Jump to content

ՏՏՀ/Աղցան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՑԱՆ, բանջարեղենից աղով ու քացախով պատրաստված ուտելիք։ Որպես համեմունք օգտագործվող մթերքը (քացախ, աղ, պղպեղ, սխտոր) ավելացնել ըստ ճաշակի։

Ա. սպանախի. սպանախն ընտրել, լվանալ, խոշոր-խոշոր կտրտել, լցնել աղ արած եռացող ջրով կաթսայի մեջ և եփել, այնուհետև փլավքամիչով քամել և թողնել հովանա։ Սպանախը լցնել խորտկամանի մեջ, վրան ցանել պղպեղ և լցնել քացախ։ Առանձին մատուցել ծեծած սխտոր։

Կաղամբի Ա. ընկույզով. թարմ կաղամբի վնասված տերևները հեռացնել, ամբողջությամբ լվանալ, խոշոր կտրտել, լցնել աղ արած եռացող ջրի մեջ, եփել, այնուհետև փլավքամիչով քամել։

Ընկույզի միջուկը ծեծել կամ մանրացնել, ավելացնել կարմիր պղպեղ, խառնել, ապա բացել եռացրած գոլ ջրով, լցնել եփած կաղամբի վրա և խառնել։

1 կգ կաղամբին՝ 1 բաժակ ընկույզի միջուկ, 1 բաժակ ջուր (ընկույզի համար), աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Ա. ծաղկակաղամբի. միջին մեծության ծաղկակաղամբը դնել կաթսայի մեջ, ավելացնել սառը ջուր այնքան, որ կաղամբը ծածկվի, աղ ցանել, լցնել կիտրոնի կտրտած կեղև և դնել կրակին, 5 րոպե եռալուց հետո վերցնել, թողնել, որ հովանա։

Պատրաստի ծաղկակաղամբը մանր կտրտել, դնել ափսեի մեջ, վրան լցնել կիտրոնի հյութի և ձեթի խառնուրդ և զարդարել մի քանի ձիթապտղով։

1 կգ ծաղկակաղամբին՛ 2 ճաշի գդալ աղ (աղաջրի համար), 1 կիտրոն, 3 ճաշի գդալ ձեթ։

Ա. ավելուկի. չորացրած ավելուկը կտրտել, գոլ ջրով լվանալ, լցնել աղ արած եռացող ջրի մեջ, եփել, այնուհետև քամել փլավքամիչով և համեմել մանր կտրտած սխտորով և քացախով։

Ա. սիբեխի. սիբեխն ընտրել, լվանալ, լցնել աղ արած եռացող ջրի մեջ, եփել, ապա քամել փլավքամիչով և թողնել, որ հովանա։ Սիբեխը լցնել սկուտեղի մեջ, վրան ցանել կտրտած համեմ և մաղադանոս։ Քացախը և ծեծած սխտորը մատուցել առանձին։

Ա. բոխու. բոխին ընտրել, լվանալ, լցնել աղ արած եռացող ջրի մեջ, եփել, հետո քափկիրով հանել, լցնել սառը ջրի մեջ, թողնել 15-20 րոպե՝ դառնությունը վերացնելու համար։ Քամած բոխին լցնել սկուտեղի մեջ, վրան ցանել կտրտած համեմ ու մաղադանոս։ Քացախը և ծեծած սխտորը մատուցել առանձին։

Ա. դանդուռի. դանդուռն ընտրել, լցնել աղ արած եռացող ջրի մեջ, եփել, ապա քամել փլավքամիչով և թողնել, որ հովանա։

Դանդուռը լցնել սկուտեղի մեջ, վրան ցանել մանր կտրտած սխտոր, լցնել քացախ, ապա ցանել կտրտած համեմ և մաղադանոս։