Jump to content

Սևագիր և անավարտ արձակ թարգմանություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սևագիր և անավարտ արձակ թարգմանություններ
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 565
ծ. ― էջ 815
ԵՐԱԶԻՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[1]
ՀԻՆԳ ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ

Ես ամբողջ հինգ տարի քնած էի։ Կգտնվեն մարդիկ, որ չեն հավատալ, բայց ես հավատացողների համար եմ գրում և խնդրում եմ հավատացնեն[2]։

Եվ այսպես. Ես հինգ տարի շարունակ քնած էի հոմերական քնով[3], մի մեծ–հսկայական, ավելի պարզն ասեմ, ես աչքս խփեցի[4] ոչինչ չէի տեսնում[5] աշխարքից, միտքս էլ զբաղվեց ինձ շրջապատող երազային աշխարքով։ Հենց աչքս կպցնելուն պես[6] դուրս եկա մի փառավոր տան մեջ. նորա առջև ընդարձակ բակ— բակի մեջտեղը սրածայր տանիքով մի այլ շինություն։ Նրա շուրջը բնակվում էին քարերի տակ մի քանի նշանավոր անձնավորություններ, որոնց հետ ես խոսակցություն ունեցա, սակայն մարդկանց աչքին չի կարող ընկնել առաջին հայացքով մուտքը[7]։

Իմ մի ականջս տանում էր ահեղ գետի վշշոցը— իսկ մյուս կողմը զանգակի նման ձայներ հնչում էին[8] թաղման տխուր եղանակով բարձր աշտարակից։

Այդ պալատում բնակվում էին մռայլ ոգիներ։ Նրանք ամեն կերպ ուզում էին չնմանել հասարակ մահկանացուներին, դրա համար հագնում էին լայն քղանցքով երկայն զգեստներ, մորուքներ էին պահում և հանդիսավոր շրջում էին քարոզելու մարդկանց—որ որքան մեծանա իրանց փորը— այնքան մեծանում է դրախտի դուռը[9] մեռած[10] անդամների առջև, նրանց ծնողների, որդոց ու բարեկամների առջև։ Նրանք փրկության անունով մտնում էին մարդոց սիրտը և նրանց գաղտնիքները որսում։ Հնությունը նրանց էր հանձնում մարդոց բախտը կառավարելու իրավունքը և նրանք ջանում էին ամուր պահել[11] հնության մշուշը մարդկային կյանքի վերա։

Նրանք ատյան էին կազմում՝ պատժելու հանցանքը ճշմարտության անունով[12]։ Մարդիկ խաբված չէին կարողանում իրանց հայացքով թափանցել նրանց խորհրդարանը։ Եվ ահա մի օր Աստղիկը[13] վշտացած ներկայացավ ողորմած․․․ երի ատենին, ցույց տվեց յուր արյունազանգ մազերն ու դեմքը, կուրծքը և արտասվալի աչքերով, հեկեկանքից խեղդվելով, կարողացավ սոսկալի կերպով նկարագրել յուր դժոխային տանջանքները, որ անմեղ ստանում էր մի անգութից, որի հետ կապված էր և լալագին բողոքելով թախանձում էր քանդել այդ կապերը․․․

Ներկայացավ և մեղադրյալը՝ Բաքոսի ջերմեռանդ սպասավորը, փրփուրը բերնին և արբած արյունով լիքն աչքերը։

Դու կապված ես հավիտենական անքակտելի կապով, լրբության սանձերը, ասված է ձեր պայմանագրի մեջ, թե տանելու եք ամեն տեսակ ցավ ու տանջանք միասին։

Դու տեսնում ես այն այրին, որ բնակվում է այդ պալատի պատի տակ։ Նա յուր պատվի <1 անընթ.> է ուտում։


ԽԻՂՃԸ

Այս պատահել է հին, հին, անհիշելի ժամանակները, երբ դեռ պատմությունը[14] չէր գրվում։

Այն ժամանակ էլ, պատահում էր մարդիկ հիմարություններ էին անում, բայց ոչ ոք նրանց հիմարությունը գրի չէր առնում։ Գուցե դրանից է, որ մեր նախորդներին խելոք ենք համարում։

Այն անհիշելի ժամանակներն էլ հենց աշխարհ եկավ խիղճը։

Նա ծնվեց խաղաղ մի գիշերով, երբ ամեն բան մտածում է։

Մտածում է գետակը՝ փայլելով լուսնի լույսի տակ, մտածում է եղեգնը, մտածում է խոտը, մտածում է երկինքը։

