Jump to content

ՏՏՀ/Աշխույժ խաղեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽՈՒՅԺ ԽԱՂԵՐ, ի տարբերություն մարզական խաղերի (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ ևն), որոնք զգալիորեն բարդ են կազմակերպման առումով և մասնակիցներից պահանջում են առանձնակի ունակություններ և հատուկ մարզվածություն, աշխույժ խաղերն ավելի պարզ են, բազմազան և չունեն հստակ կանոններ ու հատուկ սարքավորում։

Մանկապարտեզային և կրտսեր նախադպրոցական տարիքի երեխաների Ա. խ. նմանակային խաղեր են (մեծահասակների կատակների և երգերի ուղեկցությամբ, խաղալիքներով)։ Որոշ խաղեր ունեն սյուժե և կանոններ («սագեր-սագեր, տուն եկեք»), շատերը միայն կանոններ («տափկնոցի»)։ 4-5 տարեկանից սկսած երեխաները, խաղալով մրցում են՝ վազում, ցատկում, նետումներ կատարում ևն։ 5-6 տարեկան երեխաների Ա. խ. սկսում են ձեռք բերել մարզական բնույթ։

Դպրոցական տարիքում Ա. խ. ձևերն ու բովանդակությունը բարդանում են։ Առանձնապես օգտակար են որոշակի հանձնարարականներով խաղերը, որոնց ընթացքում երեխաների գործողությունները նպատակային են, ամրապնդվում են նրանց շարժողական ունակությունները, զարգանում շարժունությունն ու ճարպկությունը։ Հայտնի են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների բազում Ա. խ.։ Ստորև բերված են դրանցից մի քանիսի նկարագրությունները։

1. Կարելի է երեխային առաջարկել կոնը, գնդակը կամ խորանարդիկը նետել 5-7 մետրի վրա գծված ոչ մեծ շրջանագծի մեջ։ Եթե խաղում է 2-3 երեխա, ապա հաղթող է համարվում նա, ով 5 հնարավորից առավել թվով հաջող նետում կկատարի։

2. Գետնին քաշում են 5-6 մ երկարության մի գիծ, որի վրա իրարից 1 մ հեռավորությամբ դասավորում են առարկաներ (օրինակ, գնդակ, քար ևն)։ Երեխան հետ-հետ գնալով պետք է քայլի ճիշտ այդ գծով և չդիպչի արգելքներին։

3. Դեռահասը պետք է բասկետբոլային խաղարկմամբ գնդակը վարի մարմնամարզական նստարանի երկայնքով, ինքն առաջանալով նստարանի կողքով (նկ. 1)։ Տարբերակ. դեռահասը քայլում է նստարանի, իսկ գնդակը վարում է հատակի վրայով։

4. Երկու խաղացող կանգնում են մի գծի վրա և բռնում 1 մ երկարությամբ պարանի ծայրերից։ Յուրաքանչյուր խաղացողից 1-2 քայլի վրա դնում են որևէ առարկա։ Խաղացողի խնդիրն է, ձգելով պարանի ծայրը բռնած հակառակորդին, վերցնել հատակին դրված առարկան (նկ. 2)։

5. Խաղի երկու մասնակից կանգնում են դեմդիմաց, ոտքերն իրարից հեռու և ուսերի բարձրությամբ բռնում փայտիկից։ Հաղթում է այն խաղացողը, ով կարողանում է ստիպել հակառակորդին նահանջի քայլ կատարելով տեղից շարժվել։ Թույլատրվում են խաբուսիկ շարժումներ (նկ. 3)։ 6. Խաղավար ավագի հրահանգով երեխաները փայտիկը դնելով մատին, ձեռքի ափին կամ ոտնաթաթին, աշխատում են հնարավորին չափ երկար ժամանակ պահպանել հավասարակշռությունը (նկ. 4)։ Խաղին կարող են մասնակցել մի քանի հոգի։