Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԺԷ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈԻԽ ԺԷ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՄ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՊԱՀԱՆ ՔԱՂԱՔ ՏԱՐԱՆ ՄԵՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ԱՋԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԱԹՈՌ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՐԵՐԸ

Պարսից մեծ թագավոր Շահ-Աբաս առաջինը, որ հայոց ազգը արտաքսեց հայոց բնիկ երկրից և քշեց Պարսկաստան, արեց այն դիտավորությամբ, որպեսզի Հայաստանը ավերվի, և շենանա Պարսկաստանը, նվազի հայ ազգը, բազմանա պարսիկ ազգը։ Եվ քանի որ Շահ-Աբասն ինքը զգուշավոր ու կանխահոգ մարդ էր և միշտ ու հարաժամ խորհում էր ու մտածում, թե ինչպիսի միջոցներ հնարի հայոց ազգի համար, որ չդառնա իր երկիրը, այլ մնա պարսից աշխարհում։ Որովհետև հայերից նրանք, որ ծնվել էին Հայաստան աշխարհում, շատ էին բաղձում Հայաստան գնալ, այդ պատճառով հնարներ գտնելու համար Շահ-Աբասը խոնարհվում, իջնում էր իր վեհ փառավորությունից և խոսում էր ամեն հայի հետ, ում որ հանդիպում էր՝ թե նշանավոր երևելի մարդկանց, թե հարուստների, թե աղքատների հետ։ Խոսեցնում էր ժողովրդին, իսկ ինքը համակ ուշադրություն դարձած մտքով ականջ էր դնում նրանց խոսքերին, իր սրտում կուտակում էր անօրենություն և հղանում էր տառապանքներ։

Եվ ինչպես նախօրոք ասացինք, շահը այլակերպվում էր և շրջում էր փողոցներն ու պողոտաները լսելու, թե ինչ են ասում։ Տնետուն էր մտնում, ում էլ որ պատահում էր, խոսք էր գցում ու խոսում էր շահի և հպատակների մասին. [ասում էր], թե շահը խաղաղասեր ու արդարադատ է և չի թողնում, որ իշխանները հարստահարեն հպատակներին։ Եվ մանավանդ ավելի հոգատար է հայ ազգի հանդեպ, որ նրանց բոլոր գործերն ու խոսքերը ըստ նրանց կամքի է անում։ Բայց ինչո՞ւ հայերը ջերմ ու հոժար չեն մնալու Սպահանի երկրում, քանի որ շեն երկիր է և թիկունքային, իսկ Հայաստան աշխարհը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն։

Եվ բազմիցս պատասխան է լսել, թե հայոց աշխարհում ամեն բարիքների լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սուղ է ու թանկություն։ Այնտեղ են իրենց հայրերի ու նախնիների գերեզմանատները, վանքերն ու ուխտատեղիները, որտեղ որբերի դամբարաններն են և մանավանդ մեծահանդես աթոռը՝ Սուրբ Էջմիածին, ուր գտնվում է Գրիգոր Լուսավորչի սուրբ աջը, որով օրհնվում է սուրբ մեռոնը, որտեղից [Էջմիածնից մեռոնը] գնալով սփռվում է ամբողջ աշխարհում ապրող հայերի մեջ, որտեղ էլ լինեն։ Այս պատճառով հայոց ողջ ազգը հնազանդվում է Էջմիածնի Սուրբ աթոռին և սրա կաթողիկոսին, որ նստում է այնտեղ։ Եվ այս խոսքերը ասել են ոչ միայն տգետ ու աննշան ոմանք, այլ նշանավորներ ու գիտուններ։ Այլև ոմանցից լսեցինք, թե նաև այն են ասել, եթե շահը կամենում է, որ հայոց ազգը պարսից աշխարհում անխախտ մնա, նա պետք է Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը Սպահան բերի և այնտեղ շինի նոր Էջմիածին, որ մեռոնօրհնեք լինի և այնտեղ կաթողիկոս նստի, որ հայ ազգը այնտեղ կայունանա, մնա, որովհետև աջի և Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված։

