ՏՏՀ/Ասեղնագործություն ձեռքի
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ձեռքի։ Ա-յան համար անհրաժեշտ է ունենալ թելեր, կտոր, կարճ ասեղներ (լայն անցքով), մկրատ, մատնոց և քարգահ։ Ասեղի հաստության ընտրությունը պայմանավորված է կտորի որակով և թելի հաստությամբ (համարով)։ Թելի երկարությունը չպետք է գերազանցի 50-60 սմ։ Քարգահ օգտագործելու դեպքում մատնոց պետք չէ։ Մկրատը պետք է լինի փոքր (10-12 սմ երկարության)՝ սուր ծայրերով։ Ա-յան որոշ տեսակներ անում են ցանցակտավով (կանվա)։
Մանր նախշեր ասեղնագործելիս, սովորաբար, օգտագործում են կլոր քարգահ։ Կտորը փռում են փոքր օղակի վրա, սեղմում մեծ օղակով, ապա ձգում։ Որոշ կարեր կարելի է անել առանց քարգահի՝ կտորը բռնելով ճկույթով ու բթամատով և հավասարաչափ ձգելով ձախ ձեռքի երեք մատի վրա։
Եթե նկարի չափերը չեն համապատասխանում բանվածքի չափերին, նկարը կարելի է փոքրացնել կամ մեծացնել։ Նկարը մուգ կտորին փոխանցելու համար անհրաժեշտ է այն պատճենաթղթի միջոցով փոխանցել թափանցիկ թղթին, այնուհետև գունավոր մատիտով նկարը շրջագծել կտորի վրա։ Մահուդի, թավշի և մետաքսե փայլուն կտորների վրա նկարը փոխանցում են ծխախոտաթղթի միջոցով։ Նկարը եզրագծի երկայնքով թերակարով ամրացնում են կտորին, ապա թուղթը զգուշորեն պոկում։ Կտորի վրա մնում է թերակարով արված ուրվանախշ։ Բաց գույնի թափանցիկ կտորին նկարը փոխանցելու համար այն ծածկում են կտորով և դնում տակից լուսավորվող ապակու վրա։ Թափանցող նկարի ուրվագծերը փոխանցում են անմիջականորեն կտորի վրա։ Նկարը կարելի է կտորին փոխանցել նաև պատրաստի բանվածքից։ Դրա համար բանվածքի վրա սպիտակ թուղթ են դնում, վրայից պատճենաթուղթը և ձեռքով շփում։ Թղթի վրա ստացվում է նկարի պատճենը, որը շրջագծում են սովորական (ոչ քիմիական) մատիտով։
Ասեղնագործելիս հանգույցներ չեն անում։ Հայտնի է թելը կտորին ամրացնելու մի քանի եղանակ. 1. մի քանի մանր կութ անել կտորի այն մասում, որը հետագայում պետք է ծածկվի բանվածքով, 2. մի կութ անել և, առանց թելը կտորից մինչև վերջ քաշելու, երկրորդ կութով ամրացնել թելի ծայրը, ավելորդ մասը կտրել, և այդ տեղը ծածկել բանվածքով, գործն ավարտելուց հետո բանող թելը մանր կութերով անցկացնել բանվածքի տակ, 3. թելը երկտակել, ծայրերն անցկացնել ասեղի միջով։ Ասեղը հակառակ կողմից դուրս բերել կտորի երեսակողմը՝ առանց թելը մինչև վերջ քաշելու (ստացվում է թելի օղակ)։ Այնուհետև ասեղը խրել կտորի մեջ (նախորդ անցքից ոչ հեռու) և հակառակ կողմից անցկացնել թելի օղակի միջով։ Թելը ձգելուց և ամրացնելուց հետո կարելի է սկսել Ա.։
Բանվածքի տեսակները։
Ա. լինում է հաշվարկով (ըստ գործվածքի թելերի) կամ ազատ (ըստ նկարի)։
Պարզ Ա-յան տեսակներից է ցողունակարը։ Այն կիրառում են եզրանախշեր և ծաղիկների ցողուններ ասեղնագործելիս։ Կարելու ընթացքում ասեղը բռնում են կարի ուղղությանը հակառակ և ամեն նոր կութ անելիս ասեղը հետ են բերում։
