Ծառերի շարասյունը շարժվում է դեպի երկնքի
դեռեւս չսեփականաշնորհված տարածքները, օդը
վերածվել է կապույտ ակվարիումի, աստղերը
ձկներ են՝ քանի կուլ չեն գնացել արեւին, դռան
հազարամյա ճեղքով
ներս է սողոսկում տխուր ներկայով անցյալը։
Պատերազմը, դա նույն խաղաղությունն է, միայն թե
այստեղ, ի սկզբանե, արդարացված են
սպանություններն ու ոճիրներն՝ առավել քան
խաղաղության ժամանակներում, իսկ Արցախի
պլուտոկրատ տղաները
շարունակում են
գույնզգույն բոզեր արածացնել արաբյան էմիրաթներում։
Ասում են՝ տարին մի օր միանգամից սկսում են հնչել Անիի
1001
եկեղեցիների զանգերը, որ
Արարատի ձյուներում մնացած (1915 թվականից ի վեր)
հայերը գտնեն ի վերջո ճանապարհը տան։ (Ի դեպ,
Երկնային տերությունը հարց է հարուցել
Թուրքիայի դեմ՝ Եվրամիության դռները ծեծելուց առաջ,
կիսալուսինը առեւանգելու եւ
կեռ յաթաղան դարձնելու համար)։
Ես բացում եմ պատուհանը։ Մի ուսանող շտապում է դասի,
Սուրմալլու-Ստեփանակերտ հյուրանոց -
ավտոբուսի վարորդը
անծանոթ ուղեւորուհու մեջ, արկղերի արանքում, ուշացած
հայտնաբերել է, ասում են, իր
Դեզդեմոնային՝ շատ «հարմար խեղդելու առումով»,
մի փետուր հանգիստ ընկնում է ծառից, մրջյունը
ջանադիր իջնում է խոտի ցողունն ի վար,
երթուղային տաքսին շուկայի մոտ դատարկվում է համարյա,
եւ համակարգիչներն սկսում են աշխատել աչքերի լույսով, որ
վթարային անջատումների ժամանակ չկորցնեն
իրենց հիշողությունը։
Երեսը լաթերով պինդ կապկպած (միայն աչքերն են երեւում)
ջահել հավաքարարուհու ավելի ծայրին
փողոցը կամաց-կամաց դուրս է լողում
դեպի դատարկ հորիզոնը։