Արդ՝ դարանակալ օձը ու քրիստոնյաների կյանքի, հոգիների և հավատքի խորամանկ թշնամին, որ հար հավետ հայոց ազգի նկատմամբ տարակուսանքի մեջ էր ընկած, այժմ հենց նրանցից [հայրերից] լսեց իր տարակույսների ստույգ լուծումը։ Այնուհետև հաստատ ու անփոփոխ մտադրվեց Սուրբ Էջմիածինը քանդել, խափանել այնտեղի կաթողիկոսությունը, Լուսավորչի աջն ու Էջմիածնի քարերը բերել Սպահան և այնտեղ շինել նոր Էջմիածին, որպեսզի այնտեղ նստի կաթողիկոսը, ու այնտեղից մեռոնը սփռվի ողջ աշխարհը, և դրանով հայ ազգը մնա Պարսկաստանում, նաև ամբողջ աշխարհի օգուտն ու եկամուտը հավաքվի իր քաղաքում ու իր ազգի համար։ Այդ պատճառով Սպահան քաղաքի մեջ տեղ հատկացրեց ու առանձնացրեց, որտեղ կամենում էր Էջմիածին շինել, և այդ տեղը մոտ էր այն այգուն, որ պարսկերեն բազիզրիշկ [ծորենու այգի] են ասում, այս այգու հետևից՝ արևմտյան կողմից նույն այգուն կից։

Մի օր շահը գնաց նշանակված տեղը, նրա հետ էին նաև խոջա Նազարը և այլ հայեր, շահը խոջա Նազարին ասաց. «Ձեզ համար այստեղ Էջմիածին եմ շինում, որպեսզի այն Էջմիածնի համար ձեր սրտերը կարոտ քաշելով չճմլվեն, կհրամայեմ՝ բազմաթիվ ուղտեր, ջորիներ, սայլեր գնան, որպեսզի այն Էջմիածնի քարը, հողը քանդենք բերեն այստեղ, որ այն քարով, հողով շինվի այս Էջմիածինը, որպեսզի առանց որևէ երկմտության ձեր սրտերը կպչեն այս նոր շինվածքին»։ Եվ այս կերպ [պատրվակ] հնտրելով՝ կամենում էր քանդել Սուրբ Էջմիածինը, իսկ խոջա Նազարը քանի որ չէր ցանկանում Սուրբ Էջմիածնի քանդումը, դա նրա սրտին կսկիծ էր, շահի մտադրությունը խափանելու համար պատասխանել է այսպես. «Թագավորը ողջ մնա, եթե քո կամքը ուզի գեղեցիկ ու հաստատուն Էջմիածին շինել, կարող ես արծաթից ու ոսկուց շինել, ոչ թե քարից։ Ի՞նչ հարկ կա քարի ու հողի համար այդքան տառապանք կրել ու այդքան ծախս անել դրա վրա. հեռու և օտար աշխարհից քար ու հող բերել։ Այս աշխարհի քարն էլ, հողն էլ և բավական է, և լավ, եթե կամենում ես շինել, սրանցով շինիր, և մեզ ընդունելի է։

Իսկ ամենաթագավոր աստված, որի թագավորությունն է միայն հավիտենական, որ և զանց է առնում մարդկանց բազում մտադրությունները՝ թագավորների, ազգերի, ցեղերի ըստ գրվածի թե՝ «Տերը ցրում է հեթանոսների մտադրությունները, անարգում է ժողովուրդների մտադրությունները և արհամարհում է իշխանների մտադրությունները։ Իսկ տիրոջ մտադրությունը մնում է հավիտյան և նրա սրտի մտադրությունը ազգից ազգ է»[Ն 1]։ [Տերը] այն Ժամանակ չկամեցավ շահի մտադրության կատարումը, չնայած անխախտ հաստատված էր նրա մտքում։ Բայց նրա մտադրությունը խափանվեց հետևյալ պատճառով։ Նա պատրաստվել էր գնալու Վրաստան նրանց թագավորի և ազգի վրա. բազմաթիվ զորքերով և խիստ պատրաստությամբ ելավ Սպահանից, գնաց Վրաստան։ Նա մտավ Կախեթ, Կախեթի թագավոր Թամրազին փախցրեց և երկիրը ավերեց։ Եկավ, մտավ Քարթլի երկիրը և բանակեց Գորի քաղաքի վերին կողմը՝ այն ճանապարհի մոտ, որ տանում է Պաշիաչուխ։ Մտածում էր ու սպասում, թե ինչ հնարքով բուռը գցելով բռնի վրաց թագավորին։ Չնայած Կախեթի թագավոր Թամրազը և Թիֆլիսի թագավոր Լավասափը երկուսն էլ փախան Պաշիաչուխ [Իմերեթիա], բայց Թամրազը չխաբվեց և չեկավ շահի մոտ, իսկ Լավասափը խաբվեց ու հավատաց շահին և եկավ շահի մոտ, իսկ սա նրան տարավ Պարսկաստան, կորցրեց, ինչպես որ նախօրոք ամեն որպիսություն պատմեցինք։ Արդ՝ սրանք այսպես։

Այժմ ասենք կաթողիկոսների հակառակության պատճառը, որովհետև Էջմիածնի քարերի և Լուսավորչի աջի Սպահան տանելու պատճառը նրանց հակառակությունն է։