Նրա համար էլ այնպես խաղաղ է լինում։

Ցերեկը ամենն աղմկում ու ապրում են, իսկ գիշերը՝ լռում ու մտածում։

Ամեն հարսնուկ մտածում է, թե ինչ նախշուն թևիկներով (разводить) թիթեռ (бабочка) բաց թողնի։

Բույսը գիշերը ծաղիկ է մտածում, սոխակը՝ երգ, իսկ աստղերը՝ ապագան։

Հենց այսպիսի մի գիշեր էլ, երբ ամեն բան մտածում էր, ծնավ խիղճը։ Նա ծնավ գեղեցկուհու կերպարանքով, գիշերային թռչունների նման մեծ-մեծ աչքերով։ Լուսնի լույսը նրա դեմքը զարդարեց իր դալուկով, իսկ աստղերը հուր վառեցին նրա աչքերի խորության մեջ։

Գնաց խիղճը աշխարհքը շրջելու։

Ապրում էր կես լավ, կես վատ։

Ապրում էր, ինչպես բուն։ Ցերեկով ոչ ոք չէր ուզում խոսել նրա հետ։ Ցերեկով ոչ ոք դրա համար ժամանակ չուներ։


<ՏՈՒԺԵՑԻՆՔ–ՉԽՐԱՏՎԵՑԻՆՔ>

Տուժեցինք— չխրատվեցինք, տանջվեցինք— չզգացինք, պնդացրինք մեր երեսն ավելի քան վեմ և չուզեցինք դառնալ։

Եվ ահա կոխեցիր քո բարկությունը Երուսաղեմի վրա. մեզ ցավ ջամբեցիր ու խմացրիր դառնության ջուր. ցրվեցիր, որպես հողմակոծ խռիվ անապատում։

Դու արդար ես, տեր…  Ահա այրվում է Երուսաղեմը, և օրհնում եմ քեզ նորա բոցերից․․․

Ո՜հ, դո՛ւ Իսրայել, գերի թափառական. քո գույժը հասավ հեռու ազգերին, քո աղաղակով երկիրը լցվեց, և չի վերջացել ցավդ տակավին։

Գիշեր ու ցերեկ կգնաս ծառայելու օտար աստվածների, և քեզ ողորմություն չեն անիլ։

Կգնա՜ս, կգնա՜ս, ոտներդ կհոգնեն, և չես հանգստանալ։

Ավեր կդառնան քո շեներն ու քաղաքները. գազանները կապրեն այնտեղ, համբարուները կհանգչեն պարտեզներում, դևերը կպարեն սրահներում, հուշկապարիկները ձայն կտան միմյանց, և ոզնին ձագ[15] կհանի ապարանքներում։

Ո՜հ, քո ճանապարհներդ հասցրին քեզ այդտեղ։ Քանի ասացի՝ չլսեցիր, քանի կանչեցի՝ չիմացար, քանի հանդիմանեցի՝ չզգաստացար։

Մի՞թե որ գլորի, էլ չի բարձրանալ, մի՞թե որ շեղվի՝ չի դառնալ կրկին։

Ինչու դու այդպես <1 անընթ.> եղար, մոլորվեցիր <1 անընթ.> լիրբ մոլորությամբ և չուզեցիր դառնալ։

Վաղ առավոտյան գնացի՝ խոսացի քո ժողովրդի հետ. նրանք ծիծաղեցին ինձ վրա և սիրեցին սուտը, անառակությունը, կաշառքը, դավն ու դավաճանությունը։

Ասացի՝ թերևս աղքատ են սրանք, չեն կարողանում պահել և կատարել աստծո օրենքները։ Գնացի հարուստների մոտ, և նրանք ևս առավել քարասիրտ, ագահ[16] ու անիրավ․․․

Եվ ահա՝ հասավ օրը։

Դե ձեր գարշելի արծաթն ու ոսկին, որ խնայեցիք հայրենիքին[17], պահեցիք շռայլության ու պոռնիկների համար, այժմ հանեցեք՝ երկրի ծերպերում ու խոռոչներում թաքցնելու համար․․․

Սիոնի դստերք, որ այնպես հպարտ ճեմում էիք բարձրիպարանոց և հոնքերով ակնարկում, քարշ էիք տալիս ձեր ստորոտները և ոտքերով կաքավում, ո՞ւր են ձեր զարդերն ու պատմուճանները, ձեր հյուսերը, ծամկալներն ու պսակակալները, մահիկներն ու երեսի զարդերը, քողերն ու ապարանջանները, մեհևանդները ու գինդերը, մատանիներն ու կշտապանակները, դիպակներն ու ճեղանակները, եզրածիրանին ու միջնածիրանին, բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշն ու ճամկավորը, ոսկեճամուկն ու ոսկետտուն, անուշ հոտերն ու անուշ յուղերը․․․

Ահավասիկ հասավ օրը.

