Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳՈՒԽ ԽԶ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈՒՆ ԱՆՈՒՆՈՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Սիրուն անունով մի մարդ, որ Վասպուրական երկրից էր՝ այժմ Ամուկ[1] կոչվող Գնունի գավառից և Ալյուր կոչվող գյուղից, ազգությամբ հայ, հավատով քրիստոնյա և քրիստոնյայի զավակ, ուներ մայր, եղբայր, որոնք նրան մտցրին աշխարհիկ կյանքի մեջ, նրա համար կին բերին: Իր տնտեսական կարիքների համար այս Սիրունը առնչվեց մի այլազգի մահմեդականի, նրանից վարձ էր առնում և ծառայում էր նրան իր աշխատանքով վարձի դիմաց: Գարնան մի օր Սիրունի տերը նրան ուղարկեց Խլաթ, որ իր ընտանիքի համար միրգ բերի։ Նա գնաց, կեռաս գնեց, բարձեց ձիուն և բերեց Վան քաղաքը։ Մինչդեռ Վան քաղաքում ձին քաշում էր պողոտայով, եկան նրա վրա հավաքվեցին մահմեդականների պատանիներ և յուրաքանչյուրը կեռաս էր հափշտակում բեռնից։ Իսկ Սիրունը չէր թողնում, որ հափշտակեն, այլ հալածում էր պատանիներին։ Մահմեդական պատանիներից մեկը վերցրեց մի բռնաքար և խփեց Սիրունին, իսկ Սիրունը վերցրեց քարը և ձգեց քար նետողին. քարը կպավ տղայի գլխին ու վիրավորեց, ուստի պատանին անկողին ընկավ և հիվանդ մնաց երկու ամիս և հետո տղան սատկեց վերքերի պատճառով: Իսկ Սիրունի տերը Սիրունին փախցրեց, որպեսզի գուցե տղան փրկվի մահմեդականների ձեռքից. և Սիրունը գնաց Ալյուր գյուղը՝ իր տունը:

Իսկ Ալյուր գյուղի մահմեդական հարկահանները բռնեցին Սիրունին և կալանավորեցին։ Գյուղի քրիստոնյաները մեծ կաշառք տվին հարկահաններին, որպեսզի Սիրունին թողնեն, բայց նրանք չթողին, այլ սատկած պատանու ընտանիքին իմացրին, իսկ նրանք վրեժխնդիր լինելով մեռածի արյան՝ գնացին փաշայի մոտ, զորականներ առան և ուղարկեցին Սիրունի հետևից։ Սրանք գնացին, Սիրունին բերին Վան քաղաքը փաշայի մոտ։ Իսկ փաշան ուղարկեց դատավորի ու մուֆտիի մոտ և հարցում արեց, թե Մահմեդի օրենքը ինչ է հրամայում այս մարդու համար. մահապարտ լինել և մեռնել, թե անպարտ համարվել և ազատվել։ Այս պատճառով փաշան չսպանեց Սիրունին։

Բայց քաղաքի սուխտաները[Ն 1], որ քրիստոնյաների արյան ծարավի էին, չանսացին փաշային, ղադիին ու մուֆտիին, այլ երկու–երեք հարյուր սուխտաներ միասին միացան, գրոհ տալով կուտակվեցին անպարտ պատանի Սիրունի գլխին, բոլորը մերկացրին իրենց սրերը, թրերն ու դաշույնները հոխորտալից խրոխտանքով ահաբեկեցին նրան, թե՝ «Ընդունիր Մահմեդի հավատը և մահմեդական դարձիր, ապա թե ոչ, սրախողխող ու քարկոծ լինելով, կմեռնես մեր ձեռքով»։

Նաև բերին բարակ պարան, նրանով շատ ամուր պատեցին երկու բազուկները ուսերից մինչև ձեռքերի թաթերը այնքան պինդ, որ սաստիկ պնդությունից եղունգների մոտ մատների ծայրերը պայթելով բացվեցին, որոնցից հոսող արյունը թափվում էր ձեռքերից։ Նաև բազմատեսակ տանջանքների ենթարկեցին նրան՝ ծեծել, գլխին հարվածել, քարշե-քարշ տանել, կալանքի տակ անկերակուր պահել. ամենքը իբրև կատաղի գազան նրա վրա կրճտում էին ատամները, յուրաքանչյուր մեկը իր սուրը նրա վրա էր շողացնում և ասում. «Մահմեդական դարձիր, ոչ միայն կազատվես մահվանից, այլև շատ հարստություն ու բարիքներ կտանք քեզ»։ Իսկ Սիրունը չէր համաձայնվում, ասում էր. «Իմ լույս հավատը չեմ թողնի և ձեր խավար կրոնը չեմ ընդունի»։ Իսկ մայրը, եղբայրները ու այլ բարեկամներ մշտապես աղաչելով ասում էին նրան թե՝ «Այժմ քո անձը փրկելու համար առերես ընդունիր նրանց դավանանքը, իսկ հետո, կգնաս այլ երկրներ և քրիստոնյաների իշխանություններ և այնտեղ համարձակ կպաշտես քո քրիստոնեական հավատը»։

