ՏՏՀ/Անգար
ԱՆԳԱՐ, միգրեն, հիվանդություն, բնորոշվում է նոպայաձև, հաճախ գլխի մի կեսի ցավերով։ Նոպաները լինում են տարբեր ուժգնության, հաճախականության և տևողության (2-3 ժամից մինչև մի քանի օր), ուղեկցվում են վեգետատիվ խանգարումներով (սրտխառնոց, փսխում, դող և այլն), տեսողության, լսողության, զգացողության խանգարումներով, գլխապտույտով։ Հիվանդությունը հիմնականում սկսվում է պատանեկան տարիքում, կանանց Ա. ավարտվում է դաշտանադադարի շրջանում, իսկ տղամարդկանցը՝ 50-60 տարեկանում։ Կանայք հիվանդանում են առավել հաճախ։ Նոպային նախորդում են ինքնազգացողության վատացումը, գրգռվածությունը, քնկոտությունը։ Հիվանդության հիմքում ընկած է անոթային տոնուսի նյարդային կարգավորման խանգարումը՝ հաճախ անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական նախատրամադրվածության զուգակցմամբ։ Նոպաները սովորաբար սկսվում են հուզումներից կամ գերհոգնածությունից հետո։ Դրանց հաճախականությունը և ուժգնությունը կախված են նաև ապրելակերպից (աշխատանքի և հանգստի ոչ ճիշտ ռեժիմ և այլն), որոշ սննդամթերքի օգտագործումից (ապուխտներ, շոկոլադ), ծխելուց, ուժեղ աղմուկից և լույսից։ Կանանց Ա. հաճախ կապված է դաշտանային ցիկլի հետ։ Հիվանդները ենթակա են նյարդախտաբանի հսկողության։ Բուժումը հիմնականում հիվանդի ընդհանուր ռեժիմի կարգավորումն է։ Նոպաների ժամանակ կարելի է կատարել ոտքերի տաք լոգանք, գլխին դնել տաք կամ սառը կոմպրես, խմել տաք թեյ, ծոծրակին դնել մանանեխի ծեփուկ, ընդունել ցավը հանգստացնող (անալգին, ամիդոպիրին) և անոթալայնիչ դեղամիջոցներ։