Բոլորը հավասարվեցան– տեր և ծառա, տիկին և աղախին, մեծատուն և աղքատ, գեղջուկն և քաղաքացին, պարտապան և պարտատեր․․․

Այսպես հավասարեց ձեզ աստված թշվառությամբ, որովհետև դուք շատ խնդրեցիք երջանկության օրերում․․․

Ձեր եղբայրներին․․․


Մինչև հասավ օրը.

Եվ ահա՝ ամեն գլուխ ցավ ունի, ամեն աչք՝ արտասուք և ամեն սիրտ՝ տրտմություն։

Այժմ ո՞ւր են նրանք, որ քարոզում էին ձեզ ապաստան լինել ստության խոսքերին, և ասում էին՝ «Տաճար տեառն, տաճար տեառն, տաճար տեառն». ո՞ւր են դպիրները, ո՞ւր են խելոքներն ու խրատողները[18], ո՞ւր են նրանք, որ բժշկում էին քո երկյուղն, ասելով[19]. «Աստծո աջն Երուսաղեմի վրա է, թող գան՝ տեսնեն այս[20] հուրն ու ավերածը. ո՞ւր են, որ ասում էին՝ «Աստված կպահի մեր հայրենիքը»։

Ո՜հ, ինչպես մնաց նա զրկված և մենակ, ողբաց գիշերները, արտասուքը չորացավ ծնոտի վրա և չգտավ մխիթարիչ։

Նրա նեղիչները դարձան նրան գլուխ և հալածիչները գտան թշնամիների մեջ․․․

Կանայք խայտառակեցին Սիոնի մեջ և կույսերին՝ հրապարակներում, ծերերին խողխողեցին և մանուկներին չխնայեցին։

Փախստական դարձան, պանդխտեցան, գերի գնացին նրա որդիքը, հոգնեցին ու քնեցին օտար ճանապարհներում և չկարողացան հանգստանալ։

Օտարությունը դարձավ ժառանգություն և բնակությունը՝ պանդխտություն, հացը՝ նեղություն և ջուրը՝ կարոտի։

Ո՜հ, ո՜հ, թշվառության օ՜ր․․․

Սի՜րտս, սիրտս այրվում է, աղիքս՝ գալարվում, և չեմ հանգստանում։ Մինչև ե՞րբ լսեմ փողերի ձայն, կոտորածի գույժ և թշվառության բոթ։

Վա՜յ ինձ, մայր իմ, անիծված լինի այն օրը, երբ ինձ ծնեցիր. անիծված լինի նա, որ հորս ավետեց, թե զավակ ծնվեց։ Թող աստծու կործանած քաղաքի նման լինի այն մարդը, առավոտյան գույժ լսի և աղաղակ՝ միջօրեին։ Ինչու չսպանեց ինձ մորս արգանդում, որ մայրս լիներ ինձ գերեզման և հավիտենական հղության արգանդ։

Ի՞նչ է այս. ծնվել եմ ավեր ու ցավեր տեսնելու, և վերջանում են օրերս ողբերով…


ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
(Թահարնաթայի արտասուքը)
ՀՆԴԿԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Հիմալայի լեռնաձորերում, Քիջմիրի հովիտին մոտիկ, ապրում էր մի իմաստուն ու բարեպաշտ ճգնավոր։ Մարդկանց մեջ ամենից շատ նրան սիրեց երկնից տերը՝ Մահադևան, որովհետև Թահարնաթայի նմանը չկար ոչ խիստ պահքով, ոչ խորասիրտ աղոթքով։

Էն ժամերին, երբ անուշաբույր գիշերը <պատ>ում էր[21] աշխարհքը, ու պայծառ աստղերը հեզահամբույր սիրով նայում էին երկրին, Թահարնաթան ելնում էր բարձր ժայռի գլուխն, ու նրա ջերմ աղոթքը համբառնում էր դեպի Մահադևայի գահը։

