ՏՏՀ/Աստղածաղիկ միամյա
ԱՍՏՂԱԾԱՂԻԿ միամյա, աստղածաղիկազգիների ընտանիքի խոտաբույս։ Բաց գրունտում մշակության մեջ օգտագործվում են այնպիսի սորտեր ու ձևեր, որոնք տարբերվում են բույսերի բարձրությամբ և ձևով, գունավորմամբ, բազմաթերթությամբ, ծաղկաբույլերի մեծությամբ, վեգետացիայի շրջանով և տնտեսական օգտագործմամբ։
Ըստ թփի բարձրության սորտերը լինում են թզուկ, ցածրաճ, միջաաճ, բարձր և հսկա։
Ըստ ձևի՝ սյունաձև, թույլ ճյուղավորված, ճյուղատարած, ձվաձև, աշտանակաձև, ուժեղ ճյուղավորված, փնջավոր։
Ըստ ծաղկաբույլերի մեծության տարբերվում են մանր, միջին, խոշոր և շատ խոշոր բույսեր։ Ծաղկաբույլերը զամբյուղներ են՝ կազմված խողովակավոր և կեղծլեզվակավոր ծաղիկներից։ Կախված կեղծլեզվակավոր ծաղիկների քանակից և դասավորությունից տարբերում են ոչ լիաթերթ, կիսալիաթերթ, լիաթերթ և խիտ լիաթերթ սորտեր։ Խողովակավոր ծաղիկները հիմնականում դեղին են, կեղծլեզվակավորները՝ սպիտակից մինչև մուգ կարմիր, կամ մինչև մուգ մանուշակագույն՝ կարմրի ու կապույտի բոլոր երանգներով։
Ըստ ծաղկման ժամկետի և աճման շրջանի տևողության լինում են վաղահաս, միջահաս և ուշահաս։ Տարբեր սորտերի ծաղկման տևողությունը 35-60 օր է։
Ըստ տնտեսական օգտագործման տարբերում են կտրովի, շուրջեզրային և համապիտանի բույսեր։ Նման հատկանիշների ամբողջության հիման վրա առանձնացնում են 43 սորտատեսակ (խումբ)։
Տեղի ընտրությունը. միամյա Ա. լավ է աճում ու զարգանում լուսավոր վայրերում, որոնք ուժեղ քամիներից պաշտպանված են շինություններով կամ տնկիներով։
Հողը. բույսի համար լավագույնը բերրի (բայց թարմ գոմաղբ չպարունակող), թեթև կամ չեզոք ու թույլ ալկալիական ռեակցիայով միջին ավազակավային հողերն են։ Աշնանը հողը կրացնում են. վերափորելիս պարարտացնում սուպերֆոսֆատով և կալիումի սուլֆատով (1 մ²–ին՝ 50-80 գ)։
Սերմերի ցանքը և տնկումը. միամյա Ա. պետք է աճեցնել սածիլման եղանակով։ Սերմերը ցանել մարտի 2-րդ կեսին սենյակներում կամ տաք ջերմոցներում։ Խորհուրդ է տրվում օգտագործել ճմահողի, տորֆի և ավազի խառնուրդ 3:1:1 հարաբերությամբ։ Վերևից հողի վրա լցնել շիկացած ավազ 1-2 սմ հաստությամբ։ Սերմերը ցանել շարքերով և վրան շաղ տալ ավազի բարակ շերտ։ Շարքերի հեռավորությունը՝ 3-4 սմ։ Ցանքից առաջ սերմերը 15 ժամ թրջել մագնեզիումի սուլֆատի կամ ցինկի քլորիդի լուծույթներով (1 մլ ջրին՝ 0-3 գ)։
Ծիլերը դուրս են գալիս ցանքից մեկ շաբաթ անց, իսկ երկու շաբաթ հետո հայտնվում է առաջին իսկական տերևը։ Այդ ժամանակ կարելի է վերասածիլել (կարելի է սածիլել նաև ծիլերի դուրս գալուց 2-3 օր հետո) 5x5 սխեմայով։
Սածիլներն անհրաժեշտ է աճեցնել 12-15°C–ի պայմաններում, ոչ հաճախ, բայց առատ ջրել։ Գրունտ փոխադրելուց երկու շաբաթ առաջ պետք է սկսել կոփել՝ սենյակից տանել ջերմոցներ, պահել բաց վիճակում և փակել միայն թեթև ցրտերի դեպքում։ Բաց գրունտում սածիլները կարելի է տնկել մայիսի 2–րդ կեսին։ Տնկել փոսիկների մեջ և լավ ջրել։ Բարձրաճ սորտերի սնուցման մակերեսը 30x30 սմ է, միջաճներինը՝ 25x25 սմ, ցածրաճներինը՝ 20x20 սմ։
Խնամքը. անհրաժեշտ է բույսերը ժամանակին ջրել, հողը փխրեցնել, քաղհանել, պարարտացնել։ Քաղհանման և փխրեցման դեպքում աշխատել զգուշորեն, չվնասել արմատային համակարգը, որը մակերեսորեն է տեղադրված։ Չորային ամռանը բույսերը պետք է պարբերաբար ջրել։ Վեգետացիայի շրջանում կարելի է մի քանի անգամ սնուցել փտած գոմաղբի կամ թռչնաղբի թուրմով, տալ հանքային պարարտանյութեր (1 մ²–ին՝ 50 գ)։ Անձրևային եղանակին որոշ տեսակների (Ջայլամի փետուր, Գնդաձև) ծաղկաբույլերը կորցնում են գեղազարդությունը, ուստի խորհուրդ է տրվում այդ դեպքում բույսերը ծածկել թաղանթով։
