ՏՏՀ/Ազգային կերակրատեսակներ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐ, յուրաքանչյուր ժողովուրդ ունի ուրույն ազգային խոհանոց, որի առանձնահատկությունները պայմանավորված են աշխարհագրական, կլիմայական, կրոնական և մի շարք այլ գործոններով։ Ազգային խոհանոցների փոխազդեցությունը բնական է և անխուսափելի։ Սեղանն ավելի բազմազան դարձնելու համար տնտեսուհիները հաճախ օգտվում են այլ ազգերի ճաշատեսակներից, որոնց մի մասի բաղադրատոմսերը բերվում են ստորև։ Ապուրներ
խարչո (վրացական), տավարի կամ ոչխարի թարմ կրծքամիսը բաժանել կտորների (3-4 կտոր յուրաքանչյուր բաժնի համար), սառը ջուր լցնել, թեժ կրակի վրա եռման հասցնել, քափը քաշել, մարմանդ կրակի վրա եփել ևս 30–40 րոպե, ապա ավելացնել բրինձ, տոմատախյուս կամ պոմիդորով պատրաստած սոխառած, կարմիր տաքդեղ, աղ։ Մատուցելուց առաջ համեմել ծեծած սխտորով, մանր կտրտած կանաչիով (գինձ, նեխուր, մաղադանոս) և եռման հասցնել։
500 գ մսին՝ 3/4 բաժակ բրինձ, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ տոմատախյուս կամ 2 պոմիդոր և 2 ճաշի գդալ յուղ, 3-4 պճեղ սխտոր, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։
Չխրթմա (վրացական), հավի կամ ոչխարի մսի արգանակ եփել և քամել։ Սոխը մանր կտրտել և յուղով տապակել (չկարմրացնել)։ Սոխառածին ալյուր ավելացնել, շարունակել տապակել ևս 5 րոպե, ապա ավելացնել արգանակ, քացախ, աղ, եռացնել, կրակից վերցնել, ավելացնել զաֆրանի թուրմով բացած ձվի դեղնուց։ Մատուցելուց առաջ ափսեի մեջ դնել մի կտոր միս և մանր կտրտած կանաչի ցանել։
600-700 գ հավի կամ 500 գ ոչխարի մսին՝ 1-2 գլուխ սոխ, 2 թեյի գդալ ցորենի ալյուր, 3 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ զաֆրանի թուրմ, 2 ճաշի գդալ գինու քացախ, կանաչին (մաղադանոս, գինձ) և աղը՝ ըստ ճաշակի։
Շագանակով ապուր (ֆրանսիական). շագանակը սուր դանակով ճեղքել և եփել աղ գցած ջրի մեջ։ Եփած շագանակը կեղևել, պատառաքաղով տրորել, ավելացնել մանր քերիչով քերած սոխ և նեխուր, ավելացնել եռման ջուր, եփել մարմանդ կրակի վրա, համեմել մանրած մաղադանոսով, աղով, պղպեղով, կրակից վերցնելուց առաջ ավելացնել թթվասեր։
500 գ շագանակին՝ 1 գլուխ սոխ, նեխուրի 1 արմատ, 4-5 բաժակ ջուր, 1/2 բաժակ թթվասեր։
Ուկրաինական բորշչ. եփել մսի արգանակ։ Ճակնդեղը կեղևել, լվանալ, ձողաձև կտրտել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել արգանակի երեսի յուղը, տոմատախյուս, աղ, շաքարավազ, քացախ և եփել։ Գազարը, մաղադանոսը, գլուխ սոխը, քաղցր տաքդեղը ձողաձև կտրտել, թեթևակի տապակել և ավելացնել եռացող արգանակին, ավելացնել մանր կտրտած կաղամբ և կարտոֆիլ, 10-15 րոպե հետո՝ եփած ճակնդեղը, կտրտած թարմ պոմիդոր, համեմունք և բոված ալյուր։ Կրակից վերցնել և թողնել 10-15 րոպե։