Այն ժամանակ, երբ շահը կատարեց մեծ աքսորը և հայոց ազգը քշեց, տարավ Սպահան, նրանց հետ Սպահան գնաց նաև Ղավիթ կաթողիկոսը և այնտեղ էր մնում։ Մելքիսեթ կաթողիկոսը ևս գնաց աքսորի հետ, բայց կես ճանապարհից դարձավ, եկավ Էջմիածին և կաթողիկոսություն էր անում: Բայց ինքը՝ Մելքիսեթ կաթողիկոսը բնավ չէր հոգում Էջմիածնի շինության, պայծառության, ժամակարգության և հաստատության մասին, այլ իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաքը, կաթողիկե եկեղեցին՝ իր գլխին հավաքելով իր ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի Սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով ապրում էր։

Այն ժամանակ եպիսկոպոսներ կային Սուրբ Էջմիածնում նույն Էջմիածին գյուղից, որոնց անուններն էին Կարապետ, Մարտիրոս և Օհան, սրանց հետ և այլ եպիսկոպոսներ ու աբեղաներ. սրանք Էջմիածնի մասին էին հոգում և միշտ ցավում էին անշքության, նույնի դատարկության համար և զայրանում էին Մելքիսեթ կաթողիկոսի արարքների վրա։ Շատ անգամ աղաչանքով, բողոքով ու զայրացմամբ ասում էին՝ թե «Մի թողնիր աթոռը այսպես թափուր ու անշուք, այլ աթոռ նստելով՝ ապրիր քո ցանկության համաձայն, գոնե միայն այստեղ լինես, այդ էլ մեզ և աթոռին բավական է»։ Իսկ Մելքիսեթը հղփացած և ուռճացած պետական իշխանությամբ չէր անսում, բանի տեղ չէր դնում նրանց ասածները։ Իսկ եպիսկոպոսները սրտնեղվելով Էջմիածնի աղոտացման, անշքությամբ և իրենց խոսքերը քամահրելու պատճառով՝ բոլորը միակամ եղած հայտնեցին երկրի իշխան Ամիրգունա խանին, որոնց ամբաստանությամբ խանը բռնեց կաթողիկոսին և վաթսուն թուման տուգանք առավ։ Այս բանի վրա կաթողիկոսը վիրավորվեց խանից, ելավ, գնաց Վրաստան իբրև խանից խռոված։ Խանի իշխաններն ու բարեկամները կաթողիկոսի գնալու համար մեղադրեցին նրան, որի պատճառով խանը ոմանց ուղարկեց Մելքիսեթի հետևից իբրև հրավիրակներ՝ խոստանալով նրան պահել պատվով ու կատարել նրա բոլոր ցանկությունները։ Ապա Մելիքիսեթը դարձավ եկավ Երևան, իսկ խանը նրա սիրտը շահելու համար բռնեց եպիսկոպոսներին և տուգանք առավ։ Այնուհետև Կարապետ եպիսկոպոսը թողեց երկիրը և գնաց անապատ կրոնավորելու։ Այս այն Կարապետ եպիսկոպոսն է, որին հիշեցինք մեծ անապատի գլխում[Ն 2], թե եկավ բնակվեց Սևան կղզում։ Իսկ ինչ վերաբերում է Մարտիրոս եպիսկոպոսի, Մելքիսեթ կաթողիկոսը խնդրեց խանին, որպեսզի նրան արտաքսի Արարատյան երկրից, իսկ խանը այդպես էլ արեց․ մի զինվոր նշանակեց Մարտիրոս եպիսկոպոսին հսկող, որ նրան հսկողության տակ տարավ մինչև Հին Ջուղա, Արաքս գետը անցկացրեց այն կողմ, ապա զինվորը վերադարձավ։

Իսկ Մարտիրոս եպիսկոպոսը ոչ մի տեղ չարգելվեց, այլ գնաց Սպահան, մուտք գործեց [կաթողիկոսի մոտ] և միացավ Դավիթ կաթողիկոսին։ Օրավուր, ժամին, թե անժամանակ պատմում էր Մելքիսեթի արարքները և Էջմիածնի ավերանքներն ու ամայությունը։ Այդպես էլ ջուղայեցի ու երևանցի ժողովրդի առջև մշտապես խոսում ու տեղեկացնում էր, իսկ ջուղայեցիներն ու երևանցիները Մելքիսեթի արարքների ու Էջմիածնի ամայության համար շատ վշտացան։ Հավաքվեցին Դավիթ կաթողիկոսի մոտ և նրան ստիպեցին Էջմիածին գնալ, տիրել ու հոգալ, նրա շենությունը՝ ասելով, թե մենք քեզ ամեն գործում ու խոսքում կօժանդակենք։ Դավիթ կաթողիկոսը Սպահանից ելավ, ընդ որում և Մարտիրոս եպիսկոպոսը, եկավ Երևան քաղաքը և Էջմիածին, բայց այս օրերին, երբ շահը Գորիում բանակ էր դրել ու նստել, Դավիթ ու Մելքիսեթ կաթողիկոսները երկուսն էլ միասին Սուրբ Էջմիածնում էին։ Բայց նախանձը, ոխակալությունը, հակառակությունը քիչ չհորդացավ ու ավելացավ նրանց [կաթողիկոսների] միջև այս պատճառով։