Թելն ամրացնելուց և ասեղը երեսակողմ դուրս բերելուց հետո 2-4 անգամ փաթաթում են ասեղի շուրջը, ձգում, ասեղը հետ բերելով կարում առաջին կութը և նույն ձևով կարում հաջորդ բոլոր կութերը՝ հետևելով, որ դրանք լինեն հավասար չափերի և զուգահեռ դասավորված (նկ. 1)։ Թավշակարով կամ խաչմերուկ կարով սովորաբար դրվագում են մանկական հագուստը։ Երեսակողմում ստացվում է խաչատված կութերի շարք, իսկ հակառակ երեսին՝ կութերի երկու զուգահեռ շարքեր։ Ասեղնագործում են հաշվարկով։ Ուղիղ խաչմերուկ անելիս կարի ուղղությունը կտորի վրա նշագծում են երկու զուգահեռ գծերով, որոնց միջև հեռավորությունը հավասար է կարաշերտի լայնությանը։ Խիտ կտորների վրա խաչմերուկ անելիս երկու զուգահեռ թել են քաշում։
Գործն սկսում են ներքևից։ Կութերը ստացվում են ասեղի հետադարձ շարժումով (նկ. 2)։ Խաչմերուկը կիրառում են նաև բանվածքի այլ տեսակների զուգակցությամբ (ծաղիկների թերթիկներ և տերևներ լցնելու համար)։ Հասարակ խաչմերուկը կարելի է զարդարել այլ գույնի թելերով։ Սկզբում ասեղնագործում են մի, ապա՝ երկրորդ գույնի թելով, առաջին կարի կութերին զուգահեռ։ Նույն գործողությունը կրկնում են երրորդ և չորրորդ գույների թելերով (կարի սկիզբը շեղվում է աջ կամ ձախ)։
Խաչմերուկ կարի հիման վրա է ստեղծվում նաև հայկական ավանդական Ա-յան տեսակներից մեկը՝ Մարաշի հյուսված կարը։ Առաջին շարքը խաչմերուկ կարով անելուց հետո, բանվածքը շրջում են և ասեղնագործում երկրորդ շարքը՝ առաջինից շեղված (նկ. 3)։ Երկրորդ շարքի ներքևից վերև եկող թելը պետք է անցնի առաջին շարքի թելի վրայով, իսկ վերևից ներքև եկողը՝ առաջին շարքի թելի տակով։ Երկրորդ շարքը կտրելուց հետո բանվածքը շրջում են և անցնում երրորդ շարքին, որն անում են առանց կտորի թելերը բռնելու՝ ասեղը երկու շարքի թելերի միջով անցկացնելով (նկ. 4, 5)։ Վերջին չորրորդ շարքն անում են երրորդի նմանությամբ խաչմերուկների ներքևի գագաթների վրա (նկ. 6, 7)։ Այս կարատեսակը հյուսած տրեզի տպավորություն է թողնում։
Շղթայակարը կիրառում են որոշ ուրվանախշեր ասեղնագործելու կամ ցողունակարով արված նախշեր լցնելու համար (փոքր ծաղիկներ, հասկեր ևն)։ Կարը՝ մեկը մյուսից դուրս եկող նույն չափի մերակների շարք է։ Շղթայի ձևն ու չափերը կարող են տարբեր լինել։
Թելն ամրացնում են կտորին, դուրս բերում երեսակողմ, մերակաձև դնում կտորի վրա և սևեռում ազատ ձեռքի բթամատով։ Ասեղը նույն անցքով դուրս են բերում հակառակ կողմը, ապա մերակի միջով անցկացնում երեսակողմ։ Ստացվում է մեջտեղից բռնած մերակ (նկ. 8, 8ա)։
