Jump to content

Սոյլամազ խանըմի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍՈՅԼԱՄԱԶ ԽԱՆԸՄԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի սովդաքյար կար, ուներ մի հատ տղա։ Տղեն աշխարհի հեչ բանից խաբար չէր։ Տղի չափը լքցվեց, Ստամբոլու, դհիցը մի հատ սովդաքյար էկավ ղոնաղ։

— Սովդաքյար, տղիդ պսակել ե՞ս, թե ոչ,— հարցրուց։

— Չէ՛, չեմ պսակել։

— Որ ըտենց ա՛, էտ իմ տեհած ախչիկը տուր քո տղին։

Բերին նշանը դրին։

— Բա մեր հախլուն ե՞փ տանենք:

— Ամսի վերչին կգաս, կտանես։

Տղեն վե կայավ մի քանի լավ մարթիք, գնաց Ստամբոլ, շատ շնորքով հարսանիք արուց, հարսն առավ, էկավ:

Տեղ քցեցին, որ քնեն, տղեն ասեց.— Կա՛ց, մի փետ ունեմ, էթամ բերեմ։

Գնաց պըհած տեղիցը փետը վե կալավ էկավ, քաշեց հարսին տուր տվուց, որ օլըմի դուռը հասցրուց, գնաց թեք ընկավ, մենակ քնեց: Էն մի քշերն էլ, ըլեդ ծեծեց, իլլաճից քցեց։ Էտ էլավ դրա գործը, հ’ամեն քշեր կծեծեր, կէթար հ’ինքը ջոկ կքներ, հարսը՝ ջոկ։ Հայվանը գիտեր, թե ամուսնութունը կնկան ծեծելու մեչն ա։

Օրերի մի օրը հարսի ջանին հասավ, մի գիր գրեց մորը, թե ինձ եսի՞ր[1] տվիր, թե մարթի: Հ’արի ինձ իլլաճ[2] արա. հ’ամեն օր ինձ ծեծըմ ա: Մերը վե կալավ ընձեք խնամու հըմար, փեսի՛ հըմար, էկավ ախչկա տունը։ Տեհավ, որ ախչիկը ձեռից գնացել ա, հ’ամեն հ’իրիկուն ծեծ ա, որ ուտըմ ա։

Մերը հարցրեց ախչկանը, թե.— Էտ ի՞նչ բան ա, ախր խի՞ ա հ’ամեն հ’իրիկուն քե ծեծըմ։

— Մե՛ր, դրա վարքն ա ըտենց, դատողութունն ա պակաս։

— Բա դրա իլլաճն ի՞նչ կըլի։ Որ քեզ մի անքամ էլ կծեծի, կասես. «Ա՛յ լիսդ սիպտըկի, իմ արածն ի՞նչ ա, որ ինձ օրական ծեծըմ ես. քե տենեմ, որ Սոյլամազ խանըմի սերը ընկնի սրտիդ մեչը, բալքի իմ ֆոքին ազատվի քեզնից»:

Մերը վե կացավ, գնաց հ’իրա տունը։

— Է՛, կնիկ, իմ փետը ո՞րդի ա,— ասեց մարթը,— վաղուց ա հ’իրար հետ սեր ու սոյբաթ արել չենք։

Ասեց.— Թախտի տակին ա։

Կռացավ, թախտի տակիցը փետը հանեց, ըլեդ ծեծեց էտ ախչկանը։

—Ա՛յ լիսդ խավարի,— ասեց ախչիկը,— ինձ քանի՜ ծեծես։ Քե տենեմ, որ Սոյլամազ խանըմի սերը ընկնի սրտիդ մեչը, ինձ բաց թողաս էթաս՝ իմ ֆոքին ազատվի քեզնից։

Էն հրոպպըմը փետը ձեռին թիլացավ, վե քցեց ու գնաց հ’իրա տեղը քնեց։

Էն բաշտեն[3] վե կացավ տղեն, թազա շորերը հաքավ, նի մտավ գոմը, մի շատ լավ ձի դուս քաշեց, մի խուրջին ոսկի վե կալավ, ընկավ ճամփեն, գնաց։ Չի իմանըմ, թե հ’ո՞ւր ա էթըմ։ Տեհավ էն դըհիցը մի սովդաքյար գալիս ա։

— Սովդաքյար ախպեր,— ասեց,— ու՞մ ֆողն ա էս ֆողը։

— Որթի ջա՛ն, էս Սոյլամազ խանըմի ֆողն ա. մխելի կէթաս, թաքավորի չայիրը կպատահի քեզ. հ’ախպրի ղրաղին կնստես՝ հաց կուտես, իրեք հատ ախչիկ ռաստ կգա, նրա շառիեքն են, նրանց կհարցնես՝ նրանք քե կասեն:

Գնաց նստեց չայըրըմը, հ’ախպրի ղրաղին, տեհավ իրեք հատ սիրուն ախչիկ էկան. մինը մնին ասեց թե.— Յարաբ ի՞նչ տղա ա սա: Մի ախչիկը մոտեցավ, ասեց․— Ա՛յ տղա, ի՞նչ տղա ես դու։

— Իմ քվերտինք,— ասեց տղեն,— ես էկել եմ Սոյլամազ խանըմին առնելու։

Ասեց.— Կառնես դո՜ւ, ինչ եմ ասըմ, կառնե՜ս։

— Գիտե՞ս ինչ կա ա՛յ տղա, մենք իրեք հետ քեզ հետ նարդի խաղալ պըտենք, թե դու մեզ տարար, էս մեր լավ շորերը քեզ, թե որ մենք տարանք, քու ունեցածը մերն ա, անխոս վե կդնես, մենք կտանենք քեզ թաքավորի ախչկա կուշտը, նա ինչ որ կասի մեզ, մենք էլ էն կանենք։

Բերին նարդին դրին, հաղացին, իրեքն էլ էտ տղին տարան։

— Դե վե կաց, ա՜յ տղա, վախտն ա, տանենք քեզ թաքավորի ախչկա կուշտը, մենք գիտենք, որ հըմի էտ ախչկանը կառնես։

Ձեն տվին.— Սոյլամազ խանը՜մ։

Դուս էկավ թաքավորի ախչիկը։

Ասեցին.— էս եսիրը բերել ենք, ի՞նչ անենք։

Մի թղթի վրին գրեց թե․ «Կհանեք դրա թազա շորերը, մի հին շոր կբերեք կհաքցնեք, կտանեք զաթրի գոմը, հ’առավոտենց տասնըհինգ զաթիր կանեք հ’առաչը, ղարավուլով տանի արածացնի, հ’իրիկունը գա՝ գոմըմը քնի»։