Քանզի Դավիթ կաթողիկոսը Մելքիսեթից ավելի առաջ էր եղել կաթողիկոս և տարիքով ալևորությամբ ծեր էր. նաև Դավիթն էր Մելքիսեթին կաթողիկոս օծել, որպեսզի լինի իրեն ընկեր ու օգնական, բայց նա եղավ խոչընդոտ։ Տարիներ հետո, երբ Մելքիսեթը անունով ու կաթողիկոսական գործով առաջ գնաց, ամբողջովին կորզեց ու գրավեց կաթողիկոսական իշխանությունը, ինքն էր կառավարում, իսկ Դավթին ճնշեց, դեն մղելով հեռացրեց իշխանությունից։ Իսկ ինչ Դավիթն էր, ասում էր Մելքիսեթին. «Թեպետ ինձ հեռացրիր կաթողիկոսական իշխանությունից, բայց գոնե իմ ծերությանը գթա ու խնայիր, տուր ինձ օրվա պարենի, կերակուրի պետքերի համար միջոց ու զգեստ, որպեսզի իմ ծերության քիչ մնացած ժամանակը անցկացնեմ և մի վշտացնիր իմ ծերությունը»։ Իսկ Մեչքիսեթը գիրացած, հաստացած ու հոռացած իշխանության մեջ՝ չէր կամենում լսել Դավթին ըստ տերունական այն առակին[Ն 3], որ այրու և անիրավ դատավորի մասին պատմում է, որովհետև ինչ որ Դավիթը ասում էր, Մելքիսեթը խոսքով նրան հանդիմանում էր։ Այլև այն մարդիկ, որոնք Մելքիսեթի կողմնակիցներն էին, կամ խորհրդակիցները, կամ սպասավորները, Դավթին մարդատեղ չէին դնում, արհամարհում էին նրան. արհամարհելով անարգալից ու քամահրանքի խոսքեր էին ասում նրան, և այն էլ ոչ թե ծածուկ, այլ բացահայտ, նրա երեսին և նրա չնչին կարիքների ու պետքերի առիթով անտեղի վշտացնում էին նրան։ Երկար ժամանակվա նրանց տմարդի գործի վրա Դավիթը սաստիկ դառնացավ, որովհետև բնավ չէին մեղմանում իրենց բիրտ վերաբերմունքով։ Եվ մահու չափ վշտացավ հոգով. այնուհետև թախծոտ սրտով ելավ, գնաց Գորի՝ շահի բանակատեղը, որպեսզի ներկայանա շահին, ամբաստանի Մելքիսեթ կաթողիկոսին։ Այս ժամանակ շահը տակավին Վրաստանում էր՝ Գորի քաղաքի մերձակայքում բանակել, նստել էր։ Շահը երկու կաթողիկոսին էլ քաջածանոթ էր, բայց Դավթին ավելի լավ էր ընդունում, քան Մելքիսեթին, որովհետև երբ շահը մեծ աքսորը կատարեց, երկու կաթողիկոսներն էլ գնացին աքսորանքի հետ. և երբ հասան Ահար ու Մուշկուն կոչված գավառները, այնտեղից Մելքիսեթը առանց շահի գիտության վերադարձավ Երևան, Էջմիածին և կաթողիկոսական իշխանությունը վարում էր առանց շահի հրամանների։ Իսկ Դավիթ կաթողիկոը աքսորանքի հետ գնաց Սպահան և այնտեղ Սպահանում շատ անգամ հանդիպեց շահին, իսկ շահը նրա հետ գութով ու քաղցրությամբ էր խոսում, մինչև անգամ շահը հայր էր կոչում նրան՝ թե կեղծավորությամբ, թե իրոք։ Արդ Մեքիսեթի Երևան վերադարձը շահին ծանր թվաց, իսկ Դավթի Սպահան գնալը նրան դուր եկավ, դրա համար շահը ավելի լավ էր ընդունում Դավթին։