Քուղակարով կարելի է դրվագել գրպանները, զգեստների դրվագակտորները։ Այս տեսակն առավել գեղեցիկ է, երբ այն արվում է նույն կտորի թելերով։ Կտորը նշագծում են շեղանկյունների ցանցի ձևով (շեղանկյան կողմը՝ 2-3 սմ), այնուհետև ցանցի բոլոր գծերը կարում թերակարով։ Կութերի և արանքների երկարությունը պետք է նույնը լինի և չգերազանցի չգերազանցի 5 մմ: Ցանցը թերակարելուց հետո նոր թելով կութաշար են անում՝ ասեղը մտցնելով ցանցի յուրաքանչյուր կութի մեջ՝ վերևից ներքև: Այսպիսով ստացվում է քուղակար (նկ.9): Քուղակարի մեկ այլ տարատեսակ է ստացվում, երբ ասեղը մերթ կութի վրայից, մերթ տակից է մտցվում (նկ.10): Գծերի հատման կետերը կարելի է զարդարել շղթայակարի տարրերով (նկ.11. 12) կամ ուլունքով:
Հաշվարկով Ա. սովորաբար անում են կտավի կամ կտավային հյուսվածքով գործվածքի վրա, որը դյուրացնում է թելերի հաշվարկը: Այս եղանակով հիմնականում ասեղնագործում են երկրաչափական բնույթի (ուղիղ գծերով) նախշեր: Հաշվարկով Ա. անում են ոչ միայն ամբողջական, այլև նոսրացրած՝ թելքաշ կտորի վրա:
Հաշվարկով Ա. ամբողջական կտորի վրա: Առավել տարածվում է խաչկար Ա., որն անում են թելերի հավասարաչափ հյուսվածք ունեցող կտորների կամ ցանցակտավի վրա: Խաչեր չափերը և թելի հաստությունը պայմանավորված են կտորի հաստությամբ: Ասեղնագործելու ընթացքում պետք է հետևել, որ երեսակողմի երկրորդ շերտի կութերը նույն ուղղությունն ունենան: Խաչկար Ա. լինում է միագույն և բազմագույն։ Միագույնը հաճախ ավարտում են այլ գույնի երիզով:
Ընդունված է խաչկար Ա-յան երեք եղանակ. առաջինի դեպքում կտորի հակառակ կողմում ստացվում են ուղղաձիգ կութեր: Սկզբում շարքը ձախից աջ լցնում են կիսախաչերով, այնուհետև նույն բանն անում հակառակ ուղղությամբ (նկ.13): Երկրորդ եղանակով ասեղնագործելիս կտորի հակառակ կողմում ստացվում են հորիզոնական կութեր: Խաչերն ասեղնագործում են միանգամից՝ առաջանալով աջից ձախ (նկ.14): Երրորդ եղանակով ստացվում են թեք խաչեր: Ասեղնագործում են ներքևից վերև (նկ.15):
Կիսախաչ Ա. երկկողմանի կար է: Երեսի և հակառակ կողմի կութերը մի անընդհատ գիծ են կազմում: Այս կարի կութերով (ուղիղ կամ թեք՝ անկյունագծային) ստացվում է պարզ կամ ցանցկեն նախշ:
Ասեղնագործում են երկու գործողությամբ․ սկզբում նկարի եզրագիծը կարում են թերակարով, այնուհետև, առանց նոր անցքեր բացելու, կարում հակառակ ուղղությամբ՝ լրացնելով թերակարը (նկ. 16, թվերը ցույց են տալիս բանող թելի ընթացքը)։ Ուղիղ կութերի երկարությունը պետք է հավասար լինի, իսկ կութերի միջև արանք չմնա:
Հաշվարկով հարթակարն ասեղնագործում են թելերի հաշվարկով, ուստի գործվածքը պետք է լինի թելերի հավասարաչափ հյուսվածքով։ Կարելի է ասեղնագործել ցանկացած այլ գործվածքի վրա օգտագործելով ցանցակտավ։ Այս տեսակի համար գերադասելի են հաստ թելեր կութերի միջև արանքներից խուսափելու համար։ Կութերը լինում են ուղղաձիգ, հորիզոնական և թեք։ Ուղղաձիգ կութերի բարձրությունը և դասավորությունը կարգավորելով կարելի է ստանալ ատամնաձև և սանդղաձև նախշեր (նկ. 17, ա, բ)։ Ուղղաձիգ և հորիզոնական կութերի զուգակցությամբ ստացվում են ուրիշ նախշեր (17, գ, դ)։ Ասեղնագործում են ձախից աջ։ Ասեղը դուրս են բերում երեսակողմ, ուղղաձիգ կութ անում, ապա կրկին դուրս բերում երեսակողմ՝ նախկին կութից փոքր-ինչ աջ, նույն բարձրության վրա կամ ավելի բարձր, և անում հաջորդ կութը։
