Jump to content

ՏՏՀ/Անտենա ընդունող

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏԵՆԱ ընդունող, ռադիոընդունիչ կայանքի տարր, որը ծառայում է հաղորդող ռադիոկայաններից դեպի ընդունման կետը եկող էլեկտրամագնիսական ալիքների էներգիան բարձր հաճախության հոսանքների էներգիայի կերպափոխելու համար (տես Ռադիոընդունիչ, Հեռուստացույց): Ա-ների ձևերը, չափերն ու կառուցվածքը բազմազան են և կախված են պահանջվող պարամետրերից, ընդունվող ռաղիոալիքների երկարությունից և Ա-ի կիրառման նպատակից։

Հեռուստատեսային անտենաներ։ Քաղաքներում հեռուստատեսային ազդանշաններն ընդունվում են հիմնականում հեռուստատեսության կոլեկտիվ ընդունման համակարգերի (ՀԿԸՀ) արտաքին Ա-ներով, որոնք հաճախ կոչվում են կոլեկտիվ անտենաներ։ ՀԿԸՀ-ում մեկ կամ մի քանի արտաքին Ա-ներից բաղկացած ընդհանուր անտենային կայանքն ապահովում է տվյալ տեղանքն սպասարկող բոլոր հեռուստակենտրոնների ազդանշանների ընդունումը։ Ընդունող Ա-ին միացվում է ՀԿԸՀ-ի կաբելային բաշխիչ ցանցը, որը բաղկացած է սանդղավանդակով վերևից ներքև անցկացվող համառանցք կաբելից և նրան միացվող բաշխիչ բաժանորդային սարքերից, որոնք տեղադրվում են շենքի յուրաքանչյուր հարկում։ Բաշխիչ սարքերին էկրանավորված կաբելի օգնությամբ միացվում են ՀԿԸՀ-ի բաժանորդների հեռուստացույցները։ Անհրաժեշտության դեպքում այդ համակարգին միացվում են մեկ կամ մի քանի ուժեղարարներ՝ տան բաշխիչ ցանցում հեռուստատեսային ազդանշանների թուլացումը համակշռելու նպատակով։ Առավել մեծ տարածում են գտել 100-ից ոչ ավելի բաժանորդների թվով ՀԿԸՀ-ը (մեկ կոլեկտիվ արտաքին Ա. բազմահարկ շենքի մի մուտքի համար)։ ՀԿԸՀ-ը հեռուստատեսային ընդունման առավել կատարյալ ու հարմար ձև են։ Դրանք ապահովում են սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսային ծրագրերի լավ որակ։

Քաղաքում հեռուստատեսային ազդանշաններն ընդունվում են նաև սենյակի հեռուստատեսային Ա-ներով։ Արտադրում են տարբեր կառուցվածքի սենյակային Ա-ներ։ Սակայն այդպիսի Ա-ով ընդունման որակը միշտ չէ, որ բավարար է լինում, պատկերը կարող է լինել ոչ հստակ, բազմակոնտուր։ Մի շարք դեպքերում սենյակի Ա-ով ընդունման բավարար որակ կարելի է ստանալ շենքերի վերևի հարկերում, այն սենյակներում, որոնց լուսամուտները նայում են հեռուստակենտրոնին, ինչպես նաև վերջինից ոչ շատ հեռու (20-30 կմ) գտնվող տներում։

Գյուղական վայրերում հեռուստատեսության ազդանշաններն ընդունվում են ինչպես արդյունաբերական արտադրության, այնպես էլ ինքնաշեն անհատական արտաքին Ա-ներով։ Դրանցից պարզագույնը կիսալիքային տատանակն է։ Իջեցվածքի կաբելը սիմետրիկացնող կարճ միացված քառորդալիքային շլեյֆի միջոցով միացնում են Ա-ին։ Տատանակի և շլեյֆի չափերն ընտրում են ընդունվող անցուղուն համապատասխան։ Ինքնուրույն պատրաստման համար կարելի է հանձնարարել այսպես կոչված զիգզագաձև Ա.։ Այն կարելի է պատրաստել մատչելի նյութերից՝ փայտե ձողերից, մեխերից, լարերից, այդ պատճառով զիգզագաձև Ա. լայն տարածում ունի սկսնակ ռադիոսիրողների շրջանում։ Այդպիսի Ա. պատրաստվում է երկու տարբերակով, առաջինը 1-ից մինչև 5-րդ, երկրորդը՝ 6-ից մինչև 12-րդ անցուղիների համար։ Իջեցվածքի կաբելը միացնում են Ա-ին առանց լրացուցիչ սիմետրիկացնող համաձայնեցնող սարքերի։ Ա-ի ուղղորդվածության հատկությունները կարելի է բարելավել տեղադրելով մետաղե ցանցաձև անդրադարձիչ։ Ինքնուրույն կարելի է պատրաստել նաև շրջանակավոր Ա., որը նախատեսված է հեռուստատեսային մեկ-երկու կապուղիների ընդունման համար։