Եվ երբ դարավոր ծառերի մթին կատարներից ներս էին ցոլում ոսկե շողերի առաջին նետերը, ու ամեն մի թռչնակ զվարթ երգով ողջունում էր[22] ծագող օրը, Թահարնաթաjի աղոթքը սլանում էր դեպի մեծ արարիչն աշխարհքի։ Իսկ էն ժամերին, երբ դալկանում էին վերջալուսի վառ բոցերը, երբ երկչոտ միմոզաները ամոթխած փակում էին իրենց տերևները, երբ վարդերանգ ամպերը հանդարտ հալվում էին՝ երկնային անեզր տարածության մեջ ու ողջ բնությունը, դեպի քուն իջնելով, խոնարհում էր Մահադևայի մեծության առաջ, արևի նման մենակ ու մաքուր, ջերմ աղոթում էր Թահարնաթան։

Վեր կացավ, շառաչեց որոտմունքը, ու վառ կայծակների փայլքով հայտնվեց Մահադևան, հնչեց նրա ձայնը, որոտմունքն իջավ, ու կայծակները հլու հնազանդ[23] տարածվեցին նրա ոտների տակ։ Ու խոսեց Մահադևան.

– Ո՜վ մահկանացու, քո աղոթքը շարժեց իմ գահի պատվանդանը, երկնային լուսատուները շեղվեցին իրենց ընթացքից, ու ողջ երեք աշխարհքն էլ սասանության մեջ են[24]։ Ասա, ի՞նչ ես ուզում։ Խնդրիր, ու ես կկատարեմ։

– Հայր լուսի, տեր տիեզերքի,– աղաղակեց Թահարնաթան,– մարդիկ տառապում են. վագրը մորից երեխան է հափշտակում, արևը հողագործի հունձն է այրում, հեղեղը նրա բնակարանն է կործանում։ Օգնիր թշվառ մարդկանց, հայր լուսի, օգնիր նրանց, տեր տիեզերքի։

Ու խոսեց Մահադևան, և նրա ձայնը և հեզ էր, և մեղմ, և դուրեկան, ինչպես առվակի խոխոջյունը, և խոսքերը նման էին արտուտի երգին։

– Ես չեմ կարող երջանկություն[25] տալ մարդկանց, որովհետև հենց իրենց մարդկանց մեջն է աղբյուրը երջանկության ու դժբախտության։ Բայց...


(ՆԱԽԵՐԳ)

Նա, ով տանջվում, աղոթում է ու սիրում– մարդ է նա։

Պարիան տանջվում, աղոթում է ու սիրում– մարդ է Պարիան։

Ամենքն, ում որ տաքացնում են արևի շողերը և վարում է գետինը իր արորի խոփով– մարդիկ են[26]։ Պարիան ցնծում է[27] արևի շողերի լուսով ու կերակրվում երկրի բերքերով– Պարիան մարդ է։

Ամենքն, ում բանականությունն ասում է, թե էս մինը վատ է, էն մինը՝ լավ– մարդիկ են։ Պարիան գիտի չարն ու բարին– Պարիան մարդ է։

Ով (պաշտում է) նախնիներին, հարգում է[28]ծնողներին, հոգում կնոջն ու որդիներին– նա մարդ է։ Պարիան զոհ է[29] բերում մեռածների հոգիներին, հարգում է իր հորը, խնամում կնոջն ու երեխաներին– Պարիան մարդ է։

Վայ նրան, ով ստորացրել է[30] Պարիային օգտվելու հողից, ջրից, բրնձից ու կրակից, քանզի Պարիան մարդ է։

Վայ նրանց անիծողներին։ Վայ նրան, ով ստիպում Է նրանց՝ զառամ ծերերին ու մանկան[31]. օրորոցը պատսպարել գիշատիչ գազանների ապաստաններում, քանզի Պարիան մարդ է։

Վայ նրան, ով ստորացրել է[32] Պարիային, դեղնոտն անգղերի ու գարշելի չախալների շարքը– քանզի Պարիան մարդ է։

ԾԱՂԻԿ ՓԵՐԻՆ

Ժամանակով երկու քույր են լինում։ Երեխա օրից մնում են որբ։ Մեծը սիրուն է լինում, աստղի նման պայծառ, стройн<а>, как колонна, բարեձև սյունի պես, ճոխ, ոսկեփայլ մազերով։ Իսկ փոքրը էնպես, ոչ լավ, ոչ վատ, լղարիկ, պստլիկ, մի քիչ էլ մի ոտի վրա կաղ։ Մեծ քույրը էնպես էլ նրա անունը դնում է Կաղլիկ։

Սրանք ունենում են մի պառավ տատ։ Նրա տանն էլ ապրելիս են լինում։ Էս պառավ տատին իսկի դյուր չի գալիս էդ ավել անունը ու մեծ թոռանը միշտ ասելիս Է լինում.

