ՏՏՀ/Անմոռուկ
ԱՆՄՈՌՈՒԿ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ, որը միավորում է 50 տեսակ։ Ա. կարելի է օգտագործել սիզամարգերի, ծաղկաթմբերի գարնանային ձևավորումների և կտրած ծաղիկներ ունենալու համար։ Պարտեզային Ա. բազմամյա բույս է, ծաղկաբուծության մեջ օգտագործվում է որպես երկամյա։ 15-45 սմ բարձրության, ուղղաձիգ, հավաք կամ ճյուղատարած, վերին մասում խիստ ճյուղավորված բույս է։ Ծաղիկներն երկնագույն են կամ կապույտ, երբեմն՝ սպիտակ կամ վարդագույն, առաջացնում են ոլորքներում խմբված ողկույզ-ծաղկաբույլեր։ Կան սորտեր, որոնք միմյանցից տարբերվում են բույսի բարձրությամբ և ձևով, ծաղիկների մեծությամբ ու գունավորումով, ծաղկման ժամկետներով։ Լավագույն սորտերն են. Բիանկո - կանաչասպիտակավուն, ճյուղատարած թուփ է, վարդագույն Վիկտորիա - հավաք թուփ է, ծաղիկները՝ վարդագույն, Բլոկուգլե - վառ երկնագույն, հավաք թուփ է. Դե Ալպ Ռոզ - բաց վարդագույն, կիսաճյուղատարած, Ինդիգո - կապտաերկնագույն, հավաք թուփ է։
Ա. լավ է աճում կիսաստվերոտ վայրերում, խոնավ ավազակավային բերրի հողերում, գերադասելի է աճեցնել սերմերով, ցանքը կատարել մայիսի կեսերից մինչև հունիսի վերջերը, ստվերոտ, խոնավ մարգերում։ Սերմերը ծլում են երկու շաբաթից հետո։ Ցանքերը պետք է 1-2 անգամ նոսրացնել։ Բույսերը կարելի է մշտական վայր փոխադրել օգոստոսին (կամ հաջորդ տարվա գարնանն). այդ ընթացքում ձևավորվում է 3-5 տերևներից բարկացած վարդակը։ Ձմռանը խորհուրդ է տրվում ցանքածածկել տորֆախառն օրգանական պարարտանյութերով կամ տերևներով։ Ծաղկումը սկսվում է հաջորդ տարվա մայիսի-հունիսի սկզբներին և տևում է 40-45 օր։ Սերմերը հասունանում են ծաղկման ավարտից 18-20 օր հետո։
Բույսերն անցկացնում են և երկրորդ ձմեռումը, սակայն այս դեպքում ցողունները խիստ երկարում են, թուփը դառնում է ուժեղ ճյուղատարած, ծաղիկները մանրանում են և կորչում է գեղազարդությունը։
Մշակության մեջ Ա. պահանջկոտ չէ, ցրտադիմացկուն է։ Խնամքը սովորական է. մոլախոտերի քաղհանում, հողի փխրեցում, չոր եղանակին ջրում։ Կարելի է վերատնկել նաև ծաղկած վիճակում։
Ա. երբեմն ախտահարվում է իսկական և կեղծ ալրացողով, մոխրագույն և արմատային փտումով, վնասում են լվիճները, գիշերաթիթեռները, խաչածաղկային լվիկները (սև կամ կապույտ, թռչող մանր բզեզներ են, որոնք կրծոտելով տերևների վրա բաց են անում ոչ մեծ անցքեր):
Պայքարի միջոցները. մոլախոտերի ոչնչացում, հեքսաքլորանի 12 %-անոց դուստով փոշոտում, ինչպես նաև այլ ընդունված միջոցառումներ։