ՏՏՀ/Անգինա
ԱՆԳԻՆԱ, սուր վարակիչ հիվանդություն. բնորոշվում է քմային ավշահանգույցների (նշագեղձերի) առավելապես բորբոքային ախտահարմամբ։ Տարածված հիվանդություն է. հաճախ հիվանդանում են երեխաները և 35-40 տարեկան անձինք։ Հարուցիչները հիմնականում ստաֆիլոկոկերն ու ստրեպտոկոկերն են։ Վարակը կարող է օրգանիզմ թափանցել հիվանդի գործածած տարբեր առարկաների (օրինակ, ամանեղեն) միջոցով։ Այլ դեպքերում Ա. կարող է առաջանալ նշիկների փոսիկներում (լակունաներ)՝ բերանի խոռոչում և ըմպանում մշտապես գտնվող մանրէների ակտիվացման հետևանքով։ Դրան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության իջեցումը՝ ընդհանուր կամ տեղային չափից ավելի մրսածության, երկարատև գերհոգնածության, կրած հիվանդությունների (հաճախ գրիպից հետո) և այլ դեպքերում։ Որոշ մարդիկ Ա-ով հիվանդանում են պաղպաղակ ուտելուց, ոտքերը թրջելուց կամ ջրամբարում լողանալուց։ Հաճախակի Ա-ներին նախատրամադրում են քթի և հավելյալ ծոցերի (օրինակ, հայմորիտ), բերանի խոռոչի (լնդերի, ատամների հիվանդությունները) բորբոքային պրոցեսները, գեղձանմանների առկայությունը, քրոնիկական հարբուխը, որոնց ժամանակ խանգարվում է քթային շնչառությունը։ Ա-ով առավել հաճախ հիվանդանում են ձմռանը։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, կոկորդում առաջանում է քերծման զգացում, այնուհետև ցավեր՝ կլման ժամանակ։ Առաջին օրը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 38-39 °C (երբեմն 40 °C) և ուղեկցվել գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, հաճախ՝ դողով։ Հիվանդության երկրորդ-երրորդ օրը կոկորդի ցավերն ուժեղանում են, այնուհետև աստիճանաբար անցնում։
Ա. սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Տարբերում են կատառային (դմային կամ հասարակ) Ա. (բնորոշվում է նշագեղձերի կարմրությամբ), ֆոլիկուլային (պատճուկային) Ա. (նշագեղծերը այտուցված են, արնալեցուն, մակերեսը ծածկված է դեղնասպիտակ կետերով՝ թարախակալված պատճուկներով, որոնք ձուլվելով առաջացնում են դեղնավուն փառ), լակունային Ա. (բնորոշվում է նշագեղձերի սահմանը չանցնող տարածուն թարախային փառի առաջացմամբ)։ Մեծամասնությունը Ա-ով հիվանդանում է հազվադեպ՝ մի քանի տարվա ընդմիջումով։ Հաճախակի կրկնվող Ա. հանգեցնում է քրոնիկական բորբոքային պրոցեսի՝ քրոնիկական նշիկաբորբի: Երբեմն առաջացնում է սրտային, երիկամային, հոդային բարդություններ։ Ա-ի դեղորայքային բուժումը նշանակում է բժիշկը՝ ըստ հիվանդի վիճակի և հիվանդության տեսակի։ Հարկավոր է կոկորդը ողողել օրական 5-6 անգամ։ Դրա համար օգտագործում են բորաթթվի 2 %-անոց, ջրածնի գերօքսիդի 3 %-անոց, կալիումի գերմանգանատի բաց վարդագույն, ռիվանոլի (1 հաբ 1 բաժակ ջրին) լուծույթներ, ինչպես նաև եղեսպակի և երիցուկի եփուկներ։ Խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի բազմատեսակ, պարունակի բավարար չափով վիտամիններ։ Հարկավոր է սնունդն (ապուրներ, կարտոֆիլի խյուս, շիլաներ, անուշապուր) ընդունել տաք վիճակում և լավ մանրացված, սուր և կոշտ սնունդը բացառել։ Խորհուրդ է տրվում առատ ըմպելիք (կիտրոնով տաք թեյ, կաթ, հանքային ջուր)։
Հնարավորության դեպքում հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել, առանձնացնել նրա ամանեղենն ու սրբիչը։ Ուտելուց հետո ամանեղենը պետք է լվանալ և եռացնել 10-15 րոպե։ Սպիտակեղենը հարկավոր է լվանալ առանձին, սենյակը լավ օդափոխել և կատարել խոնավ հարդարում (տես Հիվանդի խնամք):
Հիվանդին խնամողը պետք է ձեռքերը հաճախ լվանա և ախտահանի սպիրտով, օծանելիքով և այլն։ Խիստ կարևոր է երեխաներին վարակումից զերծ պահելը։ Բժշկին ժամանակին դիմելը և նրա խորհուրդները խստորեն կատարելը նպաստում են արագ առողջացմանն ու բարդությունների (հարնշագեղձային թարախակույտ, երիկամաբորբ, ռևմատիզմ) կանխմանը։ Ինքնաբուժումն անթույլատրելի է։
Ա-ի կանխման նպատակով խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կոփել օրգանիզմը (սառը շփումներ, օդային լոգանքներ)։ Հիվանդության կանխմանը նպաստում են նաև մարզական վարժանքներով պարապելը, մաքուր օդում զբոսնելը։ Հարկավոր է խուսափել օրգանիզմի տեղային և ընդհանուր սառեցումից։ Ա-ի կանխարգելման համար մեծ նշանակություն ունի նրա առաջացմանը նպաստող հիվանդությունների ժամանակին բուժումը։