– Քեզ ի՞նչ է արել էս խեղճ երեխեն։ Մի՞թե ինքը մեղավոր է, որ կաղ է։ Ինչո՞ւ ես միշտ իր արատը միտը գցում։

– Ես ի՞նչ անեմ, եթե ճշմարիտ է, որ կաղ է։ Ես հո չեմ հնարել։ Ու հետն էլ ավելի էր ծաղրում, վրեն ծիծաղում։

Լավ կլիներ, թե բանը սրանով վերջանար։ Կաղը ուշադրություն չէր դարձնում քրոջ ծաղրին, կարծես իրեն չէր վերաբերում։ Բայց ավելի վատն էն էր, որ քույրը նրա <հետ> շատ վատ էր վարվում, էնպես էր հրամայում, կարծես թե իր աղախինը լիներ։

– Կաղլի՛կ, էս արա, Կաղլի՛կ, էն արա, Կաղլի՛կ, դեսը, Կաղլի՛կ, դենը․․․

Խեղճին ո՛չ հանգստություն էր տալիս, ո՛չ շունչ քաշելու ժամանակ, իսկ ինքը նստում էր ձեռները ծալում, որ կոշտ աշխատանքից չփչանային, և հայելուն էր նայում կամ լուսամուտից դուրս էր մտիկ տալիս։

Տատը շուտ–շուտ վրեն բարկանում էր.

– Էդ ո՞ւմ ես մտիկ տալի լուսամուտից։

– Թագավորի տղին։


ԱՐՋՆ ՈՒ ՊԱՌԱՎԸ

Որտեղից էր, որտեղից չէր՝ մի պառավի խելքին քամի է փչում, թե ես արջի միս պետք է ուտեմ։ Ձութ[33] է դառնում, մարդու օձիքից կպչում (մախաթ է դառնում և այլն), թե որտեղից որ է՝ ինձ համար արջի միս պետք է ստեղծես։

Մարդն ասում է.

– Ես ո՞րտեղից արջի միս գտնեմ քեզ համար. ես որսկա՞ն եմ, ի՞նչ եմ։ Ո՛չ հրացան ունեմ, ո՛չ շուն, ո՛չ մզրախ[34]։ Կացինը վեր ունեմ, գնամ արջի վրա– էդ էլ հո ինձ կուտի։

Իսկ պառավը հենց իրանն է ասում.

– Քեզ ասում եմ՝ գնա արջի միս բեր. էն լավ կլինի՞, որ կրակխառնիչ[35] գլուխդ ջարդեմ (ճղեմ)։

Սրա հետ ի՞նչ անես։ Խեղճ մարդը[36] վեր է կենում, կացինը գոտիկը խրում, գնում անտառը։

Գնում է գնում, ման է գալիս ման, մին էլ նայում է, տեսնում, ըհը՛, մի ծառի տակ մի ահագին արջ քնած. ոտները էն կողմն է մեկնել ու անտառովը մին խռմփացնում է։

Ծերունին տապետապ թփի տակիցը մոտիկանում է ու, շրըխկ, արջի ետևի թաթը կտրում։ Արջը գոռում է, ո՜նց է գոռում․․․ իսկ ծերունին վախից կացինն էլ թող է անում էնտեղ, արջի թաթը կռնատակն[37] է դնում ու թե երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Փախչում է գալիս տուն, արջի թաթը իր պառավին է տալիս ու ինքը բուխարու կողքը կտրում (փեչի), կուչ գալիս, միտք անում, արջի վրա մեղքը գալիս է։ Էն ինչ պառավն է՝ արջի թաթի մորթին[38] քերթում է, մորթուց էլ բուրդը փետում, կրակը վառում ու միսը դնում վրեն՝ եփի[39], ինքն էլ մորթու վրա նստած[40]՝ բուրդը մանում։

Արջը անտառում զռում է, զռում, տեսնում է էլ բան[41] չի կարող անել, էլ թաթը չի գտնելու։ Մի փետի ոտն ու մի костыл է շինում ու քարշ գալով թափառում է անտառում։

Գիշերը գալիս է։ Ծերունին վաղուց է քնել, իսկ պառավը նստած է ու նստած, արջի բուրդը մանում է ու սպասում, թե թաթը երբ է եփելու։ Մին էլ հանկարծ լսում է, որ մինը փողոցով գալիս է, փետով ճռճռացնում է, չրըխկացնում[42]։ Պառավը լուսածակից մտիկ տվեց ու տեղնուտեղը ահից մարեց. արջն է– չալկին հենվելով՝ մոտենում է խրճիթին։ Մոտենում է ու զռում.

