Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԽՆ
ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՍՈԻՐԲ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ ԽԱՉԱՏՈԻՐԻ ՆԱՀԱՏԱԿՈԻԹՅԱՆ

Այս երանելի մարտիրոս Խաչատուրը Տիգրանակերտ քաղաքից էր, որ այժմ կոչվում է Ամիդ։ Ծնվել ու մեծացել էր նույն քաղաքում, ազգությամբ հայ էր։ Սա ուներ ծնողներ, եղբայրներ և մեծ ընտանիք։ Ինքը մոտ քսան տարեկան էր, մի քիչ ավել կամ պակաս։ Գեղեցկատես էր և վայելչահասակ, նաև չափազանց աղոթասեր էր և գրքերի ընթերցման ունկնդիր, ինչ որ քահանաները կարդում են եկեղեցում ավետարան, ճաշոց, մանավանդ յայսմավուըք, նահատակների պատմություններ։ Ամեն օր եկեղեցուց և նշանակված ժամի աղոթքներից անպակաս էր։ Եկեղեցու վերի կողմին մոտիկ, որտեղ կարդում են բոլոր գրքերը, բռնում էր իր աղոթատեղը, և երբ կարդում էին նահատակների նահատակության պատմությունը, հորդառատ աղբյուրի նման արտասուքները բխում էին աչքերից, և ինքը ցանկանում էր մեծ սիրով սուրբ նահատակներին նահատակակից լինել։ Միշտ իրենց տանը իր ընտանիքին, դրսում իր հետ կապված ընկերներին ասում էր, թե՝ «Ես չեմ կամենում իմ բնական մահով մեռնել, այլ կամենում եմ նահատակվել, իմ ճշմարիտ հավատի համար մեռնել»։

Սա աշակերտել էր մի քրիստոնյա մարդու, որ արհեստով փականագործ էր, շինում էր կողպեքներ և այլ նման մանր իրեր։ Միշտ իր վարպետի հետ նստում էր խանութում շուկայի մեջ և գործադրում էին իրենց արհեստը։ Սրանց խանութը մոտիկ էր մզկիթին, որին Ջումա մզկիթ էին ասում։

Մի օր խանութում Խաչատուրը իր վարպետին ասաց, թե՝ «Ահավասիկ իջնելով այս խանութից գնում եմ, բայց կարծում եմ, որ այլևս չեմ գա այս խանութը»։ Ոմանք ասացին, թե Խաչատուրը ասաց. «Այս գիշեր երազ տեսա, ինձ հրամայվեց նահատակվել, և ես գնում եմ նահատակվելու, դրա համար եմ ասում, թե այլևս չեմ վերադառնա այս խանութը»։

Ապա այս խոսքերից հետո իջնելով խանութից՝ գնաց մեծ մզկիթի բակը և ջրի մոտ կանգնած ջրով ձեռքն էր լվանում, որ թափվում էր բարձր տեղից: Այդ ժամին մի մահմեդական մարդ եկավ, որ իշխան էր և կանաչագլուխ[1], հայհոյեց Խաչատուրին և ասաց. «Հեռացիր այդ տեղից, որպեսզի ես լվացվեմ»։ Խաչատուրը հայհոյեց նրան և նրա (գլխի) կանաչը։ Սրանց երկուսի միմյանց հետ վիճաբանության ժամանակ բազմաթիվ մահմեդականներ հավաքվեցին նրանց գլխին և Խաչատուրին հափշտակեցին, տարան դասավորի մոտ, և սկսեցին ոմանք դատախաղ լինել, ոմանք վկաներ, ոմանք վրեժխնդիրներ և Խաչատուրին մահվան դատապարտեցին։