Իսկ Դավիթ կաթողիկոսը գնաց, հասավ արքունի բանակը և մի օր եկավ, ներկայացավ շահին, և երբ շահը տեսավ նրան, նախկին գութով ու քաղցրությամբ էր խոսում նրա հետ, հարցնում էր, թե ինչպե՞ս ես ապրում քո կյանքում՝ դյուրությամբ ու անդորրությա՞մբ։ Դավիթը պատասխանելով ասաց. «Թագավոր, հավիտյան կեցցես, թեպետ ինձ նեղողներ ու դառնացնողներ կան, բայց տեսնելով քո դեմքի քաղցրությունն ու վայելչությունը և քո խոսքերի մխիթարությունը, իմ բոլոր վշտերը մոռացվում ու փարատվում են»։ Շահը հարցրել է, թե ո՞վ է այն մարդը, որ քեզ վշտացնում է. Դավիթը այլազգիների լեզվով է պատասխանել․ «սմուկ սաթան խալիֆեն», որ նշանակում է՝ ոսկորներ ծախող կաթողիկոսը. «սմուկ սաթան» ասելով սկսել է ամբաստանել Մելքիսեթին, նրա արարքները հիշատակել է շահի առջև, որ սրբուհի Հռիփսիմեի նշխարները կաշառքով ֆռանկներին թույլ է տվել տանելու։ Այլև ուրիշ մարդիկ ասացին, թե Դավիթը այս խոսքն էլ է ասել շահի ներկայությամբ. «Եթե Լուսավորչի աջը և Էջմիածնի քարերը չգնան Սպահան, անհնար է, որ հայ ազգը Սպահանում մնա»։ Երբ շահը լսեց նշխարները ծախելու մասին, հետաքրքրվեց ու տեղեկացավ ամեն մանրամասնություններին և Մելքիսեթի արարմունքների վրա տխրեց, ցասմամբ ու զայրացմամբ բորբոքվեց, այնքան, մինչև որ Մելքիսեթին պատժի ու տանջանքի մատնեց։

Այդ ժամանակ շահը իր մոտ տարավ Ամիրգունա խանին, երբ Վրաստանում էր, ասելով, թե կգաս մեզ մոտ, կմնաս պատերազմական գործողությունների մեջ ընդդեմ մեր թշնամիների։ Եվ նա գնաց Վրաստան, գտնվում էր շահի բանակում, իսկ շահը Ամիրգունա խանին իբրև փոխանորդ ու տեղապահ ուղարկեց նրա որդուն, որի անունն Էր Թահմազղուլի բեկ։ Սա եկավ Երևան քաղաքը, մտավ բերդը, և այնտեղ նստելով պահպանում էր երկիրը։

Իսկ շահը մեծ ցասումով հրամայեց արքունի հրամանների հրովարտակ գրել Թահմազղուլի բեկին և ուղարկել Երևան նրան։ Գրված խոսքի բովանդակությունը հետևյալն էր. «Թահմազղուլի, հրամայված է քեզ, որ Մելքիսեթ կաթողիկոսին բռնես և տանջանքներով չարչարես, իր իսկ մարմնի միսը կտրես, իրեն ուտեցնես։ Ապա Մելքիսեթին կապանքով և հայոց ազգի լուսավորչի աջը այստեղ ինձ ուղարկես»։ Այս գրությունը տվին Նազգի բեկ անունով մի իշխանի, որ շտապ հասցրեց Երևան Թահմազղուլի բեկին։ Թահմազղուլի բեկը շտապ ձեռք գցելով բռնեց Մելքիսեթ կաթողիկոսին և սկսեց չարչարել, մեծ հարկադրանքներով պահանջում էր մեր լուսավորիչ սուրբ Գրիգորի աջը։ Իսկ կաթողիկոսն ու իր միաբանները մնացին անել վիճակում, չգիտեին ինչ հնարել, որովհետև Թահմազղուլին սաստիկ տանջանքով խոշտանգում էր նրանց։ Այս պատճառով Թահմազղուլի բեկի առջև բերին Լուսավորչի սուրբ աջը, սրա հետ նաև մի ոսկետուփ ունեցող թանկագին ավետարան և մի արծաթյա խաչ։ Թահմազղուլին առավ սրանք ու Մելքիսեթ կաթողիկոսին, եկավ Երևան քաղաքը։

Սրանից հետո Մելքիսեթին բերին Երևանի բերդի մեջ, գետնի վրա տարածեցին նրան և չորս կեղմերից կապկպեցին․ կապելով ցցերի՝ գցեցին մեջքի վրա։ Առան բևեռաքաշները, այսինքն՝ աքցանները և դրանցով կտրեցին ծղիների, այսինքն թևերի միսը և այդ կտրած միսը դրին նրա բերանը։ Երկու կողմից կանգնած փայտավորները ծեծում էին նրան և ասում՝ ծամիր և կուլ տուր։ Իսկ Մելքիսեթը թեպետ չէր կամենում, սակայն տառապանքից ճարահատ ծամեց և կուլ տվեց։ Ապա մունետիկը բարձրաձայն կանչեց, թե թագավորի հրամանը կաթողիկոսի վերաբերյալ կատարվեց որովհետև իր միսը ծամեց և կուլ տվեց։ Այլազգիների այս գործերն ու տանջանքները Մելքիսեթի վերաբերյալ արին Աստվածածնի փոխման պասի օրերին[Ն 4]։

Այս գործերից հետո Թահմազղուլի բեկը պատրաստեց զինվորներ, որոնց գլխավորի անունն էր Նաջիրլու Ղուբաթ աղա, Մելքիսեթ կաթողիկոսին կապանքով [Թամհազղուլի բեկը] տվեց նրանց, սրա հետ նաև Լուսավորչի աջը, ավետարանը և խաչը։ Սրանք տարան, հասցրին արքայի բանակը և հայտնեցին շահին, իսկ նա հրամայեց բերել իր առջև։ Բերին, շահի առջև բացին աղը, ավետարանը և խաչը։ Շահը մեկ առ մեկ վերցնում էր ձեռքը և նայում [սկզբում] ավետարանը, ապա խաչը և հետո Լուսավորչի աջը։ Եվ հարցնում էր, թե իրոք այս է, ապա համբուրելով աջը վայր դրեց։ Իսկ Մելքիսեթ կաթողիկոսին շահը հաստատ մտադրվել էր սպանել, բայց Ամիրղունա խանը խիստ լավ էր ընդունում Մելքիսեթին, որովհետև բարեկամ էր նրան։ Այս պատճառով այնպես հնարեց, որ իր երեք նորահաս տղա որդիները ուղարկեց շահի առջև, որ այդ ժամանակ անցնում էր բանակի միջով։ Տղաները իրենց սրերը դրել էին իրենց պարանոցին, որոնց երբ շահը տեսավ և հարցրեց, հասկացավ, որ Մելքիսեթի համար են խնդրում, որ չսպանի, այլև իմացավ, թե Ամիրգունա խանն է հնարել այդ, դրա համար սպանելու կամքը թուլացավ։ Ամիրգունա խանի արած այս գործը Մելքիսեթին արքայի առջև բերելուց շատ օրեր առաջ է եղել, այդ պատճառով շահը Մելքիսեթին սպանելու կամ տանջելու հրաման չի տվել այն օրը, երբ Մելքիսեթին և սրբությունները ներկայացրին թագավորին։ Սրբությունները տեսնելուց հետո շահը իր խոսքը ուղղելով Մելքիսեթ կաթողիկոսին ցասումով ու զայրույթով՝ շատ խոսքերով հանդիմանեց նրան: Եվ խոսքի վերջում ասաց. «Քո դատաստանը այստեղ անել չի լինի, քանի որ քո վնասը մեծ է, այժմ դու պետք է Սպահան գնաս և այնտեղ մնաս, մինչև ես գամ, քո դատաստանը անեմ»:

Արդ այստեղ մենք պետք է սքանչանանք և զարմանանք այն գործի հատուցման վրա, որ կատարվեց Մելքիսեթ կաթողիկոսի նկատմամբ, որովհետև նախ՝ սա աստծու օգնությունն անտես արեց, հույսը կապեց մարդու հետ և չանսաց օրենքի խոսքը, որ ասում է «Անիծված է նա, որ իր հույսը կապում է մարդուն»[Ն 5]։ Երկրորդ՝ արհամարհեց Սրապիոն վարդապետին, որ Սուրբ աթոռ Էջմիածնի պարտքը վճարելու և նրա նորոգման համար էր եկել Ամիդից։ Նաև իր հույսը դրել էր շահի վրա, իր սրտի ապաստանը նրան արած գնաց նրա մոտ Սպահան, որպեսզի ապագայում բազմաթիվ բարիքներ ընդունի նրանից։ Այնտեղից նա շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիր ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց։ Իսկ այսօր ինքը ևս իր երախտիքի հատուցումը և ակնկալությունը նրանից այս չարչարանքը ընդունեց, ինչպես որ պատմեցինք ու տակավին դեռ պատմելու ենք փոքրիշատե։ Եվ այնպես է լինում խոսքի կատարումը, որ գրված է թե. «Ինչով որ մեկը մեղանչում է, նրանով էլ կտանջվի»[Ն 6], կամ թե «Մի հուսացեք իշխանների ու մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցում փրկություն չկա»։[Ն 7]

Եվ դարձյալ՝ ինչպես երևում է, այստեղ է լինելու կատարումը շահի բազմաժամանակյա բաղձանքների, որովհետև նա, որ երկար ժամանակ ցանկանում, խորհում, մտորում էր, թե ինչ հնարքով քանդի Սուրբ Էջմիածինը ու խափանի այնտեղ զետեղված կաթողիկոսությունը և Սպահանում շինի Էջմիածինը, այնտեղ նշանակի կաթողիկոսու յունը։ Արդ՝ ահա գտավ պատճառ ըստ իրենց [հայերի] հոժար կամքի։ Որովհետև Մելքիսեթ կաթողիկոսին դարձրեց Երևան՝ Թահմազղուլի խանի մոտ և հրաման նամակ գրեց նրան այսպես և այս օրինակով։ «Իմացիր, Թահմազղուլի, ահա քեզ մոտ ենք վերադարձնում Մելքիսեթ կաթողիկոսին, Լուսավորչի աջը, ավետարանն ու խաչը։ Նաև կգնաս Էջմիածին և Էջմիածնի նշանավոր քարերը կքանդես, կհանես տեղերից և Էջմիածնի այդ քանդված քարերը, Լուսավորչի աջը, ավետարանն ու խաչը և Մելքիսեթ կաթողիկոսին և սրանց ամենքին կուղարկես, գնան Սպահան քաղաքը»։ Երբ թագավորի հրամանը հասավ Թահմազղուլի խանին, սա հոժարակում պատրաստվեց ամենը անթերի կատարել, որպեսզի դրանով շահի առջև հաճոյակատար ծառա երևա։

Թահմազղուլի խանը Էջմիածնի քարերը ուղարկելուց առաջ կամեցավ Լուսավորչի աջը ուղարկել, որովհետև մտքով դիտել նկատել էր, որ մինչև քարերը քանդեն, մինչև տանելու ողջ բեռը պատրաստեն, նաև քարերը տանելու ընթացքը ավելի դանդաղ ու ծանր կլինի, շատ ժամանակ կանցնի և կուշանա, ուստի կամեցավ աջը առաջ ուղարկել։ Դրա համար զորականներ պատրաստեց, որ աջը Սպահան տանեն։ Նաև [պատրաստեց] Հովհաննես անունով մի քահանա՝ ոչ զորական, որ ճարտար ու խելոք էր խոսքերի ու գործերի մեջ և նույն Էջմիածին գյուղից էր, սրան ևս Թահմազղուլի խանը հրամայեց գնալ զորականների հետ աջին սպասավորելու համար։ Ապա նշանակված զորականները և տեր Հովհաննեսը առան Լուսավորչի աջը, այն ոսկեկազմ ավետարանը և այն արծաթյա խաչը, այս երեքը միասին առան, Երևանից ելան, գնացին, մինչև որ հասան Սպահան քաղաքը։ Երբ մոտեցան Սպահան քաղաքին, ողջ հայ ժողովուրդը, որ Սպահանում էր, որին և հրամայել էր շահը, խաչվառով, ավետարանով, խնկերով, մոմերով[1] և երգով երաժշտությամբ ընդառաջ ելան Լուսավորչի աջին և մեծ պատիվներով բերին խոջա Սաֆարի տունը ի հանգիստ սրբուհի Հռիփսիմեի նշխարների և այլ սրբությունների հետ, որ այնտեղ էին գտնվում։ Արդ՝ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը այսպիսի պատճառով և ձևով դնաց Սպահան։

Իսկ Թահմազղուլի խանը Լուսավորչի աջը ուղարկելուց հետո, մեծ ջանքերով հոգ էր տանում քարերը ուղարկելու համար. այս պատճառով ինքը բազմաթիվ զորականներով գնաց Սուրբ էջմիածին, և նշանավոր քարերը քանդեցին, հանեցին տեղերից. դրանք հետևյալներն են՝ սուրբ սեղանը, որի վրա սուրբ պատարագն էր մատուցվում, այս սեղանի սյունը, Քրիստոսի իջման տեղի քարը, ավաղանը, մի քար բեմի հարավային կողմի աստիճանից, մի քար բեմի հյուսիսային կողմի աստիճանից, որովհետև ավագ բեմի աստիճանները երկու կողմանի են՝ հյուսիսից ու հարավից, չորս քար եկեղեցու չորս անկյուններից՝ դռների կողմից երկու քարե մոմակալ՝ աշտանակ, որ մեռոնաբերների մեծ մոմերը դնեն մեջը և վառեն, երեք ուրիշ քարեր բեմի սալարկի քարերից՝ ընդամենը տասնհինգ քար։ Այս քարերը քանդեցին, հանեցին Էջմիածնից, դրին կաշվի մեջ ու կարեցին, ապա պատրաստեցին զորական մարդիկ, որոնց գլխավորի անունն էր Նազի բեկ, և այն տեր Հովհաննեսին, որ Լուսավորչի աջի հետ ուղարկեցին աջին սպասավորելու համար. սա Սպահանից դարձել եկել էր․ սրան երկրորդ անգամ նշանակեցին քարերի հետ գնալ նրանց սպասավորության համար։ Ապա պատրաստեցին քարերը տանելու չափով սայլ, բարձին սայլերին, լծեցին գոմեշներ, քաշեցին տարան, մինչև որ հասցրին Սպահան քաղաքը։ Բայց քաղաք չմաքրեցին, այլ քաղաքից դուրս՝ Թոխչի դարպասի մոտ այլազգի մահմեդականների գյուղ կա, որի անունը Բաթուն են կոչում, քարերը հասցրին մինչև այս գյուղը, դրին գմբեթի մեջ, որ շինված էր գյուղին մոտիկ։ Երբ քարերը եկան, մոտեցան այն գյուղին, հայոց ազգից ովքեր որ բնակված էին Սպահան քաղաքում, քաղաքապետի հրամանով ելան քարերին ընդառաջ խաչով, ավետարանով, խունկերով, մոմերով, երգով ու երաժշտությամբ, մինչև որ բերին Բաթուն գյուղը, դրին գմբեթի մեջ։