Ճռճռում եմ, ճռճռում,
Լորենու ոտով,
Բարդու փետով,
Քնած է հողը,[43]



Չափածո հատվածի 6–12 տողերի նախնական տարբերակը․
6 ա․ Քնած է գյուղը,
բ․ քնած են գյուղերը



Քնած է ջուրը․․․
Գյուղերը քընած,
Շեները քընած,
Քնած չէ մենակ
Անքուն պառավը,
Իմ մորթուն նստած՝
Իմ բուրդն է մանում,
Իմ միսն է եփում։


Պառավը սարսափած կրակը[44] հանգցնում է, հատակից ներքնատունը բաց անում ու ընկնում էնտեղ, տապ անում[45]։ Ոչ մեռած, ոչ կենդանի՝ էնպես կա։ Արջը սրահն է ընկնում[46], փետը[47] թրխկացնելով, դռան փակը ետ է գցում․․․ Խրճիթն է խրվում, մթնումը ոտը փոխում է թե չէ՝ դրըխկ, ընկնում է ներքնատունը՝ պառավի գլխին։

Արջը զռում է, պառավը գոռում է․․․ Պառավի մարդը զարթնում է, վեր է թռչում ընկնում գյուղամեջ, ժողովրդին օգնության կանչի։ Մինչև գնում է կանչում, մինչև գալիս են, գալիս են խրճիթն են մտնում, տեսնում են արդեն կաղ արջը ներքնատանը պառավի ոսկորները լիզում է․․․

Վրա են թափում[48], տալիս են արջին սպանում, բայց արջին սպանելով հո պառավը էլ կենդանանալ չի[49]։ Ասենք թե՝ պառավն էլ էնպես պառավ է լինում, որ ոչ ոք չի ափսոսում[50]։


ՇՈՒՆՆ ՈՒ ԾԻՏԸ

Մի գամփռ է լինում, մի վատ տեր է ունենում։ Էս տերը էս գամփռին օրերից շատը սոված է պահում։ Մի օր էլ էս շան համբերությունը որ հատնում է, վեր է կենում կորչում։ Գնում է, գնում, ճամփին մի ծիտ է պատահում, ասում է.

— Էդ ինչո՞ւ ես էդքան տխուր, շուն ախպեր։

Շունը թե՝ – Բա ի՞նչ անեմ, որ տխուր չլինեմ, սոված եմ, ուտելու էլ բան չկա։

Ծիտն ասում է.

– Դե որ էդպես է, ինձ հետ արի գնանք քաղաքը, քեզ համար ուտելու բան ճարեմ, ուտես կշտանաս։

Ու էստեղից վեր են կենում, երկուսով գնում քաղաք։ Որ մոտենում են մսավաճառի խանութին, ծիտը շանն ասում է.

– Դու էստեղ կաց, ես գնամ քեզ համար մի կտոր միս թռցնեմ։

Ներս է թռչում խանութը, չորս կողմն աչք է ածում, տեսնի՝ իրեն նայող կա թե չէ, մի կտոր միս է կտցում ու ձգձգում, քաշում, դեպի դազզահի ծերը, մինչև որ դազգահի ծերից ընկնում է ներքև։ Շունն ըռխում է, վազում մի անկյուն մտնում, ուտում։ Ծիտն ասում է.

– Արի՛ գնանք մի ուրիշ խանութ, էնտեղ էլ մի կտոր միս ճանկեմ քեզ համար։

Էս երկրորդ կտորն էլ որ շունն ուտում է, ծիտը հարցնում է.

– Հը՜, ախպե՛ր ջան, կո՞ւշտ ես, թե՞ չէ։

– Հա՛, էլ միս չեմ ուզում,– պատասխանում է շունը,–– բայց որ հաց լիներ, կուտեի։

Ծիտն ասում է.

– Լա՛վ, արի գնանք, հաց էլ ճարեմ քեզ համար։

Տանում է շանը մի փռան առաջ կանգնեցնում, ինքը վերև շարած հացերն էնքան կտցահարում ու հրում, որ երկուսը վեր են ընկնում[51]։ Էս երկու հացը շունն ուտում է ու էլ է հաց ուզում։ Հիմի էլ տանում է մի ուրիշ փռան առաջ, էլ ետ նույն խաղն է խաղում։ Էս էլ որ շունն ուտում է, հարցնում է.