Դատարանի մեջ դատավորը խոսեց Խաչատուրի հետ և ասաց. «Որդյակ, դու պատանի ես և նորոգ երիտասարդ, խնայիր քո պատանեկությունը և փրկիր քեզ, քանզի այսքան մահմեդականները, որ հավաքվել են քո շուրջը չեն թողնի, դու կենդանի մնաս, այլ համաձայնվիր իմ խոսքերին, դարձիր ձեր մոլար կրոնից և ընդունիր Մահմեդի հավատը, որ լավ է ու երանելի, ինչպես որ տեսնում ես բոլոր մահմեդականներին, որոնք բարգավաճել են բարեկեցիկ կյանքովդ հզորացել են թագավորությամբ և ժառանգորդ են այս կյանքի ու հանդերձյալի»։ Իսկ երանելի Խաչատուրը պատասխանեց և ասաց. «Մոլար կրոն ձեր կրոնն է, ինչպես որ ձեր մարգարեն ու պատգամաբերը սուտ մարգարե է. իսկ մեր կրոնը ճշմարիտ է ու քրիստոսագիր, ինչպես որ ինքը Քրիստոսը ճշմարիտ է, որին դուք ևս վկայում եք։ Ես իմ Քրիստոս աստծուն չեմ ուրանա և իմ լույս հավատը չեմ թողնի։ Ձեր սուտ կրոնը չեմ հավանում, թեկուզ թողնեք, թեկուզ սպաեք, թեկուզ ինչպես Նասիմիին[2], քերթեք ինձ, ես իմ հավատից չեմ դառնա»։

Դատավորը շատ խոսեց նրա հետ, բազմաթիվ բարիքներ խոստացավ տալ նրան՝ դրամ, հարստություն, կին, պետական պաշտոն, բայց Խաչատուրը բնավ չընդունեց։

Մահմեդականներից ոմանք գնացին մուֆթիի[3] մոտ, հայտնեցին, թե այն մարդը, որ պատգամաբեր Մահմեդին և նրա հավատը հայհոյում է, նրան ի՞նչ պետք է անել։ Մուֆթին վերջնավճիռ[4] տվեց. «Որովհետև պատգամաբեր Մահմեդին և նրա հավատը հայհոյեց և ինքը ասաց, թե Նասիմիի նման քերթեք ինձ, իմ հավատից չեմ դառնա, պետք է նրան քերթել»։

Այս վերջնավճիռը մահմեդականները առնելով բերին ղադիի[Ն 1] մոտ և վճիռ հանեցին։ Ապա Խաչատուրին առան, տարան փաշայի մոտ և նրան հայտնեցին ամեն ինչ։ Իսկ փաշան երբ տեսավ Խաչատուրի գեղեցիկ պատանեկությունը, խանդաղատական շատ խոսքերով խոսեց նրա հետ և ասաց. «Քեզ շատ գանձ, թանկագին ունեցվածք, պետական պաշտոն, իշխանների աղջիկ իբրև կին կտամ, որին դու հավանես, եթե հրաժարվես քո հավատից և ընդունես Մահմեդի հավատը. կլինես այսքան բարիքների տեր, նաև քեզ կփրկես մահից»։ Իսկ երանելի Խաչատուրը պատասխանեց. «Այդ բոլոր բարիքները, որոնք խոստացար ինձ տալ, սուտ են ու դատարկ, քանզի անցավոր են, նաև ձեր հավատն է սուտ, որովհետև սուտ մարգարե է հնարողը, իսկ իմ հավատը ճշմարիտ ու սուրբ, որովհետև Քրիստոսից է դրված, որի ճշմարտությունը դուք ինքներդ եք հաստատում։ Ոչ թե սովորական ձևով սպանեք ինձ, այլ եթե կենդանի իսկ քերթեք ինձ, ես իմ Քրիստոս աստվածը և նրա ճշմարիտ հավատը չեմ ուրանա»։ Փաշան ասաց. «Գուցե ցնդաբանել ու խելքը գցել է, տարեք, պահեցեք, երևի խելքի գա և զգոնանա»: Տարան երկու ժամ պահեցին, իսկ բոլոր մահմեդականները նրա մոտ գալով ափսոսում էին ու խնայում. ասում էին, «Մի կորցնիր քո գեղեցիկ պատանեկությունը»։ Բայց նա չանսաց նրանց խոսքերին։

Դարձյալ փաշան Խաչատուրին կանչեց իր առջև և ավելի բարիքներ խոստացավ, քան առաջին անգամ խոստացել էր տալ նրան, միայն թե ուրանա Քրիստոսի հավատը և դավանի մահմեդականությունը, իսկ Խաչատուրը չուրացավ։ Ապա այնուհետև փաշան հրաման-վճիռ տվեց սպանել նրան։