Հաշվարկով թափանցաբանվածքների դասին են պատկանում քանդակարերի զանազան տեսակներ։ Քանդակար Ա. անում են քարգահի օգնությամբ ձախից աջ (№ 40, 50, 60, 80 կոճի թելով)։ Այն հաճախ զուգակցում են բանվածքի այլ տեսակների հետ։ Քանդակարի վրա առաջին կութն անելու համար ասեղն անցկացնում են ապագա սյունիկի թելերի արանքով, ապա մտցնում գործվածքի մեջ՝ նոսրաշերտի եզրից 2-3 թել հեռավորության վրա: Այնուհետև թելը մերակաձև գցում են աջից ձախ, ասեղի վրա վերցնում նոսրաշերտի 4 թել և հանգույցը ձգում (նկ. 18)։ Կտորը քանդակարով խծպելու համար անհրաժեշտ է այն ուղիղ կտրել թելի երկայնքով։ Դրա համար կտորի եզրից քաշում են առաջին չվնասված թելը, որի հետքով էլ կտրում են կտորը։ Այնուհետև որոշում են ծալաշերտի լայնությունը. եթե այն պետք է լինի 2 սմ, ապա նոսրաշերտը սկսում են եզրից 4,5 սմ հեռավորության վրա՝ տեղ թողնելով ծալաշերտի համար։
Սփռոց կամ անձեռոցիկ խծպելիս, չորս կողմից մեկական թել են քաշում, որի համար սփռոցի երկու հակադիր անկյուններն ասեղով ծակում են, ծակած տեղում կտրում են միջնաթելի և հենքի մեկական թել։ Կտրած թելերը զգուշորեն ձգում են և կտրում հակառակ կողմից թելերի հատման մասում։ Այնուհետև բոլոր կողմերից քաշում են ևս 3-4 թել (կախված քանդակարի լայնությունից)։ Գործող թելի ընթացքը ցույց է տրված նկարում։ Քանդակար Ա–յան պարզագույն տեսակներն են սյունիկաձև, բզեզաձև, «պանկա» և այլ բանվածքները։ Երկայնական և լայնական քանդակարերի հատման տեղում ստացվող դատարկ քառակուսիները լցնում են «սարդանախշով» (նկ. 19)։
Սարդանախշ (նկ. 19)։ Գործող թելը ձգում են քառակուսու անկյունագծերի երկայնքով, ապա ուղղաձիգ և հորիզոնական ուղղություններով։ Գործող թելը փաթաթում են ձգված թելերի վրա, ընդ որում, վերջին թելի վրա կիսով չափ։ Բոլոր թելերի հատման կետում հանգույց են անում։ Սարդանախշն ստանում են ձգված թելերի և գործող թելի շրջանաձև միահյուսմանը։ Մի շրջան անելուց հետո բռնում են վերջին ձգված թելը և հետ գնում՝ թելերը միահյուսելով հակառակ հերթականությամբ։ Մի քանի շրջան անելուց հետո թելն ամրացնում են չփաթաթած թելի մոտ, ապա այն փաթաթում մինչև վերջ։ Քառակուսու եզրերն ասեղնագործում են խիտ օղակարով կամ հարթակարով։
Սյունիկաձև քանդակար (նկ. 20)։ Կտորից 3-4 թել են քաշում։ Գործող թելն ամրացնում են նոսրաշերտի ձախ եզրից 2-3 թել ներքև, հակառակ կողմից 3-4 թել բռնելով, այն դուրս են բերում երեսակողմ, բռնած թելերը աջից ձախ փաթաթում գործող թելով, ապա ասեղը դուրս բերում երեսակողմ՝ թելքաշի եզրից 2-3 թել հեռավորության վրա։ Նույնությամբ ասեղնագործում են հաջորդ կութերը։