– Հը՜, ընկեր ջան, հիմի կշտացա՞ր, թե՞ չէ։

Շունն ասում է.

– Հա՛, կշտացա։ Դե արի հիմի գնանք մի քիչ քաղաքը ման գանք։ Վեր են կենում, միասին գնում են քաղաքը ման գալու։ Օրը շոգ է լինում։ Մի քիչ որ անց են կենում, շունն ասում է.

— Ես հոգնեցի, ուզում եմ մի քիչ հանգստանամ։

Ասում է, ճամփին մեկնվում, քնում։ Էդ միջոցին դուրս է գալիս մի մարդ, որ կառքով՝ երեք ձի լծած՝ երկու տակառ գինի է տանում։ Ծիտը տեսնում է, որ էս կառապանը չի ուզում ճամփու մի կողմը ծռվի, ուղղակի քշում է քնած շան վրա, ճչում է.

— Էն կողմը քշիր, ա՛յ կառապան, թե չէ հետո քեզ կհասնի, հա՜․․․

— Քեզանից պետք է ինձ հասնի՞․․․ <․․․>


ԹԱՄԱՐ ԹԱԳՈՒՀՈՒ ՎԻՇՏԸ

Ավանդությունն ասում է, թե մի ժամանակ էն հովիտը, ուր շինած է այսօրվան Գորի քաղաքը, ծածկված էր ջրով։ Մեջտեղը միայն, որպես կղզի, դուրս էր ցցված ժայռեղեն սարի գլուխը։

Եվ ահա մի անգամ այդ կողմերը որսի դուրս եկավ Թամար թագուհին։ Թամար թագուհին շատ էր սիրում բազեի որսը։ Ու բաց թողեց իր սիրած բազեն[52] մի աղավնու ետևից։ Աղավնին ճախրեց օդի մեջ ու սլացավ դեպի կղզին, թագուհու բազեն՝ նրա ետևից։ Կորավ աղավնին։ Իսկ բազեն նստեց կղզու ժայռի վրա ու մնաց։ Ձայն տվավ, կանչեց թագուհին, ինչ արավ-չարավ, բազեն մնաց նստած էն ժայռին։

— Ո՞վ կբերի իմ բազեն[53]․․․

Ոչ ոք ձայն չհանեց։

Բոլորը լուռ են ու ահով չափում են[54] ծփուն ջրերի տարածությունը։

— Մի՞թե մինը չկա ձեր մեջ, որ ետ բերի իմ բազեն,– կրկնեց թագուհին։ Առաջ եկավ մի ջահել ասպետ, որ երկար ժամանակ սիրում էր Թամարին։

— Ես կբերեմ,— ասավ նա ու իջավ[55] իր ձիուց։

Սարսափը պատեց ամենքին։

— Մի՞թե այժմ էլ չի սիրիլ սրան Թամարը,— մտածում են [ամենքը]։

Ահա լողում է սիրահար ասպետը[56] ջրային կապույտ տարածության մեջ․․․ հասավ[57]․․․ բարձրացավ էն սեպ ժայռի գլուխը, բռնեց թագուհու ձեռնասուն բազեն[58] ու կրկին ջուրը մտավ։ Գալիս է, մի ձեռքով բարձր բռնած բազեն, մյուս ձեռքով կռվելով ալիքների հետ։ Ամենքը հիացած նայում են ափից ու շշնջում.

— Այժմ[59] էլ չի մերժիլ Թամարը[60], այժմ կամուսնանա նրա հետ։

Հիացած նայում է և ջահել թագուհին[61] ու մտածում.

— Ո՛վ աստված, գալիս է նա․․․ Այժմ ի՞նչ պատասխանեմ նրա սերին[62]․․․ ո՛վ աստված, ի՞նչ արի ե՜ս․․․ երանի չէի ուղարկել․․․ երանի ետ չբերի․․․ երանի ինձ չհասնի․․․

Ջրերի ափին կանգնած[63] տանջվում ու այսպես աղոթում էր թագուհին և ահա․․․ ձեռքե՞րը հոգնեցին, ալիքնե՞րը սաստկացան[64], թե՞ թագուհու աղոթքն էր[65]՝ դժբախտ ասպետը բռնվեց տագնապով[66], մի քանի օրհասական[67] [շարժումներ] արավ ջրերի մեջ, բազեն թռավ, իսկ ինքը սուզվեց ջրերի տակը․․․

Քարացած կանգնած են ափին ասպետները, նայում են Թամար թագուհուն ու միտք են անում.

