Հիշողություններս
նախապատրաստում են իմ
ապագան,
հոգալով եւ այն օրերի մասին,
որ անցնելու են առանց ինձ։
Սաղարթների միջով սողոսկած շողը
կտցահարում է
մութը։ Եվ գեղեցկությունը
փորձում է փրկել
աշխարհը, առաջին հերթին՝ իրենից։
Իմ ներկայության շարունակությունն է
բացակայությունս։ Ճանապարհը
հերքումն է ճանապարհի։ Եվ ինձ
գլխարկ պետք չէ ամենեւին, երբ
երկինք կա գլխավերեւում։
(Քամու մեջ բնակվող տերեւներ, որ
ճանապարհ եք ընկել
երազի կացարանը հասնելու համար,
մի՞թե ոչինչ չունեք ասելու ինձ)։
Տխրել են Փարվանայի թիթեռները։
Ուղին քայլ առ քայլ
ոչնչացնում է ուղեւորներին, եւ
արեւի ու սիրո թույնը
կործանում է ամեն, ամեն ինչ։
Ո՞ւմ էր պետք խաղաղությունը՝ երբ
պատերազմ չկար։ Աշխարհում ամենքը
միանման են սիրում, դրա
համար էլ ամենքն իրար սպանում են
միանման։ Ձայն` խոնարհեցեք բոլոր
դրոշները՝ մոտենում է կինը։
Լույսը, որ արթնացել է
դեմքիս վրա, շատացնում է
ստվերները մտքերի շուրջ, որոնք
առավել վարակիչ են, քան
Էզրա Փաունդի հոգեկան
հիվանդությունը։ Իսկ մարդ
ապրում է այնքան ժամանակ,
քանի դեռ չի մեռել ճանապարհը։