Հեռուստատեսային ընդունման մեջ, գործնականում, շատ լայն տարածում է գտել «ալիքային կապուղի» (ԱԿ) տեսակի Ա.։ Այն բաղկացած է ակտիվ տատանակից (օղակաձև կամ ուղիղ), անդրադարձիչից և մեկ կամ մի քանի ուղղորդիչներից։ Ա-ի տարրերը և կրող սլաքը, որի վրա տեղադրվում են այդ տարրերը, մեծ մասամբ պատրաստվում են ալյումինային համահալվածքների խողովակներից։ Ըստ իրենց ընդգրկույթի, ԱԿ տեսակի Ա-ները լինում են. ա. միանցուղի, բ. երկ-, եռանցուղի, գ. ընդգրկութային, օրինակ, 6-12-րդ կամ 21-41-րդ անցուղիների ընդունման համար։ Ա-ի այս տեսակն ունի լավ ուղղորդվածաթյուն, դրանով հեշտությամբ ձեռք է բերվում ուժեղացման գործակցի մեծ արժեք։

ՀԿԸՀ-ի համար նախատեսված, ինչպես նաև արդյունաբերական արտադրության անհատական Ա-ները պիտանի են սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսության ազդանշանների ընդունման համար։ Գունավոր պատկերման ազդանշանների ընդունման համար այս կամ այն Ա-ի օգտագործման հնարավորությունները գնահատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդպիսի ազդանշանների չաղավաղված ընդունումը պահանջում է Ա-ի ավելի հավասարաչափ հաճախային բնութագիր։ Ինքնաշեն Ա-ները, որպես կանոն, չեն բավարարում այդ պահանջը։ Հաճախությունների աշխատանքային շերտում Ա-ի պարամետրերի հաստատուն լինելուց բացի, գունավոր պատկերի չաղավաղված վերարտադրման համար ազդանշանի մակարդակը գունավոր հեռուստացույցի մուտքում պետք է էապես (2-3 անգամ) ավելի բարձր լինի, քան սև-սպիտակ պատկերի դեպքում։ Հեռուստակենտրոնից մեծ հեռավորությունների վրա, հատկապես ընդունման գոտու սահմանում ընդունելու դեպքում, այդ պահանջը կարելի է բավարարել, եթե Ա-ի ուժեղացման գործակցի արժեքները բավականաչափ մեծ են։

Ռադիոհաղորդման ազդանշանների ընդունման անտենաներ։ Ռադիոհաղորդումների զարգացման առաջին շրջանում, երբ հաղորդող ռադիոկայանների հզորությունը և ռադիոընդունիչների զգայունությունը համեմատաբար փոքր էին, որպես ընդունող Ա. երկար (ԵԱ), միջին (ՄԱ) և կարճ (ԿԱ) ալիքների ընդգրկույթներում հաճախ օգտագործվել է երկար հաղորդալարը, որը հորիզոնական ուղղությամբ ձգվել է գետնից կամ շենքի մետաղե տանիքից որոշ բարձրության վրա և ունեցել է իջեցվածք դեպի ռադիոընդունիչը։

Ժամանակակից ռադիոընդունիչների զգայունությունը և ռադիոհաղորդիչ կայանների հզորությունը այնքան մեծ են, որ վստահ ընդունման համար մեծ մասամբ բավարար է պարզ (ինքնաշեն) Ա., օրինակ, հաղորդալարի մեկ մետրից էլ պակաս երկարության հատվածը։

Ժամանակակից ռադիոընդունիչների մեծ մասում ԵԱ, ՄԱ և ԿԱ ընդգրկույթներում ընդունելու համար տեղակայվում է, այսպես կոչված, մագնիսական (ֆերիտային) անտենա, որը մոտավորապես մատիտի չափի ֆերիտային ձող է վրան փաթաթված մեկուսացված հաղորդալար։ Այդպիսի Ա. ունի լավ ուղղորդված գործողություն։ Տրանզիստորային շատ ռադիոընդունիչներ (ինչպես նաև փոխադրովի հեռուստացույցները) բացի մագնիսական Ա-ից, ունեն փոխագուցավոր անտենա, որը մոտավորապես հավասար երկարության մետաղե խողովակների մի տարաշարժուն համակարգ է։ Խողովակները մեկը մյուսի մեջ են մտնում որոշ շփումով, որն անհրաժեշտ է նրանց միջև էլեկտրական հպվածք ապահովելու համար։ Այդպիսի Ա., որն ըստ էության հաղորդալարի հատվածի մի տարատեսակ է, տարաշարժուն տարրերի համակարգի շնորհիվ թույլ է տալիս փոփոխել իր երկարությունը ռադիոկայանին համալարելիս և փոքրացնել եզրաչափքը ոչ աշխատանքային վիճակում (տեղափոխելիս, պահելիս ևն)։