Խոզի ճարպն ու սխտորը տրորել և մատուցելուց առաջ ավելացնել բորշչին։ Բորշչի հետ մատուցել թթվասեր, մանր կտրտած մաղադանոս կամ սամիթ։
500 գ մսին՝ 2-3 լ ջուր, 400 գ կաղամբ, 250 գ ճակնդեղ, 2-3 կարտոֆիլ, 1-ական գազար, մաղադանոս, տաքդեղ, 2 գլուխ սոխ, 2-3 թարմ պոմիդոր, 1/2 ճաշի գդալ ցորենի ալյուր, 50 գ խոզի ճարպ, 1/2 բաժակ թթվասեր, քացախը, շաքարավազը, աղը, համեմունքը՝ ըստ ճաշակի։
Շչի թթու կաղամբով (ռուսական). եփել մսի արգանակ։ Թթու կաղամբը կտրտել, ավելացնել 1 1/2 բաժակ ջուր, մի քիչ յուղ, կաթսայի կափարիչը դնել և մոտ 1 ժամ խաշել։ Ավելացնել մսի արգանակը, տոմատախյուսի հետ տապակած արմտիքը և եփել։ Կրակից վերցնելուց առաջ ավելացնել դափնու տերև, աղ, պղպեղ և բոված ալյուր։
500 գ մսին՝ 2-3 լ ջուր, 500 գ թթու կաղամբ, 1-ական արմտիք, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ ալյուր, 2 ճաշի գդալ յուղ, 2 ճաշի գդալ տոմատախյուս, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Ընկույզով եղինջապուր (բուլղարական), եղինջն ընտրել, լվանալ և եփել աղ գցած եռման ջրի մեջ մինչև փափկելը, ապա ջրքամել և մանր կտրտել։
Մանր կտրտած սոխն ու ալյուրը ձեթով տապակել, ավելացնել եղինջը, խառնել և լցնել եղինջի եփուկը։ Եփել 5-6 րոպե, կրակից վերցնել և ավելացնել մանրած ընկույզ։ Մատուցելուց առաջ ապուրը համեմել ծեծած սխտորով և չորացրած դաղձով։
500 գ եղինջին՝ 1 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ ալյուր, 1 բաժակ ընկույզ, աղը, սխտորը և դաղձը՝ ըստ ճաշակի։
Բադրիջանով ջեռեփուկ (բուլղարական). բադրիջանը լվանալ, կլոր-կլոր կտրտել, աղ ցանել, թողնել 10-15 րոպե, ապա մզել և տապակել երկու կողմից։ Նույն ձեթով սոխառած անել, ավելացնել 1-2 կտրտած պոմիդոր, բրինձ, 1 սուրճի բաժակ ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև բրինձը փափկի, ավելացնել աղ, սև պղպեղ և կտրտած մաղադանոս։
Պոմիդորը կլոր-կլոր կտրտել, կեսը շարել սաճի մեջ, վրան տապակած բադրիջանի կեսը, ապա բրինձը, վրայից մնացած բադրիջանը և կրկին պոմիդորը, լցնել 2-3 ճաշի գդալ ձեթ, դնել տաք ջեռոցի մեջ, եփել 25-30 րոպե։ Ալյուրը բովել 2 ճաշի գդալ յուղով, բացել կաթով, ավելացնել հարած ձու, լցնել ջեռեփուկի վրա և կրկին դնել ջեռոցը մինչև կարմրավուն կեղևի գոյանալը։
750 գ բադրիջանին՝ 250 գ պոմիդոր, 2 գլուխ սոխ, 1 սուրճի բաժակ բրինձ, 1/2 բաժակ ձեթ, 3 ձու, 1/2 բաժակ կաթ, 1 ճաշի գդալ ալյուր, աղը, սև պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Խավարտ
