ՏՏՀ/Այգու մածիկ
ԱՅԳՈՒ ՄԱԾԻԿ, այգու կուպր, կան տարբեր նյութերից պատրաստված Ա. մ-ի բազմաթիվ տեսակներ։ Դրանց առավել տարածված բաղադրիչներից են բևեկնախեժը, մոմը, ճարպը։ Բևեկնախեժն ապահովում է մածիկի կպչունությունը, մոմը՝ կայունությունը մթնոլորտային ազդեցությունների նկատմամբ (կանխում է կուպրի հոսունությունը), իսկ ճարպը նոսրացնում է մածիկի բաղադրությունը և կանխարգելում ճաքճքելը։ Ա. մ-ի պատրաստման բաղադրատոմսերից են.
Ջերմահեղուկ կուպր. 1. 1 մաս բևեկնախեժ (ըստ կշռի), 2 մաս մոմ, 1 մաս անալի ճարպ (ցանկալի է ոչխարի)։ Կրակի վրա առանձին ամաններում հալում են բևեկնախեժը և մոմը, այնուհետև դրանք խառնում են, ավելացնում ճարպ և ստացված խառնուրդը բարակ շիթով լցնում սառը ջրի մեջ։ Սառած կուպրը ջրից հանում և գնդում են։ Բևեկնախեժի և մոմի փոխարեն կարելի է օգտագործել ձյութ։ Որպես լցանյութ ավելացնում են չոր օքրա կամ մոխիր։
2. 20 մաս պարաֆին, 4 մաս բևեկնախեժ, 1 մաս բնական օլիֆ։
3. 1,5 մաս բևեկնախեժ, 2 մաս ձեթ և 1 մաս բևեկնայուղ (վերջինս ավելացնում են սառած խառնուրդին, կրակից հեռու)։
4. 2 մաս բևեկնախեժ, 2 մաս մոմ, 1 մաս ձեթ:
Սառնահեղուկ կուպր. 10 մաս բևեկնախեժ, 5 մաս բևեկնայուղ, 1 մաս հալած ճարպ, 2 մաս տեխնիկական սպիրտ, 1 մաս օքրա կամ մոխիր։