Jump to content

ՏՏՀ/Ապլիկացիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՊԼԻԿԱՑԻԱ, վերադիր, գործվածքի վրա այլ գործվածքի կտորների մակակարում (կամ սոսնձում)։ Կիրառում են գեղազարդման իրերի և հագուստի ձևավորման համար։ Ա. կարող է լինել միագույն, երկգույն և բազմագույն։ Ա-ի համար օգտագործում են հիմնական նյութից տարբերվող (գույնով և որակով) գործվածքներ։ Մակակարվող կամ սոսնձվող կտորները նախօրոք օսլայում են (կամ տոգորում դոնդողանյութով) և արդուկում։ Գծանկարն անցկացնում են հիմնական գործվածքի և թղթի վրա, այնուհետև թղթի նկարը բաժանում մասերի, գործվածքի կտորներից, դրանց համապատասխան ձևում նկարի մանրամասները և թերակարով ամրացնում գործվածքին։ Ամբողջացված նկարի եզրերն ամրացնում են գործվածքին հարթակարով կամ օղակարով։ Որպեսզի Ա. ուռուցիկ լինի, գործվածքի տակ երբեմն բամբակ են դնում։ Ա-ով զարդարում են մանկական գորգերը, վարագույրները, հագուստը։ Կարի մեքենայով Ա. կատարում են նույն հերթականությամբ, ինչ ձեռագործի դեպքում. նախ գծանկարն անցկացնում են գունավոր գործվածքի վրա, թերակարով ամրացնում հիմնական գործվածքին այնպես, որ համընկնեն գործվածքների երկայնակի թելերի ուղղությունները։ Այնուհետև նախշերի եզրագծերը կարում են մեքենայով 60-80 կոճի թելով՝ սովորական թակալակարով կամ ոչ խիտ ուռուցիկ հարթակարով, որից հետո խիտ հարթակարով՝ որպես միջադիր օգտագործելով № 10 կոճի թելը)։ Կարելն ավարտելուց հետո գործվածքը հակառակ երեսից արդուկում են խոնավ շորով և կտրում եզրագծերից դուրս մնացած գործվածքի ավելցուկը։ Ա-ի մանրամասների եզրերը կարելի է կարել նաև ամրակարով։ Այդ դեպքում Ա-ի նախշերն անհրաժեշտ է 1-2 անգամ թակալակարել մեքենայով, կտրել գործվածքի ավելցուկը և եզրերը ձևավորել ամրակարով։