— Այժմ ի՞նչ կանի նա[68]․․․

Քարացած կանգնած է և Թամար թագուհին, նայում է ջրերի տարածության մեջ ու միտք է անում. 

— Այս ի՞նչ արի[69]․․․ ինչո՞ւ այսպես աղոթեցի․․․ այժմ ի՞նչ անեմ ես․․․

Այն օրվանից[70] քունը փախավ նրա գեղեցիկ աչքերից, հանգիստը կորավ[71], ու վիշտը բուն դրավ սրտի մեջ։

Ու հրամայեց Թամարը, ամրոց շինել տվավ էն ժայռի վրա, ամրոցում՝ մի վանք։ Գնաց մտավ էն վանքի մեջ, մենա՜կ, առանձին ապրում էր[72] այնտեղ, ու լաց էր լինում իր աղոթքի, իր անգութ աղոթքի համար[73]․․․

  1. [ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐ]
  2. [ընկերներին]
  3. [և անդադար երազներ էի տեսնում]
  4. [էլ աչքս]
  5. [մինչև]
  6. [ինձ]
  7. [այն հրեշի, որ բնակվում է հիշյալ սրածայր շինության մյուս կողմը– հակառակ կողմը պալատի․ սրանց մասին ես տեղեկություններ [լուր] հավաքեցի աստղերից– աստղագետ էլ եմ]
  8. [մեռելային]
  9. [ոգիների համար հայրերի և մայրերի]
  10. []
  11. [պահ[ում էին]ել]
  12. [Առհասարակ]
  13. [Ամուրը]
  14. [դեռ]
  15. [ձագեր]
  16. [և]
  17. [և]
  18. [ու՞ր էր նա, որ պահում էր պասակերների հաշիվը]
  19. [խաղաղություն, խաղաղություն, և ու՞ր է խաղաղաությունը, ու՞ր են, որ ասում էին]
  20. [ծուխն]
  21. [երկիրը]
  22. [բացվող]
  23. [ընկան]
  24. [դղրդում են, садрогаютсяа ]
  25. [բախտավորություն]
  26. [նրանք]
  27. [наслажда<ется>]
  28. [էր]
  29. [տանում]
  30. [մաշով]
  31. մանկան[ց]
  32. [ձգել է]
  33. [մաստակ]
  34. մզրախ [(рогатины)]
  35. [մաշով]
  36. [ալևորը]
  37. [փեշն]
  38. [կաշին]
  39. [որ] եփի, [իսկ]
  40. [նստած]
  41. [ոչինչ]
  42. փետը ճռճռացնում է (չրխկացնել), չալկով թխկացնում, շրխկացնում
  43. [աշխարհքը]
  44. [իսկույն] կրակը
  45. տապ անում [էնպես էլ կա]
  46. [մտնում]
  47. [փետով]
  48. [էստեղ] վրա են թափում
  49. չի կենդանանալ
  50. պառավի համար էնքան էլ ափսոսող չեղավ
  51. [ու շունն ուտում է]
  52. Որսի ժամանակ իր սիրրած բազեն բաց թողեց
  53. իմ բազեն – [դիմեց թագուհին իր ասպետներին]
  54. [Լուռ նայում են]
  55. [մտավ]
  56. [նա]
  57. հասավ․․․[բռնեց]
  58. [սիրելի բազեին]
  59. այժմ [անպատճառ]
  60. [նրան]Թամարը [գեղեցիկ Թամարա] թագուհին
  61. [գեղեցիկ Թամար] թագուհին
  62. նրա սերին, [ինչ ասեմ, եթե առաջարկ անի ամուսնության]
  63. [Այսպես մտա<ծում>]
  64. [արդյոք] ալիքնե՞րը սաստկացան, [արդյոք] ձեռքե՞րը հոգնեցին
  65. Աղոթքը [լսեց աստված]
  66. [հերոսը] [երիտասարդը] բռնվեց [օրհասական] տագնապով
  67. [տագնապալի]
  68. [Թամար թագուհին]
  69. արի [ես]
  70. [Ու] այն օրվանից կորավ
  71. կորավ [սրտից]
  72. [աղոթում էր]
  73. լաց էր լինում, [թե ինչու այնպես աղոթեց]