Սերմերի հավաքումը. միամյա Ա-ի սերմերը հասունանում են ծաղկման սկզբից 35-40 օր հետո։ Հասունացման ցուցանիշ է համարվում ծաղկաբույլի մակերևույթին հայտնված խավիկը։ Խորհուրդ է տրվում սերմերը հավաքել ընտրողաբար՝ զամբյուղների հասունացմանը զուգընթաց։ Եթե սերմերը չեն հասունացել, պետք է կտրել զամբյուղները և թողնել հասունանալու սենյակում կամ մարգում։
Հիվանդությունները. առավել տարածված ֆուզարիոզ հիվանդությունից բույսը թառամում է։ Ավելի հաճախ դիտվում է կոկոնակալման շրջանում և ծաղկման սկզբում։ Վարակման հիմնական աղբյուրը հողն է կամ սերմերը։ Միամյա Ա. ավելի շատ այդ հիվանդությանը ենթակա է թթու, ծանր հողերում և թարմ գոմաղբ կամ մեծ քանակությամբ ազոտական պարարտանյութեր օգտագործելու, ինչպես նաև խիտ տնկելու դեպքում։
Պայքարի միջոցները. բույսերի հաջորդափոխում (Ա. կարելի է նախկին վայրում տնկել 5 տարուց ոչ շուտ), օրգանական և ազոտական պարարտանյութերի չափավոր օգտագործում, սերմերի նախացանքային ախտահանում (փոշեպատում) կամ թրջում 1 %-անոց կալիումի պերմանգանատի լուծույթով 1-2 ժամվա ընթացքում։
Արմատների և արմատավզիկի գորշ փտում. գորշանում և փտում են արմատներն ու արմատավզիկները, բույսը ոչնչանում է։ Վարակվում են զարգացման բոլոր փուլերում։ Հիվանդության զարգացմանը նպաստում է բարձր խոնավությունը։
Պայքարի միջոցները նույնն են, ինչ ֆուզարիոզի դեպքում։
Սեպտորիոզից ախտահարվում են տերևները, որոնց վրա հայտնվում են սև կետերով դեղնադարչնագույն բծեր, և դրանք չորանում են։ Ուժեղ ախտահարվելիս ամբողջ բույսը ոչնչանում է։ Հիվանդանում են հաճախ թթու և սառը հողերում աճող բույսերը։
Պայքարի միջոցները. հողի կրացում և ցամաքուրդ, տնկման տեղի ճիշտ ընտրություն, ցանքից առաջ սերմերի ախտահանում։
Դեղնությունը վիրուսային հիվանդության է. առաջացնում է տերևների գունազրկում, ապա ընդհանուր քլորոզ, աճի կասեցում և թփի ճյուղակալման ուժեղացում, ծաղկաբույլերի թերզարգացածաթյուն, ծաղիկների կանաչում։ Վարակվում է գարնանը։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսերը դուրս հանել հողագնդով և ոչնչացնել, այդ հատվածի հողը ախտահանել։
Գալային նեմատոդ. արմատների վրա առաջանում են գուղձեր՝ գալեր, ախտահարված բույսը ոչնչանում է։ Վարակումը կատարվում է հողի, գույքի և այլ միջոցներով։
Պայքարի միջոցները. սերմերի ախտահանում ցանքից առաջ, հիվանդ բույսերի ոչնչացում։
Քրիզանթեմային նեմատոդ. ախտահարվում է տերևների և ծաղկաբողբոջների հյուսվածքը։ Տերևների վրա գոյանում են բաց դեղնավուն բծեր, որոնք աստիճանաբար գորշանում են, տերևները չորանում, ծաղկաբույլերը մանրանում են։
Պայքարի միջոցները. սերմերի ախտահանում, հիվանդ բույսերի ոչնչացում։
Վնասատուները. միամյա Ա. վնասում են բուսական մլակների տարբեր տեսակներ։ Տերևները ոլորվում են, բողբոջները չեն բացվում կամ առաջանում են տձև ծաղկաբույլեր։
Պայքարի միջոցները. քլորոֆոսի 0,3 %-անոց լուծույթի սրսկում։
Ոստայնատիզն ապրում է տերևների ստորին կողմում և ծծում բույսի հյութը։ Տերևները դեղնում են և թափվում։
Պայքարի միջոցները. կարբոֆոսի 0,2-0,3 %-անոց լուծույթի սրսկում յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ։
Կաղամբակերի բվիկի թրթուրները կրծոտում են տերևների փափուկ հյուսվածքը և վնասում բողբոջները։
Պայքարի միջոցները նույնն են, ինչ մլակների դեպքում։
Հայաստանում բաց գրունտում հիմնականում մշակվում են ալպիական, նորանգլիական, նորբելգիական տեսակները։