Այդ ժամանակ եկան դահիճները ինչպես արյունախում գազաններ, շրջապատեցին նրան և մերկացրին, ձեռքերը կապեցին հետևը, առան, տանում էին սպանման տեղը։ Եվ մունետիկը, որ ջառչին է, հայտարարելով գնում էր նրա առջևից։

Մահմեդականներր նրա շուրջ հավաքվեցին ինչպես անթիվ ծովի ավազ, որ վայրը չէր տեղավորում նրանց։ Ինչպես կատաղի գազան ատամ էին կրճտում նրա վրա. ծեծում էին, բռնցքահարում և քաշելով էին տանում։ Այդպես նրան հանեցին միջնաբերդից, և երբ ելան բերդի դռնից, այնտեղ միջնաբերդի դռան առաջին, որ Նոր դուռ են կոչում, Խաչատուրը դահիճներին ասաց, թե՝ «Քերթեցեք ինձ իմ հավատի և այն սիրո համար, որ ունեմ իմ Քրիստոս աստծու նկատմամբ»։ Այդ ժամանակ անօրեն ու մարդադեմ գազան դահիճները աջ ուսից մինչև ձախ ուսը պատռեցին նրա մարմնի մորթին և թիկունքի կաշին քերթեցին, մինչև քամակը իջեցրին, կաշին շուռ տվին մեջքի վրա․ նաև առջևի կողմից քերթեցին լանջի մորթին մինչև ստիքների տակը և մորթին շրջեցին փորի վրա։ Ապա տարան, շրջեցրին քաղաքի մեջ, շուկաներում, պողոտաներում, փողոցներում, հրապարակներում։ Այս զարմանալի գործին ի տես ամեն ոք աճապարանքով գնում էր, տղամարդ, կին, ծեր, երեխա նաև միանդամայն անարգել աղջիկներ[Ն 2]։ Բոլորը սարսռում էին։ Իսկ սուրբ Խաչատուրի տեսքն ու կերպարանքը զվարթ էր ու պայծառ իբրև հրեշտակի, և այդքան տանջանքից չէր թուլանում։

Նախ ինքը՝ Խաչատուրը, նախապես սովորել էր Նասիմի շատ երդեր, որոնք Նասիմին ինքն էր ասել իր նահատակության և Քրիստոսի տնօրինության (մարդեղության) վրա իբրև աստվածաբանություն։ Այդ երգերը այժմ այս Խաչատուրը բարձրաձայն եղանակով երգում էր իր քերթված լինելու վրա և շրջում քաղաքում ամեն տեղ, ուր որ տարան նրան դահիճները։

Երբ շրջեցնելը ավարտվեց, դահիճները նրան բերին մեծ հրապարակ՝ այն տեղը, որտեղ մահապարտների ձեռքերն ու ոտքերը ջախջախում են։ Մահմեդականները ժամ առ ժամ ավելի էին հավաքվում ու բազմանում. նաև բազմաթիվ քրիստոնյաներ եկան, հավաքվեցին այդտեղ և դիտում էին այդ։ Դահիճները Խաչատուրի հետ խոսեցին, թե՝ «Մի համառիր և ընդդիմացիր իշխանների հրամաններին, ընդունիր մեր կրոնը և փրկիր քեզ մահից, որովհետև դեռևս հնար ունես ապրելու և դեղերով բժշկվելու։ Այսպես ասում էին նաև այլ մահմեդականներ ու իշխաններ, թե՝ «Գոնե մի խոսք ասա մեր հավատքի դավանությունից, և այդ բավական կլինի, որ մենք պատճառ բռնենք և դրանով աղատենք քեզ»։ Նաև մոլլաներից ոմանք Խաչատուրին ասում էին, «Թեպետ և մեռնում ես, կորցնում քո պատանեկությունը և զրկվում այս կյանքից, բայց քո հոդին մի մեռցնի, որ այն կյանքից ևս չզրկվես։ Արդ՝ քո կյանքի վերջում ընդունիր Մահմեդի հավատի դավանությունը, որ ապրի քո հոգին և ժառանգի անանց կյանքը։ Սուրբ Խաչատուրը բոլորովին ոչ մեկին չլսեց, այլ յուրաքանչյուրին պատշաճ պատասխան էր տալիս և անսասան կանգնած էր քրիստոնեական հավատքի վրա և համարձակ ու անխափան Քրիստոս աստծուն էր դավանում։

