Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԽԴ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԵՂ ՄԱՆՈՒԿ ՆՒԿՈՂԱՅՈՍԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Այս երանելի նահատակ Նիկո ղայոսը Տիգրանակերտ[1] քաղաքից էր, որ այժմ կոչվում է Ամիդ, ծնվել ու սնվել էր նույն քաղաքում, հասակով պատանի էր դեռ՝ մոտ տասնհինգ տարեկան, տեսքով գեղեցիկ էր, հասակով վայելուչ, ազգությամբ քրիստոնյա հայի զավակ։

Մի օր, երբ Նիկողայոսը շրջում էր շուկայում իր մշտական սովորությամբ, մի մահմեդական մարդ, որի անունն էլ նորից Մահմեդ էր, մոտեցավ Նիկողայոսին, ձեռքը քսեց երեսին և վերաբերվում էր տռփական ցանկությամբ, որպես միշտ երևում է մահմեդականների մեջ ունակություն դարձած (արուի նկատմամբ)։ Իսկ Նիկողայոսը նեղվելով ղրանից, սաստիկ բարկությամբ իրենից հեռացնում է։ Այդտեղ էր մի այլ մարդ հավատով մահմեդական, որի անունը նույնպես Մահմեդ էր։ Նիկողայոսի հետ այժմ խաղացող այս Մահմեդը Նիկողայոսին ասաց. «Ինչպե՞ս է, որ մյուս Մահմեդի հետ սեր ես անում և մերձավորվում, իսկ ինձ հետ չես անում»։ Նիկողայոսը ասաց. «Քո մերն էլ, նրա մերն էլ էսպես անեմ»։

Նույն ժամին այս Մահմեդը ասաց մոտիկ կանգնած մարդկանց ու խանութպաններին, թե` «Աստծու սիրուն վկա եղեք, որ դուք ինքներդ լսեցիք, որ սա հայհոյեց մեր օրենսդիր ու մարգարե Մահմեդին»։

Բազմաթիվ մահմեդականներ այնտեղ նրանց վրա հավաքվեցին իբրև կատաղի շներ և Նիկողայոսին հափշտակեցին տարան դատարան դատավորի մոտ։ Նրանցից ոմանք դատախազ դարձան, ոմանք վկաներ, ոմանք վրեժխնդիրներ և մահվան էին դատապարտում Նիկողայոսին:

Դատավորը Նիկողայոսին հարցրեց, թե իրո՞ք հայհոյել է պատգամաբեր Մահմեդին, Նիկողայոսը պատասխանեց. «Ես չհայհոյեցի և ոչ էլ որևէ խոսք ասացի պատգամաբեր Մահմեդին, այլ այս մարդը մարդկանց մեջ տռփանքով էր վերաբերվում ինձ հետ և խայտառակում ինձ, ուստի ես սրան մայր հայհոյեցի»։ Իսկ Նիկողայոսի հետ խաղացող այս Մահմեդը դատախազ եղավ և ասաց, թե պատգամաբեր Մահմեդին հայհոյեց։ Նաև ասաց. «Ահավասիկ երկու մարդ էլ վկա ունեմ»: Այս մարդկանց բերեց, կանգնեցրեց դատավորի առջև, մեկի անունը ասում էին առևտրական Ալլահվերդի, իսկ մյուսին` հալվագործ Սևիդ։ Սրանք եկան դատավորի առջև վկայեցին, թե մենք դրանից լսեցինք, որ հայհոյեց Մահմեդին։

Դատավորը Նիկողայոսին ասաց. «Որովհետև այդքան մահմեդականներ են հավաքվել քո գլխին, այդ կերպ էլ կդատապարտեն. գիտեմ, քեզ կենդանի չեն թողնի, այլ կսպանեն, ուստի լսիր իմ խոսքին և եղիր մահմեդական, որ ազատվես մահվանից»: Իսկ Նիկողայոսը հանձն չառավ լինել մահմեդական: Շատ անգամ ասաց դատավորը. «Քեզ շատ փող և թանկագին ունեցվածք, գեղեցիկ կին կտամ, եթե ընդունես Մահմեդի հավատը»։ Իսկ Նիկողայոսը ասաց. «Ես իմ լույս հավատը չեմ թողնի և իմ Քրիստոս աստծու ուղիղ կրոնը չեմ փոխանակի ձեր կրոնով, իսկ եթե անմեղ ինձ սպանում եք, այդ դուք գիտեք»։ Իսկ նրանք, որոնք վրեժխնդիր մահմեդականներ էին, ստիպում էին դատավորին մահվան վճիռ կտրել Նիկողայոսի վերաբերյալ, որ սպանեն նրան, և դատավորը վճռեց։