Պոմիդորով ջեռեփուկ (իտալական). ընտրել նույն չափի 4 կարմիր պոմիդոր, լվանալ և կիսել։ Միջուկն ու սերմերը գդալով հանել և պոմիդորը դնել սաճի վրա կլոր մասով դեպի ներքև։ Յուրաքանչյուր պոմիդորի մեջ կոտրել մեկական ձու, վրան լցնել 1/2 ճաշի գդալ քերած պանիր (բրինզա), ցանել 1/2 ճաշի գդալ մանրած պաքսիմատ, դնել ընկույզի մեծության կարագի կտոր և ջեռեփել միջին տաքության ջեռոցում։
Պիպերադա (ֆրանսիական). մանր կտրտած խոզապուխտը ձեթով տապակել։ Նույն ձեթով սոխառած անել, ավելացնել բարակ կտրտած տաքդեղ, ծեծած սխտոր, կեղևած, մանր կտրտած պոմիդոր և շարունակել տապակելը։ Երբ ջրի մի մասը գոլորշիանա, ավելացնել աղ, սև պղպեղ, տապակած խոզապուխտը, ապա հարած ձու և մարմանդ եռքով խաշել մի քանի րոպե։ Մատուցելուց առաջ ցանել մանր կտրտած մաղադանոս։
200 գ խոզապուխտին՝ 1/2 բաժակ ձիթապտդի կամ արևածադկի ձեթ, 1 գլուխ սոխ, 1 կգ տաքդեղ, 1 կգ պոմիդոր, 3-4 պճեղ սխտոր, 6 ձու. աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Լցոնած կարտոֆիլ (բելգիական). կարտոֆիլը լավ լվանալ, ջեռեփել ջեռոցում, ապա կիսել, փափուկ միջուկը գդալով հանել՝ աշխատելով չվնասել կեղևը, տրորել, ավելացնել մանր կտրտած խոզապուխտ, եփած և մանր կտրտած սունկ, մանրած մաղադանոս, աղ, պղպեղ և ձվի դեղնուց։ Կարտոֆիլը լցոնել խճողակով, վրան քերած պանիր ցանել, լցնել հալած յուղ կամ կարագ և 10 րոպե դնել ջեռոցը։
1 կգ կարտոֆիլին՝ 200 գ խոզապուխտ, 150 գ սունկ, 1 բուռ կանաչի, 1 ձվի դեղնուց, 50 գ պանիր, 2 ճաշի գդալ յուղ, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Կարտոֆիլաբլիթ (գերմանական). կարտոֆիլը եփել, կեղևել, ձողիկաձև կտրտել, ավելացնել կաթով բացած ալյուր։ Խոր տապակի մեջ սոխառած անել, լցնել կարտոֆիլի զանգվածը, գդալով հարթեցնել, վրան լցնել 1 ճաշի գդալ հալած կարագ, տապակի կափարիչը դնել և 20 րոպե տապակել։ Մի կողմը կարմրելուց հետո ափսեի օգնությամբ բլիթը շրջել և տապակել մինչև մյուս երեսի կարմրելը։
3/4 կգ կարտոֆիլին՝ 3 ճաշի գդալ ալյուր, 4 ճաշի գդալ կաթ, 3 ճաշի գդալ յուղ, 1 գլուխ սոխ։
Կարտոֆիլով ջեռեփուկ (չեխական). կարտոֆիլը եփել, հովանալուց հետո կեղևել և կլոր-կլոր կտրտել։ Նույնը եփած ձուն։ Կարտոֆիլը շարել սաճի վրա, թթվասեր քսել, վրայից մի շերտ ձու դնել, աղ ու սև պղպեղ ցանել, ապա նորից մի շերտ կարտոֆիլ շարել։ Վրան քսել թթվասեր, քերած պանիր ցանել և դնել տաք ջեռոցը։
1/2 կգ կարտոֆիլին՝ 3 ձու, 4 ճաշի գդալ թթվասեր, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Մակարոնագնդիկներ (իտալական). մակարոնը եփել աղ գցած ջրի մեջ, լցնել փլավքամիչի մեջ, ջրքամվելուց հետո մանր կտրտել, ավելացնել մանրած խոզապուխտ, քերած պանիր, ձու, լավ խառնել, ստացված խճողակից թաց ձեռքերով գնդիկներ ձևավորել, թաթախել հարած սպիտակուցի մեջ, թավալել աղացած պաքսիմատի մեջ և տապակել տաքացրած յուղով տապակի մեջ։