Բզեզաձև քանդակար (նկ. 21)։ Սկզբում անում են քանդակար սյունիկ, այնուհետև 3-ական սյունիկ հանգուցակապում են։ Հանգույցն անում են հետևյալ կերպ, թելն անցկացնում են սյունիկների տակով, հետ բերում, անցկացնում ստացված մերակի միջով և ձգում։ Կարելի է կապել ոչ թե երեքական, այլ երկուական սյունիկ։
«Պանկա» քանդակար (նկ. 22)։ Լայն նոսրաշերտի մեջտեղում թողնում են 3-4 չքաշած թել։ Ասեղն անցկացնում են չքաշած թելերի վրայով ներքևից վերև, անկյունագծով իջեցնում ներքև և դուրս բերում երեսակողմ (առաջին կութից 4-6 թել հեռավորության վրա)։ Թելը բերում են ելման կետ, անկյունագծով անցկացնում չքաշած թելերի տակով, հորիզոնական գծով հետ բերում դեպի ձախ, ապա անկյունագծով իջեցնում աջ։ Այս կարատեսակի հիման վրա ասեղնագործում են ավելի բարդ քանդակարեր։ «Պանկա» քանդակարի երկու շարքերի միջև կտորի թելերը միահյուսում են ուրիշ գույնի թելով (նկ. 23)։ Շարքերի միջև լայն թելաշերտը կարելի է ասեղնագործել ուղղաձիգ կութերով կամ խաչմերուկ կարով։
Գոյություն ունի քանդակարի մի այլ տարատեսակ (նկ. 24), որի համար սկզբում ասեղնագործում են «պանկայի» վերևի շարքը, այնուհետև անցնում ներքևի շարքին միաժամանակ անելով օդային հանգույցներ։
Կարապատ քանդակար (նկ. 25)։ Սյունիկաձև քանդակար անելուց հետո, վերջիններիս վրա հաստ թելով լցակար են անում։
Լցակար (միակի և կրկնակի)։ Միակի լցակարն ստացվում է ցանցի վանդակները հորիզոնական և ուղղաձիգ կութերով լցնելով (նկ. 26)։ Յուրաքանչյուր վանդակի ներսում գոյանում է խաչանախշ։ Կրկնակի լցակարն անում են նույն եղանակով՝ այն տարբերությամբ, որ յուրաքանչյուր վանդակ լայնքով ու երկայնքով լցակարում են երկու թելով։ Ցանցի յուրաքանչյուր վանդակում ստացվում են երկուական ուղղաձիգ և հորիզոնական կութեր (նկ. 27)։
«Սարդոստայնը» ստացվում է թելը ցանցի հետ միահյուսելով։ Միաժամանակ ցանցի վանդակների մեջ օդային հանգույցներ են անում՝ շարժվելով անկյունագծով մերթ աջ՝ դեպի վեր, մե րթ ձախ դեպի վար (նկ. 28)։
Փռվածքը չփաթաթված թելի վրա արվող լցակար է։ Նկարի նախշերն անում են փռվածքով, իսկ ֆոնը խիտ միահյուսում են (սյունիկները մի քանի անգամ փաթաթելով) գունավոր թելերով (նկ. 29)։
Ազատ Ա-յան տեսակներն անում են ըստ կտորի վրա փոխանցված նկարի։
Հարթակարը ազատ Ա-յան առավել տարածված տեսակներից է։ Այն կիրառում են բուսական (ծաղիկներ, տերևներ), ինչպես նաև որոշ երկրաչափական զարդանախշեր ասեղնագործելիս։ Հարթակարով կարելի է ասեղնագործել ցանկացած կտորի վրա։ Այն լավ է զուգակցվում Ա-յան այլ տեսակների (ցողանակար, «ռոկոկո» ևն) հետ։ եկ. 25