Ախչկերքը աղի շորերը հանեցին, մի ձեռք հին շոր բերին հաքցըրին, էրկու ղարավուլով տարան զաթրի գոմը, տասնըհինգ զաթիր տվին, որ տանի արածացնի, բերի, գոմըմը քնի։

Օխտը տարի զաթիր արածացրուց։

Օրերի մի օրը հ’իրանց քաղաքից մի սովդաքյար պատահեց։

— Բարով քեզ, սովդաքյար ախպեր,— ասեց տղեն։

— Ասսու բարի՛ն, բարո՛վ։

— Մի նամակ ունեմ, տանեք տա՞ք Նաճիր սովդաքյարին։

— Տո՛ւր։

Տղեն ուզըմ էր գրի թե․ «Ես Սոյլամազ խանըմի կշտին բռնավոր եմ, հ’իրիկունը հասնի նամակս՝ կնկանս գլուխը կտրեցեք, հ’առավոտը հասնի՝ հ’առավոտը կտրեք», սխալվեց, գրեց կնկա վրա թե․ «Հ’իրիկունը հասնի նամակս՝ հորս ու մորս շլինքը կտրա, հ’առավոտը հասնի՝ հ’առավոտը կտրա»։

Հասավ նամակը հորը, կարթաց հերը, ասեց․— Կնիկ, ըստի հ’արի, տես ինչ նամակ ա գրել տղեդ, հարսին էլ կանչա գա։

– Հ’ա՛րի, մեր շլինքը կտրա, որթի՛, որ մարթդ գրել ա։ Հարսը ընչար էտ օրը կեսառի հետ խոսացած չէր, հ’առաչ կաննեց հարսը, ասեց.— Իմ ծնողնե՛ր, իմ բախտիցն ա. մենակ մի բան խնթրիլ պըտեմ։

— Ի՞նչ ես ռւզըմ, որթի ջա՛ն։

— Կէթաս կառնես ինձ հըմար մի ձեռք թաքավորի տղի շոր, որ հաքնեմ, իմ սիրունութունի հավասար ըլի, մի հատ շատ լավ ձի եմ ուզըմ քեզնից, մի խուրջին ոսկի եմ ուզըմ քեզնից, էլ հ’ուրիշ բան ուզըմ չեմ. ես կէթամ տղին կբերեմ. իմ պարտականութունն ա, քանի որ լծան տակ եմ մտել։

Կեսառը գնաց, մի ձեռք տղամարթու շոր կտրել տվուց, թաքավորի տղի լայաղ շոր, բերուց, հարսը հաքավ, մազերը խուզեց, նի’լավ ձին, խուրջինը կապեց թարքը, մի հատ գուրզ վե կալավ, մի հատ թուր, մնաս բարով արուց՝ գնաց։

Գնաց, Սոյլամազ խանըմի չայըրի մեչ, հ’ախպրի կշտին վեր էկավ, խուրջինը դրուց հ’առաչը, հացը հանեց, որ ուտի։ Տեհավ իրեք հատ սիրուն ախչիկ էկան։

Ջառիեքը հ’իրար ասեցին.— Ա՛յ, թաքավորի տղա՜։

Ջառիի մինը ասեց.— Ախպեր ջա՛ն, ո՞ր թաքավորի տղեն ես դու։

— Իմ քվորտի՛նք, Արևշատ թաքավորի տղեն եմ։

— Հ’ո՞ւր ես էթըմ, աստված հ’աչողա։

— Լսել ենք որ ըստի մի Սոյլամազ խանըմ կա, տենենք կա՞րանք առնի, թե ոչ։

— Գիտե՞ս ինչ կա, ախպեր․ մենք նրա ջառիեքն ենք, մենք իրեքս պըտենք նարդի հաղանք, թե դու մեզ տարար՝ մենք քու մարջը տանք, թե որ մենք տարանք՝ դու մեր մարջը տաս։

— Դե բերեք հաղանք։ Ի՞նչ ունեք, քվորտինք։

— Մեր հաքի շորերն ա, մեր կռան ոսկե բիլազուկն ա, մեր հ’անգաջի օղերն ա, մեր ունեցածը էտ ա։ Հըմի քոնն ասա։

— Ինձ էլ ունեմ մի հատ լավ ձի, մատիս կա չորս հատ լավ մատանիք, մի խուրջին էլ ոսկի ունեմ․ թե որ կտանեք՝ կտամ ձեզ, իմն էլ էտ ա։

Նարդին բերին դրին հ’առաչները, տղեն ձիու ճիպոտը դրուց հ’իրա կողքը,— Դե՛հ, քցեցեք,— ասեց։

Գցեցին, մնին տարավ։

— Էս մին, ախչկերք,— ասեց։ - Մի՜ն։

Մի հետ էլ հաղաց, էն մընին տարավ։

- Էտ էրկու՝ քվորտինք ջան, դուք հ’իմացաք, որ էրկսիդ տարա։

Մինը մնին ասեց թե. «Տնավեր, տարավ, խայտառակ կըլնենք, սիպտակ փաչեդ բաց արա, շանց տու, որ հ’աշկը քցի փաչիդ՝ բալքի տանենք»։

Ախչիկը փաչեն բաց արուց հազալու վախտը, տղեն ճիպոտով տվուց դրա փաչին, թե,— Լաչա՛ռ, ղանջըղ, էս հա՞ղ ա, թե լրփութուն ա։

Հաղը տարավ։

— Է՜ ախպեր,— ասեցին,— վիրև աստված, ներքև դու, մենք հ’ամեն մինս մի առակ ասենք, որ դրա վրեն Սոյլամազ խանըմը խոսա, տան քեզ։ Դե՛, էկեք էթանք։

Ջառիեքը հ’առաչ ընկան, սովդաքյարի ախչիկը եննուցը գնաց։

Գնացին հասան Սոյլամազ խանըմի օթախը, նարդվանի տակին կաննեցին, ձեն տվին.— Սոյլամազ խանը՛մ։

Սոյլամազ խանըմը դուս էկավ, տեհավ էտ տղին, շատ հավանեց, ձեռով արուց թե՝ համեցե՛ք։

Գնաց վիրև, թախտի վրեն նստեց. Սոյլամազ խանըմի յորղան–դոշակը քցած էր, մի գիր գրեց հ’իրա հորը, թե. «Կգաս քու տասնէրկու սինոթապետների հետ իմ օթախը, որ էստի բան կա»։ Հերն հ’իրա սինոթապետները առավ էկավ, օթախըմը նստեց։