Իսկ մահմեդականները, որոնք չար գազանի նման ծարավի են քրիստոնյաների արյան, Նիկողայոսին ու վճիռը առան, տարան փաշայի մոտ, որի անունն է Մուստաֆա փաշա և հայտնեցին նրան ամենը շատ ամբաստանություններով։ Փաշան ասաց Նիկողայոսին. «Լսիր իմ խոսքերին և դարձիր Մահմեդի պայծառ հավատին, որով պայծառացել է ամբողջ աշխարհը, ինչպես տեսնում ես, իսկ ես քեզ կնշանակեմ մշտապես ինձ համար իմ առջև սպասավոր և իբրև որդու կընդունեմ քեզ, կտամ քեզ շատ դրամ և թանկագին ունեցվածք, իշխանների աղջիկ կին, ումը որ կամենաս, պետական պաշտոն և ուրիշ շատ բարիքներ»։ Նիկողայոսը պատասխանեց, «Այդ բարիքներից ոչինչ ինձ պետք չէ ամենևին, իսկ եթե ինձ բարություն ես անում, թող ինձ ապրեմ իմ հավատով, իսկ եթե ինձ իզուր դատապարտում և սպանում եք, դուք գիտեք»։

Բազմաթիվ անգամ փաշան ասաց. «Կտամ քեզ մեծություն, փառք, եթե քո հավատից հրաժարվես և ընդունես Մահմեդի հավատքը»։ Բայց Նիկողայոսը չդարձավ մահմեդական։ Իսկ մահմեդականները շատ խոսքերով թախանձում էին փաշային Նիկողայոսին սպանելու հրաման վճիռ արձակելու։ Երբ փաշան իմացավ, որ Նիկողայոսը չի դառնա, ապա նրան սպանելու վճիռ ու հրաման տվեց։

Այդ ժամանակ դահիճների խումբը հավաքվեց նրա գլխին և մերկացրին նրան, գլուխը բաց ու բոկոտն, ձեռքերը ետևը կապված առան նրան, տարան, պտույտ տալու քաղաքի բոլոր տեղերում։ Իսկ մունետիկը նրա առջևից հայտարարելով գնում էր։ Նրան տարան մեծ հրապարակի մեջ, այնտեղ, որտեղ մահապարտների ձեռքերն ու ոտքերը քարի վրա կոտրատում են, որ հաստատված է այնտեղ։ Այնտեղ ևս շատ անգամ դահիճները ասացին. «Քո հավատից հրաժարվիր և ընդունիր Մահմեդի հավատը, էլ մի համառիր, որովհետև ահա այժմ կոտրատում ենք քո ձեռքերն ու ոտքերը։ Այդպես և այլ մահմեդականներ էին ասում, իսկ Նիկողայոսը ոչ մեկին բնավ չհամաձայնվեց: Այդ պահին քաղաքի քահանաներից Մարտիրոս անունով մի քահանա հաղորդը դրած արմավի մեջ բերեց, տվեց Նիկողայոսին, որը այն առնելով ճաշակեց։ Երբ դահիճները այդ տեսան, աղմկեցին և սկսեցին հարցուփորձ անել, թե այն ինչ էր, որ քահանան տվեց Նիկողայոսին. իսկ քահանան հապճեպով խույս տվեց, փախավ տեղից ու փրկվեց։ Իսկ դահիճները բազմիցս ասացին Նիկողայոսին, թե՝ «Եկ դարձիր մահմեդական և փրկվիր մահվանից»։ Երբ չդարձավ, ապա դահիճները ասացին Նիկողայոսին. «Որովհետև չես համաձայնվում ընղունել Մահմեդի կրոնը, այժմ տարածիր քո ձեռքերը այդ քարի վրա, որպեսզի կոտրատենք»։

Եվ երանելի Նիկողայոսն ինքը ինքնին քարի վրա տարածեց երկու ձեռքերը, իսկ դահիճները խփեցին կացնով և ջարդեցին երկու ձեռքերի բազուկները, ապա պահանջեցին ոտքերը, և նա տարածեց, իսկ դահիճները փշրեցին երկու ոտքերի ոլոքները։

Նիկողայոսը այդպես ջարդոտված անդամներով այդ օրը մնաց այնտեղ հանդիսարանում ընկած, իսկ երկրորդ օրը քրիստոնյաները մոտեցան փաշային ու դատավորին և խնդրեցին թույլատրել նրան այնտեղից վերցնել և տանել իրենց տուն։ Նրանք թույլատրեցին, իսկ քրիստոնյաները նրան վերցրին տարան իրենց տուն։ Նիկողայոսը ձեռքերն ու ոտքերը ջարդոտելուց հետո կենդանի մնաց երեք օր, ապա իր սուրբ հոգին ավանդեց իբրև անուշ խունկ աստծու ձեռքը։

Այն գիշեր տեր Քրիստոսը փառավորեց նրան երկնային լույսով, որ իջավ նրա վրա։ Քրիստոնյաները բոլորը, որոնք այնտեղ էին, ականատես տեսան այն և ուրախացան. մեծ խնդությամբ ու ցնծությամբ փառավորում էին աստծուն։ Նաև ինքը սուրբ Նիկողայոսը քանի դեռ կենդանի էր, պատմեց, թե այն ժամին, երբ փշրվեցին իր ձեռքերն ու ոտքերը, տեսավ, որ պայծառ լույսը շողալով երկնքից իջավ, մտավ իր բերանը։

Սրբի մահից հետո, մյուս օրը քրիստոնյաների բազմությունը հավաքվեց, վերցրեց Քրիստոսի նահատակին սաղմոսներով, օրհնություններով տարավ հայոց գերեզմանատուն սրբերի գերեզմանոցը և դրեցին հանգիստ սուրբ նահատակների շարքում։

Այժմ ցավագարներն ու հիվանդները գնում են նրա սուրբ գերեզմանը և ամեն ցավի համար առողջություն են գտնում սուրբ նահատակ Նիկողայոսի աղոթքներով և մեր Քրիստոս աստծու շնորհներով, որին փառք հավիտյանս. ամեն։

Աուրբ Նիկողայոսի նահատակության գործողությունը կատարվեց հայոց 1091 [1642] թվականի ապրիլ ամսի տասնհինգին օսմանցիների սուլթան Իբրահիմի թագավորության, որ նստում էր Կոստանդնուպոլիս մեծ քաղաքում, և Սուրբ Էջմիածնի բարձրագահ աթոռի հայրապետ տեր Փիլիպոս պատվական հայրապետի կաթողիկոսության ժամանակ։

Նաև մինչդեռ սուրբ Նիկողայոսը կենդանի էր, այնտեղ Ամիդ քաղաքում պատահեց մի վարդապետ, որի անունը չգտանք։ Սա եկել էր սուրբ Նիկողայոսի մոտ, բռնել էր նրա ջախջախված աջը, համբուրել և խնդրել էր նրանից, թե` «Այս քո սուրբ աջը շնորհիր ինձ, քանզի ես պատրաստվում եմ եկեղեցի շինել, այս սուրբ աջը կդնեմ այն եկեղեցու հիմքում»: Սուրբ Նիկողայոսը սիրով տվեց, որովհետև ասաց. «Արդեն իսկ կտրիր և առ քեզ մոտ»։ Բայց քանի կենդանի էր, չկտրեցին, այլ մահից հետո կտրեցին, և վարդապետը ինքը առավ Նիկողայոսի սուրբ աջը և մեծ փափագով տարավ դրեց եկեղեցու հիմքում, որ շինեց։ Նաև այն քարը, որի վրա ջախջախեցին սուրբ Նիկողայոսի ձեռքերն ու ոտքերը, վարդապետը գողացավ, տարավ, դրեց եկեղեցու հիմքը, որ շինեց, որով փառավորվում էր մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից. ամեն։

Ծանոթագրություններ
  1. Ամիդ քաղաքը որ այժմ կոչվում է Դիարբեքիր, Տիգրանակերտը չէ։ Դիարբեքիրի ամրությունների կառուցումը մեր ավանդական պատմությունը վերագրել է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. 6-րդ դար), ուստի այդ քաղաքը պատմիչները անվանել են Տիգրանակերտ. մինչդեռ Տիգրանակերտը Տիգրան Մեծն է կառուցել, որ գտնվում է Աղձնիքում։ Այդ երկու քաղաքները թյուրիմացաբար նույնացվել են