Միակողմանի հարթակարով ասեղնագործում են խոշոր բուսական զարդանախշեր բարձերի, սփռոցների, ծածկոցների վրա։ Ա-յան այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ կութերը գրեթե ամբողջությամբ ծածկում են կտորի երեսակողմի զարդանախշը (նկ. 30, ա), իսկ հակառակ երեսից ստացվում են փոքր կութեր (նկ. 30, բ)։ Ասեղնագործում են վեցտակ մուլինե կամ բրդե թելով։ Տերևներն ասեղնագործելիս կութերը դասավորում են կենտրոնական գծի նկատմամբ անկյան տակ սկսելով տերևի սուր ծայրից։ Առաջին կութն ասեղնագործում են եզրագծից դեպի կենտրոն (նկ. 30, գ)։ Սկզբում լցնում են տերևի մի կեսը, ապա մյուսը (վերևից ներքև)։ Տաղիկների կութերն ուղղում են դեպի կենտրոն (նկ. 30, դ), իսկ կենտրոնը լցնում զանազան ցանցանախշերով։
Ցանցանախշ ասեղնագործելու համար գործող թելը ձգում են եզրագծի մի կողմից մյուսը՝ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով։ Ստացված վանդակների հատման կետերը ձևավորում են խաչմերուկ կարով, կութերով ևն։
Սպիտակեղենի (ուռուցիկ) հարթակարը կիրառում են սպիտակեղեն, եկ. 30 թաշկինակներ, բարակ կտորից ծածկոցներ, ասեղնագործելու համար։ Նկարի եզրագիծը կարում են թերակարով։ Այն մասերը, որոնք պետք է ուռուցիկ լինեն, կարապատում են խոշոր կութերով՝ ապագա հարթակարի կութերի ուղղությանը հակառակ ուղղությամբ (օրինակ, տերևի կարապատումն անում են երկայնակի, իսկ հարթակարը լայնակի կութերով)։ Ուռուցիկ հարթակարով և ցողունակարով արված նախշը սովորաբար զուգակցում են բանվածքի այլ տեսակների (հանգույցներ, անցքեր) հետ։ Հանգույց անելու համար ասեղը խրում են կտորի մեջ, թելը փաթաթում ասեղի վրա և, օղակները ձախ ձեռքի բթամատով բռնելով, թելն անցկացնում օղակների միջով և ամրացնում (նկ. 31)։ Անցքերի եզրագիծը կարում են թերակարով, այնուհետև լցակարի ասեղով ծակում կտորը և եզրագիծը շրջակարում ուռուցիկ հարթակարով:
Շրջոնքի հարթակար («ստվերի» կար) ստանալու համար կտորը հակառակ կողմից պատում են հատվող թեք կութերով, իսկ երեսակողմից եզրագծի երկայնքով փոքր կութեր են անում (նկ. 33)։ Շրջոնքի հարթակարը կիրառում են թե՛ որպես ինքնուրույն բանվածք, թե՛ ցողունակարի զուգակցությամբ։
Կերպասային հարթակարն ասեղնագործում են միմյանց կիպ կպած կութերով։ Ամեն հաջորդ կութն անելիս, ասեղը հանում են նախորդ կութի տակից դրա մեջտեղի մասում։ Կութերը պետք է ուղղված լինեն տերևի երակագծերի երկայնքով։ Այս հարթակարն անում են մուլինե կամ մետաքսե թելերով (մեկտակ)։
Երկկողմանի գունավոր հարթակարը հարթակարի պարզագույն տեսակներից է։ Կիրառում են բուսական և երկրաչափական նախշերի մանր և միջին մանրամասներ սկզբնատառեր և խորհրդանշաններ ասեղնագործելու համար։ Կատարում են կարապատումով և առանց դրա։ Հարթակարի կութերը դասավորում են ըստ նկարի գծերի (նկ. 34)։ Ոչ լրիվ երկկողմանի հարթակար անելիս ասեղնագործում են միայն նկարի եզրագծերը։