Մի մարթ խոսող էլավ ոչ։ Սովդաքյարի հարսը վե կացավ ասեց.— Ես Արևմուտի թաքավորի տղեն եմ, ես իմ հորը ի՞նչ ջուղաբ տամ, թե ինչ լսեցի։ Ես քեզնից խնթրըմ եմ․ ըտեղից մի առակ ասող ըլի՝ ես լսեմ։

Ասեց ու ձենը կտրեց։

— Ջահիլ թաքավորի որթի՛,— ասեց ջառիեքանց մինը, որ նի էր մտել բարցի տակը,— դու համփերա, ես մի շատ լավ առակ ասեմ, դու հ’անգաջ դիր. «Ժամանակով մի գեղացի կար, դրան ուներ մի շատ, թաքավորալայաղ ախչիկ. իրեք թաքավոր դրան ուզող էկավ։ Դրանք հ’իրանց մեչը վճռեցին, որ մեր տղեքը տանք հ’ուսումի. որ տղեն թեզ դուս գա հ’ուսումից՝ էտ ախչիկը նրան ըլի, էլ ո՛չ ես նեղանամ, ո՛չ դու։ Տարան Ստամբոլ տղեքը, լավ հ’անգաջ դի՛, թաքավորի որթի՛, էս լավ առակ ա. մինը գնաց սաղի[4] հ’աշկերտ, մինը գնաց լոխմանի[5], մինն էլ գնաց աստղապաշտի։ Էտ իրեք տղեն իրեք տարի ծառայեցին։ Օրերի մի օրը էտ իրեք տղեն հ’իրար կուշտ էկան։

— Մեր հերերը լավ անխելք մարթ են ըլել,— ասեց էն մի տղեն։

— Ընչի՞ հըմար, ա՜յ տղա։

— Դե մի ախչիկ ա, կուզեին մնիս՝ կէթար, էլի։ Բոլ չի ըստի ծառայենք մենք։

Էն մինը թե․— Տղե՛ք, հըլա համփերեք, հ’իրիկվա աստղը ճառագայթելու ժամանակն ա, թող ես տենեմ էտ ախչիկը կա՞, թե կա ոչ։ Թե չէ մեր ծառայութունը զուր ա։

— Օ՜ֆ տղեք, շատ յաման հիվանդ ա, ափսո՜ս, ափսո՜ս, հազար ափսոս, ինչ ախչիկ է՜ր։

— Ախ,— ասեց լոխմանի հ’աշկերտը,— մի պարաշոկ դեղ տայի կլավանար, անտեղի մեռնիլ պըտի։

Սաղին ասեց.— Տո՛ւր ես տանեմ, մին չի՞։

Սարքեց դեղը տվուց սաղին․ սաղին առավ հասցրուց ախչկանը՝ ախչիկը լավացավ։

— Դե ախպեր,— ասեց լոխմանի հ’աշկերտը,— վե կաց էթանք՝ տենենք էտ ախչիկը լավացե՞լ ա։

Էկան, տեհան լավացել ա։

Էտ իրեք տղի հերերն էլ էկան։

— Ի՞նչ եք ասըմ,— ասեց ախչկա հերը,— էտ ախչիկը հո իրեքիդ տվողը չեմ։ Ինչ տղա որ հ’ուսումից թեզ դուս ա էկել, էտ ախչիկը նրանն ա։

Սաղին ասըմ ա.— Իմն ա էտ ախչիկը, ես եմ դեղ բերել՝ լավացրել։

Լոխմանի հ’աշկերտը ասեց․— Իմն ա, ես եմ դեղը տվել, որ տայի ոչ, ո՞նց կլավանար էտ ախչիկը։

Աստղապաշտն ասեց.— Իմն ա, ի՛մը, ես որ իմանայի ոչ, թե հիվանդ ա, դուք ի՞նչ կարայիք անիլ։

Խառնվեցին հ’իրար։

— Ջահել թաքավորի տղա, էտ ախչիկը ո՞ւմը կհասնի դե վճռեցեք։ Օթախի մեչ ղալմաղալն ընկավ, մինն ասեց՝ սաղունն ա, մինն ասեց՝ լոխմանինն ա, մինն էլ ասեց՝ աստղապաշտինն ա։

Սոյլամազ խանըմն ասեց.— Իմ հոր հացը ձեր պնչերքովը վե թափի, որ կարըմ չեք մի ախչիկ մարթի տալ. էտ ի՞նչ ա, որ դուք ըզդար վախտ քրքրըմ եք. էտ ախչիկը սաղուն կհասնի։ Բաղդադ մի երևելի լոխման կա, քանի՞ կապեկ արժի, որ իմ հիվանդն ըստի մեռնըմ ա։

— Ուրեմն դու էլ կհասնես էս ջահել թաքավորի տղին, որ քեզ խոսացրուց,— ասեց Սոյլամազ խանըմի հերը։

Մի վախտ էլ հ’անց կացավ, ըլեդ խոսող էլավ ոչ։

Սովդաքյարի հարսն ասեց.— Թաքավոր, որ ես էթամ իմ հոր կուշտը, ես ի՞նչ շուղար տամ, թե ես ի՞նչ եմ տեհել, ի՞նչ եմ լսել․ մի բան ասեք, որ լսենք։

Յորղանի տակից մըն էլ շառին ձեն տվուց.— Թաքավորի տղա, համփերա՛, մի առակ էլ ես ասեմ․ «Ժամանակով էրկու ախպեր շատ հ’իրար սիրըմ ին, որ մի սհաթ մինը մընին տեներ ոչ՝ սիրտը կպատռեր։ Մենձը պսակված էր, էրկու տղա ուներ, պուճուրը ազապ էր։ Օրերի մի օրը աներն էկավ թե.— Խնամի՛, էրեխանցը, իմ ախչիկը, իմ փեսեն իրեք օր ժամանակ տուր, տանենք մեր տուն, զանքանչը տենի, մխիթարվի, ըլեդ բերենք ձեր տունը։ Վե կալավ փեսին, թոռներին տարավ․ իրեք օրը քաշեց տասն օր, էկավ ոչ։

Ախպերն ասեց.— Յա ախպերս ա մեռել, յա ախպորս էրեխեքը, էթամ տենեմ ի՞նչ ա էլել։

Ձին նստեց, էկավ տեհավ մի խոնարված եկեղեցի կա.— Ով սուրփ եկեղեցի,— ասեց,— էթամ տենեմ, իմ ախպերը, իմ հարսը, իմ ախպոր էրեխեքը սաղ-սալամաթ են, ես գամ ըստեղ ըլեմ մատաղ։

Մխելի գնաց, տեհավ խնամին, ախպերը, հարսը, էրեխեքը սալամաթ էկան։ Փաթըթվեցին հ’իրար, ասեց.— Ա՜յ տնաշեն, ի՞նչ էլավ քեզ, ախր մեր սիրտը պատռեց։

Էկան հասան խոնարված եկեղեցուն։

— Դե՛, հարսի ջան, ձիս բռնա։ Ես նի մննեմ եկեղեցին, աղոթք անեմ ու գամ։

Գնաց, թուրը քցեց, հ’իրա գլուխը կտրեց։

Ախպերն ասեց.— Ա՛յ կնիկ, մի ձին բռնա, տենեմ էտ տղեն ի՞նչ էլավ։ Գնաց տեհավ, որ գլուխը կտրած, մարթ կա ոչ։

— Բա՜հ,— ասեց,— իմ ախպերը ինձ հըմար, իմ էրեխանց հըմար մատաղ էլավ, քաշկա գնացած չըլեի, օ՜ֆ, օ՜ֆ,— տվուց հ’իրա շլինքն էլ կտրեց։

— Ա՜յ հեր, մի էս ձիանը բռնա, տենեմ էտ տղեքն ի՜նչ էլան, նի մննողը դուս գալիս չի։

Կնիկը նի մտավ եկեղեցին, տեհավ էրկսի շլինքն էլ կտրված ա, լաց էլավ, լաց էլավ ու ննջաց։ Էրազին ասեցին, որ վե կենաս, սրանց գլխները տեղը դնես՝ դրանք կսաղանան։ Վե կացավ, տեքոր գլուխը դրուց մարթու գլխի տեղը, մարթու գլուխը՝ տեքոր գլխի տեղը։ Հըմի լավացան, տեքրն ասըմ ա՝ Էս իմ կնիկն ա, մարթն ասըմ ա՝ Իմ կնիկն ա, ջանըմ։ Էս ո՞ւմ պըտի հասնի, ջահել թաքավորի տղա։

Ըլեդ ղալմաղալն ընկավ էտ սինոթականների մեչը։

Սոյլամազ խանըմն ասեց.— Իմ հոր հացը ձեր պնչերքովը վե գա, որ կարըմ չեք մի կնկանը տեղավորեք։ Էտ կնիկը կհասնի գլխին, ա՜յ անխելքներ, էտ գլխի հետ ա պսակվել։

— Դու էլ կհասնես էս տղին,— ասեց Սոյլամազ խանըմի հերը. ըլեդ ձենները կտրեցին։

— Թաքավո՛ր, ես մաթալ եմ մնացել, թե իմ հորն ի՞նչ ասեմ,— ասեց սովդաքյարի հարսը։— Ես խնթրըմ եմ՝ մի թեթև առակ ասող ըլի, ես հ’անգաջ դնեմ։

— Անհամփեր թաքավորի որթի, համփերա՛,— ասեց էն մի ջառիեն ոնների տակիցը, ես մի առակ ասեմ, դու լսա՛, տե՛ս ինչ լավն ա։

«Մի խառատ, մի դերցիկ, մի տերտեր հ’իրար հետ ճանապար են էթըմ։ Գնացին մեշեն, մութն ընկավ. տերտերը հալիվոր էր, ասեց.— Իրեքս էլ որ քնենք՝ մեզ գիլանը կուտեն, էկեք սրով ղարավուլ քաշենք։

Սըֆթա ղարավուլ քաշեց խառատը։ Վե կացավ խառատը, ցախ թոփ արուց, կրակ արուց, համարյա քշերվա կեսն էր, մի հատ փետից ախչիկ շինեց, բրթեց դերցըկին, թե.— Վախտն ա՝ վե կա՛ց, ես էլ եմ մեխք։

Դերցիկը վե կացավ, կրակը թեժացրուց, տեհավ մի հատ ախչիկ կողքին կաննած ա, տեհավ փետ ա.— Հա՛,— ասեց,— խառատը հ’իրա հունարը շանց ա տվել, հա՜, դու համփերա։ Վե կացավ, շորերը բաց արուց, մի ձեռք շոր կարեց, հաքցրուց։

— Տե՛րտեր, վե՛ր, ա՛յ տնաշեն, վախտն ա, վեր,— ձեն տվուց տերտերին, հ’ինքը գնաց քնեց։

Տերտերը կրակը թեժացրուց, տեհավ մի սիրուն ախչիկ կաննած.— Հա՛,— ասեց,— հ’իրանց հունարները շանց են տվել,— լիսն ու մութն էլ բաժանվըմ էր, առավ սաղմոսը, կարթաց ու լաց էլավ,— Ո՜վ սուրփ աստվածածին, դու էս ախչկանը ֆոքի տաս։

Ախչիկը գլուխ տվուց ու կաննեց։ Իրեքն էլ վե կացան․ հըմի խառատն ասըմ ա՝ Իմն ա, դերցիկն ասըմ ա՝ Իմն ա, տերտերն ասըմ ա՝ Իմն ա։

Էս ո՞ւմ պըտի հասնի, թաքավորի տղա»։

Էլի ղալմաղալն ընկավ սինոթականների մեչը, չկարեցան տեղավորիլ էտ ախչկան, թե ո՞ւմ պըտի հասնի։

— Իմ հոր հացը խի՞ եք ուտըմ, որ խելքներդ ըդարն էլ չի կտրըմ,— ասեց Սոյլամազ խանըմը,— էտ ախչիկը տերտերին կհասնի, մարթի հըմար հ’առաչինը ֆոքին ա։

— Դու էլ էս տղին կհասնես,— ասեց Սոյլամազ խանըմի հերը։

— Դե՛, ա՛յ տղա, նշանդ հանա՛։

Տղեն մատանիքը տվուց Սոյլամազ խանըմին։

— Դե գնացեք դինջացեք, որ լիսը բացվի՝ պսակվեք։

Հ’առավոտը լիսը բաց էլավ, թաքավորն էկավ Սոյլամազ խանըմի կուշտը, ասեց սովդաքյարի հարսին.— Ա՛յ տղա, ուզա՝ տամ, իմ որթին ես։

— Թաքավո՛ր, սաղութունդ եմ ուզըմ։

— Իմ սաղութունը քեզ մի բան անիլ չի, ուզա՝ տամ։

— Որ ըտենց ա, թաքավոր, իժդար ուղտ արածացնող ունես, չոբան ունես, իլխչի ունես, ղաթր պահող անես, կանչա՝ գան գյազմիդ տակը, ես որին կհավանեմ, մինը վե կունեմ։

