Jump to content

ՏՏՀ/Անջատիչ էլեկտրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՋԱՏԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ըստ կառուցվածքի տարբերում են դարձուն, անդրաձիգ և կոճակային անջատիչներ։ Ըստ արտաքին ձևավորման և օգտագործման նպատակի՝ լինում են բաց և թաքնված հաղորդագծերի, ինչպես նաև ներքին տեղակայման (էլեկտրական սարքերի ներսում) անջատիչներ։ Անդրաձիգ և կոճակային կառուցվածքի տարատեսակներից են ստեղնային անջատիչները։ Կան նաև շարժաթիթեղի (սողանիկի) ձև ունեցող անջատիչներ։ Առաստաղատակի և տեղային անջատիչները կիրառվում են սեղանի լամպերի, որմնալամպերի և հատակաջահերի համար, ղրանց միացումն ու անջատումը կատարվում է քուղի կամ շղթայիկի օգնությամբ։

Ժամանակակից ստեղնային անջատիչներն արտադրվում են մեկ, երկու կամ երեք ստեղներով։ Այդպիսի անջատիչները ճիգեր չեն պահանջում ստեղնը սեղմելու համար, անաղմուկ են և հուսալի։ Անջատիչը տեղակայելուց և միացումները կատարելուց հետո անհրաժեշտ է համոզվել, որ միացման լարերը չեն խանգարում ստեղնի բնականոն աշխատանքին։

Անջատիչն ընտրելիս, տեղակայելիս կամ փոխելիս հարկավոր է նկատի ունենալ, որ ցանցի լարումը կամ հոսանքի ուժը շղթայում չպետք է գերազանցեն նրա պատյանի վրա նշված արժեքները (օրինակ, 6 Ա, 220 Վ), այլապես անջատիչը կարող է չափից ավելի տաքանալ և հրդեհի պատճառ դառնալ։ Խոնավ սենյակներում (նկուղներում, մառաններում ևն) պետք է տեղադրվեն հատուկ անջրանցիկ անջատիչներ (պաշտպանական պատյաններով)։ Անհրաժեշտ է հիշել, որ անջատիչը սովորաբար խզում է դեպի էլեկտրական սարքը (օրինակ, լամպը) տանող երկու հաղորդալարերից միայն մեկը, և նույնիսկ այն ժամանակ, երբ շղթայում հոսանքը բացակայում է, թե՛ հաղորդալարերը, թե՛ սարքը մնում են լարման տակ, ուստի դրանց մետաղական լերկ մասերին դիպչելը վտանգավոր է կյանքի համար։