Գյուղական վայրերի համար առավել հարմար է Г-աձև Ա., որը հենարանների տվյալ բարձրության դեպքում ապահովում է բավականաչափ մեծ ելքային ազդանշան, ինչպես նաև ցանկացած ուղղությունից ռադիոազդանշանները միատեսակ լավ ընդունելու հնարավորություն։ Ա-ի 15-ից մինչև 30 մ երկարության հորիզոնական հաղորդալարը կախվում է գետնին կամ հարևան տների տանիքներին տեղակայված երկու հենարանների միջև։ Ա-ի հորիզոնական մասը և իջեցվածքը (Ա-ի մոտավորապես 15 մ երկարության ուղղաձիգ մասը) պատրաստում են 1,5-2,3 մմ տրամագծով անտենային ճոպանի մի կտորից։ Կարելի է օգտագործել նաև պղնձե և երկմետաղական ցանկացած հաղորդալար (լերկ կամ մեկուսացված) 1,5-ից մինչև 4 մմ տրամագծով։ Հնարավոր է կիրառել և երկաթե (պողպատե) լար, սակայն այդպիսի Ա-ի օգտակար ազդանշանի լարումն ավելի փոքր կլինի։ Ա-ի հորիզոնական մասը երկու ծայրից մեկուսացվում է ընկուզաձև կամ չորսվակածև մեկուսիչների օգնությամբ։ Այդպիսի մեկուսիչների բացակայության դեպքում կարելի է օգտագործել, օրինակ, սովորական ճենապակե հոլովակներ։ Ա-ի իջեցվածքը պետք է հեռացված լինի տանիքի եզրից 1,5-2 մ մեկուսիչով ձողի օգնությամբ։ Ա-ի հորիզոնական մասի ծայրերը ծառերին ամրացնելիս անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի բացառվի անտենային հաղորդալարի խզումը քամու ժամանակ ծառերի ճոճվելու կամ հանդարտ եղանակին հաղորդալարի կախվելու հետևանքով։ Կարելի է հակակշիռ կիրառել, որը ձգում է Ա-ի հաղորդալարը ճախարակի միջոցով։ Ա-ի իջեցվածքը տուն է ներանցվում լուսամատի շրջանակի մեջ բացված անցքով։ Հաղորդալարն անհրաժեշտ է մեկուսացնել ճենապակե ականոցի կամ ռետինե խողովակի օգնությամբ։

+ամանակակից ռադիոընդունիչները, որպես կանոն, հողակցման կարիք չունեն։ Սակայն գյուղական վայրերում արտաքին Ա-ից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ շանթապաշտպան հողակցում:

Գերկարճ ալիքների (ԳԿԱ) ընդգրկույթում ընդունելու անտենաներ։ Մենահունչ հաղորդման ծրագրերի ազդանշանները բավականաչափ լավ որակով ընդունվում են ՀԿԸՀ-ում կիրառվող հեռուստատեսային, ինչպես նաև անհատական Ա-ներով։ Սակայն ծավալահնչական ռադիոհաղորդման ազդանշաններն ընդունելու համար անհրաժեշտ են բավականաչափ լավ (հավասարաչափ) հաճախային բնութագրեր և լավ խանգարումապաշտպանվածություն ունեցող Ա-ներ։ Այս պահանջները բավարարում են ՀԿԸՀ-ում օգտագործվող ԳԿԱ Ա-ները, ինչպես նաև «ալիքային» տեսակի անհատական հեռուստատեսային Ա-ները, որոնք նախատեսված են ԳԿԱ ընդգրկույթի համար։ Երկստացիոնար արբանյակներից հեռուստատեսային հաղորդումների ընդունման Ա-ները լինում են մեկհայելային (առանցքասիմետրիկ կամ շեղված ճառագայթիչներով) և երկհայելային (պարաբոլական ռեֆլեկտորով ու հիպերբոլական հակառեֆլեկտորով)։