Քարերը այնտեղ գմբեթի մեջ մնացին ոմանց ասելով երկու տարի, ոմանց ասելով յոթ տարի, ոմանք էլ ավելի կամ պակաս ասացին։ Ապա Բաթուն գյուղի բնակիչները խնդրագիր ներկայացրին շահին, թե արքայից խնդրում ենք, որ հրաման տա Էջմիածնի քարերի վերաբերյալ՝ հանելու մեր գյուղից և տանելու այլ տեղ, որովհետև մեր գյուղի մարդիկ մեռնում են, իսկ հանդերը այլևս այնպես պտուղ չեն տալիս, ինչպես առաջ տալիս էին։ Այս պատճառով շահը հրամայեց, որ այնտեղից քարերը հանեն և տանեն ջուղայեցիների մեջ, որը և այդպես արին։ Քարերը բերելու ժամանակ, երբ մոտեցան Ջուղային [նոր Ջուղա], առաջվա պես բոլոր եկեղեցականներն ու աշխարհականները խաչով, ավետարանով, խունկերով ու մոմերով, հոգևոր երգերով բերին, դրին Խոշենց եկեղեցին, որտեղ մինչև այսօր մնում են։ Երբ այս քարերը հանվեցին Էջմիածնից և ճամփու դրվեցին Սպահան գնալու մեր թվականության 1063 (1614)-ն էր։ Եվ երբ հասավ Սպահան, տարին փոխվել էր, մտել 1064-ը։ Եվ այս տարին մենք եկանք Սպահան, քարերը մեր աչքերով տեսանք, հաշվեցինք, ապա գրեցինք։

Այդպես էլ զորականները Մելքիսեթ կաթողիկոսին բերին Սպահան քաղաքը․ նրան տանող էր նշանակված Թահմազղուլի խանը և նրանց ավագի անունն էր Թահմազղուլի բեկ։ Երբ Մելքիսեթ կաթողիկոսը հասավ Սպահան, շահը կարծում էր, թե նա բանտում կապանքներով արգելափակված է, բայց նա ազատ էր և Սպահան քաղաքում և նրա բոլոր շրջակա գավառներում բնակված հայազուն քրիստոնյաների վրա կաթողիկոսական իշխանություն էր բանեցնում։ Արդ՝ քարերի տանելու թվականը գտանք և գրեցինք, իսկ Լուսավորչի աջի ու Մելքիսեթ կաթողիկոսի տանելու [թվականը] չգտանք, որի պատճառով չգրեցինք/ այս էլ այսպես։

Նշումներ
  1. Սաղմ. ԼԲ 10-11:
  2. Կարապետ եպիսկոպոսը դեռևս հիշատակած չէ։ Սրա մասին պատմիչը խոսում է ԻԱ գլխում, երբ պատմում է Սևանի անապատի մասին։
  3. Ղուկ․ ԺԸ 1-6։
  4. Աստվածածնի պասը լինում է օգոստոսի կեսերին։
  5. Սաղմոսներում ասված է.«Բարի է յուսալ ի տէր, քան յուսալ ի մարդիկ, բարի է յուսալ ի տէր, քան յուսալ յիշխանս» [Սաղմ. ՃԺԷՏ-9]։
  6. Որովք մեղանչիցէ որ, նոքիմբք եւ տանջեսցի (Իմ. ԺԱ 17)։
  7. Սաղմ․ ԽԵ։
Ծանոթագրություններ
  1. Ըստ Աստվածաշնչի այն կինը, որ մեռոն է բերում Քրիստոսի մարմինը օծելու։