— Ա՜յ հա՜յ, ա՜յ հա՜յ, ափսոս իմ ախչիկը, սրան էլ խելք ունի ոչ։ Ուզա՛ քաղաք, ուզա՛ խազինա, որ ես քեզ բախշեմ, տղեն ի՞նչ պըտես անի, աշխարքը լիքը տղա։ Քսանըչորս տարվա իմ ախչըկա խոսալը զուր գնաց, որ մեր փեսեն խելք ունի ոչ։

Իժդար նոքարներ ուներ, կանչեց գյազմի տակը։ Թաքուհին, թաքավորը, սովդաքյարի հարսը դուս էկան գյազմեն. սովդաքյարի հարսն հ’աշկը ման ածեց, տեհավ մարթը կուչ էկած, ընդար կեղտ կա վրին, որ Շահմար օցը քցես վրին՝ դուս գալ չի կեղտի ձեռիցը։ Աղլուխը բռնեց, լաց էլավ կնիկը․ «Փա՛ռք քեզ, անմահ թաքավոր, ըտ էլ ինձ ղսմաթ արիր»,— ասեց մտքի մեչը։

— Ես ուզըմ եմ էն տղեն, թաքավո՛ր։

— Վա՜յ, վա՜յ, ափսո՜ս թաքուհի մեր ախչիկը, որ խելք ունի ոչ մեր փեսե՜ն։

— Դե՛, որթի ջա՛ն, վե կալ։

Վե կալավ բաժինքը, ախչիկը, էտ նոքարը, ահագին ղոշուն հետը, գնաց։

Նոքարն էկավ, ասեց․— Թաքավորի տղա, որ էտ լավութունը ինձ արիր, թող թաքավորը ինձ մի հատ ձի տա, նի’լնեմ, հետներդ գամ, ոններս ցավըմ ա, կարալ չեմ ոտով գալ։

Մի ձի էլ տարան տվին, նի էլավ, էկան հասան սովդաքյարի չայիրը։ Ղոշընին ետ դարցրուց։ Սովդաքյարի տղեն տեհավ, էս հ’իբանց չայիրն ա։

— Վեր էկեք ըտեղ,— ասեց սովդաքյարի հարսը, նոքարն էկավ ձիու օրղանգուն բռնեց, վեր էկավ։

— Շո՛ւն շան որթի, օրղանգուն ըտե՞նց կբռնեն,— ասեց սովդաքյարի հարսն ու էտ նոքարին մի սիլլա տվուց։— Դե դուք ըտեղ հաց քցեցեք, ընչանք ես գամ։

Սովդաքյարի հարսը ընենց գնաց կեսուր-կեսառի կուշտը, որ նստած չայ ին խմըմ։

— Կնիկ, էս էկողը հենց ընենց ա գալի, որ մեր շլինքը կտրիլ պըտի,— ասեց կեսառը կեսուրին։

— Ա՜յ մարթ, էս օրը ճաշին հո մարթ չեն սըպանիլ, րա դու մո՞նց ես սովդաքյարութուն անըմ։

Ճակատին դրած թուրը, հարսը նի մտավ, ասեց․— Բարի հաչողըմ, հերն ու մեր։

Տեղիցը կաննեցին հերն ու մերը։

— Դուք էթալ պըտեք ձեր չայիրը, թե չէ ձեր էրկսի շլինքն էլ կկտրեմ։

Դրանք հացն ըտեղ թողին, գնացին չայիրը, ընդար շշկլվեցին, որ տան դուռն էլ փակեցին ոչ։

Սրանք գնացին դըրա չայիրը, ինչ ուներ հարսը հանեց, հաքավ պսակի շորերը, վե կալավ մոր բերած իրեք հատ խնձորը, գնաց դըբա չայիրը։ Սոյլամազ խանըմը տեհավ էտ էկողը հ’իրա մարթն ա, համա կնիկ ա։ Սովդաքյարն էլ ճանանչըմ չի, թե էն նոքարը հ’իրա տղեն ա։

Էկավ հասավ, բարով տվուց կեսուր-կեսառին, ասեց․— Էս ձեր տղեն ա, ձեզ փեշքաշ ըլի։ Նոր գլխի ընկան, որ էս հ’իրանց հարսն էր, էն էլ հիրանց տղեն էր։

Սոյլամազ խանըմին էլ ասեց․— Սոյլամազ խանըմ, ես էլ քե պես ախչիկ եմ, հըմի ի՞նչ պըտի անես դու։ Էթաս հորդ տունը՝ հ’էրես չես ունենալ, գաս ըստի կաննես՝ ինձ նոքար պըտես ըլի։ Հըմի ո՞րն ես ուզըմ։

— Շատ լավ ես ասըմ, սովդաքյարի հարս, լավն էն ա՝ ըստեղ նոքար կըլեմ, էթալ չեմ իմ հոր տունը։

Տղեն գնաց հ’իրա շորերը հաքավ, էկավ կաննեց հոր հ’առաչը, կեսուրն ու կեսառն էկան ու հարսի ճակատը պաչեցին.— Հալալ ըլի էն կաթը, որ ծծել ես, որթի՛։

Կեսուրը գնաց տեղերը քցեց հարսի, մի քանի բան տղին սարվացրուց, նորից միացան էտ ախչկա հետ։ Իրեք տարի քաշեց, էտ հարսը մի հատ տղա բերուց․ տղեն դառավ տասը տարեկան։ Լուսնի լրման վախտն էր ծնվել էտ տղեն, շատ սիրուն, շատ մարիֆաթով էր։ Պապի ֆոքին թոռի հետ էր, որ մի հրոպպա տենըմ չէր, ֆոքին քանդվըմ էր։

Հարսը խնթրեց․— Իմ տղի հ’ուսումի վախտն ա, տվեք հ’ուսումի։ Շատ բան կիմանա շատ ման էկողը, ման էկած ոտն էլ քարի կառնի։

— Դե՛, որթի՛, մի ձեռք լավ շոր կտրեմ թաքավորի նման, որ իմ թոռը թաքավորի տղի նման ա։ Փա՛ռք քեզ անմահ թաքավոր, հ’աշկը կըլի՞, որ ըդրա պսակը ես տենեմ։ Դե՛, որթի ջա՛ն, գնա ծծերը պաչա, որ հ’առավոտենց էթալ պըտենք։

Տղի անըմը Ասատուր էր, հ’առավոտենց վե կացավ, պապի ձեռը պաչեց, ետ դառավ տատի ծծերը պաչեց․— Դե մե՛ր, ինձ օխնա, որ էթըմ եմ։