Նախօրոք հրապարակի վրա հաստատել էին մի քար, որի վրա ջախջախում էին մահապարտների ձեռքերն ու ոտքերը։ Դահիճները Խաչատուրին ասացին․ «Քանի որ համառում ես և մեզ չես լսում, այժմ տարածիր քո ձեռքերը քարի վրա, որպեսզի ջախջախենք»։ Նա իր հոժար կամքով ձեռքերը տարածեց քարի վրա, իսկ դահիճները կացնով խփեցին և ջախջախեցին երկու ձեռքերի բազուկները։ Ապա պահանջեցին ոտքերը, իսկ նա տարածեց նաև երկու ոտքերը, և դահիճները ջախջախեցին երկու ոտքրի ոլոքները։ Իսկ նրա սուրբ արյունը, որ հորդառատ հոսում էր նրանից, թրջել էր ողջ մարմինը և թացացրել էր ամբողջ վայրը։ Այնուհետև չկարողացավ նստել, այլ ընկավ երեսնիվայր, տարածվեց գետնին։ Իսկ քրիստոնյաները, որ շրջապատել նայում էին, աղիողորմ ողբերով և արյուն արցունքով լացում էին։ Այսպես և շատ մահմեդականներ էին լացում արտասուքներով և հայհոյում դատավորներին, և ամենքը սոսկալով, զարմանալով ապուշ էին կտրել և իրար հարցնում էին, թե ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է արդյոք այսպիսի բան, որովհետև չափազանց սարսռալի էր այս գործի երևույթը։

Այնուհետև սուրբ Խաչատուրը չափաազանց նվաղեց սաստիկ ու ավելի ծանր տանջանքներից, ջերմում ու պապակվում էր ծարավից, ուստի աղաչեց շուրջը գտնվող մարդկանց և նրանցից ջուր խնդրեց։ Ոմանք գթացին նրան և գնացին ինչ–որ ամանի խեցիով ջուր բերին նրան․ այդ խեցիով էլ խմեց ջուրը։ Նաև սուրբ Խաչատուրը մոտիկ կանգնած քրիստոնյաներին աղաչեց, որ գնան քահանաների մոտ, իրեն հաղորդ բերեն. իսկ քահանաները մահմեդականների երկյուղից իրենք չեկան, այլ հաղորդը գրին հացի մեջ և տվին քրիստոնյաներին, իսկ նրանք բերին տվին Խաչատուրին․ նա հացը առավ, հաղորդով ճաշակեց և աստծուց գոհացավ։

Այդպես ջախջախված անդամներով ընկած էր հանդիսարանի մեջ մինչև իրիկվա մթնշաղը։ Իսկ բաղիշեցի Խաչատուր վարդապետը և բալուեցի Սամվել աբեղան երեկոյան մթնշաղի ժամանակ եկան սուրբ Խաչատուրի մոտ և ընկած սուրբի մարմնի վրա կսկծադին այրումով ողբում էին և համբուրում էին նրա սուրբ գլուխը և խղճալով մխիթարում էին նրան հուսադրական խոսքերով և հավատի մեջ ամրապնդում։

Սուրբ Խաչատուրը ասաց Խաչատուր վարդապետին. «Դե գիտես, որ ձեռք չունեմ, որով բռնեմ քո սուրբ աջը և համբուրեմ, ուստի խնդրում եմ քեզ, մոտեցրու քո սուրբ աջը իմ շրթունքներին, որ համբուրեմ»։ Վարդապետը իր աջը մոտեցրեց Խաչատուրի սուրբ շրթունքներին, որ տենչանքով համբուրեց, նաև վարդապետին ասաց սուրբ Խաչատուրը. «Քեզնից խնդրում եմ՝ ինձ համար աղոթել»։ Վարդապետը պատասխանեց․ «Որդյակ, թեև մենք ունենք քահանայության կարգ ու աստիճան, բայց մեղավոր ենք ու աստծու առջև պարտական. իսկ դու Քրիստոսի շնորհներով և քո նահատակությամբ տիրոջից ողորմություն գտար և քեզ համար աստծու արքայության ճանապարհը բացիր և Քրիստոսի մոտ համարձակություն ունես, ուստի դու բարեխոսիր մեզ համար»։