Եվ չնայած շատ աղաչեցին, սակայն նա հանձն չառավ, ասելով, թե՝ «Սովորական մահը այժմ հասել է ինձ. նաև այնտեղ, ուր լինելու եմ, պատահելու է ինձ. այս կյանքի չնչին տարիների համար, ինչպե՞ս կորցնեմ իմ հավատը և դառնամ աստծու կողմից դատապարտված»։ Ինքը Սիրունը ուրախ էր ու սրտով բերկրալից իր խսստովանության ու նահատակության համար. սրան ապացույց էր երեսի գույնը օրավուր պայծառանում էր երեսի ու դեմքի տեսքը։ Իսկ մարդադեմ գազան սուխտաները քսան օր ձեռքերը հետևը կապած, գլուխը բաց պտույտ էին տալիս Վան քաղաքի մեջ, որովհետև փաշան, ղադին ու մուֆտին սպանելու հրաման չէին արձակում:

Ի հեճուկս նրանց բոլոր սուխտաները միակամ եղան, երեք օր արգելելով խափանեցին կանչելը, որ մինարեի գլխից իրենց աղոթքի ժամին կանչում էին, ասելով, թե՝ «Խանգարվեց, խափանվեց և գետնի տակ սուղվեց մահմեդական հավատը, որովհետև անհավատ մի հայ մահմեդական է սպանել»։

Եվ ըստ մշտական սովորության, որ կապած շրջեցնում էին Սիրունին, բերին հասցրին պայտարանոցի շուկան. այնտեղ սուխտաներից մի ավելի չար, որ ձեռքին մերկ դաշույն էր բռնել, ուժգին հարվածով Սիրունի թուլակշտին հարվածեց. Սիրունը ընկավ երեսի վրա։ Մի այլ սուխտա առավ ծանր մի քար, զարկեց Սիրունի գլխին և գլուխը փշրեց, գլխի ուղեղը դուրս թափվեց, և դրանով Սիրունի կյանքը վերջացավ, նա մեռավ։

Ապա պարան գցեցին ոտքերը, քաշեցին, տարան քաղաքից դուրս, այնտեղ, որտեղ մահապարտներին սպանում են, այնտեղ մեռած մարմինը քարկոծեցին այնքան, մինչև որ ծածկվեց քարերով, ապա արյունարբու գազան սուխտաները թողին, գնացին:

Նույն գիշեր տեր Քրիստոսը նրան փառավորեց երկնային լույսով, որ իջավ նրա վրա, սա տեսան ոչ միայն քրիստոնյաները, այլև շատ մահմեդականներ, որ ամենքին պատմում էին մինչև լուրը հասավ նրան սպանող սուխտաներին, որոնցից ոմանք եկան հավաստի տեսան և գնացին, պատմեցին մյուսներին։ Սրանք իրենց սպասավորներից մարդիկ ուղարկեցին, որոնք գնացին սատկած շների գեշեր գտան, բերին գցեցին Սիրունի սուրբ մարմնի վրա, որ գուցե լույսը վերանա, բայց լույսը չվերացավ մինչև օրվա լուսանալը մեր Քրիստոս աստծու շնորհներով։ Իսկ մյուս օրը քրիստոնյաները գնացին փաշայի ու ղադիի մոտ, թաղելու թույլաըվություն խնդրեցին։ Սրանց թույլատվությամբ քրիստոնյաները գնացին, վերցրին տարան քրիստոնյաների ընդհանուր գերեզմանատուն և այնտեղ թաղեցին քրիստոնեական հավատի Սիրուն անունով խոստովանողին։

Սիրունի նահատակությունը եղավ մեր 1104 [1655] թվականի (օգոստոս)[Ն 2] ամսի 5-ին տեր Հակոբի կաթողիկոսության, որ Սուրբ Էջմիածնի գերագահ աթոռին էր, և օսմանցիների սուլթան Մահմադի թագավորության ժամանակ, որ նստում էր մեծ քաղաք Կոստանդնուպոլսում:

Իսկ այն քարը, որով ջարդեցին սուրբ Սիրունի գլուխը, այժմ լվանում և ջուրը լցնում են հիվանդների վրա, իսկ հիվանդը առողջանում է մեր Քրիստոս աստծու շնորհներով, որին հավիտյան փառք. ամեն։

Նշումներ
  1. Մահմեդական աստվածաբան:
  2. Բնագրում օգոստոս բառը չկա, գնում ենք ըստ «Հայոց նոր վկաների» (էջ 467):
Ծանոթագրություններ
  1. Ամուկ, Ամիւկ կամ Համուկ Վասպուրական նահանգի Առբերան (Գնունի) գավառն է։