Մերն ասեց.— Ինչ տեղ էթաս՝ բարով գաս, աստված հետդ ըլի, իմ կաթը քեզ հալալ ըլի։

Նստեցին ձիանը, գնացին Դունա քաղաքը, թաքավորանիստ էր, ըտի մի հ’ուսումնարան կար, թաքավորի տղեքն ին ըտի կարթըմ։ Տասնէրկու թաքավորի տղա ին կարթըմ։ Սովդաքյարը գնաց մի սովդաքյարի տուն վեր էկավ, սովդաքյարը տեհավ, որ էտ էրեխի նման ո՛չ հ’իրանց քաղաքըմը կա, ոչ հրեղենների միչին։

— Սովդաքյար,— ասեց,— հարցնիլն ամոթ չըլի, էտ էրեխեն ո՛ր թաքավորի տղեն ա։

— Էտ էրեխեն իմ թոռն ա։

— Աստված քե բախշի, ի՜նչ տղա ա. որթի, հ’արի, մի թշերդ պաչեմ, աստված քե երկար կյանք տա, ճամփեդ բաց ըլի, ինչ մուրազ ունենաս՝ կատարի աստված։

— Բա ընչի՞ հըմար ես բերել։

Ասեց.— Հ’ուսում տալու։

— Բաս,— ասեց,— հ’առավոտենց էթանք վազրի կուշտը, ասիլ մի՛ իմ թոռն ա, ասա Արևելքի թաքավորի պուճուր տղեն ա։

Հ’առավոտենց վե կալան, գնացին վազրի կուշտը, վազրի կնիկը դուս էկավ ասեց.— Ի՞նչ մարթ եք։

Ասեցին.— Թաքավորի տղեն ա, բերել ենք տանք կարթալու։ Վազիրը տա՞նն ա։

Վազրի կնիկն ասեց.— Էրանեկ դրա տիրոչը, որ էտ շուռա էրեխա ունի։

Կնիկը նի մտավ նեքսև, ասեց․— Էրկու մարթ են էկել, մի էրեխա են բերել տան կարթալու։ Շատ ազիզ էրեխա ա։

— Դե կանչա՝ գա։

Տղեն վե կալան բերին վազրի օթախը, վազիրն էլ թողուց ոչ տերը խոսա, հ’իրանց քաղաքի սովդաքյարը խոսաց, ասեց.— Էս Արևելքի թաքավորի պուճուր տղեն ա, բերել ա տա հ’ուսումի։

Ասեց․— Բա թաքավորին մարթ ունե՞ր ոչ, որ ըտա ա բերել։

— Դե, հ’ինքը ըստեղի ծանոթ մարթ ա, ըդրա հըմար էլ հ’ինքն ա բերել։

Վազիրը էտ տղին ունթունեց, ղրկեց հ’ուսումնարան, ասեց․— Իրեք տարուց եդը կգաք, տղին կտանեք։— Պապը վե կացավ, ետ դառավ։

Իրեք տարին թամամելուց ետո, տղեն հ’ամեն բան սարվեց, տասնէրկու տղի գլխավորը էտ տղեն դուս էկավ։ Դունա թաքավորի տղի հետ շատ սըխ ին, որ մի հրոպպա հ’իրար տենըմ չին, սրտները էթըմ էր։

Իրեք տարուց ետո պապն էկավ թոռին տանելու։ Տղեն գնաց Դունա թաքավորի տղի կուշտը մնաս բարով ասելու, Դունա թաքավորի տղեն ասեց.— Դե կաց, ա՜յ տղա, մի հիշատակ տամ քեզ, առ էս իմ թաքավորութունի լենթը, որ տենողն ասի՝ թաքավորի տղա ես, որ միտ բերես ինձ:

— Բա՛ ես ինչ տամ քեզ, ախպեր:— Մոր տված մատանիքը տվուց թաքավորի տղին․— էս էլ իմ փեշքաշն ըլի,— ասեց,— որ մտահան անես ոչ ինձ։

Պապի հետ ձիանը նստեցին, գնացին։ Գնացին, հասան մի մեշի: Տեհան քշերը մի կրակ ա մոտիկ էրևըմ։

Ասեց.— Պապի՛, ես էթամ կրակիցը մի քիչ կրակ բերեմ, կրակ անենք, մրսըմ եմ։

— Դու կվախենաս, որթի՛, թող ես էթամ։

Պապը վե կալավ որ հ’ինքն էթա, տղեն թողուց ոչ` հ’ինքը գնաց:

Քանի գնաց, կրակը հեռացավ։ «Ջանըմ,— ասեց,— էս կրակը մոտիկ էր, էս խի՞ ա հեռանըմ»։ Գնաց, լիսը բացվեց, տեհավ որ մի պողպատից տուն սարի գլխին. ման էկավ չորս ղրաղը` ծառը, ճուղը շատ կա, համա դուռ կա ոչ։ Ասեց.— Ա՜խ, մի հրեղեն ձի ունենայի, թռցնեի, տենեի էս տներըմը, յա էս բախչըմը ի՞նչ կա։

Ձիուն ղամշի տվուց, ձին եռաց ոչ տակին, վեր էկավ ձիուցը՝ ձիու շլինքը կտրեց. — Էլ ինձ հարկավոր չես, ոտով էթամ` ավելի լավ ա։

Մըն էլ պտըտվեց տան չորս դիհը, տեհավ մի հատ ընենց ախչիկ դուս էկավ, որ լսի պես փայլըմ էր։

— Բարով, ա՛յ տղա,— ասեց,— էտ ընչի՞ ես ման գալի։ Բա իմ ախպորտանց ձենը դու լսել չե՞ս։

— Ընչի՞ հըմար, ախչի։

— ճանճ էլ չի վե գալի իմ ախպորտանց ֆողի վրա, դու էտ ի՞նչ ջուռա տղամարթ ես, որ էկել ես իմ ախպորտանց ֆողը տրորըմ ես:

Սովդաքյարը տեհավ, որ թոռն էկավ ոչ, նստեց լաց էլավ, հաշկերիցը կրակ էկավ. «Հե՜յ վախ,— ասեց,— կորցրի իմ անգին քարը, ես ինչ ջուղաբ տամ դրա մորը»։ Փոր ու փոշման էկավ դըբա հ’իրան քաղաքը։ Տեհավ մի սովդաքյար դըբա հիրան ա գալիս։

Սովդաքյարը մոտեցավ, ասեց. — Բար’աշողըմ։

Ասեց.— Ասսու բարին։ Ասեց.— Սովդաքյար, էտ խի՞ ես նոթերդ կիտել։

Ասեց.— Բա չես ասի՝ մի թոռն ունեի, տվել ի հ’ուսումի, գնացի որ բերեմ, էկանք, քշերը մեշըմը կացանք, մի կրակ էրևաց, թոռս գնաց, որ էտ կրակից կրակ բերի, որ կրակ անենք, տաքանանք, գնաց էլ չէկավ, ես էլ մաթալ եմ մնացել, թե ի՛նչ անեմ։

Ասեց.— Վա՜յ, վա՜յ, ըտեղ մի հրեղեն ախչիկ կա, նրա ձեռն ընկած ըլի, կարալ չես քթնիլ։ Ինամ չունեմ, շատ ղոչաղ տղա ըլի, էթա դրա ձեռից առնի՝ բերի։

Ասեց, գնաց հ’իրա ճամփեն։

Պապն էկավ հասավ հ’իրանց տուն, տղի մերը տեհավ, որ շատ ունքերը կիտած ա, ասեց.— Ափո՛ւ, բա իմ Ասատո՞ւրը։

— Էհ, որթի՛,— ասեց,— ցավ չունե՞ս,— ասեց ու լաց էլավ։


Թող դրանք ըտեղ լաց ըլեն, մենք գանք տղի կուշտը, տղեն ափսոս ա։

Էտ ախչիկն ասեց տղին.— Տղա, ես քեղ տնազ պըտեմ անիլ։

— Ընչի՞ հըմար, ինձ սըպանելո՞ւ։

— Չէ՛, ա՛յ տղա, մեր տանը ինձ մի պատկեր քաշող ունեմ․ կէթանք կքաշվենք էրկուսս էլ, թե ինձանից սիրուն էլար՝ զաթի հ’իբար կառնենք, սիրուն չէլար՝ էրկու հատ արաբ ունենք, կասեմ շլինքդ կկտրեն, մենձ ախպերս իսանի միս ա ուտըմ՝ կուտի։

Էտ ախչկանն էլ օխտը ախպեր ունի, գնացել են ավ։

Ախչիկը տղին վե կալավ, գնաց տուն։

— Ախչի, ինձ թող մի բախչեն ման գամ, տենեմ էս ինչ ջուռա բախչա ա, գիտեմ ինձ սըպանիլ պըտես։

Տղին թողուց բախչեն, էլի դուռը շինեց։

Տղեն գնաց, տեհավ ոչ մի երկրըմ ըտենց բախչա չկա. մի հատ մառմար հավուզ կա, անթառամ ծաղկով լիքը, տենողի ֆոքին ա փառավորվըմ։

Վե կացան, գնացին վիրի օթախը․ կանչեց պատկերը քաշել տվուց, թամաշ արուց, տեհավ որ հ’իրանից սիրուն ա, ասեց.— Ես քեզ իմ ախպորտանցից կպըհեմ, մի հնարքով քե կազատեմ, կառնեմ։ Տարավ, մի ջոկ տեղ պըհեց։

Հ’իրիկունը ախպերտինքն էկան, ասեցին․— Ըստիան իսանի ֆոտ ա գալի։ — Ա՜յ ձեր տունը շինվի, մենք իսան ենք, իսանի ֆոտը մեզնից ա գալի, ո՞րդիան ա գալի,— ասեց ախչիկը։

— Ախպերտինք, ինձ ընչար ե՞փ կթողաք ձեր տանը, ձեր մուրազն ի՜նչ ա։

— Մեր մուրազն էն ա, ա՜յ քիր, որ ընենց մի տղա գա, որ մեր օխտն ախպորը զոռի՝ մենք մեր քիրը տանք հ’իրան։

Ախպերտինքը քնեցին, ախչիկը դուս էկավ։

— Ա՜յ տղա, քնա՞ծ ես, թե զարթուն։

— Ա՜յ քու տունը շինվի, քու պատկերը տենողի քունը կտանի՞։

— Դե վե կա՛ց, բոլ ա, էթանք մեր գոմը, մի հատ ձի կա, տամ քեզ, ընենց ձի տամ քեզ, որ հեչ տեհած չըլես․ թե կարենաս նի’լլես։

Ասեց, կանչեց արաբներին, հրամայեց, որ մի հատ լավ ձի քաշեն։ Արաբները ձին քաշեցին, մի հատ հազարեն ղալխան բերին, մի հատ շուհարդար թուր բերին, ասեցին տղին․— Էթանք նեքսև, իրեք հատ գուրզ կա, որ մեր ուժը պատըմ չի վեր ունել, դու որն ուզըմ ես՝ վե կալ։

Տղեն նի մտավ նեքսև, հ’էրեսը խեչ հանեց, ձեռը քցեց հ’ամենագլխավոր գուրզը, արաբներն էլ մնացին մոլորած, թե մեր օխտը տղեն էլ կարացել չեն վեր ունել էտ գուրզը, էս ի՛նչ թավուր տղա ա, որ վե կալավ։

Դուս էկավ հայաթը, ախչիկը դուռը բաց արուց․— Դե՛հ, տղա, աստված հետդ ըլի, համա փախչես ոչ, գալ պըտես իմ օխտը ախպորս ախտես՝ որ ինձ առնես։

Տղեն նստեց ձին, թուրը քցեց շլինքը, ղալխանը քցեց հ’ուսը․ կռացավ գուրզը վե կալավ, մնաս բարով ասեց ախչկան ու քշեց։

Ասեց․— Ես մի քարի գլխով մի թռցնեմ ձին, տենեմ թռնը՞մ ա ձին։ Ձիուց վեր էկավ, զոլան ղոշղունը ղայիմ կապեց, էլի նի էլավ, ձիու փորին մի ղամշի քաշեց, ձին քցեց հ’իրան, բախչի պատին էլ մոտիկ էր, ընենց բանցրացավ, որ բախչեն ոնց որ մի բախչա հ’առաչդ ըլի։ Վեր էկավ ձիուց ու պաչեց ձիու հ’աշկերը, ասեց․— Ես գիտեմ, որ ես հըմի իմ մուրազին կհասնեմ։

Գնաց մի քարի տակից յափնջին քաշեց վրին՝ քնեց։ Թող լիսը բացվի։ Տղեն էկավ մեյդանի գլուխը կտրեց։

— Ո՞վ ա տների տերը, գա, ղանչու[6] եմ ուզըմ։ Մենձ ախպերն ասեց պուճուրներին.— Գնա մի տես էտ ի՞նչ ձեն ա։

Պուճուր ախպերը դուս էկավ, տեհավ մի ազիզ տղա նստած ձիու վրա գոռըմ ա, երկինք-գետինք եռըմ ա. ոտը-ձեռը դող էլավ. գնաց ասեց․— Մի ասլանի պես տղա ա էկել, դրա ջուղաբը մենք կարալ չենք տալ։

— Զաթի՛ մեր քիրը մեր գլուխն ա ծարավել․ ես գիտեմ. հ’էրեկ էլ ասըմ էր։ Մահ կա՝ մեր պայմանիցը ետ դառնալ չկա։ Ասեք՝ ձիանը դուս քաշեն։

Ձիանը դուս քաշեցին, օխտն ախպերն էլ նի էլան։ Քիրն էկավ դյաղմեն, փորը քցեց ճաղին, քսան հուսը մի դհիցը կախ էլավ, քսանը մի դհից։ Քամին տարավ բերուց, տենողի ֆոքին էր վառվըմ։

— Բարով քեզ, ա՜յ տղա,— ասեց մենձ ախպերը,— սրեն քունն ա, քցա գուրզդ։

— Ըտենց չի, դուք քցիլ պըտեք, ես ղոնաղ եմ։

— Տղեք,— ասեց մենձ ախպերը,— ես էթըմ եմ, ընենց տանք, որ սըպանենք ոչ, ընենց անենք, որ սաղ կալնենք, ետո մեր ղազաբը մենք կանենք։

Մենձ ախպերը ձին շատ տրորեց, որ հավալամիշ ըլի, գնաց էկավ, գուրզը քցեց՝ ասեց.— Էկա՛վ, տղա։

Տղեն ձեռը քցեց, գուրզը կալավ։

— Ա՛ռ,— ասեց,— հանաքի վախտը չի, առ կարքին քցա։

Ախչիկը ձեն տվուց.— Ջա՜ն տղա, ջա՛ն, քու բիլակիդ ղուրբան։

Մենձ ախպերն ասեց․— Տղեք, իմ ոտ ու ձեռը խառնվել ա, էկեք դուք քցեք։

Միջնեկ ախպերը գնաց, ձին շատ տրորեց, ընենց քրտնեց ձին, որ արին-քրտինք մտավ, ձիու սաղրու հետ գզվեց ու թամքի միչին կաննեց։

— Էկա՛վ, տղա, գուրզը,— ասեց ու քցեց։

Գոռգոռոցը սարերն ընկավ։

— Առ գուրզդ, ղայդով քցա՛,— ասեց տղեն ու գուրզը բռնեց, տվուց հ’իրան։

Մենձ ախպերը կաննեց թե.— Ախպեր, քու ուզածն ի՞նչ ա մեզնից, ուզա տանք, էս կռիվը վերչացնենք։ Ասեց.— Քանի աշխարըմը կա, կա՛մ ես մնալ պըտեմ, կա՛մ դուք։ Կռիվը կռիվ ա։

Էտ ժամանակ տղեն տեհավ, որ մի բոզ ձիավոր գալիս ա, ընենց ա գալիս, որ թոզի միչին կորել ա։

Էկավ.— Բար’աջողըմ,— ասեց,— որթի ջան, ես էկա, վախիլ մի՛։

Տղեն տեհավ որ մերն ա, ավելի ղվաթ առավ։

Մերն ասեց.— Դու դինջացի՛, ես կռիվ անեմ։

— Չէ՛,– ասեց,— դու կաննի թամաշ արա, ես կռվիլ պըտեմ։

Տղեն քաշեց գուրզը, տվուց հարամրաշու գլխավորին, ալբիալը չորացավ․ հինգ գուրզ քցեց, հնգին էլ վե կալավ։ Էն էրկուսը թուրը քցեցին շլնքները, էկան ռահի էկան թե.— Ինչ կուզես՝ կտանք, մեր հոր օջախը քանդի՛լ մի։

Տղեն գուրզը դրուց ցած, ձիուց վեր էկավ, մերն էլ վեր էկավ, գնացին դըրա տուն։ Էրկու ախպերն հ’իրանց հինգ ախպոր մեյիդի հային էլան։ Մեռելները թաղեցին, ձեռները լվացին, նի էլան վիրև։

— Ուզածդ ի՞նչ ա, ա՜յ տղա,— ասեցին,— ուզա՝ տանք։

— Ուզածս ձեր քիրն ա։

— Քեզ փեշքաշ։

— Դե ձիանը սարքեցեք, որ էթալ պըտենք։

Ախչիկը ուրախութունից ոտը կտրեց գեննիցը։ Գնաց հազրվեց, արաբները ձիանը դուս քաշեցին, նի էլան, գնացին։

Գնացին հասան հ’իրանց քաղաքը։ Մերն ասեց.— Մի քիչ բանդ ըլեք, էթամ տունը սարքեմ։

Գնաց տուն, թադարեքը տեհավ, էկավ առոք-փառոք տարավ տուն։

— Դե՛, ա՜յ տղա, ո՞ւմ անենք քեզ քավոր։

— Ինձ քավոր ունեմ։

— Ո՞վ ա։

— Դունա թաքավորի տղեն։

— Ո՞վ պրտի բերի։

— Ես։

Տղեն վե կացավ, գնաց Դունա քաղաքը, քավորին առավ բերուց, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, պսակվեցին։ Պսակվեցին, մերը կեսառին ասեց թե․— Ըզդար պարտականութունի տակ ես չեմ մնա։ Սոյլամազ խանըմին տանեմ հ’իրա հորը հանձնեմ, գամ։

Վե կացավ, Սոյլամազ խանըմին առավ, գնաց թաքավորի կուշտը, ասեց.— Էս քու ախչիկը, քու Սոյլամազ խանըմը, ում կտաս՝ տուր, քու մեխքը քեզ հետ. ես էլ դրա պես մի ախչիկ եմ, ես էն տղի կնիկն եմ, որ էս ախչիկը օխտը տարի ղաթրչի բանացրուց, ես էլ էկա հ’իրան տարա, տասնըչորս տարի պըհեցի։ Հըմի ինչ ուզըմ ա, թող անի։ Մնաք բարով, ես գնացի։

Ասեց, ձին քշեց ետ դառավ։

Դրանք հասան հ’իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, էրկուսն էլ՝ լսողներին։


  1. Գերի։ (ծանոթ․ բանահավաքի):
  2. Ճար։ (ծանոթ․ բանահավաքի):
  3. Գլխեն (ծանոթ․ բանահավաքի)։
  4. Քաջընթացիկ (ծանոթ․ բանահավաքի)։
  5. Բժշկի (ծանոթ․ բանահավաքի)։
  6. Ինձ հետ կռվող (ծանոթ․ բանահավաքի)։