Մահմեդականների երկյուղից չկարողացան նրա մոտ երկար մնալ, այլ սրբի աղոթքը առան և հապճեպ վերադարձան իրենց տեղերը։

Իսկ սուրբ Խաչատուրը այդպես ջախջախված մարմնով կենդանի մնաց մինչև կես գիշեր և ապա իր սուրբ հոգին ավանդեց աստծուն ինչպես անուշ խունկ։

Սուրբ հոգին ավանդելուց հետո տեր Քրիստոսը փառավորեց նրան, որովհետև երկնքից պայծառ լույս իջավ նրա վրա և մնաց բավական ժամանակ, որը տեսան նրան մոտիկ կանգնած պահ ապան զորականները. նաև շատ խանութպանները, որոնք մոտիկ էին և արթուն, այլև այն մարդիկ, որոնք հրապարակում տախտակների վրա քնել էին, որովհետև ժամանակը ամառ էր, բոլորը տեսնում էին լույսը, փառավորում աստծուն, երանում էին սուրբ Խաչատուրին և վկայում քրիստոնեական հավատի ճշմարիտ լինելը, որ այսպիսի հրաշք երևաց երկնքից։

Առավոտյան լույսը բացվելիս այս լուրը ամեն տեղ հռչակվեց, և ովքեր լսում էին, աստծուն փառավորում էին։

Իսկ օրը բացվելու ժամանակ քրիստոնյաները մոտեցան ղադիին ու փաշային, խնդրեցին՝ թույլատրել սրբին թաղելու, իսկ նրանք թույլատրեցին։ Նաև քաղաքագլուխը տասնհինգ զուռուշ առավ և ապա մի քահանա և ութ աշխարհական եկան, սուրբ նահատակի մարմինը դագաղով վերցրին, տարան հայոց գերեզմանատուն, որտեղ քրիստոնյաների անհաշիվ բազմություն հավաքվեց՝ ոչ միայն հայեր, այլև հոռոմներ, ասորիներ, յաղուբիներ[5], նաև շատ մահմեդականներ՝ ոմանք զվարճանալու և ոմանք նայելու համար։ Իսկ քրիստոնյաները ջերմեռանդ տենչանքով համբուրում էին սրբին, որին պահեցին մինչև վերջին օրը, որպեսզի ժողովուրդը համբուրի, քանի որ քաղաքում մարդ չէր մնացել, որ չգար սրբի թաղմանը։ Նրանք իրենց էին ողբում, երանում էին սրբին և մխիթարում էին նրա ծնողներին։ Մեծ փառքով թաղեցին սրբին նահատակների շարքում։

Իսկ այն գիշեր երկրորդ անգամ տեր Քրիստոսը փառավորեց իր նահատակին, որովհետև երկրորդ անգամ երկնքից պայծառ լույս իջավ նրա սուրբ գերեզմանի վրա. այս տեսան պահապան քրիստոնյաները, որոնք մահմեդականների նենգությունից գերեզմանը զերծ պահելու համար զգուշացան, որ չխարդախեն։ Նաև շատ քրիստոնյա տղամարդիկ սրբի սիրո համար այդ գիշեր մնացին այնտեղ գերեզմանատանը, լուսը տեսան և առավոտյան եկան ամենին պատմում էին։

Արդեն բազմաթիվ բժշկություններ են կատարվում նրա սուրբ գերեզմանի կողմից ցավագարների, հիվանդների վրա, որոնք հավատով դիմում են նրան։ Նաև այն խեցին, որով ջուր խմեց սուրբ Խաչատուրը, բժշկություն է անում, որովհետև երբ հիվանդների վրա այն խեցիով ջուր են թափում, սուրբ Խաչատուրի աղոթքներով և մեր Քրիստոս աստծու շնորհներով առողջանում են, որին փառք հավիտյանս․ ամեն։

Նաև աստվածային շնորհը իր նահատակի՝ սուրբ Խաչատուրի պատվի ու սիրո համար իր քրիստոնյա ժողովրդի համար այսպիսի խնամք ցույց տվեց, սրբի թաղման օրը այն մահմեդականները, որ եկել էին այնտեղ` գերեզմանատուն, նրանցից ոմանք չարացան ու նախանձաբեկ եղան սուրբ Խաչատուրի փառավոր թաղման պատճառով․ նրանք գնացին փաշայի մոտ և չարախոսեցին քրիստոնյաներին, թե բոլոր քրիստոնյաները հավաքվեցին այն սպանվածի վրա և իբրև նահատակի ու մարտիրոսի բազմամբոխ հանդեսով և մեծ փառքով թաղեցին նրան։ Դրանով ցույց են տալիս, որ իրենց հավատը ճշմարիտ է, իսկ մերը սուտ։ Փաշան հրամայեց, թե՝ «Թող զորականները հսկեն ճանապարհների անցարաններում, որ վաղվան օրը, երբ քրիստոնյաները գնան սպանվածի գերեզմանին իքնահող անելու, այդ ժամանակ բոլորին բռնեն, բերեն կալանքի տակ առնեն, որպեսզի ես նրանց դատապարտելով տուգանեմ»։ Այս չարախոսությունը և նենգ մտադրությունը քրիստոնյաները բոլովին չգիտեին, այլ աստված փրկեց իր ժողովրդին ինչ–որ սուղ պատճառով։ Այդ օրը փաշայի մոտիկներից մի մարդ և մի քաղաքացի ազատ պատվավոր կռվեցին իրար հետ։ Քաղաքացի ազատ զինվորները և ենիչերիները զինվորական դասից էին, իրենց համար արհամարհանք համարելով՝ վրեժխնդիր եղան և փաշայի հետ կռվի կանգնեցին և իրենց զորքով փաշային արգելափակեցին միջնաբերդում մի շաբաթ։ Թե փաշան, թե քաղաքացիք այդ կռվով զբաղվեցին, իսկ քրիստոնյաները ազատվեցին սուրբ Խաչատուրի բարեխոսությամբ և բարերար աստծու ողորմությամբ։

Սուրբ Խաչատուրի նահատակությունը տեղի ունեցավ Հայոց 1101 [1652] թվականի օգոստոս ամսի 20-ին տեր Փիլիպոսի կաթողիկոսության, որ բարձրագահ աթոռ սուրբ Էջմիածնում էր, և օսմանցիների սուլթան Մուրադի թագավորության ժամանակ, որ նստում էր Կոստանդնոպոլիս մեծ քաղաքում։

Եվ այժմ մենք հավատացյալներս խնդրում ենք, որ բոլոր քրիստոնյաներին ազատի մարդադեմ գազաններից ու անիրավներից իր սրբերի բարեխոսությամբ մեր տեր Հիսուս Քրիստոսը, որին հավիտյանս փառք, ամեն։

Նշումներ
  1. Հոգևորական դատավոր։
  2. Աղջիկների փողոց դուրս գալը արգելված էր։
Ծանոթագրություններ
  1. Կանաչագլուխ են կոչվում այն մահմեդական հոգևորականները, որ ըստ ավանդության մահմեդական կրոնի հիմնադիրներից մեկի՝ Ալիի սերունդներն են։ Դրանք առանձին արտոնություններ ունեն և կրում են կանաչ գլխափաթաթան (չալմա)։ Կոչվում են նաև սեյիդներ։
  2. Նասիմին մահմեդակսւն բանաստեղծ էր [մեռել է 1417 թ.]։ Մահմեդական հերձվածի ղեկավար է եղել, ուստի և Հալեպում մահվան է դատապարտվել մաշկազերծվելու միջոցով։
  3. Մուֆթի արաբերեն նշանակում է մահմեդական-աստվածաբան, Ղուրանի մեկնիչ, որ եզրակացություն-վճիռ է հանում հոգևոր և իրավական հարցերի վերաբերյալ։
  4. Բնազբում բառն է ֆաթվա (արաբ.), որ նշանակում է վերջնավճիռ։
  5. Յաղուբիները (Հակորիկներ) ասորի միաբնակներ են, որոնք հետևում էին Հակոբ Բարադայի աղանդին