ՏՏՀ/Այգետնակ
ԱՅԳԵՏՆԱԿ, ՀՀ-ում ըստ տեղանքի բնույթի (հարթ և ռելիեֆային) Ա-ներ կառուցում են տարբեր նախագծերով։ Հարթ տեղանքում կառուցվող տնակների համար կա 4 տիպի նախագիծ՝ 8 հատակագծային տարբերակով: Դրանցից 2-ը մեկ հարկանի մեկ սենյականոց են, 2-ը՝ մեկ հարկանի երկու սենյականոց, 3-ը՝ ձեղնահարկային երեք սենյականոց և 1-ը՝՝ ձեղնահարկային չորս սենյականոց։ Ռելիեֆային (թեք) տեղանքում կառուցվող տնակների համար կա 2 տիպի նախագիծ՝ 4 հատակագծային տարբերակով։ Դրանցից 1-ը մեկ հարկանի մեկ սենյականոց է, իսկ 3-ը՝ մեկ հարկանի երկու սենյականոց։ Բոլոր տնակներն ունեն խոհանոց, պատշգամբ և մառան։ Տնտեսական շինությունները (թռչնանոց, գույքի պահեստ, ամառային ցնցուղ և զուգարան) Ա-ից առանձին են։ Երկրորդ տարբերակում դրանք կառուցում են Ա-ին կից, որոշ դեպքերում նաև ավտոտնակ՝ Ա-ի խուլ պատին կից։ Լայն տարածում են գտել նաև անհատական նախագծերով Ա-երը։ Ա-ի պատերը կառուցում են կանոնավոր ձևի տուֆ քարից, ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից, տանիքը՝ փայտից և ասբոշիֆերից (կամ մետաղե թիթեղից)։
Ա-ի նախագիծը պետք է բավարարի գործառնական պահանջները, ունենա ճարտարապետական արտահայտիչ հորինվածք։ Չպետք է Ա-ի արտաքին տեսքը ծանրաբեռնել ավելորդ մանրամասներով, զարդարանքներով։ Ճարտարապետական արտահայտչականության միջոցները պետք է լինեն որմնանյութը, վերնածածկի ձևը, լուսամուտների չափսերը և դիրքը, առմուտքը, փակոցափեղկերը, տանիքի քիվի ելուստը, պատշգամբների պաշտպանակումը։ Քիվերի ՝ելուստն ունի ճարտարապետական և կարևոր գործառնական նշանակություն, ջուրն ու ձյունը հեռացնելով՝ ավելորդ խոնավացումից պաշտպանում է շենքի հիմքը և պատվանդանը։
Ա-ի ամրությունը մեծապես պայմանավորված է հիմքի հուսալիությամբ։ Հիմքի տեղադրման խորությունը կախված է գրունտի տեսակից, ստորգետնյա ջրերի մակարդակից, հողի սառչելու աստիճանից։
Ա. չափսերով և համամասնությամբ պետք է համապատասխանի այգեգործական հողամասի չափսերին։ Որքան փոքր է Ա-ի ծավալը, այնքան պետք է խուսափել ավելորդ ելուստներից, կցաշինություններից, մանրամասներից։ Բացառություն կարող է կազմել տանիքի կառուցվածքը։ Տանիքածածկի ձևը կարևոր դեր է խաղում ձեղնահարկային Ա-ների հորինվածքներում։ Առավել հարմար են քիվի մեծ ելուստով երկլանջ անհամաչափ տանիքածածկերը։ Բեկյալ գավակավոր և բազմալանջ տանիքները հազվադեպ են համապատասխանում ոչ մեծ Ա-ի բնույթին։
Տիպային նախագծով կառուցված Ա. սովորաբար ունենում է ընդհանուր սենյակ, պատշգամբ, ոչ մեծ օժանդակ շինություն (խոհանոց կամ մառան)։ Բնակելի շինությունների թիվը կարող է մեծացվել ննջասենյակների (մեկ կամ մի քանի) հաշվին։ Հատակագծում պետք է նվազագույնի հասցնել նախասենյակների և միջանցքների թիվը։ Հնարավոր է մի սենյակում մի քանի գործառնությունների համատեղում, օրինակ, ընդհանուր սենյակում ննջարանի, պատշգամբում՝ նախասենյակի։
Խորհուրդ է տրվում պատշգամբը և խոհանոցը կառուցել, որքան հնարավոր է, մուտքին մոտ։ Բնակելի շինություններ հաճախ մտնում են պատշգամբով, որը միաժամանակ դառնում է նաև նախասենյակ։ Այդպիսի հատակագիծը հարմար է, սակայն պահանջում է առմուտքի մակերեսի մեծացում։ Ցանկալի է, որ առմուտքն ունենա ծածկարան։ Պատշգամբի մակերեսը պետք է 8-10 մ²-ից պակաս չլինի։
Պատշգամբը կարող է լինել ներկառուցված կամ կցակառուցված, ցանկալի է, որ այն տեղադրված լինի Ա-ի հարավային, հարավ-արևելյան կամ հարավ-արևմտյան մասում։ Պատշգամբում պետք է նախատեսել ճաշասեղան ընտանիքի բոլոր անդամների համար, եթե պատշգամբը մեծ է՝ նաև բազմոց և պառկելաթոռ։
Ճաշասենյակի կամ խոհանոց-ճաշասենյակի առկայության դեպքում պատշգամբն օգտագործվում է որպես հանգստի անկյուն։
Կահույքը պետք է լինի թեթև, որպեսզի անհրաժեշտության դեպքում հեշտ լինի այն այգի՝ հանգստի բացօթյա անկյուն կամ ընդհանուր սենյակ տեղափոխելը։ Հարմար են հյուսած կահույքը, թեթև մետաղական կարկասով ծալովի աթոռները և բազկաթոռները։
Ա-ում ընդհանուր սենյակը հաճախ ծառայում է որպես հյուրասենյակ, ննջասենյակ, երբեմն էլ որպես ճաշասենյակ։ Սովորաբար ունենում է ելք դեպի պատշգամբ։ Ընդհանուր սենյակում հարմար են ձևափոխվող կահույքը, ներկառուցված պահարանները։
Ննջասենյակները սովորաբար ունենում են նվազագույն չափսեր։ Բավական է տեղ նախատեսել մահճակալի, ոչ մեծ պահարանի, երբեմն էլ աշխատանքային կամ հարդարանքի սեղանիկի համար։ Ա-ի սահմանափակ մակերեսի դեպքում ննջասենյակների չափսերը փոքրացնում են, քանի որ դրանով ապահովվում է պատշգամբի (կամ ընդհանուր սենյակի) առավել ընդարձակ լուծում։ Ձեղնահարկային Ա-ներում ննջասենյակները սովորաբար տեղավորում են ձեղնահարկում։ Ձեղնահարկի երկլանջ տանիքի դեպքում մահճակալը տեղավորում են երկայնական պատերի (բարձրությունը հատակից մինչև առաստաղի թեք մասն առնվազը 1,8-1,9 մ) տակ, իսկ լանջերի տակի ազատ տարածքն օգտագործում պահեստի կամ ներկառուցված պահարանների համար։ Հարմար են վանդակավոր դռնակներով (անկողնու սպիտակեղենի համար) և բաց (լուսամփոփի, գրքերի, ռադիոընդունիչի համար) որմնախորշերը։