1/2 կգ մակարոնին՝ 300 գ խոզապուխտ, 250 գ պանիր, 1 ձու, 2 ձվի սպիտակուց, 3 ճաշի գդալ յուղ, 2 ճաշի գդալ պաքսիմատ, աղը՝ ըստ ճաշակի։
Երկրորդ կերակրատեսակներ
Ջեռեփուկ սուկի (իսպանական). մաղադանոսը, թթու վարունգը, սոխը մանր կտրտել, աղ և սև պղպեղ ցանել և լավ խառնել։ Պատրաստի խառնուրդի կեսը լցնել սաճի մեջ, լցնել կտրտած միսը, ապա նորից բանջարեղենի խառնուրդը, ավելացնել 1 բաժակ արգանակ, դնել ջեռոցի մեջ և եփել 1 ժամ։ Եփվելու ընթացքում մսի վրա երբեմն լցնել գոյացած հյութից։ Մատուցել տաք տապակած կարտոֆիլի, կարտոֆիլախյուսի կամ մակարոնի հետ։
1/2 կգ տավարի կամ հորթի մսին՝ 3 թթու վարունգ, 2 գլուխ սոխ. մաղադանոսը, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Չանախ (վրացական). ոչխարի միսը տապակել և բաժանել 50-60 գ-անոց կտորների։ Կարտոֆիլը կտրտել խոշոր խորանարդներով, պոմիդորը բաժանել 4-6 մասի, սոխը և կանաչին (մաղադանոս, նեխուր, գինձ) մանր կտրտել։ Երկարությամբ ճեղքած բադրիջանը լցոնել մանր կտրտած դմակի և կանաչու խառնուրդով։ Նախապատրաստած մթերքը դնել ամանի (ցանկալի է խեցե) մեջ, տաք ջուր կամ արգանակ լցնել, ավելացնել տաքդեղ, տոմատախյուս, աղ, ծեծած սխտոր, դափնու տերև, ամանի կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա։
500 գ ոչխարի մսին՝ 5 կարտոֆիլ, 5-6 պոմիդոր կամ 3 ճաշի գդալ տոմատախյուս, 2-3 բադրիջան, 5 գլուխ սոխ, 2-3 տաքդեղ, աղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Չախոխբիլի (վրացական), կտրտած հավը յուղով տապակել և դնել մեկ այլ ամանի մեջ։ Նույն տապակի մեջ լցնել մանր կտրտած սոխ, տոմատախյուս, քացախ, գինի, տապակել, ապա ավելացնել արգանակ, աղ ու պղպեղ, տապակած միսը, կափարիչը դնել և 1 1/2 ժամ խաշել մարմանդ կրակի վրա։ Պատրաստի միսը դնել սկուտեղի մեջ, վրան լցնել քամած սոուսը, ամեն կտորի վրա դնել մեկական կտոր կիտրոն և ցանել մանրած մաղադանոս։
1 հավին՝ 2 ճաշի գդալ յուղ, 2 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ տոմատախյուս, 1 ճաշի գդալ քացախ, 2 ճաշի գդալ գինի, 1 բաժակ արգանակ, 1 կիտրոն, կանաչին՝ ըստ ճաշակի։
Ջեռեփած փլավ (հունական). բրինձը 20 րոպե եփել աղ գցած եռման ջրում, ապա լցնել փլավքամիչի մեջ և ջրքամել։ Եփած կամ տապակած միսը մանր կտրտել, ավելացնել աղ, սև պղպեղ և սոխառած։ Սերմերը հեռացնելուց հետո պոմիդորը կտրտել։ Կավե ամանի մեջ շերտ-շերտ լցնել միսը, պոմիդորը և բրինձը (շերտերի թիվը կախված է ամանի չափերից), վրան լցնել հարած ձու և 50 րոպե եփել միջին տաքության ջեռոցում։
1/2 կգ մսին՝ 3 սուրճի բաժակ բրինձ, 2-3 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ յուղ, 4 պոմիդոր, 2 ձու. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Ջեռեփած ձուկ (հունական). ձկան թեփուկները հեռացնել, փորոտիքը հանել, լվանալ, կտրտել, աղ ու պղպեղ ցանել, վրան լցնել կիտրոնի հյութ։
Պոմիդորը (3-4 հատ) կեղևել, մանր կտրտել, ավելացնել ծեծած սխտոր, մանր կտրտած մաղադանոս, ձեթ, աղ, խառնել և լցնել հարմար ամանի մեջ, վրան շարել ձկան կտորները և ծածկել շերտ-շերտ կտրտած պոմիդորով։ Եփել միջին տաքության ջեռոցում։
1 1/2 կգ ձկանը՝ 1 կիտրոնի հյութ, 5-6 պոմիդոր, 4-5 պճեղ սխտոր, 5-6 ճաշի գդալ ձեթ. մաղադանոսը, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Փլավ ուզբեկական. կտրտած միսը տապակել լավ տաքացրած ձեթով մինչև կարմրավուն կեղևի գոյանալը, ապա ավելացնել ձողիկաձև կտրտած սոխ, գազար և շարունակել տապակելը, ապա ավելացնել ջուր (մեկուկես անգամ ավելի, քան բրինձը), աղ ու համեմունք, եռման հասցնել, լցնել բրինձը և շարունակել եփել։ Ջուրը քաշելուց հետո բրինձը քափկիրով հարթեցնել, անցքեր բացել, մեջը մեկական գդալ եռացրած ջուր լցնել, կաթսայի բերանը պինդ փակել և եփել 20-25 րոպե մարմանդ կրակի վրա։ Փլավը բրգաձև լցնել ափսեի մեջ, վրան դնել միսը և ցանել բարակ կտրտած սոխ։
1/2 կգ ոչխարի մսին՝ 2 1/2 բաժակ բրինձ, 5 գազար, 2 գլուխ սոխ, 1 բաժակ ձեթ (կամ դմակի յուղ), աղը, պղպեղը և անիսոնը՝ ըստ ճաշակի։
Խոզի միսը գարեջրով (գերմանական). կտրտած միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղացած սխտոր, գարեջուր, կափարիչը դնել և եփել։ Միսը փափկելուց հետո ավելացնել քերիչով մանրած քարթու սև հաց, կիտրոնի կեղև, աղ, սև պղպեղ և եփել։ Անհրաժեշտության դեպքում սոուսին ավելացնել գարեջուր։
1 կգ խոզի մսին՝ 1 շիշ գարեջուր, մի քանի պճեղ սխտոր, 1 կտոր սև հաց. կիտրոնի կեղևը, աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Գուլյաշ (հունգարական). սոխառած անել, ավելացնել տավարի, հորթի, ոչխարի և խոզի միս, աղ, մի քիչ չաման, մշկընկույզ, ծոթրին, սուսամբար և մանր կտրտած մաղադանոս։ Եփել 1 1/2 ժամ առանց հեղուկ ավելացնելու։
200-ական գ տավարի, հորթի, ոչխարի և խոզի մսին՝ 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, աղը, կանաչին, համեմունքը՝ ըստ ճաշակի։
Տապակած ձուկ (ֆրանսիական). մանր ձկան թեփուկները հեռացնել, փորոտիքը հանել, լվանալ, անձեռոցիկով ցամաքեցնել և վրան կաթ լցնել։
Ալյուրը գարեջրով բացել, ձուկը թարախել մեջը և տապակել լավ տաքացրած ձեթով։ Տապակած ձուկը շարել սկուտեղի մեջ, վրան մանրած մաղադանոս ցանել և զարդարել կիտրոնի կտորներով։
1 կգ մանր ձկանը՝ 1/2 բաժակ կաթ. աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի։ Տապակելու համար 1/2 բաժակ ձեթ, 2 ճաշի գդալ ալյուր, 1 բաժակ գարեջուր։
Թուրլուգյուվեչ (բուլղարական). կտրտած միսը լցնել կավե ամանի մեջ, աղ ու կարմիր պղպեղ ցանել, ավելացնել կարագ, մանր կտրտած սոխ, գազար, այնքան տաք ջուր լցնել, որ միսը ծածկվի և դնել ջեռոցը։ Բանջարեղենը կեղևել և կտրտել (կարտոֆիլը կլոր-կլոր, պոմիդորը և տաքդեղը խոշոր կտորներով)։ Կանաչ լոբին նախապես խաշել աղ գցած ջրում։ Բանջարեղենին աղ ցանել, ավելացնել մաղադանոս, կիսահաս խաղողի հատիկներ, լավ խառնել, լցնել գրեթե եփած մսի վրա և կրկին դնել ջեռոցը։ Եփել մինչև հեղուկի գոլորշիանալը։
900 գ մսին՝ 250 գ կանաչ լոբի, 300 գ կարտոֆիլ, 250 գ պոմիդոր, 200 գ տաքդեղ, 150 գ սոխ, 150 գ բադրիջան, 100 գ բամիա, 200 գ կաղամբ, 150 գ կարագ, 1-2 գազար, աղը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կիսահաս խաղողը՝ ըստ ճաշակի։
Խմորեղեն և աղանդերային ուտեստներ
Բլիններ (ռուսական). խմորիչը բացել գոլ ջրով կամ կաթով, ավելացնել աղ, շաքարավազ, ձու, ալյուր, խառնել մինչև խմորի համասեռ դառնալը, ապա ավելացնել յուղ, նորից խառնել և դնել տաք տեղ։ Խմորը բարձրանալուց հետո խառնել և թողնել, որ կրկին բարձրանա։ Բլինները տապակել երկու կողմից հաստ տակով յուղած տապակի մեջ։ Տապակած բլինները դարսել տաքացրած ամանի մեջ և ծածկել անձեռոցիկով։ Առանձին մատուցել հալած յուղ, թթվասեր կամ ձկնկիթ։
1 կգ ալյուրին՝ 3 ճաշի գդալ հալած յուղ կամ կարագ, 2 ճաշի գդալ շաքարավազ, 2 ձու, 40 գ խմորիչ, 1 1/2 թեյի գդալ աղ, 5-6 բաժակ ջուր կամ կաթ։
Մանթեր (ուզբեկական). ոչխարի փափուկ միսը և գլուխ սոխը մանր կտրտել, ավելացնել աղ, կարմիր պղպեղ և լավ խառնել։ Դմակը մանր կտրտել։ Արիշտայի խմոր հունցել, գրտնակել, կտրել 10x10 սմ մեծությամբ, կենտրոնում դնել խճողակը, մի կտոր դմակ, քառակուսու եզրերը վրա բերել և կսմթելով ամրացնել։ Եփել գոլորշիով 40 րոպե։ Մատուցել մսի արգանակով հետը թթվասեր և մանրած կանաչի։
200 գ ցորենի ալյուրին՝ 1/3 բաժակ ջուր, 400 գ յուղոտ միս, 30 գ դմակ, 3 գլուխ սոխ, 3-4 գդալ կարագ, 150 գ թթվասեր, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Դդմի կիսել (լեհական). դդումը կեղևել, սերմերը հեռացնել, քերել մանր քերիչով։ Կարտոֆիլի օսլան բացել սառը կաթով, լցնել տաք կաթով ամանի մեջ և խառնելով եռման հասցնել։ Ավելացնել վանիլին, շաքար, աղ, քերած դդումը, խառնել և տաքացնել, ապա լցնել գավաթների մեջ և սառեցնել։ Մատուցել հատապտղի հյութով։
1/2 կգ դդմին՝ 0,5 լ կաթ, 1/3 բաժակ շաքարավազ, 1 1/2 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, վանիլինը, աղը և հատապտղի հյութը՝ ըստ ճաշակի։
Խնձորով պուդինգ (անգլիական). խնձորը կեղևել, միջուկը հանել, բարակ կտրտել։ Մաղած ալյուրը և աղը խառնել, ավելացնել շաքարավազ, ձու, կաթ և կարագ (ստացվում է թթվասերի թանձրության զանգված)։
Խմորեղենի կաղապարը յուղել, տակը քսել սալորի ջեմ, դնել մի շերտ խնձոր, վրայից պատրաստած խառնուրդը և թխել ջեռոցում (175 °C) մոտ 1 ժամ։ Մատուցում են վրան եռացրած ջրով բացած ծիրանի ջեմ լցրած։
1 1/2 բաժակ ալյուրին՝ 100 գ կարագ, 1/2 բաժակ շաքարավազ, 0,5 կգ խնձոր, 2 ձու, 70 գ սալորի ջեմ, 1/2 բաժակ կաթ, 3 ճաշի գդալ ծիրանի ջեմ, նույնքան ջուր։
Ձնագնդիկներ (ֆրանսիական). ձվի սպիտակուցն ու աղը հարել մինչև պնդանալը, ավելացնել շաքարափոշի և շարունակել հարելը։ Կաթը, սերուցքը և շաքարավազը խառնել, եռացնել, ավելացնել վանիլին։ Հարած սպիտակուցը վերցնել ճաշի գդալով, երկրորդ գդալով ձվի տեսք տալ և զգուշորեն գցել եռացող խառնուրդի մեջ։ Եփել 4 րոպե, պատառաքաղով շրջելով, ապա քափկիրով հանել և դնել քամիչի մեջ։
Կաթնային խառնուրդը քամել, հովացնել մինչև 50-60°C։ Ձվի դեղնուցը հարել և անընդհատ խառնելով բարակ շիթով ավելացնել կաթնային խառնուրդը, տաքացնել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը (եռման չհասցնել)։ Ստացված քաղցրախյուսը լցնել սկահակների մեջ, սառեցնել, մատուցելուց առաջ վրան դնել սպիտակուցի գնդիկները և զարդարել ելակով կամ մոռով։
6 ձվին՝ 2 ճաշի գդալ շաքարափոշի, 1 1/4 բաժակ կաթ, նույնքան սերուցք, 1/2 բաժակ շաքարավազ, աղը, վանիլինը, հատապտուղը՝ ըստ ճաշակի։
Ընկույզով սև սալորաչիր (բուլղարական). սալորաչիրը թրջել, կորիզները հանել, փոխարենը դնել թեթևակի բոված ընկույզի միջուկ։ Լցոնած սալորաչիրը լցնել սաճի մեջ, շաքարավազ ցանել, լցնել գինուց և շաքարաջրից պատրաստած օշարակ (նախատեսված քանակության կեսը) և 10 րոպե դնել տաք ջեռոցը։ Մատուցելուց առաջ վրան լցնել մնացած օշարակը։
250 գ սև սալորաչրին՝ 2 ճաշի գդալ շաքարավազ, 50 գ սեղանի կարմիր գինի, 50 գ մրգի օշարակ, 1/2 բաժակ ընկույզի միջուկ։
Պիցցա նեապոլյան (իտալական). խմորիչով խմոր հունցել, թողնել 1 ժամ, որ հասունանա, ապա դնել տապակի (կամ խմորեղենի կաղապարի) մեջ, վրան ձեթ քսել, քերած պանիր շաղ տալ, կեղևած և կտրտած պոմիդոր դնել։ Նրբերշիկը (կամ երշիկը) երկարությամբ կտրել, շարել վանդակաձև, աղ և պղպեղ ցպնել, ձեթ ցողել և թխել 20-30 րոպե միջին տաքության ջեռոցում։
Խմորի համար. 1 1/4 բաժակ ալյուր, 2 ճաշի գդալ ձեթ, 1/2 բաժակ գոլ կաթ, 15 գ խմորիչ, աղը՝ ըստ ճաշակի։
Լցոնի համար. 200 գ պանիր, 4-5 հատ պոմիդոր, 4-5 հատ նրբերշիկ, 1-2 ճաշի գդալ ձեթ. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Հայկական խոհանոցի հիմնական կերակրատեսակները տրվում են առանձին հոդվածներով (օրինակ, Այլազան, Հարիսա, Սպաս, Տոլմա, Տհալ, Քուֆթա ևն)։