկստանում են և հազիվ թե նրանք վերադառնան այս երկիրր։ Իսկ մեր խնդրանքը արքայից այս է. միգուցե այս նշխարներից մի մաս բաժանված է, և եթե ֆռանկները սրանցից [մաս] են առել, այն ևս նրանցից առնի և մեզ տա։ Այսքանը նախքան դատաստանի քննության օրը խոջա Նազարը ասաց շահին, իսկ շահը պատասխանեց, թե որովհետև ջուղայեցիների կամքը այդպես է, ջուղայեցիների ցանկության համար և քո միջնորդության շնորհիվ կանեմ այնպես, ինչպես դու ասացիր։
Եվ այն օրը, երբ շահը դատաստանի նստեց, Ալթունը նշխարը և հայրերին բերեց շահի առջև: Շահը հարցրեց և ըստ ամենայնի տեղեկացավ։ Հայցերին թողեց առանց պատժի քանզի այն ժամանակ միմյանց միջև խաղաղության դաշինք էին ուխտել ու հաստատել շահն ու ֆռանկների թագավորը, և հաճոյակատարություն անելով նրանց՝ հայրերին չպատմեց, այլ ազատ արձակեց առանց պատիժների։ Իսկ հայրերը շահի ներողամտությունից համարձակություն առնելով շահին ասացին. «Այսքան չարչարանք ու նեղություն, որ մենք կրեցինք նշխարների համար, խնդրում ենք, որպեսզի նշխարներից մի մաս արքան մեզ պարգևի»։ Շահը նրանց պատասխանեց զարմացական մեղադրանքով, ասաց. «Որո՞նց ինչքը առնեմ, ձեզ տամ, որովհետև այս նշխարը, որ խնդրում եք հայերինն է. և ինչ օրենք կհաստատի, որ ես նրանց ինչքը առնեմ, ձեզ տամ»։ Ապա շահը հրաման տվեց՝ բոլոր նշխարները տալ խոջա Նազարին, այդպես էլ եղավ։ Սրանից հետո շահն է կամեցել նշխարները ուղարկել Սպահան քաղաքը. խոջա Նազարին ասել է, թե այսպես եմ կամենում անել, նա էլ սրան հավանություն է տվել։ Ապա շահը նամակ է գրել Սպահան խոջա Սաֆարին, թե՝ «ձեր միջնորդության համար և ըստ ձեր սրտի ցանկության, ֆռանկներից առա ձեր սրբերի նշխարները և պարգևեցի ձեզ. արդ՝ ուղարկեցի քեզ, իբրև ավանդ պահելու համար, այժմ ընդունիր այդ և պահիր, մինչև պահանջեմ, բերես իմ առջև»։ Իսկ խոջա Սաֆարը առել և ընդունել է նշխարները, իր տանը պատրաստել է պատշաճավոր տեղ և այնտեղ հանգստի է դրել։ Եվ ըստ արժանվույն սրբություների՝ ամեն օր անուշահոտ խունկերով, պայծառ մոմերով պաշտում էր դրանք որքան ինքը և որդիքը կային, իսկ այժմ էլ [նույն անում են] թոռները, և այնտեղ են գտնվում մինչև այսօր։
Արդ սրբուհի Հռիփսիմեի նշխարները այսպես են խլված եղել ֆռանկներից և այսպես են եկել Սպահան քաղաքը։
Իսկ նշխարները հանող հայրերը, որոնց շահը ազատեց, Թավրիզից ելան, երկրորդ անգամ գնացին Նախիջևան, որպեսզի վերստին գնան Արարատյան գավառը սրբերի նշխարներ որոնելու։
Մինչ հայրերը տակավին Նախիջևանի գավառում էին, մի օր պատահաբար տեսան Նախիջևան քաղաքի բոլոր գավառների իշխան Մախսուդ սուլթանին։ Նրանց միջև կայացած խոսք ու զրույցի երկարելով, որ վերաբերում հավատին, սուլթանն ասել է հայրերին. «Ապա մեր պատգամաբեր Մահմեդին ամենևին չեք պատվում և ընդունում»։ Նույն ժամին նրանց դիմաց նստած է լինում մի շուն. մեկը հայրերից ձեռքը մեկնելով դեպի շունը՝ ասում է. «Ի՞նչ է Մահմեդը, որ նրան պատվենք, թե Մահմեդը և թե այն շունը զուգահավասար են»: Այս խոսքի վրա սուլթանը, նրա բոլոր մարդիկ ու ծառաները խոր խոցվել են և մահու չափ վիրավորվել, բայց ոխը ժամանակավորապես թաքցրել են իրենց սրտերում և դուրս չեն բերել:
Իսկ հայրերը շատ թե քիչ օրեր հետո Նախիջևանից ելած գնացին Երևան, իսկ այնտեղից ելել են, որ գնան Գեղարքունիք և, երբ հասել են այն լեռանը, որ Սուլեյմանի սար են ասում, նրանց հետևից եկել են հինգ հեծյալ ազգով ղզլբաշ մարդիկ, հասել են հայրերին. և մինչ նրանց հետ զրուցելով ճանապարհ էին գնում, հանկարծակի սրով զարկել և սպանել են երկու հայրերին, որոնք Հռիփսիմեի նշխարները հանողներն են եղել։
Նրանց հետ եղել է մի այլ աշխարհական մարդ, որ հայրերի սպասավորն էր. սրա անունը Աղամիր է եղել ֆռանկների Ապրակունիս գյուղից։ Հայրերին սպանելու ժամանակ այս մարդը փախել է մի քարաժայռի կողմ, ղզլբաշ զինվորներից մեկը ընթանալով նրա հետեից՝ այնտեղ նրան հարվածել է սրով՝ գլխին, պարանոցին, ուսին, արմունկին։ Վիրավորված մարդը ընկել է գետին և իրեն ձևացրել է մեռած։ Զինվորը ևս նրան ստույգ մեռած է համարել, որովհետև մարդուն հարվածել է ոտքով և բարձրից՝ քարաժայռի գլխից նրան նետել է ներքև քարի վրա, ինքը գնացել է իր ընկերների մոտ։ Իսկ այս գործը կատարած զինվորները առել են նրանց ունեցվածքը, ինչ որ հավանել են և գնացել են իրենց ցանկացած տեղը։
Եվ այս ղզլբաշ զինվորները, որոնք հայրերին սպանեցին, ոմանք ասացին, թե Մախսուդ սուլթանի զինվորներից էին, որոնք Մահմեդին անարգելու համար [հայրերը անարգեցին՝ ասելով, թե նա զուգահավասար է շան] Մախսուդ սուլթանը ուղարկեց նրանց թաքուն սպանելու, և զինվորները եկան այդպես էլ արին։ Ոմանք էլ ասացին, թե հայրերին սսլանող զորականները Ամիրգունա խանի զինվորներից էին, որ Էջմիածնի գավառի իշխանն էր։ Սա հայրերի հետևից [մարդ] ուղարկեց նրանց սպանելու երկու պատճառով, նախ՝ Սուրբ Հռիփսիմեի նշխարների վրեժխնդրությունը լուծելու, որ Ամիրգունա խանի գավառից նշխարները հանեցին և տարան այլուր․ և երկրորդ՝ ասացին, թե Ամիրգունա խանը լսել էր, որ այդ հայրերի մոտ ոսկու և արծաթի մեծ գանձեր կան, այդ գանձերի համար զինվորներ ուղարկեց, սպանեց նրանց և գանձը առավ։ Արդ Մախսուդ սուլթանից, Ամիրգունա խանից, թե որտեղից [փաստ է, որ] զինվորներ եկան և սպանեցին հայրերին, իսկ հայրերի սպասավորներին վիրավորված գցեցին քարաժայռից ցած։
Իսկ մենք, երբ պատմություն գրելու համար ելանք, շրջեցինք, գնացինք Նախիջևանի երկիրը՝ Երնջակ գավառը, Ապարաներ գյուղը, հանդիպեցինք այս մարդուն՝ Աղամիրին․ տեսանք իրեն, վերքերի տեղն ու սպիները։ Նա մեզ պատմեց վերոհիշյալ պատմությունը։ Իսկ վերջում ասաց. «Թե երբ ինձ քարաժայռից գցեցին, վայր ընկա գետի ջրի մեջ. սա այն գետն էր, որ Կոթա գետ են կոչում։ Գետի ջուրը ինձ առավ տարավ ու դեմ արեց մի քարի, այն քարը եղավ ինձ արգելիչ, և ինձ արգելեց մինչև երեկոյան մթնելը՝ աստղերի ելքը։ Եվ այս ամենը եկավ իմ գլուխը, ու ես աստծու շնորհներով կենդանի էի և գիտեի այն ամենը, ինչ որ պատահել էր ինձ։ Աստծու ողորմությամբ գետի ջուրը ինձ չխեղդեց, իսկ երբ երեկոն մթնեց, գետից դուրս եկա, գնացի, բայց չգիտեի, թե ուր եմ գնում. բայց գնալիս հանդիպեցի մի շատ բանուկ ու ոտնակոխ ճանապարհի։ Ինձ ու ինձ մտածեցի, թե ճանապարհի վրա կանգնեմ, որպեսզի սրա անցորդներին հարցնելով իմանամ, թե ինչ պետք է անեմ։ Այնպես եղավ, որ առավոտյան արշալույսին գրաստներով ինչ-որ հայ մարդիկ եկան, որ գնում էին ինչ-որ գյուղ։ Ես ելա խառնվեցի նրանց, իսկ նրանք իմանալով ինձ հետ ամբողջ պատահածը, ինձ դրին գրաստի վրա և հասցրին մի գյուղ, իսկ ես գյուղացիներին ամեն ինչ պատմեցի։ Գյուղացիներից ոմանք գնացին հայրերի սպանության վայրը, տեսան հայրերը սպանված, և նրանց բոլոր գրքերը, թղթերը, զգեստները ցրված անբնակ վայրում։ Այնտեղ ճանապարհին մոտ փոս փորեցին, հողով արին, ծածկեցին նրանց։ Իսկ ես մնացի գյուղում, մինչև իմ վերքերը առողջացան, ապա ելա եկա իմ տունը։ Արդ Աղամիր անունով այս մարդը, որ ականատես էր եղել բոլոր գործողություններին, պատմեց մեզ այն տեղից, որ ելել են Նախիջևանից մինչև այստեղ։
Իսկ հետագայինը, որ այժմ պիտի պատմեմ, Մարտիրոս անունով մի եպիսկոպոս պատմեց, որ ինքն էր աչքով տեսել։ Ասում էր, թե «ֆռանկների երկրից եկավ մի այլ հայր՝ Մելքիոր անունով. սա արժանացավ շահի տեսությանը, որ այն ժամանակ Թավրիզում էր։ Շահը իր ամբողջ բանակով Թավրիզից ելավ, եկավ Գեղամա երկիրը, նրա հետ եկավ նաև հայր Մելքիորը, որովհետև իբրև եկած դեսպան էր ձևանում և շահից պատիվ էր ստանում։ Սա մեծատոհմիկ էր ու փառավոր, և շահը շատ էր խոսում նրա հետ։ Մի օր խոսքի մեջ Մելքիրրը շահին ասել է, թե ժամանակներ առաջ մեր հայրերից ոմանք եկել են այս երկիրը, ավազակների կողմից սպանվել ու թաղվել են լեռներում։ Արդ ես ցանկանում եմ նրանց ոսկորներր հանել և տանել իրենց հայրական գերեզմանատուն։ Իսկ շահը կրոնով և ազգով հեթանոս լինելով, մեռելների ոսկորները նրա փույթը չէին: Նրան պատասխանել է՝ դու գիտես։ Ապա Մելքիորը մարդիկ է ուղարկել վայրը, որոնք հանել են Գլելումի և ընկերոջ ոսկորները, բերել են իրեն, իսկ ինքը իր հետ տարել է իրենց բնիկ Ֆռանկստան երկիրը իբրև մարտիրոսի նշխարներ։ Այս էլ այսպես։
Այս ժամանակ, երր մենք կանք, մեր հայոց 1107 [1658] թվականն է, որ ժամանակ նաև այս պատմությունը շարադրելով գրեցինք. այնպես պատահեց, որ մենք եկանք Սպահան մեծահանդես քաղաքը։ Քանզի այստեղ էր եկել ամենայն հայոց խոհամիտ, մեծահոգի, արժանաժառանգ հայրապետը՝ Սուրբ Էջմիածնի տեր Հակոբ կաթողիկոսը ի տեսություն և այցելությսւն Քրիստոսի բանավոր հոտին, որ վստահեց նրան [կաթողիկոսին]. նաև եկել էր իբրև Սուրբ Էջմիածնի նվիրակություն ու արքունիքի հետ կապված աշխարհական գործերի կարգավորման համար։ Կաթողիկոսին սպասավորելու համար շատերս էինք եկել, գնացինք խոջա Սաֆարի տունը ուխտի ու երկրպագության սրբուհի Հռիփսիմեի նշխարների և ուրիշ շատ նշխարների, որոնք այնտեղ են գտնվում։ Բանալով նշխարները՝ բոլորս տեսանք և ուխտ կատարելով արժանացանք սրբերի օրհնություններին։ Ջուղայեցի մարդկանցից ոմանք մեզ պատմեցին նաև այլ կարճ պատմություններ, նրանց պատմածի շարադրանքը հետևյալն է։
Առաջվա մեր պատմած պատմություններից ժամանակներ անցնելուց հետո շահը եկել է Սպահան և ըստ իր մշտական սովորության եկել է խոջա Սաֆարի տունը, այնտեղ եղել են նաև ֆռանկների հայրեր, որոնք վերոհիշյալ հայր Գլելումի կարգից են եղել։ Խոսքի մեջ հիշել են նաև սուրբ Հռիփսիմյանների նշխարները և սրբուհի Հոիփսիմեի բոլոր նշխարները բերել են շահի առջև ի տես բոլորի։ Եվ երբ նշխարները բացել են, այդ ժամանակ հարմար պահ գտնելով հայրերը շահից խնդրել են, իբրև պարգև իրենց տալ այն նշխարների մի մաս։ Շահն ինքը, վերցնելով ոսկորներից մի ոսկոր, դանակով խփել է կոտրել, ոսկորի կեսը դարձյալ գցել է մյուս նշխարների մեջ, իսկ կեսը տվել է հայրերին. իսկ նրանք առել են, ամփոփել իրենց մոտ։ Խոջա Սաֆարին հրամայել է մյուս նշխարները և կես [նշխարը] տանել, պահել։ Եվ նա վերցնելով մեջտեղից տարել է այն տեղը, ուր առաջ դրված էր և այնտեղ է մինչև այսօր։ Իսկ ինչ վերաբերում է այն մասին, որ հայրերը այժմ վերցրին, [նրանք] տարել են Բանգարի երկիրը՝ այն քաղաքը, որ կոչվում է Գվա։ Այդ քաղաքում վանք են շինել և հիշյալ մասը դրել են այդ վանքի եկեղեցու հիմքում. այժմ այդ վանքը կոչվում է Կուսանաց վանք, որտեղ բնակվում են բազմաթիվ ճգնավոր կանայք։ Արդ՝ օրհնյալ է աստված ամեն ժամանակ։
- Նշումներ
- Ծանոթագրություններ
- ↑ Կարենիսը Գյումուշ (Արծաթ) գյուղի հին անունն է։ Գտնվում է Հրազդանի շրջանում Հրազդան գետի ափին, շրջկենտրոնից 16 կմ դեպի հարավ-արևմուտք։ Առաքելոց վանքը գտնվում է այս գյուղում, որ կոչվել է նաև Կարենավանք, այժմ ավերակ է։
- ↑ Այո երկու վանքերը գտնվում են Էջմիածնում և հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից են։
- ↑ Երնջակը Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից է։ Սահմաններն են՝ արևելքից Գողթն, արևմուտքից Ջահուկ և Նախիջևան, հարավից Արաքսը, հյուսիսից Ծղուկը և Ջահուկը։ Ըստ Օրբելյանի Սյունիքում նահապետներից մեկի կինը՝ Երնջակը շինում է իր անունով Երնջակ բերդը, և գավառը բերդի անունով կոչվում է Երնջակ։
- ↑ Ապարան կամ Ապարաներ գյուղը գտնվել է Երնջակ գավառում (տես ծան. 80)։ 17-րդ դարի սկզբում ունեցել է 500 տուն հայ բնակիչ։