Գեղարվեստական հարթակարով կարելի է ասեղնագործել ոչ միայն բուսական նախշեր, այլև ոչ մեծ բնապատկերներ։ Միևնույն գույնի երանգները աստիճանաբար և հավասարաչափ անցնում են մեկը մյուսին։ Դրա համար առաջին գույնի կութերն անում են տարբեր երկարության, այնուհետև շարունակում են ձեռագործը երկրորդ երանգով՝ լրացնելով առաջին երանգի կութերի երկարության տարբերությունից առաջացած արանքները։ Երկրորդ երանգի կութերը փոքր-ինչ ծածկում են առաջին երանգի կութերը ստեղծելով սահուն անցման տպավորություն։
Կտրովի հարթակարը կիրառում են անկողնային սպիտակեղենի և հագուստի (շրջազգեստ, վերնաշապիկ) դրվագման համար։ Ասեղնագործում են նույն եղանակով, ինչ սպիտակեղենի հարթակարի անցքերը, այն տարբերությամբ, որ նախշի ձևը կարող է կլորից տարբեր լինել (նկ. 35)։
«Ռոկոկո» (նկ. 36)։ Ա-յան այս տեսակը կիրառում են միայն բուսական զարդանախշեր ասեղնագործելիս։ Կարելի է օգտագործել մուլինե, բրդե և սինթետիկ թելեր։ «Ռոկոկոն» ասեղնագործում են փոքր անցքով հաստ ասեղով։ Այն զուգակցում են Ա-յան այլ տեսակների հետ։
«Ռոկոկոն» ասեղնագործում են հետևյալ կերպ. թելն ամրացնում են հակառակ կողմից և ասեղը դուրս բերում երեսակողմ։ Այնուհետև ասեղը խրում են կտորի մեջ, թելը փաթաթում ասեղի ծայրին, ապա ասեղն անցկացնում թելագալարների միջով՝ դրանք մատով բռնելով։ Ասեղը դարձյալ խրում են կտորի մեջ և անցկացնում հակառակ կողմը։
Կցակարը կամ քուղով Ա. (նկ. 37) կիրառվում է հագուստի դրվագման համար։ Օգտագործում են պատրաստի կամ թելերից (բրդե, կիսաբրդե) ոլորած կամ էլ հելունով գործած քուղեր։
Կցակարն արվում է հետևյալ կերպ. ոլորած քուղը դասավորում են նախշի երկայնքով և ամրացնում նույն գույնի թելով՝ գաղտնակարով կամ նկարում ցույց տված կարով։
Կտրտովի հարթակարը («ռիշելիե») կիրառվում է սպիտակեղենի, անձեռոցիկների, ծածկոցների, թաշկինակների և հագուստի դրվագման համար։ Նախշի եզրագիծը կարում են թերակարով (մեկ կամ մի քանի անգամ)։ Դրա հետ մեկտեղ նախշի առանձին մասերը միացնում են կամրջակներով։ Այնուհետև ամբողջ նախշը շրջակարում են խիտ օղակարով, որի եզրն ուղղված է հետագայում կտրվող մասին։ Նախշը պատրաստ լինելուց հետո նախշի և եզրագծի միջև կտորը կտրում են բարակ մկրատով (նկ. 38)։
Գոբելենակարն անում են կտավի, խսիրի, ցանցակտավի վրա։ Սովորաբար, օգտագործում են բրդե կամ մետաքսե ոլորած հաստ թել։ Այս կարով ծածկում են ամբողջ բանվածքը։ Տարբերում են ուղիղ և թեք կարեր։ Ուղիղ կարը (նկ. 39, ա) ասեղնագործում են հորիզոնական շարքերով՝ ձախից աջ կամ աջից ձախ։ Կութը բռնում է կտորի 2-4 թել։ Կութերի արանքում թողնում են մեկ թել։ Հաճախ կարն անում են շարքի երկայնքով ձգված թելի վրա։ Թեք կարը (նկ. 39, բ) ասեղնագործում են ձախից աջ՝ ըստ բարձրության բռնելով կտորի երկու թել, ըստ լայնության՝ մեկ թել։ Տես նաև Կարուկութ: