Jump to content

ՏՏՀ/Ադամաթուզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԴԱՄԱԹՈՒԶ, բանան, հասունանում է արևադարձային երկրներում։ Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես զարդարիկ բույս։ Ծաղկում և պտղաբերում է միայն մեկ անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից։ Ա. պարունակում է 10 մգ % C, B1 վիտամիններ, կարոտին (A նախավիտամին), պեկտինային նյութեր։ Պտուղները երեք երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են։ Դրանք 10-12 հատով ողկույզներ են կազմում։ Ցողունի վրա 6-12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ։ Թարմ (տեխնիկապես հասունացած) Ա. պարունակում է մինչև 18 % օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի (օսլայի քանակը նվազում է մինչև 2 %, իսկ շաքարինը հասնում է մոտ 19 %-ի)։ Ա. պետք է պահել 10 °C ջերմաստիճանում, ավելի ցածրի դեպքում ղրանց վրա երևան են գալիս մուգ բծեր և փչանում են։